View Static Version
Loading

Վրաստան- 2019 տարվա 11 գլխավոր իրադարձությունները

2020 թվականը Վրաստանում խորհրդարանական ընտրությունների տարի է։ Հոկտեմբերին ժողովուրդն իշխանություն կընտրի, որը երկիրը կկառավարի հաջորդ չորս տարվա ընթացքում։ Այս ընտրություններին երկիրը սկսել է նախապատրաստվել անցյալ տարի։ 2019 թվականը Վրաստանում մեծ փոփոխությունների և քաղաքական ճգնաժամի տարի էր։

Ի՞նչ քաղաքական կամ հաասրակական իրադարձություններ ենք մենք հիշելու, և ինչպե՞ս է 2019 թվականը մնալու պատմության մեջ 11 գլխավոր իրադարձություններ, որոնք առանձնահատուկ հետք են թողել երկրի կյանքում

1.

Կենսաթոշակային նոր համակարգն ուժի մեջ մտավ

2019 թ-ի հունվարի 1-ին Վրաստանում ուժի մեջ է մտել կուտակային կենսաթոշակային համակարգը։

Յուրաքանչյուր ամիս յուրաքանչյուր քաղաքացու աշխատավարձից գումար է գանձվում, որը պահպանվելու է կենսաթոշակային հիմնադրամում։ Կենսաթոշակային տարիքին հասնելուն պես այն վճարվելու է քաղաքացուն որպես կենսաթոշակ։

Կառավարությունը կենսաթոշակային բարեփոխման անհրաժեշտությունը երկու փաստարկով է բացատրում․ թոշակառուն ստանալու է ավելի արժանապատիվ կենսաթոշակ և ապահովված ծերություն է ունենալու; պետական բյուջեի ծանրաբեռնվածությունն էլ կթեթևանա։

Բարեփոխումը շատերը քննադատում են։ Բարեփոխման հակառակարդների գլխավոր փաստարկն այն է, որ կուտակվող գումարները ռիսկերից ապահովագրված չեն։

Լուսանկարը՝ JAMnews

2.

Պայթյուններ շենքերում գազի արտահոսքի պատճառով

2019 թ-ի հունվարի 16-ին երեկոյան ժամը իննին Թբիլիսիի ծայրամասում գտնվող Դիդի Դիղոմի թաղամասի բազմաբնակարան շենքում գազի պայթյունի հետևանքով չորս մարդ է զոհվել, այդ թվում՝ չորս տարեկան երեխա։ Ութ վիրավորների թվում հիմնականում անչափահասներ էին։ Հունվարի 17-ը Վրաստանում սգո օր էր հայտարարվել։

Հոկտեմբերի 19-ին պայթյուն էր տեղի ունեցել Գուրամիշվիլիի պողոտայում՝ նույնպես բազմաբնակարան շենքում։ Մեկ մարդ էր զոհվել։

Հոկտեմբերին Թբիլիսիի կենտրոնում գազի ևս մեկ պայթյուն էր տեղի ունեցել։

2019 թ-ին մի քանի մարդ էր զոհվել գազի արտահոսքի հետևանքով։

2016-2019 թթ-ին 101 մարդ է զոհվել Թբիլիսիում բնական գազի արտահոսքի պատճառով՝ պայթյունների և թունավորման հետևանքով։

Լուսանկարը՝ Առաջին ալիք, Ազատություն ռադիոկայան

3.

Կոնֆլիկտ Պանկիսիի կիրճում

Ապրիլի 21-ին Պանկիսիի կիրճում բախում էր տեղի ունեցել տեղի բնակիչների և ոստիկանության միջև հիդրաէլեկտրակայանի շինարարության պատճառով։

Տեղացիները թույլ չէին տվել շինտեխնիկային տարածք մտնել։ Ի պատասխան ոստիկանությունը հատուկջոկատայիններ էր մտցրել կիրճ, որոնք տեղի բնակչության դեմ արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ էին կիրառել։

Տեղացիներն իրավապահ մարմինների աշխատակիցների ուղղությամբ քարեր էին նետել, ոստիկանական մեքենա էին կոտրել և այրել։

