Loading

Աղջկա զարկը, որ սիրո ուժ ունի 15-ամյա Կատյայի դեռ մանկական ձեռքերը դհոլից հնչյուններ են պոկում, դազգահի մոտ գորգեր ստեղծում:

«Ես երազում էի դհոլ նվագել, բայց ինձ ասում էին դա աղջկա զբաղմունք չէ, նույնիսկ ընտանիքիս անդամներն էին խաբել, թե դհոլի խմբում աղջիկներ չեն ընդունում։ Ես ինքնուրույն հանդիպեցի դհոլի դասատուի հետ, նա ինձ ասաց, որ ես կարող եմ ընդունվել խումբ, ընտանիքս այլևս չընդդիմացավ»,- ասում է Կատյա Բաբոյանը։

Աղջիկը ապրում է Նինոծմինդա քաղաքում։ Սովորում է տեղի համար առաջին հայկական դպրոցի 9-րդ դասարանում։ Նա առօրյան լցնելու սեփական տարբերակն ունի․ սիրում է ընկերների հետ ժամանակ անցկացնել, խաղեր խաղալ, ազատ ժամանակ փոքրիկ դազգահի վրա կարպետներ է գործում։ Հաճախել է գորգագործության դասերի ևս։ Սիրում է ասմունքել, օգնել մայրիկին տնային գործերում:

Մեծ սիրուց նպատակ, ապա՝ իրականություն կամ դհոլը աղջկա ձեռքում էլ է հնչում

Կատյան 15 տարեկանում հասցրել է շատ բեմերում նվագել, ոչ միայն Վրաստանում, այլ նաև Հայաստանում և աղջիկը ժպիտով և հպարտությամբ պատմում է, որ անցած տարի ջավախքյան դհոլի ձայնը հասցրել է Արցախ, նվագել է Շուշիում և արժանացել հատուկ պատվոգրի։

Կատյայի դասղեկ՝ Մարիետա Լուլուկյանը հպարտանում է, որ նման աշակերտուհի ունի և նրա մեջ տեսնում է ապագա իր գործի շարունակողը և հույս է հայտնում, որ Կատյան ապագայում մայրենի լեզվի և գրականության ուսուցչուհի կդառնա։

Կատյա Բաբոյանը և համադասարանցիները դասաժամին

Ընկերուհիների խոսքով Կատյան նվիրված ու սրտացավ է, երբեք չեն վիճում և միշտ հասկանում են իրար։ Նրանց միավորող շատ բաներ կան՝ դպրոցը, խաղերը, նույնիսկ նույն երաժշտությունն են լսում։

Կատյան ընկերների հետ գնդակ խաղալիս
15 ամյա աղջիկը խոհանոցից ևս գլուխ է հանում և ընկերուհիներին հաճախ է հյուրասիրում իր պատրաստած ուտեստները

Կատյան իրենից մեծ քույր և փոքր եղբայր ունի։ Երեքն էլ երաժշտական տաղանդ ունեն, քույրը սիրում է երգել և պարել, իսկ եղբայրը Կատյայի հետ հաճախում է դհոլի դասերի։ Ընտանիքի անդամների համար քույրերով հաճախ տնային համերգներ են կազմակերպում, Կատյան նվագում է քույրը երգում և պարում։ Կատյայի մայրն ասում է, որ չնայած նրան, որ սկզբնական շրջանում դեմ է եղել աղջկա դհոլ նվագելուն, հիմա նույնիսկ եթե Կատյան դհոլը որպես մասնագիտություն ընտրի, կողմ կլինեն և ցանկացած հարցում սատարելու են երեխաներին։ Քանի որ, առաջինը ինքն է հպարտացել աղջկա ունեցած հաջողություններով։

Ընտանիքի համար քույրերի կատարումից

Իր սենյակում Կատյան մեզ ներկայացրեց պատվոգրերը, որոնք ստացել է տարբեր մրցույթների և միջոցառումների մասնակցելուց․ ինտելեկտուալ մրցույթներ, ասմունքի փառատոն և նույնիսկ ավանդական գաթայի փառատոնից։

Աղջկա սիրելի անկյունը

Կատյան ազատ ժամանակ գործում է։ Սիրում է գույներով պատկերներ ստեղծել։ Ճիշտ է դհոլ նվագելուց երբեմն ձեռքերին վերք է հայտնվում, նուրբ մաշկը միշտ չէ, որ դիմանում է հարվածների ուժգնությանը, սակայն երբ մատները շփվում են թելերի հետ, կարծես խաղաղվում են աղջկա ձեռքերը և ուժ հավաքում նորից նվագելու։

Կատյայի դհոլի վարպետ՝ Սարո Ղարսլայնի խոսքով աղջկա մեջ բացառիկ երաժշտական տաղանդ կա և ամեն ինչ անելու է, որ խմբի միակ աղջիկ դհոլահարը շարունակի երաժշտությամբ զբաղվել։

Սարո Ղարսլյանը դասաժամին
Կատյան սիրելի ուսուցչի հետ

Կատյան որոշել է դպրոցն ավարտելուց հետո բարձրագույն կրթությունը շարունակել Թբիլիսիում՝ դեղագործի մասնագիտություն ստանալ և վերադառնալ հայրենի քաղաքում աշխատել։ Սիրում է ճանապարհորդել և նոր բացահայտումներ անել, իսկ իր և դհոլի ապագայի մասին մտածելիս ասում է, որ իր մեծ նպատակն է եղել և նույնիսկ երաժշտական դասարանն ավարտելուց հետո կշարունակի նվագել։ Որպես մասնագիտություն հավանաբար դհոլը չի ընտրի, սակայն ժպիտով ասում է, որ գոնե հարսանիքին նվագելու է և եթե մի օր իր աղջիկն ուզենա նվագել, միայն ուրախ կլինի։

Կատյայի լավագույն ընկերներից է Մուռկան՝ սիրելի կատուն, երբ տանն է լինում անընդհատ կերակրում ու խնամում է, իսկ տանից բացակայելու դեպքում էլ ընտանիքի անդամներին է հանձնարարում հոգ տանել Մուռկայի մասին։
Created By
Sona Tonakanian
Appreciate
NextPrevious

Report Abuse

If you feel that this video content violates the Adobe Terms of Use, you may report this content by filling out this quick form.

To report a Copyright Violation, please follow Section 17 in the Terms of Use.