View Static Version
Loading

«Վրաստանում շատ բան է փոխվում, սակայն կանայք դեռ հեռու են իրավահավասարությունից և ազատությունից» Երեք վրացի կանանց պատմություններ, որոնք փորձում են փոխել իրենց շրջապատող աշխարհը

Վրաստանում արդեն հայտնվել է առաջին կինը, որը դատարանում շահել է իր պետի կողմից սեռական ոտնձգությունների մասին գործը։

Վրաստանն իր Հարվի Վայնշտեյնն ունի․ նա մի մարդ է, որը հայտնի և հաջողակ հանրային դեմքից վերածվել է բոլորի կողմից արգահատելի պետի, որին միանգամից մի քանի կին մեղադրել է սեռական ոտնձգությունների համար։

Վերջերս մի քաջ վրացուհի բացահայտ պատմել է իր բռնաբարության մասին՝ չվախենալով հանրության արձագանքից, որը նման դեպքերում հակված է մեղադրել ոչ թե բռնարարին, այլ զոհին։

Սակայն հասկանալու համար, թե որքան հեռու է Վրաստանն իրավահավասարությունից, բավական է թվել այս մի քանի փաստը․

Վրաստանում մինչ այժմ «հարսնացու» են առևանգում;

նախկինի պես սելեկտիվ աբորտներ են կատարվում;

աշխատավայրերում կանանց ավելի քիչ են վճարում, քան տղամարդկանց;

ծնողների ունեցվածքը ժառանգում են միայն որդիները, դուստրերը, որպես կանոն, ոչինչ չեն ստանում, չնայած որ իրավական տեսանկյունից ժառանգորդները հավասար են։

Վրաստանի բնակչության 52,3 տոկոսը կանայք են, նրանց 36%-ը բարձրագույն կրթություն ունի (դա չորս տոկոսով ավելի շատ է, քան տղամարդկանց ցուցանիշը)։ Այնուամենայնիվ, խորհրդարանում և ընդհանրապես քաղաքականությունում մինչև հիմա բավականին քիչ կին կա․ խորհրդարանի 150 պատգամավորից միայն 23-ն է կին (շուրջ 15 տոկոսը), կառավարության 11 անդամներից երեքն է կին։

Գենդերային իրավահավասարության 2017թ-ի վարկանիշում Վրաստանն 94-րդ տեղն է զբաղեցնում 144 երկրների շարքում։

Վերջին տասնամյակում իրավահավասարության գաղափարների քննարկումը դուրս է եկել հասարակական կազմակերպությունների ոլորտից, որն առաջինը ծանոթացրեց հասարակությանն այդ գաղափարներին։ Ֆեմինիզմի վրացի ջատագովներին այժմ հաճախ կարելի է հանդիպել ստեղծագործ մասնագիտությունների ներկայացուցիչների շրջանում։

JAMnews-ը որոշել է խոսել նրանցից մի քանիսի հետ այն մասին, թե ինչ ասել է լինել ֆեմինիստ նահապետական հասարակությունում։

Երեք վրացի կանանց պատմություններ, որոնք փորձում են փոխել իրենց շրջապատող աշխարհը

Լիա Ուկլեբա, նկարիչ, 44 տարեկան

Քութայիսիում ծնված նկարիչ Լիա Ուկլեբայի կյանքում եղել է մի փուլ, երբ նրան թոք-շոուներ և բողոքի ակցիաներ էին նվիրվում, սպառնում էին եկեղեցական բանադրանքով, երկրից արտաքսելով և սպանությամբ։

Երկրի ամենաազդեցիկ մարդը՝ վրաց ուղղափառ եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը նրա նկարի մասին ասել է, որ «Վրաստանում [հավատացյալների զգացմունքներին հասցված] նման վիրավորանք դեռ չէր եղել»։

Կտավը կոչվում է «Աստվածածինը՝ խաղալիք ատրճանակով»։ Այն պատկերում է հղի Աստվածամորը, որը քունքին է մոտեցրել ատրճանակն, իբր պատրաստվում է ինքնասպան լինել։

«Աստվածամորից» առաջ Լիայի կտավներն այդպիսի «ուշադրություն» չէին վայելում, և այդ ուշադրությունը նրա վրա ծանր նստեց։

Ավելի ուշ նկարիչը մեկնաբանել էր, որ կտավի ստեղծման ժամանակ նա ոգեշնչվել է մարդկանցից, «որոնք կրոնի անվան տակ հազարավոր ստորություններ են անում»։

«Նրանք կարող են մարդուն մահվան հասցնել, նրան անկյուն մտցնել, քարկոծել, սպանել։ «Ինքնասպանության փորձն» ուղերձ է այն մասին, որ մենք արժանի ենք առանց Աստծո մնալ։ Իմ կողմից դա կատակ էր, դառը կատակ, որի շուրջ արժե մտածել»։

Երբ ես հինգ տարեկան էի, հստակ գիտեի, որ նկարիչ եմ, սակայն երբ մեծացա, այդ համոզմունքը կորավ։

Իմ կյանքում եղել է 20 տարի, երբ ես բացարձակապես մոռացել էի ինքս իմ մասին։ Ես հացի խնդիր լուծելուց բացի ոչնչի մասին չեմ մտածել։ Ես երեխաներիս եմ դաստիարակել, ընտանիք եմ պահել, ֆիզիկապես եմ աշխատել։ Վրաստանում կանանց հետ հաճախ է նման բան տեղի ունենում, նրանք իրենց կորցնում են կենցաղի պատճառով։

Ես ոչ թե չէի նկարում, այլ նույնիսկ գիրք չէի թերթում․ ոչ ժամանակ կար, ոչ միջոց։ Իմ ինտելեկտուալ զարգացումը պարզապես սառեցվել էր։

Ես կրկին վրձինը ձեռքս առա 36 տարեկանում։ Երեխաներս մեծացել էին, ապրելն ավելի էր հեշտացել , ավելի շատ ժամանակ էր հայտնվել։ Այդ ժամանակ ես ինձ հարցրի․ իսկ ի՞նչ ես ունեմ մայրությունից զատ։

Ինձ հաճախ են խնդրում պատմել Աստվածածնի նկարի մասին, թե ինչու եմ այն նկարել։ Ես չեմ կարող խոսել այդ մասին։ Ես հենց այն պատճառով եմ նկարում, որ խոսքերով այդ ամենը չեմ կարող արտահայտել։

Պատկերացրեք, թե ինչ կլիներ, եթե կանայք կարողանային էներգիա ծախսել ոչ թե ընտանիքի և տնային գործերի, այլ սեփական զարգացման վրա։

Այժմ ես նկարում եմ, սակայն, այնուամենայնիվ, շարունակում եմ մնալ տնային տնտեսուհի․ արվեստանոցս հենց այստեղ է՝ խոհանոցին կից։ Բայց երբեմն օրեր շարունակ չեմ կարողանում մտնել այնտեղ․ խոհանոցում ավելի շատ գործ կա, այնտեղ ես ավելի շատ եմ պետք։

Կանայք երկու ճակատով են մարտնչում՝ աշխատում են և՛ տանը, և՛ աշխատավայրում։ Ստացվում է, որ տղամարդկանցից կրկնակի ավել են աշխատում, բայց կանանց ավելի քիչ են վճարում։

Վրաստանում շատերը մինչև հիմա մտածում են, որ կինը ծնվել է միայն նրա համար, որպեսզի ամուսնանա և երեխա ունենա։ Շատ աղջիկներ վաղ են ամուսնանաում, կրթություն չեն ստանում և ողջ կյանքում ուրիշներից կախված են մնում»։

Դինա Օգանովա, լուսանկարիչ, 30 лет

Դինայի լուսանկարների հերոսները կանայք են։ Նրանց լուսանկարելու համար Դինան շատ է ճամփորդում ողջ Վրաստանով և ասում է, որ Թբիլիսիի սահմաններից դուրս այլ իրականության է բախվում՝ նահապետական սովորույթների, որոնք պահպանվել են շրջաններում։ Նա ասում է, որ իր լուսանկարների հերոսուհիներն ուժեղ, բայց հաճախ իրենց ներուժը չիրացրած կանայք են, քանի որ հանգամանքները նրանց հնարավորություն չեն տվել զարգանալու։

Նրա նախագիծը կոչվում է (S)hero(es)։ Այս ֆոտոգիրքը նա հրատարակել է գրող Սալոմե Բենիձեի հետ։ Դրանում հավաքված են 2008 թ-ի ռուս-վրացական օգոստոսյան պատերազմի մասին կանանց պատմությունները։ Այս գիրքն այն կանաց մասին է, որոնք մնացել են պատերազմի կուլուարներում, ասում է Դինան։

Մանկությունում, երբ մորս հետ հանգստանում էինք Բորժոմիում, ամեն անգամ միևնույն բնակարանում էինք մնում, որը տեղացի լուսանկարչին էր պատկանում։

Նա աշխատում էր Բորժոմիի այգում և լուսանկարում էր հանգստացողներին։

Տանը ես իրավունք ունեի անելու, ինչ ցանկանամ, բայց չէի կարող մտնել միայն մեկ սենյակ։ Ժամերով ես նստում էի այդ սենյակի դռան մոտ, որտեղ լուսանկարիչը լուսանկարներն էր տպում, և նայում էի այնտեղից դուրս սողացող կարմիր լույսին։ Սպասում էի, թե երբ է նա այնտեղից դուրս գալու, որ հայացք գցեմ ներս և ինչ-որ բան տեսնեմ։

