1991թ-ի դեկտեմբերի 22-ին Թբլիսիի փողոցներում 15 օր տևած զինված դիմակայություն սկսվեց, որն ավարտվեց Վրաստանի՝ օրինական ճանապարհով ընտրված առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի և նրա կառավարության տապալմամբ:
Այդ 15 օրերը Վրաստանի պատմության մեջ են մտել «Թբիլիսյան պատերազմ» անվանումով:
29 տարվա վաղեմության իրադարձություններն ու դրանց ուղեկցող հանգամանքները զգալիորեն նախանշել են երկրի հետագա ճակատագիրը: Այդ քաղաքացիական պատերազմում զոհվեց 113 մարդ, հրդեհվեց և ավերվեց Թբիլիսիի կենտրոնը: Իսկ երկիրը թևակոխեց տնտեսական ռեցեսիայի, էներգետիկ ճգնաժամի և համընդհանուր քաոսի փուլ:
Զվիադ Գամսախուրդիայի կառավարությունն ու ընդդիմությունը կես տարի գնում էին զինված կոնֆլիկտի: Իրավիճակը սրվեց հատկապես այն բանից հետո, երբ հրաժարական տվեց վարչապետ Թենգիզ Սիգուան: Դեկտեմբերի 20-ին նախագահ Գամսախուրդիան լուծարեց Ազգային գվարդիայի հրամանատարի պաշտոնը: Այն ժամանակ այդ պաշտոնը զբաղեցնում էր Թենգիզ Քիթովանին:
Լուսանկարը՝ Ջեմալ Կասրաձեի
Քիթովանին չենթարկվեց այդ որոշմանը և գվարդիայի մեծ հատվածի՝ մոտ 15 հազար մարտիկների հետ, սկզբում հեռացավ դեպի Ռկոնի կիրճ, ավելի ուշ տեղափոխվեց Թբիլիսյան ծովի զբոսաշրջային բազա:
«Քանի դեռ ողջ եմ, պայքարելու եմ մինչև վերջ և ցույց եմ տալու, թե ինչն ինչոց է», - Քիթովանիի այս խոսքերը պատմական են դարձել:
Լուսանկարը՝ Շահ Այվազովի
Ընդդիմությունն իշխանություններին մեղադրում էր խոսքի ազատության սահմանափակման, այլախոհության հետապնդման, ոչ ժողովրդավարական կառավարման և Արտակարգ դրության պետական կոմիտեին հավատարիմ լինելու համար:
Ընդդիմադիր դիրքորոշում ունեցող մտավորականները հեռուստատեսության շենքի մոտ բողոքի մշտական ակցիաներ էին անցկացնում: Նրանց միացան ուսանողական շարժումները: Դիմակայության մեջ ներքաշվեցին հասարակության գրեթե բոլոր շերտերը: Զվիադ Գամսախուրդիան, իր հերթին, հանրային ելույթներում իր ընդդիմադիրներին «ռուսական գործակալներ» և «դավաճաններ» էր անվանում:
Լուսանկարը՝ Բողոքի ակցիա Գամսախուրդիայի կառավարության դեմ Ազգային-դեմոկրատական կուսակցության գրասենյակի շենքի մոտ
Ամենաողբերգական և միաժամանակ ամենավճռորոշ պահը դեկտեմբերի 22-ի առավոտյան ժամը 8-ն էր: Հենց այդ ժամանակ Ռուսթավելիի պողոտայում հանկարծակի կրակոցներ սկսվեցին: Քիթովանին Թբիլիսիի կենտրոնում մի քանի ռազմավարական նշանակության շենք գրավեց: Այդպես սկսվեց Թբիլիսյան պատերազմը:
«Պարո՛ն Գամսախուրդիա, Ձեզ վերջին հնարավորությունն է տրվել սպիտակ դրոշ բարձրացնելու և հանձնվելու, եթե ցանկանում եք Ձեր կյանքը պահպանել», - այս խոսքերը նախկին վարչապետ Թենգիզ Սիգուան ասել է նախագահ Գամսախուրդիայի հետ դեկտեմբերի 22-ին ունեցած հեռախոսազրույցի ժամանակ: Այդ ժամանակ արդեն Գամսախուրդիան իր կողմնակիցների հետ թաքնվում էր Գերագույն խորհրդի շենքի բունկերում:
Լուսանկարը՝ Շահ Այվազովի
Դիմակայության մեջ վճռորոշ գործոն դարձավ բանտից քրեական հեղինակություն Ջաբա Իոսելիանիի դուրս գալն ու ապստամբներին նրա ավելի քան 1000 մարտիկ ունեցող «Մխեդրիոնի» զինված կազմավորման միանալը: Քիթովանին ազատեց Ջաբա Իոսելիանիին դեկտեմբերի 26-ին: Այդ պահը բեկումնային էր: Ջաբա Իոսելիանին Թենգիզ Սիգուայի և Թենգիզ Քիթովանիի հետ միասին դարձավ պուտչի գլխավոր գործող անձը:
Թբիլիսիի կենտրոնում լայնամասշտաբ ռազմական գործողություններ են տեղի ունեցել ծանր տեխնիկայի և հրետանու մասնակցությամբ։
Գերագույն խորհրդի նախկին անդամ Իրակլի Մելաշվիլին այն օրերի իրադարձությունները Ռուսաստանի կազմակերպած սադրանք է անվանում, թեև կատարվածի համար պատասխանատվությունը դնում է Գամսախուրդիայի վրա. «Չի կարելի տրվել սադրանքների: Իշխանությունը պետք է ճկունություն և խելամտություն ցուցաբերի, նման սխալներ թույլ չտա»:
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ԵԼԵՖՏԵՐ ԼԱՊԱՉԻԻ
Իրակլի Ծերեթելին «Անկախ Վրաստան» կուսակցության նախկին առաջնորդն է: 1991թ-ին նա ընդդիմության շարքերում էր, սակայն զինված ապստամբությանը չսատարեց. «Գամսախուրդիայի պարտությունը կանխորոշեցին նրա սեփական սխալ որոշումներն ու Ռուսաստանի միջամտությունն այդ իրադարձություններին: Զվիադի առաջին սխալն այն էր, որ նա սաղմնային փուլում չկասեցրեց քաղաքական գործընթացներին զինված ուժերի միջամտությունը:
Եվ Քիթովանին, և բոլոր նրանք, ովքեր զենք էին վերցրել իշխանության տապալման համար, պետք է չեզոքացվեին ամենասկզբում: Այդպես կվարվեին ցանկացած ուժեղ և ինքնասեր պետությունում, և դրանում ոչ ժողովրդական բան չկա»:
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ԵԼԵՖՏԵՐ ԼԱՊԱՉԻԻ
Ակակի Ասատիանի՝ Գերագույն խորհրդի նախկին նախագահ. «Հեղաշրջումն ուղղակիորեն Ելցինից էր բխում, իսկ այդ գործը ղեկավարելու էր նշանակվել նրա նախկին ֆավորիտ Գենադի Բուրբուլիսը: Նա էր համակարգում այդ ողջ գործընթացը: Ավելի ուշ մոտավորապես նույն բանը տեղի ունեցավ Տաջիկստանում և Ադրբեջանում»:
ԹԲԻԼԻՍԻԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՇԵՆՔԻ ԺԱՄԱՑՈՒՅՑԸ: ՊԱՏԵՐԱԶՄԸ ՉԷՐ ԽՆԱՅԵԼ ՆԱԵՎ ԱՅՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ԵԼԵՖՏԵՐ ԼԱՊԱՉԻԻ
Վրաստանի խորհրդարանի բունկերում պաշարվածների վիճակն օր օրի վատթարանում էր: Նրանք մարտիկների էին կորցնում, անջատում էին բոլոր կապի միջոցները, ինչն ապատեղեկատվություն և սխալ սպասումներ էր առաջացնում:
Զվիադ Ձիձիգուրի՝ Զվիադ Գամսախուրդիայի համախոհ. «Ես մի քանի անգամ Զվիադին ասել եմ, որ այն, թե իրեն օգնության են գալիս 10, 5 կամ 3-հազարանոց ջոկատներ, սուտ է: Դրանք հատուկ շրջանառության մեջ դրված ասեկոսեներ էին, որպեսզի մեզ մոտ ինչ-որ պատրանքներ առաջանան»:
Դեկտեմբերի 22-ին սկսված զինված դիմակայությունն ավարտվեց հունվարի 6-ին, երբ Զվիադ Գամսախուրդիան և նրա ընտանիքը լքեցին բունկերն ու հատեցին ադրբեջանական սահմանը: Ավելի ուշ նախկին նախագահը Հայաստան տեղափոխվեց, իսկ հետո՝ Չեչնիա: Գամսախուրդիային նախագահ ընտրելուց ընդամենը 10 ամիս էր անցել:
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ԵԼԵՖՏԵՐ ԼԱՊԱՉԻԻ
Պատմաբան Դավիթ Ջիշկարիանի. «Այն պատերազմում հաղթողներ չկային, պարտվեց Վրաստանը: Պարտվեց ինքնիշխան վրացական պետության գաղափարը»: Նրա խոսքով՝ 15-օրյա պատերազմի արձագանքը երկիրն ուղեկցում էր 1990-ականների ողջ ընթացքում, դրա հետևանքներն անընդհատ զգացնել էին տալիս.
«Աբխազիա զորք մտցնելը զգալիորեն թելադրված էր այն հանգամանքով, որ Զվիադ Գամսախուրդիայի կողմնակիցները թաքնվում էին Սամեգրելոյում և Աբխազիայում: Առաջին դեկրետում, որը հրապարակվել էր Աբխազիա զինված ուժեր մտցնելու առթիվ, ասվում էր, որ դա արվում է զվիադականների ջոկատների դեմ պայքարելու, այլ ոչ թե երկաթուղու պաշտպանության համար»:
2005թ-ի մարտին Վրաստանի խորհրդարանը հատուկ վճիռ կայացրեց, որում 1991թ-ի դեկտեմբերի 22-ին սկսված հեղաշրջումը «հակասահմանադրական» անվանեց: Սակայն գործընթացին, դրա մասնակիցներին իրավական գնահատական չի տրվել, և ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել:
*** Նյութում օգտագործված լուսանկարները պահվում են Վրաստանի Ազգային գրադարանի արխիվում
Credits:
Նյութում օգտագործվել են Գիորգի Ցագարելիի, Շախ Այվազովի, Ջեմալ Կասրաձեի և Էլեֆտեր Լապաչիի լուսանկարները՝ այդ թվում և Վրաստանի ազգային արխիվում պահվող նմուշները