Loading

(չ)Արգելված ընդհատում «Օրենքով» թաքնված սելեկտիվ աբորտ

Հայաստանում սեռով պայմանավորված հղիության ընդհատման պատճառով տարեկան չի ծնվում մոտ 1200 աղջիկ: ՄԱԿ-ի բնակչության հայաստանյան հիմնադրամի տվյալներով՝ Հայաստանը մինչեւ 2060 թվականը մոտ 90 հազար ապագա մայրեր կկորցնի:

Հայաստանում արգելված է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումը 12 շաբաթական (այս ժամանակ է պարզվում պտղի սեռը) հղիությունից սկսած՝ եթե չկա բժշկական եւ սոցիալական ցուցում: Չնայած այս արգելքին, ընտանիքները շարունակում են աղջիկ երեխայից ազատվել. Բժիշկներն 12 շաբաթական հղիությունից հետո կատարում են արգելված սելեկտիվ աբորտը: Մասնագետները փաստում են՝ սելեկտիվ աբորտը լատենտային է:

Մարինեի պատմությունը

2008-2012 թվականներին Հայաստանում ծնվում էին 100 աղջկա դիմաց 115 տղա: Աղջիկ-տղա ծնունդների նորմալ հարաբերակցությունը՝ 100 աղջկա դիմաց՝ 105 կամ 106 տղա:

Հայաստանում ընտրովի աբորտների պատճառները

  • Հայ հասարակության նահապետական կառուցվածքը, ավանդույթները
  • Հայրական գծի գերակայությունը, տղամարդկանց գերակա դերը
  • Հասարակության մեջ կանանց եւ տղամարդկանց ոչ հավասար կարգավիճակն ու հնարավորությունները ստեղծում են տղա երեխայի գերապատվությունը
  • Աղջիկ երեխաները տղաների համեմատությամբ ավելի քիչ են արժեւորվում
  • Տոհմի շարունակողը համարվում է տղան
Հայաստանը հայտնվել է սեռով պայմանավորված հղիության ընդհատման վատագույն ցուցանիշներ ունեցող երկրների շարքում (Չինաստան, Հնդկաստան, Ադրբեջան, Ալբանիա)

Կառավարությունը 2016 թվականին որոշեց արգելել սելեկտիվ աբորտը

Հղիության արհեստական ընդհատում (աբորտը) թույլատրվում է մինչեւ 12 շաբաթական հղիության ժամկետում՝ կնոջ գրավոր դիմումի համաձայն: 12-ից մինչեւ 22 շաբաթական հղիության ժամկետը կատարվում է բացառապես բժշկական (ներառյալ՝ սեռի հետ կապված հիվանդության ժառանգման հավանականության դեպքում) կամ սոցիալական ցուցումների առկայության դեպքում՝ կնոջ գրավոր համաձայնությամբ: Եթե չկա բժշկական կամ սոցիալական ցուցումներ, ապա արգելվում է (ներառյալ՝ սեռով պայմանավորված) 12 շաբաթականից հետո հղիության արհեստական ընդհատումը: Ընդհատումը կարող է իրականացվել միայն մանկաբարձական եւ գինեկոլոգիական բժշկական օգնության եւ սպասարկման լիցենզիա ունեցող հիվանդանոցային առողջապահական հաստատություններում:

«Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենք:

Ինչպես են շրջանցում օրենքը կամ կատարում արգելված աբորտը

Մանկաբարձ-գինեկոլոգ (համաձայնվել է հարցազրույց տալ՝ անունը չհրապարակելու պայմանով)

