Loading

Թելավի Մարգո Լեսկոյի բլոգը

Ես ու Թելավին սիրեցինք միմյանց առաջին հայացքից: Հենց անցա Գոմբորին, միանգամից զգացի, որ այստեղ այլ կերպ ես շնչում: Չգիտեմ, երևի այդ գործում տրամադրվածությունը գլխավորն է, ինչպես նաև այն, թե ում հետ ես ճամփորդում, երբ մի տեղ առաջին անգամ ես գնում: Ամենից շատ ինձ դուր է գալիս, երբ ուղեկիցս ու ես աշխարհին նույն կերպ ենք նայում, նույն կերպ ենք լսում, զգում: Ինձ համար հույզերն այն ժամանակ են լիարժեք լինում, երբ հաստատվում են ևս մեկի կողմից:

Իսկ տրամադրվածությունն առաջացավ այն պահին, երբ մենք հայտնվեցինք Թելավիի գլխավոր փողոցներից մեկում:

Փողոցի մեջտեղով ջրանցք է անցնում: Դրա վրա փոքր կամուրջներ են: Դա այնպիսի խաղաղություն է ստեղծում, որ չեն լսվում երկու կողմից անցնող մեքենաների ձայները, չի երևում դեռևս խորհրդային նախագծերի պատշգամբներով կորպուսը:

Այդ զգացողություններն ուժեղանում են հանգիստ նստած մարդկանց տեսքից, որոնք փողոցին յուրահատուկ շունչ են տալիս։

Վերջում փողոցը երկու մասի է բաժանվում: Դեպի աջ տանում է դեպի տաճար և տներով գեղեցկագույն սալարկված փողոց, որոնց պատշգամբները գլխավերևում կախված են: Բոլոր բակերն այստեղ խնամված են: Ամենուր ծաղիկներ են: Բազմամարդ է: Ոմանք վերադառնում են տաճարից, մյուսները պարզապես հանգստանում են ընտանիքով:

Տաճարի մոտ երկու տղա նկատեցի: Մեկը նստած էր պատի մոտ, մյուսը կանգնեցրեց հեծանիվն ու մտավ ներս: Նստածի աչքերը փայլեցին, երբ տեսավ հեծանիվը: Նա դանդաղ, պատից կտրվելով և շուրջբոլորը նայելով շարժվեց դեպի հեծանիվը: Սակայն պարզվեց, որ ուզում է միայն ձեռք տալ:

Միայն լուսանկարները նայելիս հասկացա, թե որքան փոքրիկ պատմություններ են տեղի ունենում շրջապատում այն րոպեին և այն վայրում, որտեղ գտնվում ես: Դա ես զգացի, երբ սկսեցի զբաղվել լուսանկարչությամբ:

Այս փողոցը մեկ այլ, եվրոպական Վրաստան է հիշեցնում, որը 1921թ-ին շրջանցել է խորհրդայնացումը:

Խաչմերուկից դեպի ձախ ճանապարհը տանում է դեպի քաղաքի կենտրոն՝ Էրեկլե Երկրորդի պալատ («Բատոնիսցիխե»): Այստեղ զգում ես քաղաքի զարկերակը: 50-ականների շենքն ու ավանդական վրացական տներն՝ ապակեպատ պատշգամբներով ներդաշնակ կերպով համագոյակցում են Թելավիի ամենասրտում:

<<Այս փողոցը բազմամարդ է: Գեղեցկություն և ազատություն: Մթնոլորտն ու ռիթմն այստեղ բոլորովին այլ են, կարծես վրացական քաղաքում չլինես>>:

Շենքերից մեկի առաջին հարկում գեղեցկության սրահ է: Ներսում այնպիսի հետաքրքիր արտաքինով կին է, որ չդիմանալով անքաղաքավարի կերպով ֆոտոխցիկս ուղղում եմ դեպի նա: Այդպիսի կադրը չի կարելի բաց թողնել: Այս լուսանկարն իմ ամենասիրելիներից մեկը դարձավ: Ես այն անվանեցի «Ալմադովարի կերպար», իսկ հերոսուհուն՝ «Լաուրա»: Հնչում է և որպես իսպաներեն, և վրացերեն:

Թելավին պճնված կանանց քաղաք է: Այնպիսի զգացողություն է, որ այդպիսով նրանք փախչում են մեր քաղաքի իրականությունից և կենցաղի դժվարություններից: Դեմքերի արտահայտությունից և քայլվածքից երևում է, որ այստեղ երգեցիկ կյանքով չեն ապրում այնպես, ինչպես մեր երկի մնացած վայրերում:

Ինձ թվաց, թե, «Օլե» ասելով, նա ձեռքերը վեր կբարձրացնի և կրքոտ ֆլամենկո կպարի:

Սա Թելավիի իմ «Սառա Բարասն» է:

Այն սիրահար զույգերի և հեծանիվով տղաների քաղաք է:

Ամենուր տեսնում եմ նրանց, յուրաքանչյուր «գողտրիկ» անկյունում և հիշում եմ իմ մանկության «պատմությունները», դրանք անցնում են աչքիս առաջ:

Գիշերային Թելավին էլ ավելի է տպավորում: Այն կենդանի է և ավելի բազմամարդ: Բոլորը փողոցում են: Մեծահասակները, երիտասարդները, երեխաները: Ոմանք զբոսնում են: Մյուսները՝ հանգստանում: Հատկապես լիքն է «Բատոնիսցիխեի» մոտ գտնվող պուրակը: Ուրախ է և հուսադրող:

Մենք շատ զբոսնեցինք գիշերային Թելավիում և ի վերջո հայտնվեցինք դեպի տաճար տանող փողոցում, իսկ հետո վերելք էր, դրանից հետո էլ՝ «խորհրդայնացում» ապրած փողոց:

Փողոցը երկար է: Գիշերվա մեջ՝ շատ գեղեցիկ: Մաքուր և խնամված: Շուրջը լապտերներ են: Լռություն: Կախվող պատշգամբներից «թափվում են» ծաղիկները: Պատշգամբներից մեկի տակ երկարամազ և դաջվածքներով բայքեր է կանգնած: Կողքը մոտոցիկլետն է: Նա ինչ-որ բան է խոսում ուլտրակարճ շորտերով մի աղջկա հետ:

Դեղին լույսով լցված բակերից մեկից փողոց է դուրս գալիս «շերբուրգյան հովանոցով» մի կին՝ թեթև թափանցիկ զգեստով:

Վերևից անաղմուկ ներքև իջավ «Շևրոլե» կաբրիոլետը՝ ցածր երաժշտությունով, որը լսվում է միայն, երբ մեքենան կողքովդ է անցնում: Մի փոքր առաջանում ես, տներից մեկի մոտ տեղավորվել է երիտասարդությունը: Չեն աղմկում, չեն վիճում, քննություններն են քննարկում:

Այսպիսի լիակատար անհոգության մեջ մենք քայլում էինք փողոցում՝ պատկերացնելով, որ ինչ-որ եվրոպական քաղաքում ենք հայտնվել: Ես ականջ էի դնում կիսաբաց լուսամուտներին պատմություն «գողանալու» հույսով: Եվ ահա պատշգամբներից մեկից լսվեց Թելավիի չփոխանցվող բարբառով. «Ա՛յ կին, մի՞թե վաճառողը ճիշտը կասի: Վաճառողներն աթարն էլ ոսկի կանվանեն, միայն թե վաճառեն, ես դրանց մերը…»:

Եվ ամեն ինչ իր տեղն ընկավ:

Իսկ հաջորդ առավոտյան իմ ամբողջ տրամադրվածությունը նկատեցի այս երեխաների աչքերում և այս մարդու մեկ ժեստում:

Եվ ինչպե՞ս չսիրել Թելավին:

Եթե ինչ-որ մեկն ասի, որ աստված ապրում է երկնքում, մի հավատացեք: Նա ապրում է Թելավիից 20կմ հեռավորության վրա գտնվող Ալազանի դաշտավայրում և նայում է Ալավերդիի տաճարին:

Credits:

მარგო ლესკო

Report Abuse

If you feel that this video content violates the Adobe Terms of Use, you may report this content by filling out this quick form.

To report a Copyright Violation, please follow Section 17 in the Terms of Use.