View Static Version
Loading

Գիշերօթիկից՝ տուն Արդյոք չեն տուժի երեխաներն այս գործընթացի ճանապարհին

ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է լուծարել 4 գիշերօթիկ հաստատություն Բյուրեղավանում եւ Դիլիջանում, 2-ը` Գյումրիում։ Գիշերօթիկներից 3-ը կփակվեն 2019թ.-ի դեկտեմբերին: Գյումրիում գործող գիշերօթիկներից մեկը, սակայն, ծառայություններ կմատուցի մինչեւ 2020 թվականի հունիսի 25-ը:

Երեխան պետք է մեծանա ընտանիքում․ հաստատությունների լուծարման որոշումն այսպես են բացատրում նախարարության պաշտոնյաները: Նրանք առաջարկում են գիշերօթիկ հաստատություններին ուղղվող գումարով աջակցել ընտանիքներին, որպեսզի սոցիալական պայմանների պատճառով երեխան չհայտնվի հաստատությունում: Իսկ, եթե այլ պատճառներով անհնար է երեխայի վերադարձը կենսաբանական ծնողների մոտ, ապա պետությունը երեխայի համար խնամատար ընտանիք է փնտրելու՝ նրանց խնամքն այդ ընտանիքում կազմակերպելու համար:

Գիշերօթիկները լուծարելու այս նորությունը տագնապի է մատնել թե՜ ծնողներին թե՜ հաստատությունների կոլեկտիվներին: Նրանք այնքան էլ չեն վստահում կառավարական փաստաթղթերին եւ չեն բացառում, որ այդ որոշումները, հնարավոր է, երեխային մղեն փողոց՝ մուրացիկության, հանցագործության. գործազուրկ դառնալու հեռանկարն էլ մի կողմից է նրանց վախեցնում:

«Այդ երկու գիշերն էլ, որ երեխաներս անցկացնում են տանը, սաղ գիշեր պահակ եմ նստում, որպեսզի մկները, կռիսները երեխաներիս վնաս չտան»,-ասում է գյումրեցի Արմինե Մկրտչյանը՝ ցույց տալով առնետների դեմ պայքարի իր միջոցը...

Նա երեք երեխաների միայնակ մայր է, տասը տարի է՝ երեխաներին մենակ է մեծացնում: Շաբաթվա հինգ օրը երեխաները՝ Ազատուհին, Անին ու Գեւորգը խնամվում են Գյումրու երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատությունում, միայն շաբաթ-կիկրակի օրերին են տանը գիշերում: Արմինեի երեխաները հաստատություն են հաճախում 2014 թվականից:

Արմինեն ասում է, թե ինքը վատ մայր չէ, պարզապես երեխաներին խնամելու պայմաններ չունի: Նրա խոսքով, երեխաները գիշերօթիկում տաք ճաշ են ուտում, բարվոք պայմաններում քնում ու լողանում են: Հաստատությունը հագուստ էլ է երբեմն տալիս: Չի պատկերացնում՝ գիշերօթիկի լուծարման դեպքում երեխաներին ինչպե՞ս է խոնավ, սառը, լոգարանից ու զուգարանից զուրկ տնակում պահելու:

Երկուշաբթին ծանր օր է. երեխաները դժվար են մորից բաժանվում, Արմինեն էլ կատակներով է նրանց ճանապարհում, որ տնից նեղսրտած չգնան հաստատություն. «Ասում եմ՝ գնացեք ձեր երկրորդ մամաների մոտ: Ինձնից լավ են ձեզ պահում»:

Արմինեի ընտանիքի եկամուտը 35 հազար դրամ անապահովության նպաստն է: Խարխուլ, խոնավ տնակում միակ հաճելին վառարանում թխվող հացի անուշ բույրն է: Մի քանի օրը մեկ Արմինեն հաց է թխում, բայց ոչ նրա համար, որ «տնական» հաց ուտեն. հաշվել, գումարել-հանել է ու տեսել, որ ալյուրը գնելու եւ թխելու պարագայում ընտանիքի բյուջեի վրա հացն ավելի էժան է նստում: Երեխաների համար գոնե ամիսը մեկ միս, քաղցրավենիք կամ անհրաժեշտ հագուստ գնելու մասին չի էլ մտածում. ոնց հաշվում է, ծախսերի մեջ չի տեղավորվում:

Ասում է՝ ոչ էլ առողջական հարցերն է կարողանում լուծել, որ գոնե աշխատի.

