«Թբիլիսյան տան կահավորման ժամանակ, Երևանի տնից նկարում էին կահույքի լուսանկարները և ուղարկում էին մեզ և մենք Թբիլիսիի ավաններում, գյուղերում փնտրում էինք հնարավորինս նման իրեր Թումանյանի ժամանակվա ինտերյերն այս տանը վերականգնելու համար»,- պատմում է Գիսանեն:
2017 թվականի օգոստոսի 5-ին Հովհաննես Թումանյանի տանը պաշտոնապես բացվեց Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական-մշակութային կենտրոնը:
Այս տարի լրանում է Հովհ․ Թումանյանի 150-ամյակը:
«Թումանյանի հոբելյանական այս տարին 150-ամյակն այն խթաններից մեկը դարձավ, որը կրկին անգամ միավորեց համայն աշխարհի հայությանը: Բոլորը համախմբվեցին Թումանյան արեգակի շուրջ»։
«Մեր կենտրոնում Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառումների շարքը մեկնարկեց փետրվար ամսին, տան դռները բաց են, տունը բոլորինն է, և տարվա ընթացքում ունենք շատ հետաքրքիր ծրագրեր»,- նշում է Գիսանե Հովսեփյանը։
Երևանի Հովհ. Թումանյանի թանգարանը նախաձեռնել է Թումանյանի հեքիաթների նոր գրքերի հրատարակում՝ վրացերեն և հայերեն հեքիաթները մեկ գրքով։
Թումանյանի թանգարանի հետ համագործակցությամբ այս տարի նախատեսվում է տպագրել նրա նամակներն ու հոդվածները, ինչպես նաև նախատեսվում է քառյակների թարգմանություն:
Այս հյուրընկալ տունը ոչ միայն Թումանյան ընտանիքի բնակարանն էր, այլև ժամանակի կարևոր գրական, մշակութային, հասարակական կենտրոնը:
«Ո՞վ չի եղել այս փոքրիկ սեղանի շուրջ, - գրում է Նվարդ Թումանյանն իր հուշերում,- Աղայանն ու Կոմիտասը, Լեոն ու Շիրվանզադեն, Մառն ու Ջիվելեգովը, Շանթն ու Սիամանթոն, Իսահակյանն ու Փափազյանը, Հովհաննիսյանն ու Ծատուրյանը, Բրյուսովը, Գորոդեցկին, Իաշվիլին, Տաբիձեն, Գրիշաշվիլին և շատ ու շատ ուրիշներ»: