View Static Version
Loading

Ասորիներով, հայերով, ռուսներով ու եզդիներով բնակեցված Վերին Դվինը, որ ապրում է մեկ ընտանիքի պես Լյուդմիլա Պետրովան Արարատի մարզի միակ կին համայնքապետն է:

«Հեշտ չէ միակ կին համայնքապետը լինելը մարզում»,- մեր զրույցն այսպես սկսվեց Արարատի մարզի Վերին Դվին համայնքի ղեկավար Լյուդմիլա Պետրովայի հետ, ում ասորական արմատները վաղուց արդեն սնվում են հայկական արևով, հող ու ջրով, ում համար Հայաստանը հայրենիք է, իսկ ազնվությունն ու պատասխանատվությունը` զավակի, ընտանիքի, աշխատանքի հանդեպ աստիճանաբար վերածվել է սկզբունքի ու գործի: Արդեն 15 տարի է, ինչ տիկին Լյուդմիլան ղեկավարում է Վերին Դվին ասորական համայնքը, որի բնակչության 80 % -ը ասորիներ են, 20 %-ը՝ հայեր:

Լյուդմիլան ծնվել է Արտաշատի շրջանի Գյոլայսօր ասորական համայնքում: Մասնագիտությամբ մանկավարժ ծնողները աշխատանքի բերումով որոշ ժամանակ գործուղվել են հարևան Գիլանլար հայկական գյուղ, որտեղ Լյուդմիլան հաճախել է դպրոց և սովորել մինչև 5-րդ դասարան: Այնուհետև ծնողները տեղափոխվել են Վերին Դվին, որտեղ էլ շարունակել է ուսումը, ընտանիք կազմել և առ այսօր ապրում է տիկին Լյուդմիլան:
Ագրարային համալսարանն ավարտած Լյուդմիլայի համար գյուղի կոմսոմոլի քարտուղարի աշխատանքն առաջին շփումն էր բնակչության հետ: Այդ տարիներին, սակայն հարկադրված էր ամուսնու և զավակների հետ տեղափոխվել Ռուսաստանի Դաշնություն, որտեղ, իր պատմելով, օտար էր զգում իրեն և անչափ կարոտում էր Հայաստանը: Վերադարձն անխուսափելի էր:

1998-2004 թվականին տիկին Լյուդմիլան հայրենի Վերին Դվինի համայնքապետարանում աշխատել է որպես աշխատակազմի քարտուղար, այնուհետև` 2004 թ. ՏԻՄ ընտրություններում առաջադրվել և ընտրվել է համայնքի ղեկավար, ու առ այսօր մեծ պատասխանատվությամբ է վերաբերում իր գործին ու կոչմանը:

«Իմ առաջադրումը եղավ, հիմնականում, համայնքի կողմից, քանի որ 6 տարի աշխատել էի որպես համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար և քաջատեղյակ էի համայնքի ու բնակիչների խնդիրներին: Երբ զրույցի ժամանակ ասում էին, թե ինձ ընտրելու են որպես համայնքի ղեկավար, խուսափում էի շարունակել զրույցը, ասելով՝ ես ո~ւր, համայնքի ղեկավարն ո~ւր, ես ինչպե ՞ս կարող եմ այդ ողջ ծանրությունն ուսերիս կրել: Բայց դա մարդկանց պահանջն էր: Ամուսինս, անգամ սկեսրայրս դեմ չէին, բարեկամ-հարազատներս նույնպես, միայն ես էի դեմ»,-պատմում է Լյուդմիլան:

Նրան պարզապես թույլ չտվեցին հրաժարվել առաջադրումից, քանի որ նրա մեջ նկատել էին ուժ և գործն ավարտին հասցնելու համարձակություն, ազնվություն և սրտացավություն:

ՏԻՄ ընտրություններում բացարձակ հաղթանակ տարած Լյուդմիլա Պետրովան քայքայված տնտեսության, մարզի ամենաքիչ բյուջե ունեցող համայնքի խնդիրները սկսեց լուծել քայլ առ քայլ: Համայնքի ղեկավարի պաշտոնը ստանձելու առաջին տարում Լյուդմիլայի երազանքն էր խարխուլ համայնքապետարանի շենքի փոխարեն ունենալ վերանորոգված շենք, երեխաների ու երիտասարդների համար ֆուտբոլի դաշտ, նախակրթարան, միջոցառումների համար կահավորված դահլիճ, գազաֆիկացված ու լուսավոր համայնք: Դրանք սոսկ երազանք էին, որոնք համայնքի նվազ բյուջեով անհնար էր լուծել:

Տիկին Լյուդմիլան այս խնդիրները մարզպետարանում անցկացվող նիստերի ընթացքում բազմիցս է բարձրաձայնել: Եղել են պահեր, երբ հանդիպել է տղամարդ համայնքապետերի խեթ հայացքներին, սակայն անտեսել է դրանք:

Մարզպետարանի ղեկավարությունը երազող, ձգտող և աշխատող կին համայնքապետին ընդառաջում էր այս կամ այն խնդրի լուծման հարցում: Գյուղում նույնպես աջակիցների պակաս չկար:

Վերին Դվինի հնամյա՝ Հայաստանի Արևելքի Ասորական Ընդհանրական Սուրբ Առաքելական եկեղեցու հոգևոր հայր Նիկադիմ քահանա Յուխանաևը Սփյուռքի ասորական համայնքների հետ ունեցած սերտ կապերի շնորհիվ մանկապարտեզի կառուցման համար կարողացավ գումարներ հայթայթել:

Այսօր շինարարությունն ընթացքի մեջ է, այդ գումարներից կտրամադրվի նաև դպրոցի մարզադահլիճի վերանորոգմանը:

Գյուղամիջյան ճանապարհները ամեն տարի խճապատվում են, հիմնական ճանապարհն ասֆալտապատվել է պետական միջոցներով, սակայն գյուղում դեռևս կան անբարեկարգ ճանապարհներ, օրինակ գերեզմանոց տանող ճանապարհը, որի ասֆալտապատման համար մեծ գումարներ են հարկավոր, մինչդեռ համայնքի բյուջեն ընդամենը 70 մլն դրամ է: Բնակիչների հիմնական զբաղմունքը հողագործությունն է: Գյուղն ունի շուրջ 40 հեկտար պտղատու, 18-20 հեկտար խաղողի այգիներ:

Համայնքապետի խոսքով` արտագաղթի թափը վերջին տարիներին զգալիորեն նվազել է: Այսօր արտագնա աշխատանքի մեկնում են հատուկենտ մարդիկ.

«Ես դեմ եմ արտագնա աշխատանքին, որքան էլ հասկանում եմ պատճառը, ընտանիքը պետք է համատեղ ապրի, այլապես այն ամուր չի լինի»,- ասում է Լյուդմիլան:
Համայանքապետի շուրջօրյա ծանրաբեռնվածությունը տիկին Լյուդմիլային չի ազատում տնային հոգսերից ու պարտականությունից: Հիմնականում նա է զբաղվում տնտեսությամբ, իսկ գյուղատնտես ամուսնու գործը հողամասի մշակումն ու բերքի իրացումն է, թեև այստեղ էլ առանց Լյուդմիլայի անմիջական մասնակցության գործ չի արվում:
«Ամեն օր արթանանում եմ լուսադեմին` ժամը 4:00-5:00-ին, որպեսզի հասցնեմ ամուսնունս ճանապարհել, օրվա ճաշը պատրաստել, տնային գործերն ավարտել, որպեսզի չուշանամ աշխատանքից: Երբեմն հանգստյան օրերին ամուսնուս հետ այցելում ենք Երևանում բնակվող դստերս ընտանիքին, թոռնիկներիս շատ եմ կարոտում»,- պատմում է Լյուդմիլան:

Տիկին Լյուդմիլայի համար համայնքային խնդիրներում ամուսնու ներգրավումը, տանը գյուղին վերաբերող հարցերի քննարկումը ընդունելի չէ: Նրա գործերին չեն միջամտում նաև հարազատներն ու ծանոթները.

«Վերին Դվինն ունի շուրջ 2500 բնակիչ, որից 2000-ը ասորիներ են, 500-ը հայեր, կան քիչ թվով եզդիներ, ռուսներ: Մենք վաղուց դարձել ենք մեկ ընտանիք: Հայերից աղջիկ հարս են տանում, իրենց աղջիկներին էլ հարս են ուղարկում հայ ընտանիք, ազգությամբ ռուս հարսներ նույնպես ունենք։ Վերին Դվինում ամուր են հայ-ասորական բարեկամության հիմքերը։ Չլինեին այդ հիմքերը, դժվար թե կարողանայի այդքան երկար ժամանակ կառավարել համայնքը»,- ասում է Լյուդմիլան:

Անուշ Ներսիսյան

Created By
WomenNet am
Appreciate
NextPrevious

Report Abuse

If you feel that this video content violates the Adobe Terms of Use, you may report this content by filling out this quick form.

To report a copyright violation, please follow the DMCA section in the Terms of Use.