«Գեւորիկս ասում է՝ մամ մի օր խմորեղեն չես թխի՞, ասում եմ՝ սպասենք եկող ամիս հենց նպաստը ստանամ, կթխեմ բալես: Ստանում եմ, ալյուր եմ առնում, լույսի փողն եմ մուծում, մեկ էլ մի քանի անհրաժեշտ ուտելիք, տակը բան չի մնում, մնացած մի քանի հազար դրամն էլ երեխաներին ճանապարհածախս եմ տալիս, որ գնան գիշօթիկ, ուրբաթ օրն էլ գան»:

Ի տարբերություն եղբորը՝ Գեւորգի, որը երազում է հայտնի ֆուտբոլիստ դառնալ, Ազատուհու երազանքներն ավելի համեստ են: Ասում է՝ չի կարող, ոչ էլ հնարավորություն ունեն երկար տարիներ ուսման վրա ժամանակ ու ֆինանս ծախսելու: Մտածում է՝ արագ մի արհեստ սովորի, որպեսզի մոր հոգսը փոքր-ինչ թեթեւացնի:

Իրենց՝ հաստատություն տալու մոր որոշմանը երեխաներն ըմբռնումով են մոտենում: Բայց, միեւնույն է, գիշերօթիկ գնալու օրը մորից դժավարությամբ են բաժանվում՝ անկախ նրանից, որ այնտեղ լավ մթնոլորտ է, եւ, ինչպես Ազատուհին է ասում՝ մի «կոնֆետն էլ իրար մեջ բաժանում» են: Արմինեի երեխաները հաստատությունում տարբեր խմբակների են հաճախում:

Գեւորգն արդեն մի քանի մեդալ է տուն բերել: Գիշերօթիկից ֆուտբոլի է գնում ու արդեն մի քանի լուրջ մրցաշարերի է մասնակցել:

Երեք երեխաների խնամքը Գյումրու թիվ 1 գիշերօթիկ հաստատությանը հանձնած Ա. Մ.-ն նույնպես մտահոգված է կառավարության որոշմամբ: Ասում է՝ մեծ ուրախությամբ երեխաներին ընտանիք կվերադարձնի, եթե, իհարկե, ապրելու տեղ ունենա: Այս պահին Ա. Մ.-ն իր կենցաղը ծնողների հետ է կիսում, որտեղ նրա եղբոր ընտանիքն էլ է ապրում: Ամուսնու երկարատեւ հիվանդությունն այս ընտանիքից խլել է բարեկեցիկ ապրելու, սեփական բնակարանն ունենալու հնարավորությունը: Մինչեւ այդ հարցը չլուծվի, չի կարող երեխաներին հաստատությունից տուն տանել: Ասում է՝ իր խնդիրը սնունդն ու հագուստը չեն, դրանք կարող է ապահովել, կարեւոր հարցը տանիքն է, որի տակ պատրաստ է հավաքել ընտանիքին եւ անգամ երկու տեղ աշխատել: Ասում է՝ անգամ արտագնա աշխատանքն է թողել՝ վերադարձել, որպեսզի երեխաներից հեռու չլինի:
Ա. Մ.-ի երկու աղջիկները՝ Լիաննան եւ Արուսյակը, որոնք որդուց մեծ են, փորձում են զգացմունքները թաքցնել, չբողոքել ծնողների կարոտից: Արուսյակը գիշերօթիկի օրը լցնում է թեթեւ աթլետիկայի պարապունքներով, մրցումների է մասնակցում, Լիաննան էլ նկարչական խմբակի է գնում եւ դասերով զբաղվում: Գիտակցում են, որ բաժանումը ժամանակավոր է, մինչեւ որ ծնողները կկարողանան բնակարանի հարց լուծել:

Ծնողներից բաժանումն ամենածանրը 11-ամյա Հակոբն է տանում՝ չնայած, որ շաբաթը մի քանի անգամ ֆուտբոլի պարապունքների է գնում: Հակոբը Գյումրիի երիտասարդների «Շիրակ» թիմում է խաղում: Մեկ ամիս առաջ էլ 4 գոլի հեղինակ է դարձել: Հաստատությունում երկու քույրիկների հետ մշտապես շփվում է, օրը մի քանի անգամ ծնողների հետ հեռախոսով խոսում:

Մայրն ասում է, որ որդին շատ է կարոտում եւ ոչ մի կերպ չի համակերպվում տնից հեռու ապրելու մտքի հետ, դրանից էլ տրամադրությունը գցում, ագրեսիվ է դառնում:

«Ի՞նչ կլինի, որ մի օր էլ խորոված տաք»: Գիշերօթիկի տնօրինությունը բողոքների արկղից մի օր էլ այսպիսի գրություն է հանել: Երեխայի խնդրանքը չեն անտեսել. ճաշին խորոված են մատուցել: Բողոքների արկղը դատարկ չի մնում: Երեխաներն ապրումներն ու մտածմունքները հիմնականում թղթին են հանձնում. իրարից են բողոքում, թե մեկն իրեն թարս նայեց, մյուսը՝ նեղսրտում, որ իրեն վիրավորել են:

Միայն Հակոբը չէ, որ այդպիսի տրամադրությամբ է գիշերօթիկ հաճախում: Գյումրու երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատությունում արդեն հինգ տարի դայակ աշխատող Ամալյա Հանեսօղլյանը նկատել է, որ հատկապես երկուշաբթի օրերին երեխաներից շատերի վարքն ագրեսիվ է: Այդ օրն են նրանք ընտանիքներից վերադառնում գիշերօթիկ:

Երեխաներից ոմանք հաստատություն են գալիս թերսնված, չլողացած: Նրա խոսքով, եթե նախաճաշ արած չեն լինում, ուտում են եւ գնում հանրակրթական դպրոց: Ապա կրկին վերադառնում են հաստատություն, ճաշում են, դասերն են պատրաստում, խմբակների հաճախում:

Ամալյա Հանեսօղլյանը, որը նույնպես կանգնած է գործազուրկ մնալու հեռանկարի առաջ, կառավարության պատասխանատուներին հարց է ուղղում՝ եթե այս երեխաներին տալիս են դրամական եւ այլ աջակցություն, իսկ մե՞ր երեխաներին ով պետք է պահի, եթե մնացինք առանց աշխատանք. չէ՞ որ մենք էլ ունենք ընտանիքներ, երեխաներ:

Թե՜ երեխաների, եւ թե՜ աշխատակիցների ճակատագիրը Գյումրու երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատության տնօրեն Գինուշ Զատիկյանին նույնպես մտահոգում է, հատկապես՝ մինչ այս պահը չգիտեն՝ որպես երկարամյա եւ փորձառու մասնագետներ, իրենք մաս կազմելո՞ւ են նախարարության ծրագրերին:

Տիկին Զատիկյանի խոսքով, գիշերօթիկ հաստատության փակվելու լուրն իրենց համար անակնկալ չի եղել, պարզապես անակնկալ էր, երբ նախագծում կարդացել են «լուծարում» բառը: Մինչդեռ նախկինում խոսք է գնացել հաստատությունը ոչ թե լուծարելու, այլ վերակազամակերպելու մասին: Հաստատության տնօրենը, սակայն, անկախ առաջ եկող խնդիրներից, երեխաներին ընտանիք վերադարձնելու նախարարության գաղափարը ճիշտ քայլ է համարում: «Յուրաքանչյուր ընտանիք ի վերջո պետք է պարտավորված լինի իր երախային խնամք ու դաստիարակություն տալու: Այս ամենում ամենակարեւոր գործոնն է՝ ծնողի մեջ հոգեբանություն փոխելը: Մեր ժողովուրդը սովորել է միայն սպառողի հոգեբանությանը: Ինչքան էլ լավ պահեմ, մեծացնեմ, այնուամենայնիվ, նրա համար մայր չեմ կարող լինել: Այստեղ պահում էինք, խնամում, բայց երեխան, երբ ավարտում է, գնում տուն, կրկին բախվում է այդ նույն խնդիրներին: Այսինքն՝ պետությունն ուզում է ընտանիքին հզորացնի, եւ երեխան մեծանա ընտանիքում»,-ասում է Գինուշ Զատիկյանը: Ներկայում նրա ղեկավարած գիշերօթիկ հաստատությունում խնամվում է 61 երեխա: Նոր երեխաների ընդունելությունը, նախարարության հորդորով, դադարեցված է: Տնօրենը կարծում է, որ փոփոխությունները չեն կարող առանց խնդիրների լինել, բայց գտնում է, որ դրանք լուծելի են:

