View Static Version
Loading

Հանքարդյունաբերությունը Կապանում․ անկառավարելի ռիսկեր

1703 թվականին կառուցված եկեղեցին Կավարտ գյուղում էր: Այժմ ո՛չ եկեղեցին կա, ո՛չ գյուղը: Տեղացիները մինչ օրս շահագործած հանքի «հետևանքներն են վայելում»: Հին տերերը չկան, նորերն էլ՝ պատասխանատու չեն: Նրանց պատասխանատվությունը սահմանափակվում է Շահումյանի ստորգետնյա հանքով, հարստացուցիչ ֆաբրիկայով եւ ենթակառուցվածքային օբյեկտներով:

Կապանի կենտրոնից ներկայիս Կավարտ թաղամաս բարձրանալու ճանապարհին` աջ կողմում, մեծ խոռոչ է. հանքը շահագործել ու թողել են: Կավարտի այս լքված հանքի տարածքում Կապանի ոսկի-բազմամետաղային հանքավայրի երակներից մեկն է եղել, որն էլ շահագործումից հետո բնապահպանական աղետի աղբյուր է. բաց հանքը հարուստ է տարբեր ծանր մետաղներով, որոնք էլ, ջրհոսքերին խառնվելով, հասնում են մինչեւ Կապան քաղաքով հոսող Ողջի գետը: Հատկապես անձրեւային օրերին իրավիճակը չափազանց ցայտուն է լինում: Այս մասին բազմիցս է խոսվել, ապարդյուն:

Կավարտի մասին

Կավարտ գյուղում, 1703 թվականին կառուցված Սբ. Գեւորգ եկեղեցում կնքվել է Գարեգին Նժդեհը: Մեծ գյուղ է եղել, իսկ հետո բնակիչները վերաբնակվել են ներկայիս Կավարտ թաղամասում: Այստեղ է գտնվում նաեւ հունական ուղղափառ եկեղեցին, որին հանքավայրի փորվածքը դեռ չի հասել: Ժամանակին այստեղ բնակվել են հույներ եւ ֆրանսիացիներ, ովքեր էլ շահագործել են հանքավայրը:

Սբ. Գեւորգ եկղեցին եւ Կավարտ գյուղը խորհրդային միության տարիներին պայթեցրել են՝ հանքի շահագործման նպատակով: Գյուղի եկեղեցու գմբեթի խաչն այժմ գտնվում է նույնանուն թաղամասի մատուռում, պատմում են կարավարտցիները:

80-ականների վերջերին այստեղ նույնիսկ փլուզում է եղել եւ մի կին մնացել է հողի տակ՝ բռի մեջ պինդ պահած ցանքի համար նախատեսված լոբու հատիկները. պատմում է Կապանի Լենգրուպա (Լենհանքեր) թաղամասի բնակիչը (ավելին՝ տեսանյութում):

Փլուզման վտանգ կա նաև այսօր: Օրեր առաջ՝ 2021թ. փետրվարի 26-ի գիշերը Կավարտի հանքի լքված տրանսպորտային հանքուղով հոսող ջրերն սկսեցին ողողել Կապան քաղաքը:

Հայաստանի անկախացումից հետո Կավարտի այս հանքի շահագործումը վերսկսվել է 1999 թվականին։ Հետագայում, Կապանի լեռնահարստացման կոմբինատի մասնավորեցումից հետո, նոր սեփականատերը՝ կանադական «ԴԻՆՈ ԳՈԼԴ ՄԱՅՆԻՆԳ ՔԱՄՓՆԻ»ընկերությունը, շարունակել է Կավարտի բաց հանքի շահագործումը, սակայն 2-3 տարի անց դադարեցրել է: «Դինո Գոլդ»-ից հետո ընկերությունը մի քանի ձեռք է անցել, ներկայումս«Չաարատ Կապան»-ն է տնօրինում Շահումյանի ամբողջովին մեխանիզացված ստորգետնյա հանքը, ավանդական ֆլոտացիոն հարստացուցիչ ֆաբրիկան եւ ենթակառուցվածքային օբյեկտները:

Փաստացի «Չաարատ Կապանը» «Դինո Գոլդի» իրավահաջորդն է, թեեւ Կավարտի բաց հանքի պատասխանատվությունը չի վերցնում: Ստացվում է՝ հին տերերը չկան, նորերն էլ պատասխանատու չեն: Պայթունավտանգ լցված հանքի պատասխանատուն պետությունն է. այն հաշվառված է պետության բնական պաշարների ռեսուրսում:

ՇՄ նախարարության` փորձաքննական դրական եզրակացության համաձայն, տարածաշրջանում առկա են նաեւ դատարկ ապարների լցակույտեր, որոնք եւս ընկերությանը չեն պատկանում, սակայն ընկերության լեռնահատկացման ակտով սահմանված տարածքում գտնվող «հնագույն ժամանակից» ժառանգված լցակույտերը ներառված են հանքի փակման պլանում եւ ենթակա են վերականգնման ու ռեկուլտիվացման:

Կավարտի բաց հանքի խնդրին, ըստ թաղային լիազորված անձ Էրիկ Գեւորգյանի, անցած տարի անդրադարձել են Շրջակա միջավայրի նախարարությունից. «Եկել են, տեսել եւ որոշվել էր փորձնական ծառատունկ անեն, որ տեսնեն որ ծառատեսակները կաճեն այստեղ»: Փորձնականից հետո արդեն պետք է «փոսը» ծածկվեր հողով, հետո էլ ծառատունկ արվեր, բայց, ինչպես ասում է Էրիկ Գեւորգյանը, «պատերազմն սկսվեց, մնաց»: Նույնիսկ պետական բյուջեից 3,278 մլրդ դրամ հատկացում էր արվել այդ նպատակով։

Անդրադառնալով բաց հանքի խնդրին՝ Կապանի համայնքապետի խորհրդական Արմեն Սարգասյանն ասում է. «Այս հարցը ե՛ւ տեղացիների, ե՛ւ համայնքապետարանի կողմից բազմիցս բարձրացվել է: Խնդիրն այն է, որ շահագործման պայմանագրով ընկերությունն ստանձնում է նաեւ ռեկուլտիվացիայի աշխատանքների պարտավորություն: Նշված կոմբինատը մի քանի անգամ վերավաճառվել է, Կապանի կոմբինատը մի քանի անգամ նույնիսկ սնանկ է ճանաչվել, դատարանի որոշմամբ է վաճառվել: Այս ամենը մեր (համայնքի) վերահսկողությունից դուրս է եւ դա արդեն պետությունը պետք է զբաղվի: Ներկայիս ընկերությունը ստանձնում է այդ պարտավորությունը, թե՝ ոչ, դժվար է ասել», - ասում է Սարգսյանը:

Սարգսյանը հաստատում է, որ դրանք ոչ միայն վերգետնյա, այլեւ ստորգետնյա ջրեր են: «Անձրեւ լինի, թե՝ չէ, միեւնույնն է, այդ ջրերը կան եւ վտանգավոր են»:

Ոչ ոք չի կարող բացառել նաեւ հարեւանությամբ գտնվող Շահումյանի հանքի փակումից հետո հանքավայրի մակերեսի նստեցման վտանգը: Այս մասին նույիսկ «Չաարատ Կապանը» նշել է իր ՇՄԱԳ հաշվետվության մեջ՝ պատճառաբանելով, որ չնայած հանքի դատարկությունների լցման ներկայումս ձեռնարկվող գործողություններին, հնարավոր չէ ապահովել ստորգետնյա փորվածքների ամբողջ համակարգի անվտանգությունը (ներառյալ ԽՍՀՄ տարիների):

Վերոնշյալ հաշվետվության մեջ նշված է նաեւ, որ միջազգային պրակտիկան վկայում է, որ խոշոր մետաղական հանքերի տարածքների ռեկուլտիվացիան ծավալուն եւ տեխնոլոգիապես դժվար իրականացնելի է, քանի որ դրանք կապված են շրջակա միջավայրի եւ մարդու առողջության համար վտանգ ներկայացնող մեծածավալ թափոնների չեզոքացման հետ: Այսուհանդերձ, հաշվետվության ռիսկերի գնահատման բաժնում էլ հավաստիացնում են, որ համապատասխան միջոցառումների կիառման դեպքում՝ հնարավոր ռիսկերը կառավարելի են:Հարկ է նշել, որ վերջերս հանքում փլուզում է տեղի ունեցել. հանք իջանցքի 845-րդ հորիզոնականը փլուզվել և իջել մոտ 15 մ-ով, որի հետևանքով մեկ աշխատակիցմահացել է:

Նշենք, որ շրջանը գտնվում է սեյսմիկ անկայուն գոտում, որտեղ երկրաշարժերի հնարավոր ուժգնությունը հանքային հարթակի արեւմտյան կեսում հասնում է 8-9 բալի:

Հանքարդյունաբերության հետեւանքով առաջացած եւ հնարավոր բոլոր ռիսկերի կրողը Կապան համայնքն է, թեեւ այստեղ շատերը համոզված են, որ «առանց հանքի Կապանը չի ապրի»:

«Կապան քաղաքը արդյունաբերական կենտրոն է համարվում եւ այն կառուցվել է արդյունաբերության շուրջ, եւ տարիներ ի վեր հիմքը հանդիսացել է, որպես խոշոր արդյունաբերական կենտրոն», - մեզ հետ զրույցում ասում է Կապանի համայնքապետի խորհրդական Արմեն Սարգսյանը:

«Համայնքը զգում է կոմբինատի շունչը, համայնքը կարեւորում է դա...»

Ինչպես ասում է Արմեն Սարգսյանը, վերջին տարիներին «Չաարատ Կապան»-ի հետ փոխադարձ համաձայնագրեր են ստորագրվել: Համայնքի կողմից կարեւորված, հանրության հետ քննարկված ու մշակված ծրագրերին ընկերությունը աջակցություն է ցուցաբերել:

Սարգսյանի հավաստմամբ, հանքարդյունաբերող ընկերության հետ հաճախակի բանավոր պայմանավորվածություններ էլ են լինում եւ «ըստ օրվա խնդրի «Չաարատ Կապանը» աջակցություն է տրամադրում»:

Մեր հարցմանն ի պատասխան, Կապանի համայնքապետարանը ներկայացրել է, թե 2017-2020 թվականներին Կապան համայնքին ինչ աջակցություն է ցուցաբերել «Չաարատ Կապան» ընկերությունը. վերանորոգել է համայնքի մի քանի նախադպրոցական ուսումնական հաստատություներ, սպորտդահլիճներ, ճանապարհներ, գումար հատկացրել տարբեր միջոցառումների, այդ թվում մանկական ճամբարների համար, գնել աղբատար մեքենաներ եւ աղբամաններ, հատկացրել է սոցիալական աջակցություն եւ գումար՝ Ողջի գետի մաքրման աշխատանքների համար՝ վերջին չորս տարվա ընթացքում ծախսելով 457,6 մլն դրամ:

Դեռեւս 2019 թվականին, երբ ընկերությունը Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրի տեխնիկական նախագծի փոփոխության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) հաշվետվության վերաբերյալ փոփոխություններ էր առաջարկում, հանրային քննարկման ներկայացված փաստաթղթում առաջին բանը որ նշել էր, շահագործման ընթացքում ազդակիր համայնքների զարգացման ծրագրերին մասնակցության պատրաստակամությունն էր: Չնայած դեռ այն ժամանակ այնքան էլ պարզ չէր, թե ինչպես եւ ինչ ծավալներով: Այնուհանդերձ ստանձնած պարտավորությունների թվում նշվում էր, որ. «կքննարկվի եւ երկկողմանի համաձայնության դեպքում կլուծվի հողային ռեսուրսների կարգավիճակի փոփոխության հետեւանքով ծագած փոխհատուցման խնդիրը: Համայնքը կստանա զգալի փոխհատուցում, որով կարող է լուծել նաեւ սոցիալական խնդիրները»:

Ինչպես տեղեկացանք Կապան համայնքի ղեկավարի խորհրդականից, հողային ռեսուրսների կարգավիճակի փոփոխության հետեւանքով ծագած փոխհատուցման խնդրի կարգավորման հարցը դեռեւս օրակարգում չէ:

«Չաարատ Կապան»-ը

20-րդ դարի առաջին կեսից օգտագործվող Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը բազմիցս «փոխել է» իր տերերին: Այսօրվա դրությամբ այստեղ հանքարդյունաբերություն է իրականացնում «Չաարատ Կապան» ՓԲԸ-ն՝ շահագործելով նաեւ Գեղանուշի պոչամբարը, որը Կապանից 1 կմ հեռավորության վրա է՝ քաղաքի հս-արեւելյան կողմում։ Պոչամբարի պլանային փակումը նախատեսվում է 2050թ.-ին: Ընկերությունը վստահ է, որ Գեղանուշի պոչամբարի հնարավորությունները բավարար են մինչեւ շահագործման ավարտը լցակույտերի տեղավորման համար, ինչը հաստատվել է նաեւ պոչամբարի ՇՄԱԳ-ի փորձաքննությամբ:

Ընկերությանը բազմաթիվ հարցեր ունեինք, ինչն էլ, փաստորեն հիմք հանդիսացավ, որ անպատասխան մնան:

«Տեղեկություն ստանալու վերաբերյալ «Չաարատ Կապան» ՓԲԸ-ն ձեր կողմից ուղարկված հարցերի պատասխանները բովանդակային առումով լայնածավալ տեղեկություններ են իրենցից ներկայացնում եւ մեծ աշխատանք են պահանջում, իսկ արտադրական նոր տարով պայմանավորված աշխատակիցներն ունեն համապատասխան ծանրաբեռնվածություն: Հայտնում ենք, որ ընկերությունը ներկա պահին չունի համապատասխան ռեսուրս՝ այդ թվում ժամանակային, եւ մարդկային, պահանջվող տեղեկության մշակման եւ տրամադրման համար», - գրավոր հայտնեցին մեզ ընկերությունից (նշենք, որ օրենքով նախատեսված ժամկետից ուշ, հեռախոսազանգով հիշեցումից հետո), հարցազրույցի համար եւս ընկերությունում «ժամանակ չունեին»:

Գեղանուշ գյուղը

Գեղանուշ եւ Գոմարան գյուղերում ընդհանուր ապրում է 340 մարդ (մեկ վարչական համայնք է): Այստեղ հիմնականում զբաղվում են անասնապահությամբ ու գյուղատնտեսությամբ:

Գեղանուշի վարչական ղեկավար Ժիրայր Զախարյանն ասում է.

«Մեր գյուղացիները աշխատում են թե՛ Ղափանի կոմբինատում, թե՛ Ղափան քաղաքում. մոտիկ է: Օրվա մեջ երկու անգամ՝ կոմբինատի ֆինանսավորմամբ քաղաքից ավտոբուս է գալիս. մեկ առավոտյան 9-ին, մեկ էլ՝ կեսօրին:

Կոմբինատը («Չաարատ Կապանը») մեծ աջակցություն է ցուցաբերում դպրոցին, որտեղ մոտ 80 աշակերտ է սովորում: Հիմա էլ ֆինանսավորել է գյուղ եկող ճանապարհի վերանորոգումը», - պատմում է Զախարյանը, հավելում, որ գյուղում ջրի խնդիր էլ չկա: Բայց գյուղատնտեսության համար հողն այդքան էլ բերրի չէ, թեեւ գոմաղբով պարարտեցնում են հողը, չարչարվում ու բերք ստանում:

«Քանի որ պոչամբարը գտնվում է մեր գյուղի տարածքում, կոմբինատը միշտ աջակցություն է ցուցաբերում: Նոր տարվան միշտ երեխաներին նվերներ է անում: Խնդիրների դեպքում էլ միշտ օգնում են», - ասում է վարչական ղեկավարը: Հարցին, թե պոչամբարի հետեւանքով առողջությանը հասցված վնասի համար ընկերությունն ի՞նչ աջակցություն է ցուցաբերում, պատասխանում է.

«Ասում են, բայց ոչ ոք չի ապացուցում, թե ինչ վնաս է պատճառում մեզ: Որ փակեն, բա ժողովուրդն ի՞նչով զբաղվի, աշխատատեղեր են ապահովում»:

Գեղանուշ գյուղի բնակելի տները գտնվում են պոչամբարի հարեւանությամբ: Կապանի լեռնահարստացման կոմբինատի պոչամբարը կառուցվել է 2004-ից եւ մինչ օրս պատերն ամրացվում են ու բարձրացվում:

Գեղանուշի բնակչուհի Քնարիկ Հարությունյանն էլ ասում է, որ «մի անգամ ասեցինք, որ փոխհատուցեն, մեզ պատասխանեցին, որ գրավոր ներկայացնենք, թե ինչով է դա մեզ վնասում:

Մեզ ասեցին, որ պոչամբարը կառուցված է ստանդարտներին համապատասխան ու ոչ մի վնաս չի կարող տալ, բայց դե վնաս է. մարդկանց է վնաս, բերքին: Ասում են, թե նկարեք նախկինում ինչքան բերք է եղել, հիմա ինչքան, որ մենք տեսնենք, բայց ո՞նց… էդ պոչամբարը նույնիսկ ցանկապատված չի, անասունները գնում են, մեջն են ընկնում ու դուրս չեն գալիս (նման դեպք եղել է մի քանի տարի առաջ)», - ասում է Քնարիկ Հարությունյանը՝ հավելելով, որ խոստացել էին հիմնականում աշխատանքի ընդունել իրենց գյուղացիներին, բայց դա էլ չեն արել:

Տիկին Քնարիկը սիրտ-անոթային հիվանդություն ունի, պատմում է, որ դիմել է կոմբինատին («Չաարատ Կապան»), ասել են «բեր, ես էլ տարա, հետո մերժեցին, որ չենք կարող. դեղերը թանկ էին: Մի դեղը, մի ամսվա համար 45 հազար դրամ էր»:

Գեղանուշի բնակիչը պատմում է նաեւ, որ մինչ այս, նախկին տերերն իրենց օգնել են. գումար են հատկացրել թոռան վիրահատության համար (ավելին՝ տեսանյութում):

Այս առումով իհարկե տվյալների բացակայությունը ընկերության ձեռքին խաղաքարտ է: Լաբորատոր հետազոտություններով ապացուցվել է Կապանի մերձակայքում կարտոֆիլի, լոբու, այլ բանջարեղեններում ծանր մետաղների անթույլատրելի քանակության առկայությունը։

Ազդեցությունը միջավայրի ու մարդու առողջության վրա

Բազմիցս բնապահպանները, ոլորտի գիտնականները, տարբեր վերլուծական նյութերով, շրջակա միջավայրի աղտոտման ու մարդկանց առողջության միջեւ կորագծերով ցույց են տվել շրջակա միջավայրի աղտոտման ու հատկապես աղտոտման աղբյուրի հարեւանությամբ բնակվող մարդկանց առողջության վատթարացման միջեւ կապը, սակայն քանի դեռ Առողջապահության նախարարությունը պաշտոնապես չի ընդունել այս պնդումը, սովորական քաղաքացին բնականաբար չի կարող ներկայացնել որեւէ ապացույց:

«Չաարատ Կապան»-ը, տարածաշրջանում մի շարք այլ արդյունաբերական կազմակերպությունների հետ միասին, ընդգրկված է շրջակա միջավայրի նախարարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ին հրապարակած մթնոլորտային օդի վրա վնասական ներգործություն ունեցող ՀՀ-ում գործող կազմակերպությունների ցանկում: Ինչպես նշված է հրապարակված այս փաստաթղթի նախաբանում, ցանկի կազմման համար հիմք է հանդիսացել նաեւ Առողջապահության նախարարի 2020 թվականի դեկտեմբերի 11-ի գրությունը, որը մեզ հասանելի չէ, սակայն կառավարության համապատասխան որոշման համաձայն, մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործության աղբյուրներ ունեցող հաշվառման ենթակա օբյեկտներ ունեցող կազմակերպությունների ցանկը կազմվում է (կետ 8) բնապահպանության (այժմ շրջակա միջավայրի) և առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգով եւ ժամկետներում, մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների վերաբերյալ համապատասխան վարչական վիճակագրական լրացված եւ վերոնշյալ գերատեսչություններին ներկայացված հաշվետվությունների հիման վրա: Ընդ որում առողջապահության նախարարություն հաշվետվությունները ներկայացվում են մարդկանց առողջության վրա բացասաբար ազդող մթնոլորտային օդի վրա վնասակար ֆիզիկական ներգործությունների մասով:

«Չաարատ Կապանի» ներկայացրած բնապահպանական կառավարման պլանի եւ մոնիտորինգի ծրագրում նախատեսված են վերահսկման մեխանիզմներ եւ մեղմացնող միջոցառումներ՝ «հանքի շահագործման ընթացքում՝ շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություններից խուսափելու, դրանք նվազեցնելու, մեղմացնելու կամ փոխհատուցելու համար»:

«Հանուն մարդկային կայուն զարգացման» կազմակերպության մասնագետները օգտագործելով գիտական լաբորատորիաների տվյալները, դեռ տարիներ առաջ ուսումնասիրել են Հայաստանի տարածքը էկոլոգիական տեսանկյունից, գնահատել ռիսկերն առողջության համար եւ որպես ռիսկային առանձնացրել հատկապես Լոռու ու Սյունիքի մարզերը:

Կապան քաղաքում մինչև 18 տարեկան բնակչության մոտ 2011-2015թթ. գրանցված բնածին զարգացման արատներ եւ շնչառական համակարգի հիվանդություններ ունեցողների թվային տվյալներից տեսանելի է, որ առավել մեծ թիվ են կազմում շնչառական համակարգի հիվանդություններ ունեցողները։ Քիչ չեն բնածին զարգացման արատներ ունեցողները:

Ընկերության ներկայացրած հանքավայրի ստորգետնյա եղանակով մշակման նախագծի ՇՄԱԳ հաշվետվության համաձայն, պոչամբարի հատակում տեղադրված կոլեկտորի ամբողջ երկարությամբ կառուցված են ջրընդունիչ հորեր, պատրաստված պողպատե խողովակներից 1020 մմ տրամագծով եւ 9 մմ պատի հաստությամբ, որոնք ծառայում են պոչամբարից պարզվածքի հեռացման համար: Պոչամբարի պարզվածքը շրջանառու ջրի համակարգով վերադառնում է հարստացուցիչ ֆաբրիկա եւ օգտագործվում տեխնոլոգիական պրոցեսում: Արտադրական կեղտաջրերի արտահոսքը պոչամբարից բաց ջրավազաններ ընկերությունը բացառում է: Թեեւ մեր տեսախցիկը պատնեշի մոտ ֆիքսել է պոչհանքին նմանվող, գունափողված ջուր:

Համաձայն նույն փաստաթղթի, «Հանքավայրի շահագործման եւ հարստացուցիչ ֆաբրիկայի գործունեության դադարեցման արդյունքում կնվազի տեխնոլոգիական ջրի սպառումը, որն իր հերթին թույլ կտա նվազեցնել ազդեցությունը ջրային ռեսուրսների վրա»: Ստացվում է, ընկերությունը համաձայն է այն բանի հետ, որ ներկայում ազդեցություն ունի ջրային ռեսուրսների վրա եւ միայն ֆաբրիկայի գործունեության դադարեցման արդյունքում կնվազի այդ ազդեցությունը:

Շրջակա միջավայրի նախարարությունը «Չաարատ Կապան» ըներության հարակից տարածքներում իրականացնում է մակերուույթային ջրերի եւ մթնոլորտային օդի որակի մոնիտորինգ: 2016-2019 թվականների ընթացքում, Կապան քաղաքից վերեւ հատվածում Ողջի գետի ջրի որակը գնահատվել է երրորդ դաս (միջակ որակ), իսկ Կապան քաղաքից ներքեւ՝ հինգերորդ դաս (վատ որակ):

2017 թվականի նոյեմբերի 17-ից Ընդերքի մասին օրենքում լրացումներ կատարելուց հետո ընկերությունները պատրավորվել են ներկայացնել հաշվետվություն՝ իրենց կողմից իրականացվող մշտադիտարկումների արդյունքների վերաբերյալ: Շրջակա միջավայրի նախարարության կայքում «Չաարատ Կապան» ընկերության համապատասխան հաղորդումներն առկա են 2018 թվականից: Ընկերությունը ամսական 1 անգամ իրականացնում է մակերեւույթային ջրերի մոնիտորինգ Խալաջ գետի 3 կետերից, այդ թվում՝ Շահումյանի հանքավայրի հանքաջրերի արտաթողման կետից, իսկ գրունտային ջրերի մոնիտորինգ՝ Գեղանուշ գետից: Նկատենք, որ Գեղանուշ գետից նմուշառում իրականացվում է միայն մինչեւ պոչամբարն ընկած հատվածից:

Ըստ ընկերության ներկայացրած հաշվետվության, ջրերի քիմիական կազմը նորմայի սահմաններում է եղել։ Արձանագրվել են միայն Նիտրատների ու Նիտրիտների ՍԹՔ-ների (սահմանային թույլատրելի քանակությունների) գերազանցումներ, ընդ որում` դրանք ավելի բարձր են արտաթողման կետից վերև, իսկ արտաթողման կետից ներքեւ նվազում են։

Ինչ է խոստանում ընկերությունը հանքը փակելուց հետո

Հանքի փակման դեպքում, հանքից դուրս եկող ֆիլտրացիոն ջրերի լրացուցիչ մաքրման համար նախատեսվում է պահպանել մաքրման ավազանը, որտեղ ջրերը եւս մեկ անգամ կախված մասնիկներից բեռնաթափվելու եւ արտաքին ջրահոսքերին խառնվելու հնարավորություն կունենան: Ընկերության հավաստմամբ, դատարկ ապարների լցակույտի տարածքը փակումից հետո ամբողջովին մաքրված եւ ռելուտիվացված կլինի, ինչը նշանակում է այդ տարածքից մակերեւութային ջրերի աղտոտման ռիսկ լինել չի կարող:

Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրի փակման եւ ռեկուլտիվացման աշխատանքների կատարման նախահաշիվը կազմում է մոտ 275 մլն դրամ, 2021 թվականի հունվարի դրությամբ, «Չաարատ Կապան» ընկերությունը Շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին արդեն իսկ մուտքագրել է մոտ 55 մլն դրամ:

Ստեղծված նոր իրավիճակում, հատկապես գյուղատնտեսության ոլորտի առջեւ ծառացած շատ մարտահրավերներ կան: Ինչպես ասում են Կապանի համայնքապետարանից, ետպատերազմյան իրավիճակում, համայնքի որոշ գյուղերում, մարդիկ զրկվել են իրենց հողատարածքներից՝ այգիներ, վարելահողեր, արոտավայրեր օգտագործելու հնարավորությունից: Այս իրավիճակում հանքարդյունաբերության բացասական ազդեցությունը հողային ռեսուրսների վրա էլ ավելի կարող է սրել իրավիճակը:

Ըստ ընկերության ՇՄԱԳ հաշվետվության (Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրի ստորգետնյա եղանակով մշակման նախագծի փոփոխություն) չնայած կեղտաջրերի արտահոսք չի նախատեսվում, նոր հողահատկացումներ չեն պահանջվում, եւ մթնոլորտ արտանետվող նյութերի նոր անշարժ աղբյուրներ չեն նախատեսվում, մթնոլորտային օդի միջոցով հասցված տնտեսական վնասը վերակառուցումից հետո տարեկան կազմում է 4,08 մլն դրամ (շրջակա միջավայրին հասցված վնասի վերացման համար անհրաժեշտ միջոցառումների արժեքն` արտահայտած դրամական համարժեքով):

Միայն Շահումյանի հանքի շահագործման ներկայիս նախագծով առաջացող նոր լցակույտի ձեւաորման արդյունքում հողային ռեսուրսներին հասցված տնտեսական վնասը կկազմի` 21,88 մլն դրամ, կրկին ըստ արդյունահանողի:

Վնասի հաշվարկում հաշվի են առնված բնակչության առողջության վատթարացման հետ կապված ծախսերը, գյուղատնտեսությանը, անտառային եւ ձկնային տնտեսություններին հասցված վնասը, արդյունաբերությանը հասցված վնասը:

Թե ինչքան է հանքարդյունաբերության հետևանքով համայնքին հասցված իրական վնասը, ոչ ոք չի հաշվարկել, որ հնարավոր լինի համեմատություն անել:

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը նոր-նոր մեկնարկելու է հողերի հետազոտության աշխատանքներ։ Արդյունահանող ընկերությունն իրականացնում է ամենամսյա հողերի մոնիթորինգ՝ ներկայացնելով դրանք գործադիր մարնին վերոնշյալ հաշվետվության հետ միասին, սակայն այդ թվերը լայն հանրությանը ոչինչ չեն ասում և ոչ ոք դրանց ճշգրտությունը չի ստուգում։

Հեղինակ՝ Մարի Չաքրյան

Օպերատոր և մոնտաժող՝ Աղաբեգ Սիմոնյան

Ձևավորում՝ Ալիք Մեդիա Հայաստան

Created By
Aliq Media Armenia
Appreciate
NextPrevious