Երբ ես մեծացա և ասացի, որ ուզում եմ լուսանկարիչ դառնալ, շատերն ինձ ասում էին, որ այդ գործը կնոջ համար չէ։

Այսօր ես շատ երջանիկ եմ, որ չեմ հետևել այդ կարծրատիպին։ Կարծում եմ՝ իմ բախտը կյանքում բերել է։ Ես հետաքրքիր մարդկանց հետ ծանոթանալու, գեղեցիկ վայրեր մեկնելու, հետաքրքիր պատմություններ պատմելու և ինչ-որ բան փոխելու հնարավորություն ունեմ։

Իմ գրեթե բոլոր նախագծերը կանանց մասին են, որոնք, որպես կանոն, իրենց զոհաբերում են հանուն ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի։ Ընտանիք, երեխաներ, թոռներ, ամուսիններ․ սա է վրացի կանանց կյանքը։

Իմ ընտանիքում նման ինքնազոհաբերության օրինակ նույնպես կա։ Ես փոքր էի, երբ մահացավ հայրս։ Մայրս էլ չամուսնացավ, իր կյանքն ինձ նվիրեց։ Ես ասում եմ, որ նա չպետք է այդպիսի բան աներ, կինը պետք է իր կյանքն ունենա։

Ես շատ եմ ճամփորդում և տեսնում եմ, որ շրջաններում իրավիճակը շատ ավելի ծանր է։ Այնտեղ կանայք չգիտեն նույնիսկ այն, որ իրավունքներ ունեն։ Հավանաբար, նրանք կցանկանային իրենց ձայնը լսելի դարձնել, սակայն այդպիսի հնարավորություն չունեն։ Նրանք չգիտեն, թե ինչպես դա անել։

Երբ ես առևանգված հարսնացուների մասին նախագիծ էի անում, մի աղջկա լուսանկարեցի, որն ամուսնացել էր 16 տարեկանում։

Նրան առևանգել էին, փակել տանը և զրկել ուսումը շարունակելու հնարավորությունից։ Ես հաճախ եմ մտածում այդ աղջկա մասին․ ի՞նչ է տալու նա իր երեխաներին։ Իսկ երեխանե՞րն ինչ են տալու իրենց երեխաներին։

Ինչպե՞ս կարելի է կտրել այդ շղթան։ Թերևս կրթության միջոցով, այլ ելք չկա։

Իմ վերջին նախագիծը նույնպես կանանց մասին է, որոնք պատերազմում կորցրել են իրենց ամուսիններին, երեխաներին, ընտանիքի այլ անդամներին։

Մենք Ջունա անունով մի կնոջ ենք գտել, որը 2008 թ-ի օգոստոսին Գորիի ռմբակոծման ժամանակ ծննդաբերելիս է եղել Գորիի հիվանդանոցում, և Քեթո անունով աղջիկ է ունեցել։

Մարինան հացի փուռ է ունեցել Նուլի գյուղում։ Նա վերջինն էր, ով լքել է գյուղը՝ փրկվելով կրակից։ Հեռանալուց առաջ նա տանը սեղան է գցել և ուտելիք թողել վրացի զինվորներին, որոնք իբր սոված կլինեին։

Պատերազմի միջով անցած կանայք շատ ուժեղ են, ընտանիքները նրանց վրա են հիմնված նրանք ամբողջական գյուղեր են փրկել։ Սակայն նրանց կյանքն այնպես է դասավորվել, որ չեն կարողացել ասել այն ամենն, ինչ ցանկացել են, չեն արտահայվել»։

Նեստան (Նենե) Կվինիկաձե, 38 տարեկան

90-ական թվականներին, երբ Թբիլիսիում լույս չկար, փողոցներում քայլելը վտանգավոր էր հանցավորության պատճառով և բոլորը միանման մուգ գույնի հագուստ էին կրում, Նենեն վառ կարմիր շրթներկ էր օգտագործում՝ այդպիսով փորձելով առանձնանալ շրջապատող միապաղաղ իրականությունից։

Նա ասում է, որ սկսել է գրել այն պատճառոով, որ ցանկացել է անել մի բան, որ չեն անում ուրիշները։

Նրա հանդուգն տեքստերում կանայք հաճախ իրենց այնպես չեն պահում, ինչպես «պետք է պահի վրացի կինը», և նա հաճախ դրա համար քննադատության առակա է դառնում։

