Աղբանոցից փրկված կյանքեր․ նրանք տեր են փնտրում
<<Երբ փոքր էի, վախենում էի կենդանիներից։ Ամեն ինչ փոխվեց, երբ մեր բակի փիսիկը որոշեց հաճախ մեզ հյուր գալ։ Այդպես սկսվեց իմ եւ կենդանիների ընկերությունը>>,-իր պատմությունն այսպես է սկսում Լուսինեն։ <<ԿԵՆԴԱՆԱՊԱՏՈՒՄ>>-ի զրուցակիցը հայաստանյան այն կամավորներից է, որոնք որդեգրում, խնամում կամ տեր են փնտրում թափառող կենդանիների, դրսում հայտնված՝ լքված չորքոտանի բարեկամների համար։
Լուսինե Հայրապետյանը տանը խնամում է 4 կատվի, որոնցից 3-ը հաշմանդամություն ունեն։
<<Նրանց փողոցում եմ գտել եւ որդեգրել։ Ցավով եմ ասում, որ Հայաստանում հաշմանդամություն ունեցող կենդանու որդեգրվելու հնարավորությունը, կարելի է ասել, 0 է․․․Իմ կատուներից մեկը կույր է, մյուսը՝ մեկ աչքանի, մյուսն էլ երիկամային խնդիր ունի, բայց բոլորն էլ երջանիկ են>>,-պատմում է Լուսինե Հայրապետյանը։
<<Ճիշտ է, հիմա բնակարանում 4 կենդանի եմ պահում, բայց երբ մեկ այլ կենդանու մասին ահազանգ է ստացվում, մտածում եմ՝ որտե՞ղ պահել նրան։ Փորձում եմ գտնել ժամանակավոր խնամակալներ կամ օրավարձով խնամողներ, վճարովի կացարաններ։Արտերկրում բավականին զարգացած է ժամանակավոր խնամակալության ինստիտուտը, երբ կամավորներն անտուն մնացած կենդանուն պահում են մինչեւ նրա որդեգրվելը։ Եթե Հայաստանում էլ շատ լինեին այդպիսի մարդիկ, ավելի մեծ թվով կենդանիների կկարողանայինք օգնել>>,-համոզված է Լուսինեն
Այս 4 փոքրիկներն էլ թեեւ Լուսինեի բնակարանում չեն, բայց նրա խնամքի ներքո են։ Ապրում են օրավարձով՝ մի հոգատար ընտանիքի բակում։ Նրանք պատասխանատու տերեր կամ ժամանակավոր խնամակալներ են փնտրում
Ձագուկներն ի սկզբանե 7-ն էին։ 2019թ․-ի մարտին նրանց աղբամանում նկատել է Լուսինեի մայրը եւ չի կարողացել անտարբեր անցնել։ <<25 օրական ձագերին մորից կտրել եւ շպրտել էին աղբանոցը՝ անպետք իրի պես․․․>>,-հիշում է Լուսինեն։
<<Ցավալի է, որ մարդկանց անպատասխանատվության պատճառով ձագուկներն այս վիճակում են հայտնվում։ Նրանց մոր տերը պետք է ժամանակին մտածեր այս խնդրի մասին եւ իր շանը ստերջացներ, ոչ թե նետեր աղբամանը>>,-կարծում է Լուսինե Հայրապետյանը։
Լուսինեն չէր կարող թույլ տալ, որպեսզի աղբանոցից փրկված եւ տան պայմաններին սովոր Լեդին կրկին փողոցում հայտնվեր․․․
<<Հետ վերցրեցի Լեդինն։ Տերն այնքան վատ էր նրան պահել, որ Լեդին առողջական խնդիրներ ուներ։ Դժվարությամբ բուժեցինք, հիմա դեռ մարսողական խնդիրների պատճառով շատ նիհար է։ Պարբերաբար այցելում ենք բժշկի։ Երբ ապաքինվի, արժանի տեր կգտնի>>,-հույս է հայտնում Լուսինեն։
<<Կենդանին խաղալիք կամ ինքնահաստատվելու միջոց չէ․․․եթե որոշել եք որդեգրել, հաշվի առեք, որ նա մշտական խնամք եւ հոգատարություն է պահանջում>>,-ընթերցողներին խորհուրդ է տալիս Լուսինեն եւ հիշեցնում, որ իր խնամքի ներքո գտնվող ձագուկներին կնվիրի միայն հասուն եւ պատասխանատու մարդկանց․․․