View Static Version
Loading

Ես աշխատում եմ Թբիլիսիի երկաթուղային կայարանում Յանա Կորբեզաշվիլի, JAMnews, Թբիլիսի

Թբիլիսիի կենտրոնական կայարանն օրական հարյուրավոր մարդկանց է ընդունում

Շենքի վրա, որի շուրջ «վայրի առևտուր» է գնում, մեծ տառերով գրված է «Թբիլիսիի ցենտրալ»:

Այդ նորաձև անվանումը ծագել է 2010թ-ին շենքի հիմնավոր նորոգումից հետո: Դրան զուգահեռ այստեղ առևտրի կենտրոն բացեցին: Մինչ այդ շինությունն ավելի համեստ անվանում ուներ՝ «Կայարան»:

Սա Թբիլիսիի կայարանի ամենաառաջին շենքն է, այն կառուցվել է 1872-ին: Առաջին գնացքն այստեղից մեկնել է Փոթի:

1952թ-ին կառուցվել է ստալինյան ամպիրը՝ մեծ սյուներով, գմբեթով և սրաձողով: Լուսանկարիչ Շահվալադ Այվազովի այս աշխատանքը պահվում է Ազգային գրադարանի արխիվում:

1982թ-ին՝ կոմունիստական ռեժիմի ժամանակ, Թբիլիսիում սկսվեց նոր շենքի կառուցումը: 1991թ-ին, երբ մնում էր ավարտին հասցնել երեսպատման աշխատանքները, Խորհրդային Միությունը դադարեց գոյություն ունենալ, իսկ անկախ Վրաստանի համար իր գոյության առաջին տարիներին կայարանի հարցը շատ կարևոր չէր:

Մութ ու ցուրտ 1990-ականներին Թբիլիսիի այս վայրը դարձավ նրա կյանքի գլխավոր զարկերակը. շենքի ցրտով պարուրված միջանցքներում և կոտրած ապակիներով տարածքներում ապաստանել էին Աբխազիայից եկած փախստականները; արևմտյան Վրաստանից գնացքները մայրաքաղաք էին բերում մարդկանց իրենց լիքը լցված պարկերով: Մանդարինն ու պնդուկը, միրգն ու բանջարեղենը նրանք վաճառում էին հենց այստեղ՝ կայարանի մերձակայքում, որպեսզի ընտանիքը կերակրելու համար մի քանի կոպեկ վաստակեն: Այդպես կայարանն ու նրան հարող տարածքը վերածվեցին անծայրածիր շուկայի՝ 1990-ականների Վրաստանի այցեքարտի:

Բորժոմիի կայարան վերջին գնացքը ժամանել է 2010թ-ի փետրվարի 15-ին: Այն դրանից հետո լուծարվել է, իսկ երկաթուղային հարթակներն անմիջապես զբաղեցրել են առևտրականները: Կայարանի մասին այստեղ հիշեցնում են միայն երկաթուղային գծերը, որոնց շուրջ ևս մեկ շուկա է առաջացել: Որոշ առևտրականներ հավանաբար չեն էլ նկատում, որ մուտքի մոտ մինչ օրս էլ փակցված է «Բորժոմիի կայարան» ռուսերեն և վրացերեն ցուցանակը:

Սա արդեն այսօրվա վերանորոգված կայարանի նախասրահն է: Այս պայուսակները 1990-ականներին կոչում էին «փախստականների պայուսակներ». ըստ էության, դրանք մեծ և էժան պարկեր են տարբեր իրեր տեղափոխելու համար: Դատելով քանակից՝ դրանք արդիական են և այսօր:

Ես աշխատում եմ Թբիլիսիի երկաթուղային կայարաննում

Թբիլիսիի կայարանում աշխատում են մարդիկ, որոնք հիշում են 1990-ականները և ավելի վաղ ժամանակները:

Վասիլ Էլիաշվիլի, մեքենավար, 47 տարեկան

«Ես երկաթուղում աշխատելու եմ եկել 14 տարեկանում: Մեքենավարին էի օգնում: Իսկ 2000թ-ից ինքս եմ սկսել գնացք վարել: Մեկ տարի առաջ նոր երկհարկանի կազմ եմ վարել առաջին անգամ: Աշխատում եմ Թբիլիսի-Բաթում երթուղու վրա: Գիտեմ այդ ճանապարհի յուրաքանչյուր թուփը: Ժամանում եմ Բաթում և 3 ժամ հանգստից հետո կրկին վերադառնում Թբիլիսի: 1990-ականներին այդ ճանապարհը երբեմն 3 օր էր տևում, լարումն էր նվազում, կանգնում էինք ճանապարհի մեջտեղում՝ ինչ-որ անտառում, սառչում էինք ուղևորների հետ միասին: Եվ ոչ ոք չգիտեր, թե երբ կկարողանանք կրկին ճանապարհ ընկնել: Այդպիսի ժամանակներ էին: Ուր նայում էիր, զինված մարդիկ էին: Ես գնացքով ճամփորդում եմ միայն որպես մեքենավար: Ժամանակ էլ չկա. ես միշտ աշխատում եմ: Թբիլիսի-Բաթում երթուղով գնացքները օրը երկու անգամ են մեկնում: Ամռանը ևս երկու երթուղի է ավելանում»:

Թբիլիսի-Նիկոզի գնացքի ուղևորները: Գնացքը մեկնում է 6.20-ին:
Աննա Ռամիշվիլի, 44 տարեկան, ուղեկցորդուհի

«Տասներեքերորդ տարին է՝ այստեղ եմ աշխատում: 12 տարի աշխատել եմ որպես ուղեկցորդուհի, իսկ այս տարի բարձրացում եմ ստացել. գնացքի պետ եմ դարձել: Ողջ կյանքս ականջներումս գնացքի բնորոշ ձայնն է: Բացի այդ, աշխատանքի էլ եմ հասնում գնացքով, միայն թե մետրոյի: Ապրում եմ Օրթաչալայում:

Քաղաքային տրանսպորտում խառնաշփոթ է, ստիպված եմ մի քանի անգամ տրանսպորտ փոխել տեղ հասնելու համար: Երբեմն էլ տաքսիից է պետք լինում օգտվել չուշանալու համար: Իմ ամբողջ աշխատանքը քաղաքից քաղաք գնացքով ճամփորդելն է: Ամեն օր, շաբաթ և կիրակի օրերից բացի, Թբիլիսիից Բաթում եմ մեկնում: Եվ նույն օրը՝ հետ վերադառնում Բաթումից Թբիլիսի: Բայց պատահել է՝ ստիպված Բաթումում ավելի երկար ենք մնացել:Քանի որ ես սիրում եմ այդ քաղաքը, ուրախ եմ այդպիսի դեպքերի համար. հնարավորություն է ստեղծվում քաղաքում զբոսնելու»:

Ուղեկցորդը լապտերով մեքենավարին նշան է տալիս. ամեն ինչ կարգին է, կարելի է շարժվել:
Մարի Ինցկիրվելի, գանձապահ

«Իմ աշխատանքն ինձ հնարավորություն է պարգևել հայտնի մարդկանցից ինքնագիր վերցնելու: Ինձնից տոմս գնող բոլոր հայտնիներին խնդրում եմ ստորագրել: Այս տարի իմ հավաքածուն համալրվել է Նինո Կատամաձեի ինքնագրով: Աշխատանքիս պրոզայիկ մասն առավոտյան 9-ից մինչև երեկոյան 9-ն է: Տասը տարի է՝ այստեղ եմ աշխատում: Առաջին կես ժամ տևող ընդմիջումս սկսվում է 10.45: Սովորաբար այդ ընթացքում դուրս եմ գալիս մի բան ուտելու: Երկրորդ՝ ավելի երկարատև ընդմիջմանը, վազում եմ դպրոց՝ երեխայիս վերցնելու և տուն տանելու: Ժամանակը հազիվ է հերիքում. դպրոցը Սանզոնում է, մետրոյով գնում եմ մինչև «Գրմագելե»: Եվ հետ եմ վերադառնում նույն ճանապարհով: Ամեն օր»:

Լադո Զամբախիձե, պահասեյնակի պահակ, 32 տարեկան

«Ուղեբեռը թողնելը 2 լարի արժե: Արդեն 5 տարի է, ինչ այստեղ եմ աշխատում: Օրվա ընթացքում պահասենյակից օգտվում է մոտ 20 ուղևոր: Մի անգամ ուղևորն ուղեբեռ էր թողել և անհետացել: Այդպես էլ պայուսակը մի տարի մնաց այստեղ: Ուրիշ դեպքեր էլ են եղել, երբ ուղևորները մոռացել են հանձնված իրերը: Ոմանք էլ խնդրում են անվճար պահել ուղեբեռը. իբր բանտից նոր են դուրս եկել, փող չունեն: Ի՞նչ ասես: Ստիպված ընդառաջում ես»:

Սիմոն Բիցաձե, մեքենավար, 59 տարեկան

«Բորժոմիում կանգնած էինք: Ես՝ գնացքի մոտ: Ուղևորը մոտենում է և հարցնում, թե որ ուղղությամբ ենք մեկնում: Կարող էր և ավելի ուշադիր լինել. հակառակ կողմ տանող երկաթուղային գիծ չկար»:

Երեխան՝ Թբիլիսի-Գարդաբանի գնացքում
Գուրամ Իմնաձե, երկաթուղու նախկին աշխատակից, 80 տարեկան

«Հաճախ եմ գալիս հին ընկերոջս տեսնելու… երկաթուղով: Ես սկսել եմ աշխատել 1970թ-ին հարավկովկասյան աշխատակիցների ապահովման բաժնում: Մթերք էինք տեղափոխում: Լավ ժամանակ էր: Շատ ընկերներ ունեի: Հետո ամեն ինչ փլուզվեց: Աշխատեցի մինչև 1990-ականները: Իսկ հետո տեղափոխելու բան չկար, մթերքն անհետացավ»:

Created By
JAMnews Թբիլիսի
Appreciate

Report Abuse

If you feel that this video content violates the Adobe Terms of Use, you may report this content by filling out this quick form.

To report a copyright violation, please follow the DMCA section in the Terms of Use.