Խանդոյում արդեն մեկ տարի է գործում է Smart school կրթական կենտրոնը, որը հիմնել են գյուղի երիտասարդները՝ սեփական նախաձեռնությամբ։ Smart school են հաճախում 30-ից ավելի երեխաներ։ Կենտրոնում նրանք սովորում են ազգագրական պարեր և ռուսերեն լեզու։ Գյուղի համար նման կենտրոնը առօրյայից դուրս կրթական անկյուն է, որը թե՛ ուսում, թե՛ ժամանցի արդյունավետությունն է ապահովում։ Կենտրոն հաճախող երեխաների ծնողները ուրախ են, որ նման կրթարան կա։
Մագա Հակոբյանը կրթական կենտրոն ստեղծելու նախաձեռնության հեղինակն է։ Ծնվել և մեծացել է Խանդո գյուղում: Մինչ օրս գյուղի 12 երիտասարդների հետ անդամակցում է Երիտասարդ առաջնորդների դաշինք միջազգային կազմակերպությանը։ Որպես ԵԱԴ անդամներ նրանք գյուղում կամավոր սկզբունքներով հաճախակի կազմակերպում են շաբաթօրյակներ և տարաբնույթ միջոցառումներ։ Նման ակտիվությունը Մագային դրդել է համախոհ ընկերների հետ իրականացնել Smart school-ի գաղափարը։
«Եթե հարցնեք՝ ի՞նչ դժվարությունների եմ հանդիպել, առնվազն 10-ը առանց մտածելու կարող եմ թվարկել, սակայն, երբ կա նպատակ կգտնվի նաև դժվարությունները հաղթահարելու ուժ։ Երբ նոր էինք հիմնում կրթական կենտրոնը գյուղացիներն էլ չէին հավատում։ Հաճախ ենք հաշվետու միջոցառումներ կազմակերպում, որպեսզի երեխաները իրենց սովորածը ներկայացնեն ծնողներին և գյուղացիներին։ Երբ մարդիկ տեսնում են, որ իրականում աշխատում ես, սկսում են վստահել»,- ասում է Մագա Հակոբյանը։
Smart school-ը իր գործունեությունը ծավալում է գյուղի մշակույթի տան տարածքում։ Այս երիտասարդական նախաձեռնությունը չի ստանում պետական աջակցություն: Նրանք ուրախ են, որ իրենց հատկացրել են տարածք, որտեղ աշխատում են։ Գյուղի մշակույթի տան դռները այս երիտասրադներն են բացում և փակում, կամաց-կամաց բարեկարգում են այն տարածքը, որտեղ աշխատում են։ Ձմռանը էլեկտրաէներգիայով են ջերմությունն ապահովում և դրա դիմաց իրենք են վճարում: Դասընթացների համար աշակերտները վճարում են, այդ գումարներից նրանց ուսուցիչների աշխատավարձերն ու ընթացիկ ծախսերն են դուրս բերվում։ Երիտասարդներն ասում, են որ արդեն գյուղում ոչ թե փնովում են նրանց աշխատանքը, այլ խրախուսում, որ հանրօգուտ գործ են անում։
Մանվել Սահարյանը 19-ը տարեկան է։ Smart School-ում ազգագրական և ժողովրդական պարի դասեր է տալիս։ Երիտասարդ պարուսույցը ձգտում է դերասանական կրթություն ստանալ և մտածում է, որ դերասանի մասնագիտությունը իրեն չի ստիպի հրաժարվել պարից, այլ հակառակը: Նա պատրաստվում է պարը ևս խորապես ուսումնասիրել, ի վերջո թե՛ դերասանական արվեստը, թե՛ պարարվեստը ձգտում են դեպի բեմը։ Մանվելը պատմում է, որ առաջին իսկ դասերից սկսել է սիրել պարուսույցի գործը, ճիշտ է դժվար է եղել 3 տարեկան երեխային պար սովորեցնել, սակայն ժամանակի ընթացքում կարողացել է հաղթահարել շատ խոչընդոտներ։
Արևիկ Աբաջյանը ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը, Smart school-ում ռուսերեն լեզվի դասեր է պարապում։ Ասում է, որ երեխաների մոտ ռուսերենի իմացության մակարդակը սկզբնական շրջանում զրոյական է եղել։ Նա դասերն անցկացնելու սեփական մեթոդներն ունի, որպեսզի երեխաներին հետաքրքիր լինի, տարբեր խաղեր է կազմակերպում։ Միջոցառումներ ևս հաճախ են ունենում։ Արևիկը ցանկանում է, որ խմբում երեխաների քանակը ավելանա։
Երիտասարդները ցանկանում են ընդլայնել իրենց գործունեության շրջանակները։ Այսօր ընտրել են այն առարկաները, որոնց պահանջարկը գյուղում կա։ Գյուղացիների ցանկության դեպքում կենտրոնում այլ խմբեր ևս կարող է բացվել։