76-ամյա Լյուբա Աբրահամյանն ավագանու անդամ է ՏԻՄ համակարգի ստեղծման առաջին օրվանից՝ մինչ հիմա: Վաստակաշատ մանկավարժը 47 տարի աշխատել է հայրենի Դարպաս գյուղի դպրոցում՝ որպես դասվար:
Առաջին անգամ ՀՀ Լոռու մարզի Դարպաս համայնքի ավագանու անդամ ընտրվել է 1996 թ.-ին: Դեռևս դպրոցում աչքի է ընկել իր վճռական բնավորությամբ և կազմակերպչական հմտություններով: Պատմում է, որ ընտանիքում իրեն երբևէ չեն արգելել ակտիվ հասարակական գործունեությամբ զբաղվել, հասկացել են, որ առանց դրա տիկին Լյուբան չի կարող.
«Հասարակական գործունեությունն իմ հոբբին է: Ես չեմ կարողացել շատերի նման ուղղակի մի աշխատավայրում փակվել, մնալ. միայն աշխատանքը ինձ երբեք չի բավարարել: Ինձ համար կարևոր չի եղել, թե ով է իշխանության առաջին գծում, կարևորը՝ ուղղակի կամ անուղղակի ձևով նրանց ուղղորդելու հնարավորությունն է եղել՝ մարդկանց, շրջապատիս, համայնքիս օգտակար լինելու գործում»,- ասում է տիկին Լյուբան:
«Շրջիկ աղբատարով կանոնավոր աղբահանություն ենք իրականացնում գյուղում, իսկ գիտե՞ք՝ ինչու ենք ընտրել այդ մեթոդը, որովհետև փակ աղբարկղեր ունենալու շռայլություն չենք կարող մեզ թույլ տալ: Միևնույնն է՝ շների, կատուների, ագռավների պատճառով այդ աղբարկղերի շրջակայքն անընդհատ պիտի կեղտոտվեր: Ավագանու կազմով քննարկեցինք և ընտրեցինք շրջիկ մեքենայի տարբերակը: Գյուղն ամբողջությամբ լուսավորված է, խմելու ջրի խնդիր չունենք: Դպրոցի ճամփան՝ մինչև Հարավսլավական թաղամաս և գերեզմանատուն, ասֆալտապատված է. մեր նախկին պատգամավորին խնդրեցի, աջակցեց: Սելավատարներ ենք կառուցել: Տարբեր ժամանակահատվածներում, տարբեր հնարավորություններ կիրառելով՝ փորձել ենք մի լավ բան անել գյուղի համար»,- թվարկում է տիկին Լյուբան:
«Կարո՞ղ եք պատկերացնել գյուղացուն՝ առանց հողի: Անասնապահությամբ են զբաղվում, հիմնականում, բայց կենդանիների շրջանում էլ վարակների դեպքերն են շատացել, կոտորվում են, գյուղացին էլի մնում է ձեռնունայն: Աշխատատեղերի հարցն էլ, ինչպես մյուս գյուղերում, խնդիր է: Թեև գյուղում կա կարի արտադրամաս, մոտ 40 կին աշխատում է այնտեղ: Այսօր կանայք ավելի լավ վիճակում են հայտնվել՝ աշխատանքի առումով. մանկապարտեզ, դպրոց, գյուղապետարան, կարի արտադրամաս... Այս բոլոր կառույցներում զբաղվածություն ունեն կանայք: Սա և՛ լավ է, և՛ վատ: Լավ է, որ կանայք ինքնուրույնություն ունեն, վաստակում են, բայց հայ տղամարդը, որքան էլ խոսենք հավասարությունից և հարաբերությունների ճիշտ դիրքերից, միևնույնն է, սովոր է, որ պետք է ընտանիքի, երեխաների, կնոջ հոգսն ինքը տանի: Մեր տղամարդիկ յուրահատուկ հարգանք ունեն կանանց նկատմամբ: Այս առումով, դժվարություններ են առաջանում տղամարդկանց համար: Կանայք էլ, իրենց հերթին, բավարարվում են միայն աշխատանքով և քաղաքականության մեջ, որոշումներ կայացնելու գործում չեն երևում: Նրանց ներկայությունն այդ գործընթացներում շատ կարևոր է, պետք է ոգևորել, տարբերակներ մտածել»,-ասում է նա:
Վանաձորին մոտ լինելը բավականին դրական է անդրադառնում գյուղի սոցիալ-տնտեսական վիճակի վրա: Այսուհանդերձ, տիկին Աբրահամյանը դեմ է համայնքների խոշորացմանը:
«Սխալ եմ համարում համայնքների խոշորացման գործընթացը: Այո´, և´ կանանց թիվն է դրանով կրճատվում ՏԻՄ-ի կազմում, և´ համայնքներն են կորցնում իրենց դիմագիծը, որոշումներն էլ՝ ի նպաստ մեծ համայնքների են իրականացվելու, որովհետև նրանց ներկայացուցիչների թիվը գերակշռող կլինի ավագանու կազմում»,- իր տեսակետն է բացատրում նա:
Լյուբա Աբրահամյանը, խոսելով կնոջ դերի մասին, նշում է, որ արդեն 24 տարի՝ իրենց համայնքի ավագանու կազմում միակ կին ներկայացուցիչն է: Նախընտրական շրջանում եղել են կին թեկնածուներ, բայց չեն ընտրվել: Այս անգամ, առաջիկա ընտրություններում որոշել է այլևս իր թեկնածությունը չառաջադրել, այլ աջակցել այլ կին թեկնածուների.
«Որոշել եմ, որ այլևս չեմ առաջադրվի, բայց ես էությամբ այնպիսին եմ, որ հանգիստ տանը նստել չեմ կարող: Ուզում եմ, որ մեր ավագանու կազմում անպայման կին թեկնածու լինի, անպայման աջակցելու եմ մեր կանանց: Միշտ ուզել եմ, որ ինձ հետ ուրիշ կանայք էլ լինեն ավագանու կազմում, չի ստացվել, չեն անցել: Չնայած՝ չեմ բողոքում, ես ինձ երբեք մենակ չեմ զգացել»,- ասում է տիկին Լյուբան:
«Ընկեր Աբրահամյանին գյուղում բոլորն են հարգում, ոչ միայն որպես ուսուցչուհի, այլև լավ մարդ, ծնող, հարազատ: Մենք նրանից այնքան բան ենք սովորել և շարունակում ենք սովորել: Դուք նրա տարիքը մի հարցրեք, այսօր էլ այնքան էներգիա ունի, այնքան ուժ, և չգիտեմ էլ, որ գործի մասին խոսեմ: Միշտ կանգնած է դարպասեցու կողքին՝ ոչ միայն գործով, այլև խորհուրդներով, ամեն ինչ միշտ հասցնում է»,- բնութագրում է Լյուբա Աբրահամյանին նրա համագյուղացիներից՝ Ալիսա Ցախկլորյանը:
«Ուժեղ կնոջ կերպար է, նրան նայելիս՝ մտածում ես, որ տարիք գոյություն չունի, որ կինը միշտ մնում է երիտասարդ և եռանդուն: Լյուբա Աբրահամյանի գործը՝ կնոջ ներկայությունը որոշումներ կայացնելու գործընթացներում, մեր համայնքում անպայման պիտի շարունակություն ունենա»,-ասում է Դարպասի բնակիչ, մանկավարժ՝ Արմինե Դունամալյանը:
«Իմ ուսուցչուհին յուրահատուկ է բոլոր առումներով: Նա իրեն նվիրել է գյուղին, գյուղի բարգավաճմանը: Շատ կարևոր է կնոջ դերն ու ներկայությունը բոլոր ոլորտներում: Կան հարցեր, որոնց պետք է կնոջ տեսանկյունից նայել, այսպիսի հարցերում մեզ շատ է օգնել Լյուբա Աբրահամյանի ներկայությունը ավագանու կազմում»,- ասում է Դարպասի համայնքապետ Արմեն Ալոյանը:
«Ու գիտեք, ես այսօր քաղում եմ իմ տարիների վաստակի պտուղները: Ես հպարտ եմ իմ աշակերտներով, իմ համագյուղացիներով, մեր ձեռքբերումներով: Մեր գյուղում շատ են վերաբնակիչները, ու դա պայմանավորված է դարպասեցիների բարությամբ, հյուրընկալությամբ: Մենք ընդունել գիտենք, օգնել ու աջակցել գիտենք, դրա համար էլ եկել ու մնացել են մեր գյուղում»,-եզրափակում է մեր զրույցը տիկին Լյուբան:
Հեղինակ՝ Նարինե Մաթևոսյան
Լուսանկարները՝ Լիլիան Գալստյան, Panorama.am
Տեխնիկական խմբագիր՝ Սոնա Մարտիրոսյան