Ախալքալաքի փայտաշեն դռների մշակույթն արդեն անցյալ է դառնում: Կողպեքով փակված դռների ժանգը փաստում է տանուտերերի տեղափոխության մասին:
«Զարդանախշերի նշանակության մասին ոչինչ չեմ կարող ասել: Բայց մեր դուռը շինել է Ախալքալաքում հայտնի փայտագործ Սամավարենց Կարոն: Իմ պապիս հայրը՝ Օվակ Խաչատուրյանն է շինել տվել: 1912 թվականից մինչև օրս այս դուռը ամեն օր բացվում-փակվում է: Պապս էլ հայտնի փռնջի է եղել ժամանակին», - պատմեց 70 տարեկան Լիպարիտ Խաչատուրյանը:
Ախալքալաքի հին ու ինքնատիպ դռներից է Նալբանդյանների տան դուռը: Ժամանակին այս տունն ու իր զարդանախշ դռներն ու պատուհանները տեսնելու համար մարդիկ հատուկ այս փողոցով են բարեկամների տուն գնացել: Տան հարսի խոսքով, ինչպես քաղաքում շատերը, այնպես էլ իրենք պատրաստվում են փայտե դուռը փոխարինել երկաթով:
Նախորդ դարի քաղաքի հարդարանքը՝ նախշը, գույնն ու ձևը կամաց-կամաց անհետանում են։ Եվ քանի դեռ Ախալքալաքի փայտե դռները ամբողջովին չեն փոխարինվել երկաթով, կարող ենք ասել, որ մեր փողոցներում դեռ ապրում է նախորդ դարի շունչը։