View Static Version
Loading

Ամուլսարի բնությունը՝ ոսկեբեր քվարցիտների «արանքում» Aravot.am-ի «Կենդանապատում» նախագիծ

«Ամուլսարի ոսկու հանքի տարածքում կան ՀՀ Կարմիր գրքում գրանցված բույսեր և կենդանիներ: Բաց հանքի և կից կառույցների շահագործումը հանգեցնելու է դրանց ապրելավայրերի կորստին կամ առնվազն վատթարացմանը. անխուսափելիորեն կրճատվելու է թվաքանակը: Այս ամենը հակասում է հայաստանյան մի շարք օրենքներին եւ «Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին» ու «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիաների դրույթներին»,-սա հատված է Բնության համաշխարհային հիմնադրամի(WWF) հայաստանյան մասնաճյուղի՝ Ամուլսարի շահագործման վերաբերյալ 2017 եւ 2018թթ. մասնագիտական եզրակացություններից, որոնց ուսումնասիրության հիմքում «Լիդիան Արմենիա»-ի՝ հանքի շահագործման ծրագրի ՇՄԱԳ(շրջակա միջավայրի ազդեցության գնահատում) փաստաթուղթն է:

Ըստ WWF-ի՝ ՇՄԱԳ-ում կենսաբազմազանության ուսումնասիրություններում ուշադրության չեն արժանացել ՀՀ Կարմիր գրքում գրանցված մի շարք տեսակներ.

Սխտորագորտ(Pelobates syriacus)

Անդրկովկասյան սահնօձ( Zamenis hohenackeri )

«Ապոլոն» թիթեռ( Parnassius apollo kashtshenkoi)

Բեզոարյան այծ(Capra aegagrus, VU)

Ըստ WWF-ի՝ Բեզոարյան այծի՝ Արփա գետի ձախ ափին գտնվող ապրելավայրերը, հանքի շահագործման հնարավոր ազդեցությունները դրանց, ինչպես նաեւ՝ այծերի թվաքանակի վրա, բավարար չեն ուսումնասիրվել:

Հայկական մուֆլոն

Այս զգայուն տեսակի բացակայությունն Ամուլսարի տարածքում մարդկանց և տեխնիկայի առկայության ժամանակ հասկանալի է, բայց WWF-ի ՝ մուֆլոնի ապրելավայրերի մոդելավորումը ցույց է տալիս, որ Ամուլսարը և հարակից տարածքները կարող են լինել կենդանու ապրելավայր, ինչպես նաև՝ միգրացիոն ուղի՝ Զանգեզուրի լեռնաշղթայից դեպի Ղարաբաղի լեռնաշղթա: Սա հաստատվում է մի շարք դաշտային ուսումնասիրություններով:

«Մատնունի ծիրանավոր»

Հանքարդյունաբերողի ՇՄԱԳ-ում նշվում է, որ 2012 թ.-ին Ամուլսարի գագաթային գոտու ժայռերում արձանագրվել է ՀՀ բույսերի Կարմիր գրքում գրանցված «Մատնունի ծիրանավոր»-ի (Potentilla porphyrantha) նոր ենթապոպուլյացիա, բայց չի ասվում, թե ում կողմից է այն հայտաբերվել: Այդ ենթապոպուլյացիան առաջին անգամ հայտնաբերել են բույսերի կարգաբաններ, կենսաբանական գիտությունների թեկնածուներ Պավել Ղամբարյանը և Անուշ Ներսեսյանը՝ հայտնի բուսաբան, պրոֆեսոր Էլեոնորա Գաբրիելյանի ղեկավարությամբ, երբ 2012 թ.-ին WWF-ը կազմակերպեց արշավ դեպի Ամուլսար և հարակից տարածք՝ դաշտային ուսումնասիրությունների նպատակով:

Ի դեպ, այդ արշավի մասնակիցներից WWF-ի աշխատակիցներ՝ սողունների և կաթնասունների մասնագետ Ալեքսանդր Մալխասյանը և թռչնաբան Վասիլ Անանյանը տարածքում հայտնաբերել են ՀՀ կարմիր գրքում գրանցված սողունների 3, թռչունների 15 և կաթնասունների 2 տեսակ: Մինչ այդ փաստը, ինչպես WWF-ի եզրակացությունում է նշվում, «Լիդիան Արմենիա»-ն հերքում էր ՀՀ Կարմիր գրքում գրանցված որևէ տեսակի առկայությունն Ամուլսարի տարածքում:

Գորշ արջ

«Մատնունի ծիրանավոր» տեսակի պոպուլյացիայի, Գորշ արջի կենսամիջավայրի, ենթաալպյան մարգագետինների և լեռնային թռչունների բազմացման վայրերի պահպանության նպատակով հանքարդյունաբերողը նախատեսում է ստեղծել անձեռնմխելի տարածք, որի հստակ սահմանները վերջնական տեսքի կբերվեն համայնքների և նախարարության հետ լրացուցիչ խորհրդակցությունների արդյունքում: Այս մոտեցումը, ըստ WWF-ի, առաջին անգամ է կիրառվում Հայաստանում հանքարդյունաբերող կազմակերպության կողմից, ինչը ողջունելի է և կարող է կիրառվել այլ հանքավայրերում նույնպես: Սակայն, չնայած մանրակրկիտ մշակված կենսաբազմազանության կառավարման պլանին, մի քանի դիտարկումներ կան:

Մասնավորապես.

  • Արդյո՞ք նշյալ կենդանիների տեղաhանման և վերաբնակեցման աշխատանքները կատարված են, քանի որ արդեն իրականացվել են բավականին լայնածավալ հողային և շինարարական աշխատանքներ, որոնց հետևանքով այդ կենդանիների կորուստ կարձանագրվեր:
  • Եթե սողունների, այդ թվում՝ վտանգված տեսակների տեղափոխությունը իրականացվել է, ապա կա՞ կառավարության համապատասխան որոշում՝ ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանիների տեղափոխման և այլ վայրում վերաբնակեցման վերաբերյալ
  • Բոլոր զննված փաստաթղթերում չի հայտնաբերվել որևէ մշակված նախագիծ փոքր կաթնասունների, սողունների և երկկենցաղների տեղափոխման և վերաբնակեցման վերաբերյալ. առկա՞ է նման նախագիծ, և եթե առկա է, ապա ինչու՞ չի ներկայացվել ՇՄԱԳ-ում
  • Եթե տեղափոխումը այսպես թե այնպես իրականացվել է, ապա որտե՞ղ են վերաբնակեցվել այդ կենդանիները, ո՞վ և ե՞րբ է իրականացրել տեղահանումը, և արդյոք առկա՞ են համապատասխան արձանագրություններ, նկարներ և այլ փաստաթղթեր:
Այս հարցերն առաջացել են այն պատճառով, որ հողային և շինարարական աշխատանքների իրականացման արդյունքում վերոնշյալ կենդանիների մեծ զանգվածի կորուստներ կլինեն, այդ թվում՝ Ամուլսարի տարածքում հանդիպող ՀՀ կարմիր գրքում գրանցված տեսակների.

Մասնավորապես.

Հայկական իժ Vipera (Montivipera raddei)

Հայկական լեռնատափաստանային իժ (Vipera (Pelias) eriwanensis)

Կովկասյան կատվաօձ (Telescopus fallax)

WWF-ի եզրակացության համաձայն՝ նշյալ կենդանիները հնարավորություն չեն ունենալու տեղափոխվել այլ ապրելավայրեր, և տարածքում առկա դրանց պոպուլյացիաները ոչնչացվելու են՝ ծանր տեխնիկայի, շինարարության և այլնի հետևանքով...

WWF-ի գնահատմամբ՝ Ամուլսարի հանքի շահագործման հետեւանքով ազդեցութուն կրող տարածքի թռչնաֆաունան եւս հարուստ է. այն ներառում է թռչունների 137 տեսակ, որոնցից 30–ը գրանցված են ՀՀ Կարմիր գրքում: Հանքարդյունաբերողի ՇՄԱԳ-ում, սակայն, նշվում է միայն մեկ տեսակ՝ Տափաստանային հողմավար բազե (Falco naumanni), որի համար որպես փոխհատուցում առաջարկվում է միայն մոնիթորինգ՝ 200,000 USD արժողությամբ:

ՀՀ Կարմիր գրքում գրանցված այլ թռչնատեսակների փոխհատուցման միջոցառումները բացակայում են:

WWF-ի ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

1. Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի կենսաբազմազանության ուսումնասիրությունները կատարված են բավականին լավ, սակայն կան որոշ բացթողումներ, մասնավորապես՝ չեն ուսումնասիրվել տարածքում հանդիպող սնկերը: Բացի այդ, լրացուցիչ ուսումնասիրություններ են պահանջվում՝ ՀՀ բույսերի և կենդնանիների կարմիր գրքերում գրանցված որոշ տեսակների վերաբերյալ(Ոզնատուփ մեխակ, սխտորագորտ, Անդրկովկասյան սահնօձ, բեզոարյան այծ, «Ապոլոն» թիթեռ):

2. Գնահատվել են առանձին տեսակները, նրանց վիճակը, տարածվածությունը, ապրելավայրերը, սակայն չի գնահատվել հանքավայրի ազդեցությունը ընդհանուր կենսացենոզի վրա, ինչպես նաև՝ ցիանիդի և ծանր մետաղներով հագեցած փոշու ազդեցությունը կենդանական և բուսական աշխարհի վրա:

3. Հանքարդյունաբերողի՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի կենսաբազմազանության պահպանման ծրագիրը հիմնականում վերաբերում է բույսի մեկ տեսակի՝ «Մատնունի ծիրանավոր» և կենդանու մեկ տեսակի՝ Գորշ արջ: ՀՀ կարմիր գրքերում գրանցված մյուս տեսակների համար պահպանության միջոցառումները հիմնականում սահմանափակվում են «Ջերմուկ» ազգային պարկի ստեղծմամբ:

4. Ամուլսարի հանքավայրի կենսաբազմազանության փոխհատուցման ռազմավարությունը հիմնականում սահմանափակվում է «Ջերմուկ» ազգային պարկի ստեղծմամբ:

Ամուլսարը

Պատրաստեց Լուիզա Սուքիասյանը: Տեղեկատվությունը՝ Բնության համաշխարհային հիմնադրամի(WWF) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանի:

Aravot.am-ի ԿԵՆԴԱՆԱՊԱՏՈՒՄ նախագիծը պատրաստ է լսել շահագրգիռ կողմերի կարծիքները: Նախագծին դիմելու հեռախոսահամար՝ + 374 95 85 99 06

NextPrevious

Report Abuse

If you feel that this video content violates the Adobe Terms of Use, you may report this content by filling out this quick form.

To report a copyright violation, please follow the DMCA section in the Terms of Use.