Loading

Բաքու չէ, բայց վատ էլ չէ՞ արդյո՞ք Բալախանի ավանն այդքան լավն է, որքան խոսում են

Բալախանին Բաքվից 15 րոպե հեռավորության վրա գտնվող ավան է։ Այն ամենահին ավաններից մեկն է, որը հայտնի է իր նավթահորերով։

Բալախանիի համար լավագույն ժամանակները չէին, այդ պատճառով էլ դրա վերակառուցման մասին լուրն իրարանցում առաջացրեց։ Առաջին լուսանկարներն այնքան լավն էին, որ Բալախանին սկսեցին «տեղական Հունաստան» անվանել։

Արդյո՞ք դա այդպես է իրականում, թե՞ իրականությունը լի է հիասթափություններով։

Տեղացիներն ասում են, որ ավանն ավելի կոկիկ և մաքուր է դարձել։

Նախկինում երեխաները քիչ էին դուրս գալիս բակ խաղալու, իսկ հիմա անընդհատ փողոց վազելու հետաքրքրություն է առաջացել։

Ճիշտ է, տեղի տնային տնտեսուհիները կատակում են, որ սալաքարերի պատճառով դժվար է դարձել գտնել կորած ամրակները։

Սալաքարերը խնդիրներ են ստեղծում նա հեծանվորդների համար, որոնք այստեղ շատ են։

«Եթե դանդաղ ես գնում, սարսափելի բան չկա, սակայն բարձր արագության դեպքում հեծանիվը սկսում է փչանալ», - խոստովանում է նրանցից մեկը։

Տիկին Գուլյան ապրում է Բալախանիի դեռևս չվերակառուցված մասում։

Նրա տունը կառուցվել է 1914 թ-ին, և նա ներկայիս վերակառուցմանը տագնապով է վերաբերվում։

«Այս տունը կառուցելուց ի վեր այնքան ժամանակ է անցել, սակայն ներկը կարծես նոր լինի։ Այն ժամանակ հատուկ տեխնոլոգիաներ են օգտագործվել։ Արդյո՞ք հիմա էլ այդպես կլինի։ Արդյո՞ք նրանց ներկը կարող է այսքան երկար մնալ»։

Վերակառուցումը միանգամից երեք կազմակերպություն է իրականացնում՝ Փոքր ու միջին բիզնեսի զարգացման գործակալությունը (KOBİA), Զբոսաշրջության պետական գործակալությունն ու Բաքվի բարեկարգման ծառայությունը։

Ճարտարապետ և դիզայներ Սաբինա Աբասովա․

“«Այն ինչ այժմ կատարվում է Բալախանիում, արտասահմանից եկած մարդկանց համար ակնահաճո մի բան անելու անփույթ փորձեր են։ Սակայն մենք պետք է հիշենք, որ գործ ունենք տեղի համայնքի, դրա կյանքի, ավանդույթների և սովորույթների հետ»։

Եթե զբոսաշրջիկների համար ատրակցիոն սարքելն է առաջնային, ուրեմն այդպես էլ լինելու է, որ զբոսաշրջային ընկերություններն ավտոբուսներով մարդկանց են բերելու ֆոտոսեսիա անելու։

Իսկ նրանք, ովքեր ինքնուրույն են ընտրում երթուղին, ովքեր տեղական մշակույթով են հետաքրքրվում, չեն ցանկանալու գալ և տեսնել հերթական շինծու միջավայրը։ Նրանք մեկնելու են դեռևս չփոփոխված ապշերոնյան գյուղեր և այնտեղ տեղական ինքնատիպություն են փնտրելու։ Որովհետև մարդիկ գալիս են Ադրբեջանը ճանաչելու, այլ ոչ թե թուրքական Ալաչաթըին նմանակող միջավայրում Բալախանիի քութաբ ուտելու, ասում է Սաբինան։

Իհարկե, յուրաքանչյուր ապրանք իր գնորդն ունի։ Սակայն եթե խոսում ենք վաղվա օրվա, մշակույթի պահպանման մասին, եթե վերակառուցում ենք երկարաժամկետ և մարդկանց համար, պետք է վերաիմաստավորենք մոտեցումը։ Եվ մյուս գյուղերն արդեն պետք է այլ առաջնահերթություններով անել, գրագետ ձևով։

Ապշերոնը ժուժկալ վայր է։ Իսկ այս դեպքում տեղական էսթետիկայի փոփոխություն է տեղի ունենում։ Օրինակ՝ սալաքարերը, թեկուզև հարմար չեն, բայց եղել են Ապշերոնում։ Եվ Ապշերոնի քարից շենքերի ճակատային մասերը՝ պատատուկով փաթաթված՝ նույնպես։

Սակայն շրջանակներով ծաղկամաններն, իտալական պատուհանափեղկերն ու կղմինդրե տանիքներն ավելի բնորոշ են Ադրբեջանի այնպիսի շրջանների, ինչպիսիք են Շեքին կամ աքաթալին։ Իսկ այստեղ դա տեխնիկայի անհարկի օգտագործում է։

Created By
JAMnews, Баку
Appreciate

Credits:

JAMnews