Պայծառ լույս, մեկ հպում և վերջ: Լուսանկարման երկարատև պրոցեսն ավարտված է: Եվ ահա թավշյա հին լուսանկարչական ալբոմներում տպագրվել է հոգեհարազատ մարդ, հարսանիք, հուղարկավորություն, բանակ ճանապարհելն ու աշխատանքը, առօրյա կյանքը... 20-րդ դարում մեկ լուսանկարի համար լուսանկարիչներն իրենց կյանքից երկար ժամեր ու շաբաթներ էին ծախսում, կորցնելով նաև առողջությունը:
Մինչ Խորհրդային Միությունը Ազատության ներկայիս փողոցում կային արհեստավորներ և խանութներ: Խորհրդային տարիներին արհեստավորների փողոցը քանդվեց և երկհարկանի շենքեր կառուցվեցին` կոչելով ԲԿՍԿ (Բնակչության կենցաղային սպասարկման կառավարում): Արդեն այս շենքերում աշխատում էին արհեստավորները. վարսահարդարներ, կոշկակարներ, դերձակներ, դարբիններ և այլք: ԲԿՍԿ – ում կային մի քանի լուսանկարչական ստուդիաներ:
Մինասյանի լուսանկարչական ստուդիան
Լուսանկարիչ Սերգեյ Մինասյանն իր թոռներին է ժառանգել 5 հին լուսանկարչական ապարատ և այլ սարքավորումներ, և ամեն ինչ իդեալական վիճակում պահպանվում է: Երբ իր մասնագիտության կարիքն այլևս չկար, նա հավաքեց իր տեխնիկան և զգուշորեն փաթեթավորելով, պահեց տան լուսանկարչական ստուդիայում:
Նա սկսեց լուսանկարչությամբ զբաղվել անցյալ դարի 50-ական թվականներին: Նա այդ ժամանակ 28 տարեկան էր: Մինչ այդ, Մինասյանի ընտանիքը ուներ խանութ, որը ոչնչացվեց, ԲԿՍԿ- ի կառուցման համար: Այստեղ Սերգեյ Մինասյանին տրվեց սենյակ, իսկ նա բացեց լուսանկարչական ստուդիա:
«Նա գրեթե կես կյանքն անցկացրեց լաբորատորիայում, այս մութ սենյակում: Դա շատ երկար պրոցես էր: Ստանում էին ժապավենը, ռետուշում այդ ժապավենը, ռետուշը հիմնականում անում էր մայրս: Այդ պատճառով այս ժապավենը անցկացնում էին թղթի վրա: Սա մի ամբողջ գործընթաց էր հատուկ սարքավորումներով: Մի շաբաթ էր հարկավոր, որ լուսանկարը չորացվեր, քանի որ այն գտնվում էր ջրում և քիմիական նյութերում», - պատմում է լուսանկարչի որդին՝ Մամիկոն Մինասյանը:
Սերգեյ Մինասյանը ծնվել է 1923 թվականին , մահացել` 2009 -ին: Նա հասցրեց տեսնել, թե որքան արագ և հեշտ է այժման լուսանկարելու պրոցեսը, և ինչպես հեշտ է ուղարկել լուսանկարները համակարգչով:
«Երբ առաջին անգամ ցույց տվեցի հորս, թե ինչպես են լուսանկարում հեռախոսով, հայրս ապշած էր, թե ինչպես է հնարավոր այդպես արագ լուսանկարել և արագ տպել գունավոր լուսանկարը, և ստիպված չլինել տառապել այդքան ու ընդհանրապես, ով ուզում է կարող է լուսանկարել: Նա թողեց լուսանկարչությունը 90-ականներին, երբ սկսվեց էլեկտրաէներգիայի անջատումները, բայց նույնիսկ այն ժամանակ, երբ սկսեցին լուսանկարել Kodak- ով և թվային լուսանկարչական ապարատները լույս տեսան, նա արդեն զգաց, որ հին տեսախցիկների դարն անցել է», - պատմում է Մամիկոն Մինասյանը:
Չնայած տեխնիկական ժառանգությանը, լուսանկարչի սերունդները չցանկացան շարունակել նրա մասնագիտությունը:
Փալանջյանի լուսանկարչական ստուդիան
Ի տարբերություն Մինասյանների, Փալանջյանների ընտանիքը շատ սարքավորումներ չէր ունեցել: Հորից հետո, ծանր 90-ականներին լուսանկարչությամբ էր զբաղվում երեք որդիներից ավագը՝ Արտաշեսը: Նա դադարեց լուսանկարչությամբ զբաղվել այն ժամանակ, երբ հին լուսանկարչական ստուդիան Արտաշեսի ընտանիքի համար վերածվեց հարմարավետ տան:
«Իմ հայրը 11 տարեկան էր, երբ պապս 1944թ. -ին պատերազմում մահացավ, հայրս ծնվել է 33թ.-ին: Նա ուներ երկու փոքր եղբայր և քույր, 13 տարեկանից սկսել է որպես աշակերտ աշխատել լուսանկարիչ Պարույր Ավդալյանի մոտ մինչև մահը`91 թվականը: Հիշողությանս մեջ հորս ձեռքերն են, նրա շագանակագույն եղունգները, որ քիմիական նյութերի պատճառով էին այդ գույնն ստացել: Ինչքան ուզում էր լվանար նշանակություն չուներ, նրա եղունգները շագանակագույն էին », - պատմում է Արտաշես Փալանջյանը:
9X12 չափերի մեկ նկարի արժեքը 3 ռուբլի էր: Երեք ռուբլիով կարող էին գնել 10 հաց կամ 3 կգ շաքար: Լուսանկարելով Մարտին Փալանջյանը վաստակում էր ապրուստ 3 տղաների, տան և մեքենայի համար:
«Նա մեզ իր արհեստը չի սովորեցրել: Ես ընդհանրապես չգիտեի լուսանկարել, սակայն 90-ականներին լույս չկար, ոչինչ չկար, ես այդ ժամանակ միայն լուսանկարելով էի ընտանիքս պահում: Լուսանկարչությամբ զբաղվել եմ 9 տարի: Լուսանկարում էի նույն հին սարքավորումներով, որով հայրս: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, ոչ-ոք չէր գալիս հին լուսանկարչական ստուդիա: Լուսանկարում էին միայն փաստաթղթերի համար լուսանկարներ, որոնք անհրաժեշտ էին Թուրքիա կամ արտերկիր ճանապարհորդության համար: Հիմնականում լուսանկարում էին խորհրդային անձնագրերի համար: Հետագայում գերեզմանաքարերի, ինչը դժվար էր անել, քանի որ ուզում էին երկու մետրանոց նկարներ, ամբողջ երկարությամբ: Ես հիշում եմ, երբ առաջին անգամ դրեցի եռոտանին, տանջվում էի տեսնելու համար լուսանկարի ֆոկուսը: Միայն դա ինձ մոտ տևեց մի ամբողջ ժամ: Ես դադարեցի լուսանկարել 98թ.-ին »,- պատմում է Արտաշեսը:
Ավդալյանների լուսանկարչական ստուդիան
Առաջին լուսանկարչական ստուդիան: Նրանից ոչինչ չի մնացել: Տունը, որտեղ 20-րդ դարի սկզբին ապրել ու աշխատել են լուսանկարիչների զույգը, պարզապես վերածվել է բնակարանի: Անցյալից միայն հիշողություններ են մնացել: Ախալքալաքում առաջին լուսանկարչական ստուդիան բացող ամուսնական զույգը Ավդալյաններն էին: Շատերն այն ժամանակ նրանցից էին սովորում լուսանկարել, այդ թվում`Սերգեյ Մինասյանը և Մարտին Փալանջյանը:
«Սեղանը կար, իսկ վերևում ցուցափեղկն է, նրա վրա տարբեր ձևերով մարդկանց , երեխաների, չափահասների ու ընդհանուր լուսանկարներ էին: Նախկինում այս սենյակի վերևում հատուկ տաղավար կար, ապակե սեյակ էր: Նրանք լուսանկարում էին ցերեկը արևի լույսով, ոչ թե էլեկտրականությամբ: Կային տեղաշարժվող վարագույրներ, որոնք տեղաշարժվում էին այս ու այն կողմ: Այնտեղ նրանք մի փոքր փակում էին և լույսն ընկնում էր մարդու հետևից կամ կողքից: Այստեղ էր տեղադրված մեծ լուսանկարչական ապարատը եռոտանու վրա», - պատմում է Ավդալյանի հարսը` Կարինեն:
Պարույր Ավդալյանը Արևմտյան Հայաստանից փախստական էր, իսկ Նազելին` բնիկ ախալքալաքցի էր:
«Սկեսուրս ծնվել է` 1901 թ.-ին, իսկ սկեսրայրս` 1906 թվականին, սկեսրայրս մահացել է 70թ.-ին, իսկ սկեսուրս` 96թ.-ին: Նա շատ լավ է ապրել: Սկեսրայրիս ընտանիքը Հայոց ցեղասպանության կոտորածից է փախել: Նրա ամբողջ ընտանիքից ողջ են մնացել երեքը, երկու եղբայրները և մի քույրը, որոնց նա կորցրել է Վրաստանում վերաբնակեցման ժամանակ: Փոքր քրոջ հետ հասել է Վրաստան, բայց նա մահացել է եղբոր ձեռքերում: Մնացածին նա ճանապարհին է կորցրել, և գտել է Թբիլիսիում և Ցախվերիում: Հետո այնպես եղավ, որ նա եկավ Բոգդանովկա աշխատելու և հանդիպեց իմ սկեսրոջս, նա շատ գեղեցիկ էր: Սկեսուրս տեղացի էր, Ախալքալաքից: Այդպես նրանք հանդիպել և ամուսնացել են: Նրանք շատ աշխատասեր էին»,- պատմում է Կարինե Ավդալյանը:
Լուսանկարչի աշխատանքը երկար ժամանակ էր խլում և շատ էր ազդում Պարույր Ավդալյանի առողջությանը, քանի որ նա ստիպված գործ ունենալ քիմիական նյութերի հետ:
«Նա դժվար ճակատագիր է ունեցել, փախել է կոտորածից, այնուհետև պատերազմել է Երկրորդ համաշխարհային պատերազմում, որտեղ նա այրվել է, գումարած լուսանկարչի ծանր աշխատանքն իրենն արել է: Հիվանդ մարդ էր, պոլիարտրիտ ուներ, և նրա ձեռքերը դեֆորմացվում էին», - ավելացրեց Կարինեն, թերթելով հին ալբոմը:
Ընտանեկան գործը սկսել է Պարույր Ավդալյանի եղբորից` Ալեքսանդրից, ով ապրում էր Ռուսաստանում և լուսանկարում էր: Առաջին լուսանկարչական ստուդիան ի հայտ եկավ Բոգդանովկա քաղաքում: Սակայն, շուտով ընտանիքը տեղափոխվեց և Ախալքալաքում հիմնեց լուսանկարչական ստուդիա: Նազելին միշտ օգնում էր ամուսնուն, և մի օր ինքն էլ սկսեց լուսանկարել:
«Իմ սկեսուրը սկսեց լուսանկարել, երբ սկեսրայրս բանակում էր ծառայում: Լուսանկարելը փող աշխատելու միջոց էր: Նա արդեն գիտեր, թե ինչպես լուսանկարել և տեղափոխել այն թղթի վրա: Հետո ամուսինս սկսեց լուսանկարել, և իմ որդին`Արթուրը նույնպես: Մինչ Խորհրդային Միության փլուզումը, մենք տանը տաղավար ունեինք, հետո ամեն ինչ փոխեցինք », - ասում է Կարինե Ավդալյանը:
Հին տեսախցիկների դարն ավարտվեց տեխնոլոգիայի զարգացման հետ: Արդեն ոչ ոքի հարկավոր չեն լուսանկարչական ապարատները, դրանք դարձան հազվագյուտ և, ինչպես սպասվում էր, արժանացան հանգստի անտրեսոլի վրա: