Loading

Ազատություն որոնելիս

Նա աշխարհն ընկալում և տեսնում է իր դիտակետից

Հակոբը նկարում է: Առաջին անգամ նկարիչ տեսնելով նա կորել է: «Մոսկվայում կենդանական այգի էինք գնացել, մոտավոր 12 տարեկան կլինեի: Մի երիտասարդ տղա նստած դիմապատկեր էր նկարում, ես այնքան շեղվեցի, տարվեցի տեսարանով, որ կես ժամ կանգնելուց հետո, շուրջս նայեցի ու հասկացա, որ կորել եմ»,- ծիծաղով հիշում է երիտասարդ 23-ամյա նկարիչը:

Հակոբի անբաժան ուղեկիցն ու հավատարիմ ընկերը մատիտն է: Նա իր աշխարհը հենց մատիտով է կերտում: Պապից ու հորից ժառանգած նկարչությունը Հակոբ Կարապետյանի կենսակերպն է: Ինչպես ինքն է ասում՝ երբեք ոչ մեկին չի նմանվում, չի էլ ձգտում նմանվել, այլապես իր ստեղծագործությունն արժեք չի ունենա:

Նույնիսկ նկարչական տարրական կրթություն չի ստացել, որևէ մեկը նրան ուղղություն ցույց չի տվել

Երիտասարդը նախընտրում է սև գույնով նկարել. «Սև գույն, որովհետև մեջը կոնտրաստ կա: Սև գույնի մեջ ավելի շատ լույս կա, քան որևէ այլ գույնի»: 23-ամյա Հակոբը չի կարողանում նշել, թե երբ է սկսել նկարել, քանի որ նկարչությունն իր հետ է ծնվել: Առանց նկարելու իրեն չի պատկերացնում: Նկարիչ Հակոբի հնարավորությունները սահմանափակ են, նա նկարում է մատիտով և ձեռքն ընկած թղթին: Պրոֆեսիոնալ մատիտները, գունաներկերը դեռ անհասանելի են Հակոբի համար:

Նա սիրում է աչքեր պատկերել

«Աչք, որովհետև այն երբեք չի խաբում: Եթե մարդ լռում է իր մասին, դու կարող ես նրա աչքերում կարդալ: Աչքի միջոցով ես իմ էմոցիաներն եմ արտահայտում»,- նկարիչն այսպես է բացատրում աչքերի հանդեպ իր առանձնահատուկ մոտեցումը:

Հակոբն ինքնուս է, սիրում է դժվարություններ հաղթահարել, լինել առաջինը

Հակոբը շրջապատում առանձնանում է իր բնատուր տաղանդով ու տարբերվող նախասիրություններով: Փոքրուց առանձնահատուկ հետաքրքրություն ունի նկարչության և թռչող սարքերի նկատմամբ։

Նրա բոլոր ընկերները դաջվածք ունեն: Հակոբը ոչ միայն նկարում է կտավի կամ թղթի վրա, այլև դաջվածքներ է անում մարդկանց մարմիններին:

Սիրելի զբաղմունքներից բացի ընտանիքի ապրուստի խնդիր ունի: Իր հասակակիցների նման Հակոբ Կարապետյանն ամեն տարի արտագնա աշխատանքի է մեկնում:

Նրա տարբերվող նախասիրություններից է պարաշյուտով թռչելը: «Բառերով դժվար է նկարագրել ինչ ես զգում թռիչքի ժամանակ: Մտքերդ խառն են, դու ազատ ես, ինչպես երբեք»,- նշում է Հակոբ Կարապետյանը:

Հակոբը պարաշյուտով միշտ կթռնի: Որովհետև նրան ձգում է երկնքի ու երկրի սահմանագծի անսահմանությանը:

Հակոբ Կարապետյանն ապրում է Ախալքալաքի շրջանի Զակ գյուղում: Համագյուղացիները ակնածանքով են խոսում տաղանդավոր երիտասարդի մասին և նրան իրավմամբ համարում՝ Ջավախքի Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը:

Նա ապրում է նկարելու ու թռչելու, թռիչքով ու նկարելով զգում է կյանքի գեղեցկությունը:

Created By
Aghunik Ayvazyan
Appreciate
NextPrevious

Report Abuse

If you feel that this video content violates the Adobe Terms of Use, you may report this content by filling out this quick form.

To report a Copyright Violation, please follow Section 17 in the Terms of Use.