View Static Version
Loading

Ջավախքի քարերին շունչ տվողը Գևորգ Մարտիրոսյանն ու որդիները Ջավախքում հայտնի քանդակագործներ են։ Jnews-ը ներկայացնում է լեռնային Ջավախքի քարերը մշակող ու կենդանություն տվող վարպետի դիմանկարը

Դեռ դպրոցական տարիներից Գևորգը Աշտարակում ընկերոջ տանը ծանոթանում է քարի արվեստին և սկսում է առաջին քայլերն անել։ Այնուհետև Երևանում սովորել է արվեստի ուսումնարանում։ Երբ տուն է վերադարձել, հոր առաջարկով հանգուցյալ տատի և պապի քանդակներն է արել։ Նախասիրությունը կամաց-կամաց վերածվել է առօրյա աշխատանքի։

«Երբ սիրում ես գործդ, կապ չունի թե որտեղ ես ապրում, ես չեմ ուզել Հայաստանում մնալ, ինձ իմ տանն ավելի հարմար է ստեղծել»,- այսպես է մեկնաբանում գյուղում քանդակագործությամբ զբաղվող Գևորգը։ Իրեն համաշխարհային համբավը այդքան էլ հետաքրքիր չէ, ով գիտի իր մասին՝ գիտի ու պատվերների պակաս էլ չունի։

Կտուրի Անդրանիկի մասին

Գյուղացիների առաջարկով Գևորգը քանդակում է զորավար Անդրանիկի կիսանդրին, որը տեղակայվում է գյուղի կենտրոնական մասերից մեկում։ Ժամանակի ընթացքում Գևորգը կատարելագործում է Անդրանիկի կիսանդրին, իսկ նախնական օրինակը, որը քանդակագործը համարում է իր առաջին հեղինակային գործը, տուն է բերում։ Կիսանդրին քանդակագործի տանը տեղ է գտնում խոտածածկ քարե մառանի կտուրին։

Ոչ միայն գյուղի կենտրոնում, մառանի կտուրին, այլ նաև սեփական տան պատին, գրքերի դարակներում և տետրերի մեջ Անդրանիկ Օզանյանի պատկերներն են, սակայն զորավարի մասին լռում է։

Զորավարին երախտապարտ քանդակագործի պատմությունը

Համագյուղացիները պատմում են, որ քանդակագործը Մեծ եղեռնին զոհ դարձած Վանի նշանավոր գերդաստաններից մեկի` Մարտիրոսյանների ժառանգն է: Վարպետի տոհմին, գրեթե ամբողջությամբ, 1915 թ. Վանում կոտորել են թուրքերը, և Անդրանիկի շնորհիվ է, որ քանդակագործի տատը կարողացել է անցնել Արաքսը և փրկվել: Հենց գաղթի ճանապարհին էլ ծնվել է քանդակագործի հայրը` Հակոբը։ Ահա, այն կապը, որ Գևորգ Մարտիրոսյանին կապում է Զորավար Անդրանիկի հետ։

Գևորգը 5 զավակների հայր է․ երեք տղա և երկու դուստր ունի։ Զավակներից երկուսը հոր գործի շարունակողներ են, բարձրագույն կրթություն են ստացել Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի՝ քանդակի բաժնում։ Վարպետն ուրախ է, որ որդիները իր ուղին են շարունակում, բայց ափսոսում է, որ գյուղում միայն իր ընտանիքի անդամներն են հետաքրքրվում քանդակագործությամբ։ Հայր ու որդիների ձեռքով են ստեղծվել Ախալքալաքում տեղակայված Գուսան Հավասու, Մեսրոպ Մաշտոցի արձանները, ինչպես նաև մի շարք խաչքարերի և այլ քանդակների հեղինակներ են:

Արվեստանոց թե՞ Արհեստանոց

Այս ընտանիքի յուրաքանչյուր անդամ ավտոտնակում իր անկյունն ունի․ տիկնայք ավելուկ ու դաղձ են պահում, երեխաները խաղալիքներ, տղամարդիկ տեխնիկա, ավտոպահեստամասեր և այն, ինչ մասնագիտական է՝ քանդակներ։ Այստեղ կհանդիպենք վարպետ Գևորգի և տղաների տարբեր ժամանակների աշխատանքներին։ Վարպետի ծնողները, Մաշտոցը, Խորենացին, Դավինչին, Կոմիտասը, նեգրուհին և այլք ավտոտնակում կողք-կողքի են։

Գևորգ Մարտիրոսյանին հիացնում է Բարձր Վերածննդի արվեստը, այն ձգտումը, որ քարը կարող է կենդանություն ստանալ։ Ասում է, որ հավերժ զմայված կմնա Միքելանջելոյի Դավիթի կատարելությամբ՝ երբ կենդանությունից միայն սրտի զարկերն ու ջերմությունն է պակասում։ Ֆրանսիացի Ռոդենի նրբակերտ արվեստը ևս ոգեշնչում է վարպետին։ Քանդակագործության գաղտնիքների մասին անկեղծանում է, որ միայն քար մշակել կարողանալով չեն դառնում քանդակագործ, յուրաքանչյուր աշխատանք սեր է պահանջում․ գաղտնիքը, ոչ թե տեխնիկան է, այլ մեծ սերը։

Մեր այցելության պահին վարպետը մշակում էր Արցախյան ազատամարտի մասնակից ջավախքցի Միքայել Ավագյանի կիսանդրին։

Քանդակագործը զբաղվում է հողագործությամբ, անասնապահությամբ, նաև ձկնապահ է։ Գյուղական առօրյան նրա կենսակերպն է, սիրով կերակրում է կենդանիներին և ձկներին։

Նրա ամբողջ հարստությունը տանն է։ Սիրով ցուցադրում է Քրիստոսի, պապի, Պարույր Սևակի, Սմբատ Շահազիզի արձանները։ Բայց փաստում է, որ ամենամեծ հարստությունը նրա ժառանգներն են։ Թոռները ևս հպարտանում են պապիկով։

Created By
Sona Tonakanian
Appreciate
NextPrevious

Report Abuse

If you feel that this video content violates the Adobe Terms of Use, you may report this content by filling out this quick form.

To report a copyright violation, please follow the DMCA section in the Terms of Use.