Loading

Ախալքալաքում երիտասարդները նախընտրում են ինքնատիպ հագնվել

Ամռանը ախալքալաքցիները ավելի շատ են հետևում իրենց հագ ու կապին, քան տարվա մյուս եղանակներին: Սակայն յուրաքանչյուրի մոտ տարբեր խնդիրներ են առաջանում այս հարցի հետ կապված՝ «ի՞նչ հագնել, որպեսզի ամոթ չլինի», «ո՞րտեղից գնել հենց այս կոշիկից» և այլն: Բայց այնուամենայնիվ կան մարդիկ, ովքեր սիրում են միշտ գեղեցիկ հագնվել և հետևել իրենց արտաքին տեսքին: Մենք որոշեցինք պարզել, թե ինչ դժվարությունների են հանդիպում նրանք գնումներ կատարելիս և շրջապատի արձագանքից:

Լիա Միքելաձե (16 տարեկան)

Լիա Միքելաձեն հիմականում օգտվում է Թբիլիսիի կամ Ախալցիխեի խանութներից, հակառակ դեպքում նա գնումներ է կատարում նաև տեղի խանութներից, կամ պատվիրում է: Նա նշում է՝ երբ քայլում է փողոցով գրավում է բոլորի ուշադրությունը: Դա պայմանավորված է հիմնականում իր հագուկապով, բայց վերջինս չի մտահոգվում և ասում է, որ չի փոխելու իր ոճը: «Ես սիրում եմ տարբերվել մնացածներից և ընդհանրապես հաշվի չեմ առնում շրջապատի կարծիքը: Ոչ բոլորի ճաշակը կարող է համընկնել իմի հետ», - ասում է Լիան: Հագուստի գումար վաստակում է ինքը, սակայն նախկինում, երբ ծնողներն էին տալիս փող նոր հագուստ գնելու համար, հարկավոր էր մի քանի ժամ համոզել, կատակով խոստովանում է Լիան:

Ռադիկ Եզոյան (20 տարեկան)

Ռադիկը սիրում է հագնվել դասական ոճի մեջ, սակայն նրա հագուկապը միանգամից փոխվում է այն ժամանակ, երբ Երևանից գալիս է Ախալքալաք: Եվ դա պայմանավորված է նրանով, որ նա իր ցանկությունները համատեղում է մնացածների կարծիքի հետ: «Ես առաջ հաշվի չէի առնում մյուսների կարծիքը, սակայն հիմա շատ եմ նեղվում, որովհետև երբ հագնվում եմ մնացածներից տարբեր, բոլորն ուշադիր ինձ են նայում, իսկ ես նեղվում եմ դրանից և ստիպված հագնվում եմ այնպես, որ չգրավեմ մարդկանց ուշադրությունը», - ասում է Ռադիկը: Նա գնումներ կատարում է, թե՛ Երևանից, թե՛ տեղի խանութներից:

Լիդա Մնացյան (17 տարեկան)

Երբ «սրտի ուզածը» չի գտնում Ախալքալաքի խանութներից, Լիդան չի հուսահատվում և դիմում է արտերկրում բնակվող բարեկամներին: 17-ամյա աղջնակը սիրում է յուրահատուկ հագնվել հատկապես ամռանն ու աշնանը: «Ես հագուստի հետ կապված բարդույթներ չունեմ: Հագնվում եմ այն ինչ ինձ է դուր գալիս, բայց ինչ-որ բան գնելիս սիրում եմ խորհրդակցել մայրիկիս հետ», - պատմում է Լիդան: Նա նախընտրում է սպորտային հագուստ, բայց չի խուսափում նաև դասական ոճից, իր համար հիմնականում հագուստի հարմարավետությունն է կարևոր, ոչ թե ոճը:

Վրեժ Գոգորյան (18 տարեկան)

Վրեժին շրջապատը կարող է տեսնել տարբեր ոճերի հագուստ կրելիս: «Տեղի խանութներից գնումներ կատարելիս միշտ նույն խնդրի առաջ եմ կանգնում՝ իմ չափսի ու ճաշակի ոչ կոշիկ եմ հեշտ գտնում, ոչ էլ հագուստ, ստիպված ընտրում եմ այն ինչը գոնե կկարողանամ հագնել», - ժպիտը դեմքին նշում է երիտասարդը։ Բարձրահասակ լինելու պատճառով մեր զրուցակիցը չի սիրում գնումների գնալ։ Նա հաշվի չի առնում մնացածների կարծիքը, քանզի երբեք այդպիսի խնդրի չի հանդիպել:

Սյուզաննա Հարությունյան (17 տարեկան)

Սյուզաննան մշտապես գնումներ է կատարում Ախալքալաքի 1-2 խանութից: Պարզաբանում է, որ միայն այդ խանութների առաջարկած հագուստն է համապատասխանում իր ճաշակին: Սիրում է ինքնատիպ հագնվել հատկապես ամռանը: Իսկ ձմռանը ծնողներ են համոզում նոր հագուստ գնել: «Նույնը չեմ կարող ասել ամռան վերաբերյալ, որովհետև ի տարբերություն ձմռանը, այս եղանակին ինձ ինչքան էլ հագուստ գնել էլի չեմ բավարարվի»,- կատակով խոստովանում է Սյուզաննան: Նա միշտ հետևում է նորաձևությանը և ձգտում է կատարյալ տեսք ունենալ:

Ռաֆիկ Չախալյան (16 տարեկան)

Ռաֆիկը սիրում է գեղեցիկ հագնվել հիմնականում ձմռանը, քանի որ Ախալքալաքում ձմեռային հագուստի ընտրանին մեծ է, իսկ այդ դեպքում գնումներ կատարելն ավելի հեշտ է ու հաճելի: Չնայած դրան, ըստ նրա մարդը ճաշակով կարող է հագնվել անգամ այն դեպքում, երբ իր ոճին համապատասխանող հագուստ չի կարող գտնել: «Գնումներ կատարում եմ տեղի հագուստի խանութներից ու տոնավաճառից, հաճախ էլ հայրիկս է Ռուսաստանից բերում», - ասում է նա: Ռաֆիկը մեզ հետ զրույցում նշեց, որ երբեմն հոր բերած հագուստները չի հավանում, այդ պատճառով էլ նախընտրում է ինքնուրույն ընտրել իր հագուստը:

Սոնյա Միրանյան (17 տարեկան)

Սոնյան նախընտրում է վառ ու գունեղ հագնվել, որովհետև տրամադրություն են ստեղծում: «Սիրում եմ վառ ու լուսավոր գույները, քանի որ դրանք իմ տրամադրությունն ավելի են բարձրացնում», - ժպիտով պատասխանում է Սոնյան: Վերջինս դժվարանում է հագուստ ընտրել, որովհետև միշտ իր ընտրած հագուստը մայրիկը չի հավանում ու ստիպված նրանք երկար փնտրում են այնպիսի մի բան, որը երկուսին էլ դուր կգա: Առանց մորը դժվարանում է ընտրություն կատարել, սակայն մոր հետ էլ ստիպված են օրերով գնումների գնալ»,- նշում է Սոնյան:
NextPrevious

Report Abuse

If you feel that this video content violates the Adobe Terms of Use, you may report this content by filling out this quick form.

To report a Copyright Violation, please follow Section 17 in the Terms of Use.