Loading

Հազմարի ուժը

Օրջա գյուղի սկզբնամասում գտնվող սրբավայրը՝ Հազմարը Օրջայի և հարակից գյուղերի բնակիչները համարում են բուժիչ։ Հազմար նշանակում է հազ մարող:

Հազմարում է գտնվում սև քարը, որն էլ ինչպես օրջացիներն են ասում հանդիսանում է բուժիչ։ Ոչ ոք չգիտի, քարը բնականից է սև եղել, թե վառված մոմերի ծխից է սևացել։ Հենց այս սև քարի մոտ էլ դրել են այն երեխաների հագուստները, ովքեր հիվանդացել են ժողովրդի լեզվով ասած՝ «կապույտ» հազով։

«Կապույտ հազը», դա ուժեղ հազն է, երբ երեխաները հազալու ընթացքում կապտում են։ Նախկինում Հազմարը մարդկանց միակ հույսն է եղել, երբ բժշկության միջոցով չեն կարողացել բուժել իրենց երեխաներին, այդ իսկ պատճառով էլ հավատը մինչ այսօր մնացել է մարդկանց մեջ։

Տարիների ընթացքում հավատն առ Հազմար ավելացել է, և մարդիկ, ովքեր գլխացավ ունեն, գլխաշոր են դնում սև, բուժիչ քարի մոտ։

Օրջա գյուղի բնակչուհի 71-ամյա Գայանե տատիկը, ով ծնունդով Արագվայից է կիսվելով իր հիշողություններով պատմում է․

«Հայրիկս ասում էր Հազմարի պատի քարերը միմյանց ամրացված են ձվի սպիտակուցով, երբ այն կառուցել են, ժողովրդից ձվեր են հավաքել, այդ իսկ պատճառով էլ պատերն ամուր են։ Տարիներ շարունակ դիմադրում է, որ վերջնական չփլուզվի: 10 տարեկանից հիշում եմ, թե ինչպես էին մարդիկ խոսում հազմարի սև քարի բուժիչ հատկության մասին»։

Հազացող երեխայի շապիկը

Սև քարի մոտ հազ բուժելու համար տարբեր գյուղերից են հագուստ տանում։ Երեք անգամ շրջում են Հազմարի շուրջը, այնուհետև մատաղ անում, գառան կամ աքլորի արյունով երեխայի և բարեկամների ճակատին և ձեռքերին խաչեր անում, մոմ վառում և երեխայի շորը կամ շորից մի հատված դնում են սև քարի մոտ։

Տարիների ընթացքում սև քարի լեգենդը տարածվել է Ջավախք լեռնաշխարհի տարբեր գյուղեր։ Մարդկանց հավատը Հազմարի հանդեպ փոխանցվել է մեկմեկու և հիմա ուխտավորների թիվը ավելի է շատացել։

Հազմարի հանդեպ ներքին հավատն ուժ է տվել նաև Օրջայի որոշ ուսանողների, նրանք քննություններից առաջ անպայման մոմ են վառում ու աղոթում այնտեղ։ Այստեղ մարդիկ Հազմարն ամենահզոր սուրբն են համարում։

NextPrevious

Report Abuse

If you feel that this video content violates the Adobe Terms of Use, you may report this content by filling out this quick form.

To report a Copyright Violation, please follow Section 17 in the Terms of Use.