Loading

Աշխարհի հետ նույն տանը՝ միայնակ Գևորգ պապը Կարծախի 87 ամյա բնակիչն է

Սպիտակ պատերով, հողե տանիքով հին տան մեջ, ժամանակն ու պոեզիան իրենով արած, դժվարին 8 տասնամյակները հաղթահարած, օրերի ու առողջության հետ միայնակ կռիվ է տալիս Գևորգ Թագվորյանը։

«Գեղեցիկ և սիրելի կին, աշխույժ, խելացի զավակներ, հարազատ գյուղ ու արժանապատիվ աշխատանք, ամեն ինչ ունեցել եմ երջանիկ լինելու համար։ Ժամանակի հետ ամեն ինչ կորավ և մնացի մենակ, բայց դեռ ուզում եմ ապրել»,- կյանք սովորեցնելով անկեղծանում է Գևորգ պապը։

Ափսոսում է, որ կնոջ հետ միասին նկար չունի։

Գևորգ պապի զավակները հեռացել են երկրից, սակայն նա չի ցանկանում գնալ իր տնից։ «Եթե տնից դուրս գամ, դագաղը շալակիս կհայտնվի, բնությունն է էդպես, իմ տարիքում եթե հեռանամ ամենաշատը մի տարի կապրեմ ուրիշ երկրում»,- վստահեցնում է ծերունին։

Գևորգ պապը որևէ մեկին թույլ չի տալիս տան մաքրությամբ զբաղվելու, ամեն ինչ ինքն է անում
Վստահ է, որ հայելին հնացել է, այլապես ավելի լավ տեսք ունի

Գևորգ պապի տունը հին Ջավախքի կոլորիտն այսօր էլ է պահպանում։ Սնդուկներն ու ամբարները բաց երկնագույն են: Անկյուններից մեկում հին կշեռք կա` երկար ժամանակ չօգտագործված փոշոտ ու ժանգոտված նժարներով ու կիրերով: Տպավորություն է ստեղծվում, որ երբեմնի լի ամբարների ու սնդուկների մեջ այսօր միայն հիշողություններ են պահպանվում, որ կշեռքի ժանգոտվող նժարները համաչափ են կանգնում այդ հիշողությունները դնելով ժամանակի կողքին:

Մի քանի անգամ բարդ վիրահատություն է տարել: Սակայն դժվարությունները հաղթահարող ուժը նրա համար նաև կենարար հիմք է, քանի որ վիրահատարաններից հետո դեռ կարողանում է ոչ միայն ամուր կանգնել հողի վրա, այլ նաև հող մշակել, ճաշ եփել և գիր գրել:

Երկար տարիներ գյուղի դպրոցում աշխատած մարդը, ամանեղենի համար հատկացված դարակի վերևում գրքերի կապոց է պահում

Շրջում եմ մենակ քաղաք ու ավան,

Մի կտոր ապրուստ ճարելու համար,

Այս է իմ օրը ձմեռ ու ամառ-

Եվ ինչ ճարում եմ պահում եմ միայն:

© Գևորգ Թագվորյան

«Մենակության լավ կողմն էն է, որ շատ կարող ես մտածել ու մտածածդ գրի առնել: Ես գրող չեմ, ինձ համար եմ գրում, գրվածքներս իմ գյուղի, բարեկամներիս մասին են»,- ասում է Գևորգ պապը, ով տետրի մեջ փոքր տառերով, համաչափ ձեռագրով բանաստեղծություններ է գրում:

Գևորգ պապը մեզ կոնֆետ հյուրասիրեց, որպեսզի քաղցրությունը հիշելով մի քանի տարուց նորից այցելենք Կարծախ գյուղի հավատարիմ բնակչին:

Created By
Sona Tonakanian
Appreciate
NextPrevious

Report Abuse

If you feel that this video content violates the Adobe Terms of Use, you may report this content by filling out this quick form.

To report a Copyright Violation, please follow Section 17 in the Terms of Use.