View Static Version
Loading

Ազգային պարն ու քաղաքականությունը համատեղած.Անահիտ Կարապետյան Վանաձորի ավագանու 32 անդամներից 8-ը կանայք են:

Անահիտ Կարապետյանը 24 տարեկան էր, երբ 2016թ.-ին առաջադրվեց և ընտրվեց Վանաձոր համայնքի ավագանու անդամ: Վանաձորի ավագանու 32 անդամներից 8-ը կանայք են: Անահիտը, ավագանու կազմում ամենաերիտասարդներից է: Ակտիվ հասարակական գործունեությունը նրան բերեց քաղաքականություն:

2014 թ.-ից աշխատում է Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում, համատեղում է աշխատանքը «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի «Սմարթ» կենտրոնում, «Գայաննա» ՄՄԿ երիտթևի նախագահն է, բազմաթիվ հասարակական նախաձեռնությունների հեղինակ և իրագործող, շուրջ 10 տարի պարել է «Հորովել» երգի-պարի անսամբլում, 2015 թ.-ից ՅՈւՆԵՍԿՈՅԻ պարի միջազգային խորհրդի անդամ է, այժմ էլ ուսանում է ՀՀ Պետական Կառավարման Ակադեմիայի «Զբոսաշրջության կառավարում» ֆակուլտետում:
«Քաղաքական ակտիվիստի համար, կարևոր էր խնդիրներին լուծում տալը, իսկ դրա համար այլ հարթակ էր պետք: Առաջարկ ստացա «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից և որոշեցի առաջադրվել»,- անցումը հասարակական ակտիվիստից դեպի քաղաքականություն այսպես է ներկայացնում Անահիտը:
Վանաձորը «փակ քաղաք» է, այսինքն` բնակիչներն իրենք իրենց մեջ պարփակված են, իսկ նրանց քիչ են լսում, բայց երբ հայտնվում է մեկը, ով պատրաստ է լսել նրանց, միանգամից բարձրացնում են բազմաթիվ խնդիրներ: Դրանց ճնշող մեծամասնությունը, ինչպես ողջ երկրում, սոցիալականն է:
«Լոռի» ՀԸ խմբագիր Լուսինե Սարգսյանը Անահիտին հիշում է քաղաքացիական պայքարից. «Փրկենք թեղուտը», «Էլեկտրիկ Վանաձոր», տրանսպորտի վարձավճարների բարձրացման դեմ պայքար:
Լ. Սարգսյանն ասում է, որ ավագանիում իր ստացած քվեներն Անահիտը կոնկրետ քայլերով է արդարացնում, փաստական գործունեությամբ, միշտ հասանելի է իր ընտրողին: Այն, ինչը իր համայքին ու քաղաքացուն է հուզում, նաև իր խնդիրն է:
«Մենք» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Թաթուլ Ղազարյանն էլ պատմում է, որ Անահիտը նիստից նիստ ներկա գտնվողներից չէ, հետամուտ է բոլոր ոլորտային խնդիրներին, հետևողական է: Այն, ինչ անում է, անում է սիրով` իր քաղաքի, երկրի, մարդկանց ու կենդանիների հանդեպ:
Վանաձորցի ակտիվիստ Վահե Խաչիկյանը համոզված է` կարծրատիպերը մարզերում ավելի արմատացած են: Շատերը կարծում են, թե կանայք թույլ են, քաղաքականությունը կեղտոտ գործ է և երիտասարդ աղջիկը չպետք է դրա հետ գործ ունենա: Այս և նման կարծրատիպերը Անահիտին հաջողվում է կոտրել ամեն քայլափոխի:
«Նա մշակութային ու քաղաքական այն երիտասարդ գործիչն է, որը կերտում է նոր պատմություն` վանաձորյան իրականության մեջ, և ցույց տալիս, որ այդ բոլորը համադրելի են, արդյունքն էլ՝ արդյունավետ»,- ասում է Վահե Խաչիկյանը:
Այն, ինչ հասցրել ենք անել այս ընթացքում, շատ քիչ է, բայց կարևոր է, որ սայլը տեղից շարժվել է, օրինակ` ՀՈԱԿ-ներում ուշացնում էին աշխատավարձերը: Ես ուրախությամբ արձանագրում եմ, որ 2019-ը մուտք ենք գործել առանց աշխատավարձային պարտքերի, ավագանու նիստին Վանաձորի քաղաքապետը ևս դա արձանագրեց, և ես իմ փոքրիկ ներդրումն ունեմ այս գործում:

Վանաձորում կարևորագույն խնդիր էր նաև վճարովի ավտոկայանատեղիների հարցը: Տարածքները, որոնք տրամադրվել են վարձակալությամբ, վարձակալների կողմից սխալ են տնօրինվել, և տարիներ շարունակ նրանք անօրինական գումար են գանձել քաղաքացիներից: Անահիտը գործընկերների հետ որոշել է զբաղվել այդ հարցով: Աշխատանքային խմբով հետազոտել են խնդիրը: Արդյունքում` Վանաձորի Հայքի հրապարակի ավտոկայանատեղիում այլևս գումար չի գանձվում: Քաղաքի մյուս ավտոկայանատեղիներում ուսումնասիրությունները շարունակվում են:

Անահիտ Կարապետյանը, ոչ միայն բարձրաձայնում է խնդիրը, այլև գնում է դրա հետևից, առաջարկում լուծման ուղիներ: Նվիրված է գործին, լավատեսական գաղափարներին, հաստատակամ է: Ընկերները հաճախ են կատակում, թե նա «չի հերիքում Վանաձորին»:

«Դժվար է, իսկ ո՞վ է ասել, որ պետք է հեշտ լինի: Ես եմ ընտրել իմ ուղին: Սա այն էր, ինչ ուզում էի անել և կարող էի անել: Ինչպես գետի ճամփան չես կարող փակել, այնպես էլ քո` նպատակների իրագործման ճանապարհը»,- ասում է Անահիտ Կարապետյանը:

Նարինե Մաթևոսյան

Created By
WomenNet am
Appreciate
NextPrevious

Report Abuse

If you feel that this video content violates the Adobe Terms of Use, you may report this content by filling out this quick form.

To report a copyright violation, please follow the DMCA section in the Terms of Use.