«Եթե զույգը որոշել է տղա երեխա ունենալ, սպասում են մինչեւ սեռը պարզվի, կինը որեւէ տեղ չի հաշվառվում որպես հղի: Երբ պարզում են սեռը, իսկ դա լինում է 12 շաբաթական հղիության դեպքում, եւ եթե իրենց ցանկալի սեռը չէ, սովորաբար դա աղջիկն է, արդեն դիմում են բժշկին: Որոշակի գումարի (մինչեւ $100)դիմաց՝ 12 շաբաթական հղիությունը գրում են 11 շաբաթական, եւ, այսպիսով` շրջանցում են օրենքը ու հանգիստ անում աբորտը»:
«Տնային պայմաններում հղիության արհեստական վիժեցում. կանայք գնում են «սայտոտեք» կամ «մեթոտրեքսատ», խմում ու տանը վիժում: Սրանք դեղատոմսով են, բայց կարողանում են ձեռք են բերել դեղատներից, կարող են նաեւ հարեւան Վրաստանից բերել: Դեպքեր կան, որ բժիշկն արդեն մեկ անգամ «սայտոտեքով» հղիության ընդհատման սխեման նշանակել է, կինն արդեն գիտի ու հաջորդ անգամ ինքնուրույն է անում»:
Մանկաբարձ-գինեկոլոգ. «Նույն դեղորայքային աբորտը կատարում է նաեւ բժիշկը. Սա ոչ մի կերպ վերահսկելի չէ: Հղին վճարում է բժիշկին, այո, սա կաշառք է»:
«Հղիի պատմագրում գրում են՝ չզարգացող հղիություն, պտղի սրտի բաբախ չկա ու բժշկական ցուցումով կատարում աբորտը. Այստեղ կաշառքի գործարքում մասնակից է նաեւ էխոսկոպիստը. նա գրավոր եզրակացություն է տալիս սրտի բաբախի կանգի մասին, կցում լուսանկարը, որի վրա չի երեւում՝ սիրտը բաբախո՞ւմ է, թե՝ ոչ: Այս դեպքում արգելված աբորտն ավելի թանկ է, բայց սա շատ տարածված չէ»:
  • «Գրանցվող աբորտի դեպքում բուժհաստատությունը բժշկին շատ քիչ գումար է տալիս, հետեւաբար, սա կոռուպցիոն ռիսկ է առաջացնում ու բժիշկը էխոսկոպիստի հետ կատարում են սեռով պայմանավորված աբորտը, մանավանդ, որ այն գրեթե չի վերահսկվում իսկ ամուսիններն էլ պնդում են»:
«Կինն արնահոսությամբ գալիս է հիվանդանոց, պարզվում է վիժում է եղել մոտը. չի խոստովանում, որ տանը սայտոտեք է խմել. բժշկին մնում է, այսպես ասած՝ մաքրել: Բայց վիճակագրությունում չի արտացոլվում, որ դա տնային պայմաններում ինքնաբեր վիժում է: Այսպես ասած՝ կինն «ինքնուրույն աբորտ է արել»:
Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման որեւէ դեպք չի գրանցվել. առողջապահության նախարարություն

Փաստեր՝ անկախ հետազոտողներից

«Մի հղի կնոջ երեխայի սեռը աղջիկ էր եղել, ու այդպես որոշել էին, որ իրեն պետք է այնքան ծեծեն, որ այդ կինը արհեստական վիժի, ու հարեւանությունը մի կերպ այս կնոջը փրկել էր: Համապատասխան մարմիններին դիմելով՝ հազիվ դուրս էին հանել այդ աղջկան երկրից». Մրգանուշ գյուղի բնակիչները պատմել են: «Սոցիոսկոպ».2018

«Կանանցից շատերի համար ընդունելի է հայրիշխանական հասարակությանը բնորոշ տղա երեխայի՝ որպես ընտանիքի շարունակողի հանդեպ հատուկ սպասելիքները եւ ամուսնու ու նրա ծնողների՝ տղա ունենալու պարտադիր պահանջը: Հետևաբար` կանայք հաճախ իրենք են նախաձեռնում սպասվող երկրորդ կամ երրորդ աղջկա աբորտը՝ նախապես կանխելով ամուսնու կամ ընտանիքի կողմից սպասվող ճնշումները»:

«Շատ կանայք հղիության ընդհատման ժողովրդական մեթոդների են դիմում, որպեսզի չհասնեն գինեկոլոգիական ծառայություններ. դրանք վճարովի են, կապեր պիտի ունենան».Ռուզաննա Ծատուրյան, «Վորլդ Վիժն Հայաստան»՝ «Ինչպե՞ս տղա երեխա ունենալ»

«Հատկապես գյուղաբնակ կանանց ամուսինները, որոնք հիմնականում արտագնա աշխատանքի են, զանգում են ամուսնուն ու ասում ՝ աղջիկ է: Նա էլ ասում է՝ «մեզ աղջիկ պետք չի, կհանես»: Եվ այս կինը պետք է խնդիրը լուծի՝ բարձր տեղից է թռնում, դեղեր խմում, ծանր իրեր վերցնում, որպեսզի վիժում առաջանա». «Վորլդ Վիժն Հայաստան»

«Մի կին փորձել է ինքնուրույն վիժեցնել պտղին, պատմել է՝ բժիշկ ջան՝ «2 շիշ պիվա խմեցի, հետո՝ ասպիրին, հետո՝ 10 հատ չպճղած ձու կերա, հետո մամաս ասավ՝ ներսից ինչ-որ իր դիր, որ խթանես»: Արդյունքում արգանդը հեռացրել են».«Ինչպե՞ս տղա երեխա ունենալ» զեկույց:

«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի զեկույց.«Կանանց անտեսանելի իրավունքը ՀՀ-ում. Վերարտադրողական առողջության եւ իրավունքի պատկերը կանանց տարբեր խմբերի շրջանում»-2018.

Միջազգային փորձի ուսումնասիրությունը փաստում է, որ օրենսդրական մակարդակում արգելքը ոչ միայն չի հանգեցնում սեռով պայմանավորված կամ տղայի նախապատվությամբ իրականացվող հղիության արհեստական ընդհատման ցուցանիշի նվազեցմանը, այլ ընդհակառակը՝ ազդում է կնոջ հղիության արհեստական ընդհատման ծառայությունների հասանելիության վրա...

Լոռու եւ Շիրակի մարզերում կանայք պատմեցին դեպքեր, որ կանայք հաճախ կարող են դիմել տան պայմաններում պրակտիկա ծավալող նախկին բուժքույրերի, ովքեր տնային պայմաններում կարող են իրականացնել հղիության արհեստական ընդհատում մատչելի գներով:

«Կողքի շենքի մուտքի մոտ միշտ հերթեր էին գոյանում, մարդիկ մեքենաներով գալիս էին կանգնում, հետաքրքվեցի, պարզվեց այդ տանը նախկին բուժքույր էր աշխատում, ով տան պայմաններում հղիության արհեստական ընդհատում էր իրականացնում, ասեցին նաեւ չբերություն է բուժում»:
Յուրաքանչյուր տարի վերարտադրողական տարիքի կանանց շրջանում գրանցվում է հղիության արհեստական ընդհատման միջինը մոտ 12 հազար դեպք, որի կեսից ավելին կազմում են հղիության արհեստական թույլատրված ընդհատումները, տեսակարար կշռով հաջորդը ինքնաբեր ընդհատումներն են, որոնք հաճախ իրականացվում են դեղորայքային եղանակով, վերջին տեղում՝ բժշկական ցուցումներով արված արհեստական ընդհատումներն են:

«Այդ չարաբաստիկ սայտոտեկը, որի դեմ էլ մենք պայքարեցինք, պայքարեցինք.... այն դարձավ դեղատոմսով: Հետո, աստիճանաբար կրկին գործածվում է: Այդ մեթոդը շատ տարածված է: Մենք նախարարի մոտ այդ հարցը բարձրացրել ենք, երբ կինը գնում է դեղատուն՝ աշխատակիցը նշանակում է սայտոտեկը: Շատ դեպքերում դա նշանակվում է ոչ ճիշտ սխեմաներով».Վահե Գյուլխասյան, ՄԱԿ-Ի բնակչության հիմնադրամի սեռական վերարտադրողական առողջության ծրագրի համակարգող

«Աբորտը մինչեւ 12 շաբաթականն է թույալտրելի` կնոջ ցանկությունով: Անգամ գերձայնային հետազոտություններով շատ դժվար է որոշել` 12 շաբաթական է հղիությունը, թե՝ 13: Կնոջը հարցնում են եւ հիմնվում նրա ասած վերջին դաշտանի վրա: Այսինքն` 13 շաբաթականում եթե սեռը պարզվի եւ նա գնա բժշկի մոտ ու ասի` ինձ մոտ 12 շաբաթական հղիություն է, ուղղակի չեմ ուզում այս երեխան ունենալ, նրա հղիությունը կընդհատեն:

ՀՀ առողջապահության նախարարության մայրական եւ վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյան

«Եթե կինը հղիությունն ընդհատելու համար դեղը խմել եւ արնահոսությամբ եկել է հիվանդանոց, եւ եթե ինքը չխոստովանի, ոչ ոք չի կարող պարզել՝ կնոջ մոտ ինքնաբեր վիժումը դեղ խմելու արդյունքո՞ւմ եղավ, թե՝ թե առանց դեղի ինքնաբեր վիժում էր: Եթե 12-13 շաբաթական հղին գալիս է բժշկի մոտ եւ չի ասում, որ սեռն աղջիկ է, եւ պնդում է աբորտ անել՝ անում են: Անհնար է պարզել՝ դա սեռո՞վ պայմանավորված հղիության ընդհատում էր, թե՝ոչ: Վերահսկելն անհնար է: Ինքնաբեր վիժումների մեջ էլ հնարավոր է սեռով պայմանավորված դեպքեր լինեն, դա հնարավոր չէ վերահսկել». Գայանե Ավագյան

«Կինը կարող է սեռն իմանալով վերցնի սայտոտեքը խմի, հղիությունը սկսի ընդհատվել ու դիմի բուժհաստատություն, ստիպված այդ հղիությունը պետք է մաքրեն: Դա ինքնաբեր վիժում է: Օգտագործում են միզեպրեֆստոն, միզապրաֆստոն եւ սայտոտեք: Մենք ցուցանիշներ չունենք, թե քանի կին է տանը դեղ խմել՝ դիմել ինքնաբեր վիժեցման: Նման ցուցանիշ ունենալու համար հատուկ ուսումնասիրություն պետք է արվի կանանց շրջանում»:

«Ես չեմ կարող կարող բացառել, որ այս բժշկական ցուցումների մեջ 1-ը, 2-ը, 10-ը եւ այլն, չի եղել պտղի սեռով».Գայանե Ավագյան
«13 շաբաթական հղիությունը մանակաբարձության մեջ ընդունելի է, մենք արգելքով կարող ենք վտանգ ներկայացնել, արգելքով մայրական մահացության դեպքերը կավելանան: Մանկաբարձության մեջ 12 շաբաթական ու գումարած 7 կամ 14 օրն ընդունելի տատանում է, ուստի հնարավոր են դեպքեր, որ այդ շրջանում կատարվի աբորտը եւ կրկին՝ հնարավոր չէ պարզել, որ դա սեռով է պայմանավորված, քանի որ հղին այդ մասին ոչինչ չի ասում»:

Առողջապահության նախարարության պաշտոնյան բացառում է, որ սեռով պայմանավորված հղիության ընդհատման համար բժիշկները փաստաթուղթ կկեղծեն. «Ոչ մի էխոսկոպիստ նման հիմարություն չի անի՝ առողջ պտղին չի գրի արատավոր: Եթե բժշկական ցուցումով են անում, դա պետք է հիմք ունենա, լինի էխոսկոպիստի եզրակացությունը, երկու նկար, կնոջ անուն-ազգանունը. Նկարում սրտի արատը երեւում է, գյուղի էխոսկոպը կարող է չնկատի: Եթե չզարգացող հղիություն է, պետք է հիմանվորեն, բժիշկները զգուշավոր են, չի կարա չգրանցի, ղեկավարը թույլ չի տա: Իսկ եթե բարդությունով հետ եկավ կինը, ի՞նչ պիտի անի բժիշկը: Ավելի հեշտ է էխոսկոպիստը 13 շաբաթական հղիությունը գրի 12 շաբաթական, քան կեղծված եզրակացություն գրի, քրեական պատասխանատվություն է»:

«Քանի որ 12 շաբաթական հղիությունից սկսած թույլատրելի չէ աբորտը, ապա թվեր չունենք, թե քանի կին է դիմել սելեկտիվ աբորտի կամ տնային պայմաններում՝ սայտոտեք խմելով»:

Պաշտոնական վիճակագրություն

Մինչեւ 12 շաբաթական հղիության արհեստական ընդհատման թույլատրված դեպքերը թեեւ 2017-ին՝ 2016-ի համեմատ նվազել են, սակայն, 2015-ի համեմատ՝ ավելացել են: Բժիշկները փաստում են՝ հաճախ կինը թաքցնում է հղիության ժամկետը, եւ լինում են դեպքեր, երբ 13 շաբաթական հղիությունը գրանցվում է 11 կամ 12 շաբաթական:

Հղիության ընդհատման արհեստական-բժշկական ցուցումով դեպքերը թեեւ տարեց տարի նվազում են, սակայն մասնագետները չեն բացառում, որ սրանց մեջ կարող են լինել սեռով պայմանավորված հղիության ընդհատումները:

Պաշտոնական տվյալներով՝ մինչեւ 22 շաբաթական հղիության ինքնաբեր վիժումները տարեց տարի նվազում են: Բայց, նախարարությունը չունի վիճակագրություն, թե՝ քանի կին է տնային պայմաններում դիմել ինքնաբեր վիժման: Մասնագետներն ասում են՝ սելեկտիվ աբորտները լատենտային են՝ թաքնված:

Առողջապահության նախարարությունը սեռով պայմանավորված հղիության ընդհատման դեմ գործողությունների ծրագիրը սկսել է 2013 թվականից, նախաձեռնել է քարոզչություն բնակչության շրջանում, օրենսդրական փոփոխություն՝ 2016 թվականին:

2008-2012 թվականներին ծնունդների հարաբերակցությունը եղել է՝ 100 աղջկա դիմաց՝ 115 տղա: Մինչդեռ սեռերի նորմալ հարաբերակցությունը 100 աղջկա դիմաց՝ 105 կամ 106 տղա է:
Գայանե Ավագյան. «Մենք փոփոխություն գրանցեցինք 2013 թվականին` 100 աղջկա դիմաց արդեն 113,4 տղա էր ծնվել: Եթե հաշվի առնենք, որ միջինը 40 հազար ծնունդ ենք ունենում՝ 2013-ին 800 աղջիկ փրկվեց»:
Գայանե Ավագյան. «Ոչ մի օրենք չի կարող միանգամից լիովին գործել: Մենք պետք է հիմնական շեշտը ոչ թե արգելքների վրա դնենք, այլ՝ մարդկանց վարքագծի եւ մենթալիտետի փոփոխության: Դա պետք է արվի կարեւորելով ու բարձրացնելով կանանց դերը հասարակության մեջ»:

Հ.Գ. Նախագիծը պատրաստ էր հրապարակման, երբ ՀՀ ոստիկանությունը տեղեկացրեց, որ մարտի 30–ին, Գավառի բժշկական կենտրոնում մահացել է 27 ամյա հղի կին՝ Հասմիկ Հարությունյանը։ Հիվանդանոցի տնօրենը մեզ հայտնեց՝ «Կինը ,մինչ բուժկենտրոն տեղափոխվելը, դեղորայք էր խմել, հավանաբար սայտոտեք՝ հղիությունն ընդհատելու համար: Սուր ցավեր զգալուց հետո հղին դիմել է բուժկենտրոն: Նրա մոտ ախտորոշվել էր սպառնացող վիժում, որոշվել էր մաքրել արգանդը եւ հեռացնել պտուղը, սակայն, ցավազրկող ներարկելուց անմիջապես հետո հղիի մոտ առաջացել է դեղորայքային սուր ալերգիկ շոկ ու կինը մահացել է»:

Նախագծի հեղինակ, խմբագիր՝ Նելլի Բաբայան

Լրագրող՝ Լուսինե Բուդաղյան

Գծանկարների հեղինակ՝ Նորայր Հարությունյան

Մոնտաժ՝ Լեւոն Տաքսիլդարյան

Նախագիծը՝ OPEN Media Hub-ի օժանդակությամբ՝ Եվրամիության ֆինանսավորմամբ

Report Abuse

If you feel that this video content violates the Adobe Terms of Use, you may report this content by filling out this quick form.

To report a copyright violation, please follow the DMCA section in the Terms of Use.