Արմինե Մանուկյանը 4 անգամ վերընտրվել է Կապանի տարածաշրջանի Շրվենանց գյուղական համայնքի ղեկավար: 12 տարի զբաղեցրել է այդ պաշտոնը: Համայնքների խոշորացումից հետո Կապան համայնքի նույնանուն բնակավայրի վարչական ղեկավարն է: Սկզբունքային է, եռանդուն ու նպատակասլաց:
«Ամենաթեժ մրցապայքարը եղել է հենց 2005 թվականին, երբ առաջին անգամ առաջադրվեցի, բայց, ասեմ ձեզ, սեռային տարբերակում չկար: Համայնքի բնակիչներն իմ թեկնածությանն են նախապատվություն տվել՝ հաշվի առնելով ներուժս, այլ ոչ թե կին լինելը: Ընտրություններում հաղթանակ տարա 4 ձայնի առավելությամբ,- վերհիշում է նա և շարունակում,- ընտրվելու առաջին տարում հաջողվեց լուծել գյուղի կարևոր հիմնախնդիներից մի քանիսը, դրանցից էր ջրամբարի կառուցում, դաշտամիջյան ճանապարհների՝ քիչ թե շատ բարեկարգումը»:
ՏԻՄ համակարգում աշխատանքի լավագույն գնահատականը Արմինե Մանուկյանը համագյուղացիների վստահությունն ու անմիջական աջակցությունն է համարում, չնայած՝ աշխատանքը գնահատվել է նաև տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների կողմից: Այս տարիների ընթացում մի շարք պատվոգրերի և շնորհակալագրերի է արժանացել:
1997 թ.-ից մինչև 2005 թվականը գյուղի գրադարանում է աշխատել: Այլ գյուղից հարս գալ Շրվենանց ու դառնալ համայնքի ղեկավար՝ տիկին Արմինեի մտքով չէր էլ անցնում.
«37 տարեկանում դարձա գյուղապետ, չնայած` ես այդ բառը չեմ սիրում, այլ նախընտրում եմ համայնքի ղեկավար»,-ասում է նա:
Այսօր այն համոզմանն է, որ ոչինչ պատահական չի լինում: Համայնքի բնակիչների հետ տարբեր նախաձեռնություններով են հանդես եկել` շաբաթօրյակներ, բարեկարգման աշխատանքներ, իսկ հիշատակի օրերին էլ համախմբվում են, միասին հուշարձան այցելում, հարգանքի տուրք մատուցում:
Գյուղը կենդանի պահողը դպրոցն է ու մանկապարտեզը: 10 տարի առաջ աշակերտ չլինելու պատճառով Շրվենանցի 100-ամյա պատմություն ունեցող դպրոցը փակվեց, շենքն էլ աստիճանաբար խարխլվեց: Գյուղը դասվեց ծերացող համայնքների շարքին: Այս մասին տիկին Արմինեն սրտնեղած ու մտահոգված է խոսում: Առհասարակ կարծում է, որ ներկայիս իշխանությունը պետք է գյուղերի պահպանման ու զարգացման համար յուրաքանչյուր համայնքի առանձնահատկությունը հաշվի առնելով ծրագիր մշակի:
Խոշորացմանն անդրադառնալով՝ տիկին Արմինեն անկեղծանում է՝ իրավունքների կրճատում, պարտականությունների ավելացում է: Առավելությունը էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունն է: Իսկ, խոշորացված համայնքի երիտասարդ ղեկավար Գևորգ Փարսյանի հետ համագործակցության մասին խոսելիս՝ շեշտում է.
«Բոլորս էլ պետք է մեր աշխատանքով աջակցենք, որ բազմաբնակավայր համայնքը կայանա: Լինենք ամենքս մեր տեղում ու մեր ղեկավարի կողքին»:
ՆԵԼԼԻ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