Թափառող կենդանիների հետքերով․ ինչպե՞ս են նրանք ստերջացվում եւ վերադարձվում բակեր
2019թ.-ի մարտից Երեւանում աշխատանքը սկսեց «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունը:
100-ից ավելի կենդանի արդեն եղել է այս կենտրոնում: Մասնագետները նախ ախտորոշում են կենդանու վիճակը, ինչից հետո միայն նա վիրահատվում է՝ ստերջացվում, ապա ստանում անհրաժեշտ պատվաստումները եւ բաց թողնվում:
Սա միջազգային փորձի օրինակ է եւ արվում է թափառող կենդանիների թվի կրճատման նպատակով:
Ի դեպ, բաց թողնված շունն ականջին կրում է գունավոր համարակալ. այսպես քաղաքացին կարող է տարբերել, որ կենդանին ստերջացված է եւ շրջապատի համար անվտանգ։ Միջազգային փորձը փաստում է, որ ստերջացումը չի վնասում կենդանու առողջությունը։
Այս կլինիկայից դուրս չեն գալիս միայն այն կենդանիները, որոնք ունեն վտանգավոր կամ անբուժելի հիվանդություններ:
«Մինչ այս կենտրոնի հիմնումը Երեւանում գործող՝ թափառող կենդանիների վնասազերծմամբ զբաղվող կազմակերպությունը, կարելի է ասել, կենդանիների սպանդով էր զբաղված․ հանրային արձագանքը եւ կենդանասերների դժգոհությունն այդ փաստի շուրջ մեծ էին: Խնդիրը հրատապ էր, պետք էր արագ սկսել լուծում տալ։ Սա տարիների աշխատանք է պահանջում»,-«ԿԵՆԴԱՆԱՊԱՏՈՒՄ»-ի հետ զրույցում պատմում է նորաստեղծ «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն»-ի փոխտնօրեն Հարություն Առաքելյանը:
Հարություն Առաքելյանը փաստում է՝ օրական 5-7 կենդանու ստերջացումը ցանկալի արդյունքի հասնելու համար բավարար ցուցանիշ չէ։ Երեւանում, էլ չասած՝ մարզերում, թափառող կենդանիների թիվը մեծ է, ուստի կենտրոնն առաջիկայում Էրեբունի համայնքում կունենա մեծ կլինիկա-կացարան եւ կկարողանա ավելի մեծ թվով կենդանիների ստերջացնել: Մինչ այդ այն գործում է ժամանակավոր կլինիկայում:
«Ամեն ինչ սկսել ենք զրոյից, եւ առաջիկայում, երբ մեր կլինիկան սկսի գործել, աշխատանքի ծավալը կմեծանա։ Հիմա ՀՈԱԿ-ն աշխատում է հիմնականում ահազանգերով: Բնակիչները դիմում են կենտրոնին եւ հայտնում, որ, օրինակ, իրենց բակում թափառող շուն կա: Մենք էլ գրանցում ենք հասցեները եւ արձագանքում ահազանգերին։ Համագործակցում ենք նաեւ կենդանասերների հետ։ Ի դեպ, մարզերի ղեկավարներն էլ են հետաքրքրված թափառող կենդանիների խնդրով, ինչը ողջունելի է, քանի որ հարցը, բնականաբար, միայն Երեւանով չի սահմանափակվում»,-ասում է ՀՈԱԿ-ի փոխտնօրենը։
Կլինիկայում նաեւ զավեշտալի դեպքեր են պատահում: Մի անգամ բնակիչներից մեկն ահազանգել է, որ բակում ագրեսիվ շուն կա, որը հարձակվում է մարդկանց վրա: <<Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն>>-ի արձագանքող խումբը, սակայն, տեղում հայտնաբերել է այս շնիկին, որն ամենեւին ագրեսիվ չի եղել: Ի դեպ, փոքրիկը ստերջացվելուց եւ պատվաստվելուց հետո որդեգրվել է կենտրոնի ջանքերով եւ այժմ ապրում է հոգատար ընտանիքում՝ երեխաների հետ միասին:
<<Կենդանու վիճակից եւ պահվածքից ակնհայտ էր, որ նա մինչեւ մեր մոտ հայտնվելը տեր է ունեցել։ Շատ են լինում դեպքեր, երբ կլինիկա են բերվում անպատասխանատու տերերի պատճառով փողոցում հայտնված կենդանիներ>>,-փաստում է Հարությունը։
<<Շատ քաղաքացիներ ճիշտ չեն տեղեկացված, թե ինչով է զբաղվում մեր կենտրոնը։ Հաճախ զանգում են եւ ասում, որ վերցնենք իրենց շանը, որովհետեւ հոգնել են, չեն կարող պահել, կամ շունը հիվանդացել է։ Սա խոսում է այն մասին, որ մեզանում դեռ ձեւավորված չէ կենդանի պահելու, նրա կյանքի եւ առողջության համար պատասխանատու լինելու մշակույթը։ Գլխավորապես այդ պատճառով է, որ փողոցում թափառող կենդանիների թիվը մեծ է>>,-եզրափակում է Հարություն Առաքելյանը։
<<ԿԵՆԴԱՆԱՊԱՏՈՒՄ>>-ին դիմելու հեռախոսահամար՝
095 85 99 06