Տուժել էր 55 մարդ՝ 17 տեղացի և 38 ոստիկան։ ՀԷԿ շինարարական ընկերությանը պատկանող տեխնիկան վնասվել էր։

5,4 ՄՎտ հզորությամբ Խադորի-3 հիդրաէլեկտրակայանը պլանավորվում է կառուցել Ախմետա մունիցիպալիտետում՝ Ալազանի գետի վրա։ Նախագծի համաձայն՝ էլեկտրակայանի տարեկան արտադրանքը կկազմի 27,5 մլն ԿՎտ/ժ էլեկտրաէներգիա։

Նախագծի համաձայն՝ նոր ՀԷԿ-ը պետք է կառուցվի Բիրկիանի գյուղի մոտ։ 4,5 կմ երկայնքով Ալազանի գետի ջրի 90 տոկոսը պետք է անցնի կայանի խողովակաշարով։

Պանկիսիի բնակիչները մտավախություն ունեն, որ էլեկտրակայանի շինարարությունը կազդի խմելու ջրի որակի վրա, նաև շրջակա միջավայրի և արոտավայրերի վրա, որոնք իրենց համար շատ կարևոր են․ բնակչության մեծ մասն ապրում է անասնապահությամբ։

Պատմությունը շարունակություն էր ստացել․ նոյեմբերի 27-ին մեկ մարդ էր զոհվել, մի քանիսը վիրավորվել էին Պանկիսիում արյունալի բախման հետևանքով։

Տեղացիների միջև կոնֆլիկտի պատճառը ՀԷԿ-ի հարցն էր։ Հեռուստահարցազրույցների ժամանակ տեղացիները պատմել են, որ կառավարությունը փորձում է իր կողմը գրավել բնակիչների մի մասին և մարդկանց համոզել համաձայնել շինարարությանն, ինչն էլ տեղի բնակիչների միջև բախումների էր հանգեցրել։

Լուսանկարը՝ REUTERS / Եկատերինա Անչևսկայա

4.

«Գավրիլովի գիշեր», ցույցի ցրում և բողոքի ամառային ակցիաներ

2019 թ-ի հունիսի 20-ն, անկասկած, ամենակարևոր օրն էր Վրաստանի 2019 թ-ի քաղաքական օրացույցում։

Իշխանությունների դեմ ցույցերը սկսվել էին հունիսի 20-ին և տարբեր ձևերով շարունակվում են մինչև հիմա։

Հունիսի 20-ին հազարավոր մարդիկ էին դուրս եկել ցույցի Թբիլիսիում Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ներկայության դեմ, որը ժամանել էր Ուղղափառության միջազգային վեհաժողովի նիստին մասնակցելու։

Վրաստանի քաղաքացիները վրդովված էին, որ խորհրդարանի շենքում նիստը բացել էր ռուս պատգամավորը։ Գավրիլովը զբաղեցրել էր Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռը և ներկաներին դիմել ռուսերենով։

Վրաստանի քաղաքացիները վրդովված էին, որ խորհրդարանի շենքում նիստը բացել էր ռուս պատգամավորը։ Գավրիլովը զբաղեցրել էր Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռը և ներկաներին դիմել ռուսերենով։

Հազարավոր մարդիկ էին խորհրդարանի շենքի մոտ հավաքվել՝ իշխանություններին ուղղված մեկ հարցով․ «Ի՞նչ էր անում օկուպանտ երկրի պատգամավորը Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին»։

Հունիսի 21-ի գիշերը հատուկջոկատայինները ցրել էին ակցիան՝ կիրառելով արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ։ Ավելի քան 200 մարդ էր վիրավորվել, նրանցից երկուսի աչքն էր վնասվել։ Ցույցը ցրեցին այն բանից հետո, երբ ընդդիմության առաջնորդներից մեկը կոչ արեց ցուցարարներին մուտք գործել խորհրդարանի շենք։

Հունիսի 24-ին Բիձինա Իվանիշվիլին՝ երկրի ոչ ֆորմալ ղեկավարն ու «Վրացական երազանք» իշխող կուսակցության նախագահը, խոստացավ ցուցարարներին, որ 2020 թ-ին խորհրդարանական ընտրություններն կանցկացվեն համամասնական համակարգով։

Հինգ ամիս անց իշխանություններն աննախադեպ քայլի գնացին՝ դրժելով խոստումը։ Ինչը ցույցերի նոր ալիք առաջացրեց։

Ցուցարարների ևս մեկ գլխավոր պահանջը ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականն էր, որն այդպես էլ չբավարարվեց։ Դրա փոխարեն Գախարիան ավելի բարձր պաշտոն ստացավ՝ վարչապետ նշանակվեց։

Ողջ ամառվա ընթացքում խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիաներ էին ընթանում, որոնք կազմակերպում էր «Ամոթ» հասարակական կազմակերպությունը։ Ցույցերի խորհրդանիշն էր դարձել մի ձեռքով ծածկած աչքը՝ ի համերաշխություն նրանց, ում ցույցի ժամանակ վնասել էին ռետինե փամփուշտներով։

Լուսանկարը՝ REUTERS / Իրակլի Գեդենիձե

5.

Ստրասբուրգի դատարանի որոշումը «Ռուսթավի-2»-ի գործով և երկու նոր ընդդիմադիր հեռուստաալիք

2019 թ-ի հուլիսի 18-ին Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ էր կայացրել «Ռուսթավի-2» ընդդիմադիր հեռուստաընկերության գործով։ Եվրոպական դատարանը խախտում չէր տեսել հեռուստաընկերության սեփականության իրավունքի շուրջ դատական գործընթացում։ Դա ինքնաբերաբար նշանակում էր, որ այն փոխանցվում է իշխանամետ գործարար Քիբար Խալվաշիին։

Այսպիսով, «Ռուսթավի-2»-ի գործով գրեթե քառամյա դատավարությունը, որի հետևում իշխանությունն էր կանգնած, ավարտվել էր վերջինիս հաղթանակով։

Նոր սեփականատերն աշխատանքից ազատել էր ալիքի գլխավոր տնօրեն Նիկա Գվամարիային, առաջատար լրագրողներին և պրոդյուսերներին։ Այդ նույն օրը գլխավոր լրատվական թողարկման թիմն ու մյուս աշխատակիցները լքել էին ալիքն՝ ի նշան բողոքի։

Ստրասբուրգի դատարանի վճռի շնորհիվ՝ Վրաստանում նոր լրատվամիջոցներ հայտնվեցին։

Այդ գործընթացից մեկուկես ամիս անց հեռարձակումը սկսեց «Մտավարի» հեռուստաալիքը, որը ստեղծվեց Նիկա Գվամարիայի կողմից։

Հոկտեմբերին էլ մեկնարկեց «Ֆորմուլա» հեռուստաընկերության հեռարձակումը, որը «Ֆորմուլա կրեատիվ» ստեղծագործական ստուդիայի և Սաակաշվիլիի ժամանակների պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլիի համատեղ նախագիծն է։

Այս երկու հեռուստաալիքներ տեղափոխվեց լրագրողների թիմը, որը լքել էր «Ռուսթավի-2»-ը։

Արդյունքում, 2019 թ-ի Վրաստանում երկու նոր ընդդիմադիր ալիք հայտնվեց։

Արդյունքում, 2019 թ-ի Վրաստանում երկու նոր ընդդիմադիր ալիք հայտնվեց։

6.

Հակամարտության գոտում իրավիճակի սրացում․Չորչանո-Ցնելիսյան ճգնաժամ-

Օգոստոսի վերջին վրացական իշխանությունները ոստիկանական հսկիչ կետ բացեցին Խաշուրի շրջանի Չորչանա և Ցնելիսի գյուղերի մոտ, որոնք վերահսկում է օսական կողմը։

Դրան կտրուկ արձագանքեցին Հարավային Օսիայի դե ֆակտո իշխանությունները։ Ցխինվալը պահանջեց հանել կետը, ինչին վրացական կողմը համաձայն չէր։

Դրանից հետո օսական կողմը փակեց սահմանի հսկիչ անցակետը, որից օգտվում էին Հարավային Օսիայի Ախալգորիի շրջանի բնակիչները։ Այդպիսով նրանք զրկվեցին Թբիլիսիի վերահսկման տակ գտնվող տարածք մեկնելու հնարավորությունից։

Դրանից հետո օսական կողմը փակեց սահմանի հսկիչ անցակետը, որից օգտվում էին Հարավային Օսիայի Ախալգորիի շրջանի բնակիչները։ Այդպիսով նրանք զրկվեցին Թբիլիսիի վերահսկման տակ գտնվող տարածք մեկնելու հնարավորությունից։

Դա լուրջ հարված էր Ախալգորիի բնակչության համար, որի ճնշող մեծամասնությունն էթնիկ վրացիներ են։

Ախալգորիի բնակիչներին չի թույլատրվում տարածաշրջանը լքել և բուժվելու նպատակով։ Բնակչությունը փաստացի ապրում է մեկուսացման մեջ, չի կարող բուժում ստանալ անգամ անհապաղ վիրահատության անհրաժեշտության դեպքում։ Թոշակառուները չեն կարող մեկնել և թոշակ ստանալ։ Ուսանողներն ու դպրոցականները, որոնք օգոստոսին արձակուրդում էին, Ախալագորիում փակված էին մնացել։ Մարդիկ չեն կարող իրենց հարազատների թաղմանը մեկնել։

7.

Եկեղեցական սկանդալ․ պատրիարքին մեղադրեցին մանկապղծության մեջ

2019 թ-ին Վրաստանի ամենաազդեցիկ և փակ ինստիտուտն՝ Ուղղափառ եկեղեցին, դարձել էր բուռն և սկանդալային իրադարձությունների էպիկենտրոն։

Եթե մինչ այդ եկեղեցուն, պատրիարքարանին և առանձին հոգևորականներին քննադատելն արգելված թեմա էր Վրաստանում, ապա այս անգամ իրավիճակը փոխվեց, և քննադատության տաբուն չեղարկեցին հենց հոգևորականները։

Այս տարի եկեղեցում աննախադեպ իրավիճակ էր․ եկեղեցու սպասավորները համընդհանուր դատի դուրս բերեցին ներքին կոնֆլիկտներն ու բացահայտ պատերազմ հայտարարեցին միմյանց։

Ազդեցիկ հոգևորական հայր Պետրեն մեղադրեց եկեղեցու ղեկավար, պատրիարք Իլյա Երկրորդին «արվամոլության մեղքի» մեջ։

Այդ հայտարարությունից հետո մի քանի այլ հոգևորականներ բացահայտ սկսեցին խոսել վրացական եկեղեցում մանկապղծության, ամենաթողության և կոռուպցիայի մասին։

Մեկ այլ հոգևորական, Սինոդի անդամ, արքեպիսկոպոս Յակովն ասեց, որ բարձրաստիճան կառավարական պաշտոնյաները՝ ներառյալ ներկայիս վարչապետ Գիորգի Գախարիան, փորձել են պաշտոնանկ անել պատրիարք Իլյա II-ին։ Դրա համար գաղտնի պլան էր նախապատրաստվում Բիձինա Իվանիշվիլիի անձնական հանձնարարությամբ։

Փորձագետները կարծում են, որ եկեղեցում կատարվող գործընթացները կապված են պատրիարքի աթոռի համար պայքարի հետ։

86-ամյա պատրիարք Իլյա II-ը հազվադեպ է հայտնվում հանրային վայրերում առողջական վիճակի պատճառով։ Այն բանից, թե ով է զբաղեցնելու պատրիարք Իլյայի մահից հետո նրա աթոռը, կախված է ոչ միայն եկեղեցու ճակատագիրն, այլ որոշ չափով նաև երկրի ներքին և արտաքին քաղաքականության ուղղվածությունը։

Լուսանկարը ՝ REUTERS / Դավիթ Մձցարիիշվիլի

8.

Ընտրական բարեփոխման ձախողումը խորհրդարանում և ցույցերի երկրորդ ալիքը

Նոյեմբերի 14-ին իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ձախողեց խորհրդարանում իր իսկ ձեռնարկած ընտրական բարեփոխումը, որի համաձայն երկիրը պետք է ամբողջությամբ անցներ համամասնական՝ կուսակցական ցուցակներով ընտրակարգի։

(Այժմ 150 պատգամավորների կեսն ընտրվում է համամասնական, մյուս կեսը՝ մեծամասնական համակարգով, միամանդատ ընտրատարածքներում)։

Դա ցուցարարների հիմնական պահանջն էր 2019 թ-ի ամռանը ցույցերի առաջին ալիքի ժամանակ։ Այն ժամանակ «Վրացական երազանքի» առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին անձամբ խոստացավ ցուցարարներին, որ մեծամասնական ընտրակարգը, որն իշխող կուսակցությանը զգալի առավելություն է տալիս ընտրություններում, կչեղարկվի։

Սակայն հինգ ամիս անց նա դրժեց իր խոստումը․ Իվանիշվիլիին հավատարիմ ակտիվիստները բարեփոխմանը դեմ քվեարկեցին։

Քաղակտիվիստներն Իվանիշվիլիին մեղադրեցին ստի և ընտրությունները գողանալու մեջ և փողոց դուրս եկան նոյեմբերի 14-ին։

Նրանց միացավ վրացական ողջ ընդդիմությունը, միավորվելով համամասնական ընտրությունների պահանջի շուրջ։

Խորհրդարանի շենքի մոտ վերսկսվեցին բողոքի ցույցերը, վրաններ խփվեցին։ Նոյեմբերի 18-ին ոստիկանական հատուկջոկատայինները կրկին ցրեցին ցուցարարներին ջրցանի օգնությամբ։

Սակայն Թբիլիսիում և Վրաստանի մյուս քաղաքներում հուզումները չդադարեցին։

Ցուցարարների հիմնական պահանջն ընտրական համակարգի փոփոխությունն էր։ Սակայն իշխանությունները չեն պատրաստվում փոխզիջման գնալ։ Մի շարք պատգամավորներ, այդ թվում՝ խորհրդարանի առաջին փոխխոսնակ Թամար Չուգոշվիլին, լքեցին խորհրդարանական մեծամասնությունն՝ ի նշան բողոքի բարեփոխման ձախողման դեմ։ Մեկ տարվա ընթացքում մեծամասնության շարքերը լքեց շուրջ երկու տասնյակ պատգամավոր։

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները պետք է կայանան 2020 թ-ի հոկտեմբերին։

Լուսանկարը ՝ Դեվիդ Պիպիա, JAMnews

9.

«Իսկ հետո մենք պարեցինք»․ ԼԳԲՏ ֆիլմի ցուցադրությունը ձախողելու փորձ

ԼԳԲՏ-հարաբերությունների թեմայով վրացական առաջին ֆիլմի եռօրյա ցուցադրությունը Թբիլիսիի և Բաթումի կինոթատրոններում աղմկահարույց ցույցեր էր առաջացրել։

Ուլտրաաջ ազգայնականներն, ինչպես նաև եկեղեցու որոշ ներկայացուցիչներ և նրանց կողմնակիցները փորձում էին արգելափակել կինոթատրոնների մուտքերը։ Կինոթատրոնները պահպանվում էին ոստիկանական շարասյունով երեք օր շարունակ։ Կինոցուցադրության եկած քաղաքացիներին մանրազնին խուզարկում էին, իսկ ոմանք տոմսերով անգամ չէին կարողանում ներս մտնել։

Ուլտրաազգայնականները կարծում են, որ տղամարդկանց միջև սերն անընդունելի է վրացական հասարակության համար։

Ֆիլմը նկարահանել է վրացական ծագում ունեցող շվեդ ռեժիսոր Լևան Ակինը։ Այն պատմում է վրացական ավանդական պարերի երկու պարողների սիրո պատմության մասին։

Ակցիայի ժամանակ Թբիլիսիի «Ամիրանի» կինոթատրոնի մոտ ուլտրաազգայնականները բութ առարկայով այնպես էին հարվածել մի աղջկա, որ նրան պետք է եղել բուժօգնություն ցուցաբերել։

Այնուամենայնիվ, ֆիլմի ցուցադրությունը ձախողել չհաջողվեց։

Չնայած սպառնալիքներին՝ ներքին գործերի նախարարության շենքի մոտ հունիսի 9-ին կայացավ նաև առաջին ԼԳԲՏ փրայդը Վրաստանում։ Ակցիան մոտ մեկ ժամ տևեց, դրան մասնակցեց մի քանի տասնյակ մարդ։

Այն կոչվում էր «Արժանապատվության երթ»։

Լուսանկարը ՝ Դեվիդ Պիպիա, JAMnews

10.

Բժիշկ Վաժա Գապրինդաշվիլիի կալանքն ու ազատ արձակումը

Վաժա Գապրինդաշվիլին՝ Վրաստանի օրթոպեդների ասոցացիայի նախագահը, կալանավորվել էր հակամարտության գոտում՝ Ախալգորիի մերձակայքում, նոյեմբերի 9-ին։ Հարավային Օսիայի դե ֆակտո իշխանությունները պնդում էին, որ նա խախտել է այսպես կոչված պետական սահմանը։ Նոյեմբերի 15-ին նա դատապարտվել էր երկամսյա նախնական կալանքի։

Գապրինդաշվիլին իրեն մեղավոր չէր ճանաչել և Ցխինվալի բանտում գտնվելիս հայտարարել էր, որ պետական սահման չի խախտել, Հարավային Օսիան Վրաստանի տարածք է։

Ցխինվալը Գապրինդաշվիլիի այդ քայլը սադրանք էր անվանել և լավ պլանավորված գործողություն։

Նոյեմբերի 9-ից հետո բժիշկը Ցխինվալի մեկուսարանում էր։ Դեկտեմբերի 20-ին Ցխինվալի դատարանը նրան դատապարտել էր մեկ տարվա և ինն ամսվա ազատազրկման։

Բժշկի ազատ արձակման գործին ակտիվորեն ներգրավված էր միջազգային հանրությունը վրացական իշխանությունների հետ միասին։

Թբիլիսիում ի աջակցություն Գապրինդաշվիլիի բողոքի ցույց կայացավ, մասնակիցները պահանջում էին նրան անհապաղ ազատ արձակել։ Ակտիվիստների խոսքով՝ վրացական իշխանությունները դրա համար բավականաչափ ջանքեր չեն գործադրել։

Դեկտեմբերի 28-ին Գապրինդաշվիլիին անսպասելի ազատ արձակեցին։ Օսական իշխանամետ լրատվամիջոցների հաղորդմամբ, նրան ներում էր շնորհվել Հարավային Օսիայի դե ֆակտո նախագահ Անատոլի Բիբիլովի կողմից:

11.

Դեռահասի ինքնասպանությունը

2019 թ-ի վերջին երկիրը ցնցեց 15-ամյա Լուկա Սիրաձեի ողբերգական պատմությունը։

Դեկտեմբերի 11-ին պատանին նետվել էր բնակելի շենքի իններորդ հարկից։ Միջադեպից առաջ նա ձերբակալվել էր և ոստիկանությունում հարցաքննության էր ենթարկվել մի քանի ժամ շարունակ։ Դեռահասի փաստաբաններն ու ընտանիքի անդամներն ասում են, որ նա հոգեբանական ճնշման է ենթարկվել․ նրան վախեցրել և սպառնացել են։ Եվ հենց դրանից հետո է նա ինքնասպանության մասին որոշում կայացրել։

Տասներորդ դասարանցին ոստիկանությունում էր հայտնվել Թբիլիսիի դպրոցներից մեկի պատերին արած գրառումների պատճառով։

Լուկան դպրոց էր մտել գիշերն ու գրառումներ արել միջանցքներում և դասասենյակներում։

«Այս կյանքի մերը», - գրել էր նա պատերից մեկին։

Դեռահասի ինքնասպանությունից հետո կալանավորվել էր քննիչ Մարիաննա Չոլոյանը, որը հարցաքննել էր նրան։ Ինչպես հայտնի էր դարձել, քննիչը մինչ այդ էլ է դաժան վերաբերմունք դրսևորել ձերբակալվածների նկատմամբ, չնայած դրան, այս ողջ ընթացքում շարունակել է ոստիկանությունում աշխատել։

Լուկա Սիրաձեի մահվանից հետո քաղակտիվիստները ՆԳՆ շենքի մոտ ակցիա էին անցկացրել։ Նրանք արմատական փոփոխություններ էին պահանջել համակարգում։

* Իրադարձությունները ներկայացված են ժամանակագրական հերթականությամբ

Created By
JAMnews, თბილისი
Appreciate
NextPrevious