Ես 18 տարեկան էի, երբ մայրս մահացավ։ Հայրս մնաց երկու դեռահաս դուստրերի հետ մենակ։ Այդ ողբերգությունն իմ կյանքում շատ բան կանխորոշեց և որոշակի առումով ինձ համար որպես վահան էր ծառայում։

Ինձ մոտ ցավի հանդեպ խուճապային վախ հայտնվեց։ Ես վախենում էի, որ ինչ-որ մեկն ինձ կվիրավորի, այդ պատճառով էլ ինձ մոտ պաշտպանական տարօրինակ մեխանիզմ սկսվեց․ բանը վիրավորանքի և ճնշման չհասցնելու համար ես ինձ պաշտպանում էի նրանով, որ առաջինն էի վիրավորում և նեղացնում։

Շատ իրավիճակներում, այդ թվում՝ անձնական հարաբերություններում ես նախընտրում էի առաջինը հեռանալ այն վախից, որ ինձ ցավ կպատճառեն։ Լավ է, որ այդ ժամանակն անցյալում է։ Ցավից հնարավոր չէ փախչել, սակայն այն ժամանակ ես ինձ հավանաբար ավելի հանգիստ էի զգում այդպես։

Հայրս, որն ավանդույթների կողմնակից էր, մանկուց մեզ քութայիսցի մի կնոջ պատմություն էր պատմում, որի հորը 1937 թ-ին գնդակահարել էին, իսկ աղջկան՝ վտարել դպրոցից և որպես «ժողովրդի թշնամու» դեմ փակել բոլոր դռները։

Այդ կինը տատս էր։ Նա կարողացել էր Թբիլիսի տեղափոխվել, ադապտացվել, ամուսնանալ և երեխաներ դաստիարակել։ Նրա համար մեկ էր, թե ինչ են մտածում շրջապատի մարդիկ, նա փողոցում քայլում և հանգիստ ծխում էր։ Ժամանակ անցավ, և ես հասկացա, որ այդ պատմությունը մեզ պատմել են, որ մենք նույնքան ուժեղ լինենք։

Ինձ համար հենց դա է ֆեմինիզմը՝ ներքին ուժը։ Ես կուզենայի, որ բոլոր նրանց, ովքեր կարող են ուրիշներին ուժ տալ, ֆեմինիստ անվանեն։

Գիտե՞ք, թե ինչի համար եմ ափսոսում։ Առաջ կին հեղինակներին, նկարիչներին, նրանց, ովքեր ինչ-որ բանով էին զբաղվում, ավելի ազատ էին քննադատում։ Հիմա քննադատը հարյուր անգամ կմտածի այնպես անել, որ իրեն չմեղադրեն ոչ կոռեկտության և կնատյացության համար։

Ինձ դուր չի գալիս այդ միտումը։ Դա նույնպես խտրականության արտահայտում է և ռիսկ, որ անիրավահավասարությունն էլ ավելի է խորանալու։ Դու կին ես, այդ պատճառով էլ հետդ անիմաստ է վիճել․ այսպիսի մոտեցումը վիրավորական է։

Վրաստանում շատ բան է փոխվում, սակայն կանայք դեռ հեռու են լիակատար իրավահավասարությունից և ազատությունից։ Ինձ հաճախ են առարկում, թե իբր Թբիլիսիում այդպիսի բաներ էլ տեղի չեն ունենում․ նկատի ունեն ֆիզիկական և հոգեբանական բռնությունը, իբր այդպիսի բաներ տեղի են ունենում միայն բարձրադիր գյուղերում, այստեղից հեռու։ Մենք դաժանորեն մեզ խաբում ենք, քանի որ իրականում մեր կողքին, շատ մոտ, աղջիկներ և կանայք են ճնշումների զոհ դառնում։

Իմ տեքստերի մեծ մասը գրված է հենց նրանց անունից․ դրանք կանանց պատմություններ են, աղջիկների փորձ, որն աճում է վեպից վեպ։ Ինձ համար շատ կարևոր է, որպեսզի յուրաքանչյուր կին իր մեջ ուժ գտնի, և եթե իմ տեքստերն այդ հարցում օգնեն նրանցից գոնե մեկին, ես շատ երջանիկ կլինեմ։

Նախագծի հեղինակ՝ JAMNews

Տեքստի հեղինակ՝ Նինո Գամիսոնիա

Լուսանկարները՝ Դինա Օգանովա

Տեսանյութը՝ Դավիթ Պիպիայի

Բողոքի ցույցի լուսանկարը՝ Յանա Կորբեզաշվիլիի

Created By
JAMnews Тбилиси
Appreciate
NextPrevious

Report Abuse

If you feel that this video content violates the Adobe Terms of Use, you may report this content by filling out this quick form.

To report a Copyright Violation, please follow Section 17 in the Terms of Use.