Այն, որ երեխաներին ընտանիք վերադարձնելու ճանապարհին կան ռիսկեր, չեն թաքցնում նաեւ կառավարության պատասխանատուները: Կան երեխաներ, որոնց ընտանիք վերադառնալը ռիսկային է, այդ իսկ պատճառով այդ երեխաները պետք է շարունակվեն խնամվել հաստատությունում՝ մինչեւ որ նախարարությունը կգտնի յուրաքանչյուրի այդպիսի երեխայի համար լավագույն լուծումը: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշում է, որ հիմա գնահատում են բոլոր ռիսկերը, օրինակ՝ ընտանիք վերադառնալուց հետո արդյոք ապահոված կլինի՞ երեխայի կրթության իրավունքը, առողջ ապրելակերպը, կունենա՞ բժշկական օգնություն այդ կարիքի պարագայում եւ այլն: Փոխնախարարը վստահեցնում է՝ գործընթացին ընթացք են տվել միայն այն ժամանակ, երբ հասկացել են, որ ռիսկերն ամբողջությամբ վերահսկելի են, եւ ամեն երեխայի համար գտել են լավագույն լուծումը:

«Ամեն ընտանիքի հետ աշխատանքի կարիք կա: Ունենք ընտանիքներ, որոնք ավելի թեթեւ նյութական աջակցության կարիք ունեն եւ որեւէ այլ ծառայության կարիք չեն ունենում երեխային ընտանիք վերադարձնելիս: Նույնիսկ կան ընտանիքներ, որոնք, ըստ էության, չպետք է լինեին գիշերօթիկ հաստատություններում, բայց տարել են երեխային, որովհետեւ ավելի մոտ է եղել իրենց տանը: Կան ընտանիքներ էլ, որոնք ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլեւ բռության խնդիր ունեն, եւ երեխայի՝ այնտեղ գտնվելը վտանգավոր է: Ամեն ընտանիքի դեպքում ծառայությունների փաթեթը տարբեր է՝ կախված նրանից, թե ինչի կարիք կա»,-ընդգծում է նախարարության պաշտոնյան:

Փոխնախարարը նշում է, որ մասնավորապես Գյումրիում սուր է բնակարանային պայմանների հարցը, եւ այն ընտանիքներն էլ, որոնք պատրաստակամ են իրենց երեխաներին ընդունել, ունեն կացարանի խնդիր: Այդիսկ պատճառով նման խնդիր ունեցող ընտանիքների երեխաները կհաճախեն լուծարման ժամկետը երակարաձգված հաստատություն, մինչեւ որ նրանց բնակվելու տեղի հարցը լուծվի: Ըստ փոխնախարարի՝ երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքը մեր հասարակությունում պետք է իրացվի՝ անկախ նրանից, թե ինչ ռեսուրս եւ ինչ ծավալի աշխատանք է դա պահանջում: Նրա տեղեկացմամբ՝ արդեն իսկ հանդիպումներ են ունեցել առեւտրային բանկերի եւ շինարարական կազմակերպություների ներկայացուցիչների հետ, որոնց փորձում են ներգրավել գործընթացում՝ կացարանի եւ բանակարանային խնդրի աջակցության հարցում:

Լուծարման ենթակա չորս գիշերօթիկներում խնամվում է 260 երեխա, նրանցից միայն 28-29-ն են, որ բարձր ռիսկային խմբում են, այսինքն՝ վերադառնալու տեղ չունեն: Սոցիալական ոլորտի պատասխանատուների հաշվարկները ցույց են տվել, որ լուծելով այս 260 երեխայի հարցը՝ հնարավորություն է ստեղծվում առկա ռեսուրսներն ուղղելու նաեւ կանխարգելման քաղաքականությանը: Նախարարությունից տեղեկացանք, որ այս 4 գիշերօթիկները պահելու համար պետությունից տարեկան հատկացվել է կես միլիարդ ՀՀ դրամ:
«Մենք կարծում ենք, որ պետության պարտավորությունն է՝ կարիքի դեպքում աջակցել երեխային եւ նրա ընտանիքին, բայց կարիք չկա դրա համար երեխային հանել ընտանիքից եւ պահել հաստատությունում»,-ընդգծում է Ժաննա Անդրեասյանը: Նրա ներկայացմամբ՝ բարեփոխումների ծրագրով պետք է ստեղծվեն նաեւ ճգնաժամային կնետրոններ, որտեղ բարդ իրավիճակում հայտնված երեխան կարող է խնամվել՝ մինչեւ որ ընտանիքին դուրս կբերեն ճգնաժամային իրավիճակից: Փոխնախարարն ասում է, որ հենց այդ ստեղծված ծառայություններում էլ լուծարված հաստատությունների աշխատակիցները կարող են գործ գտնել: Գիշերօթիկների հաստատությունների աշխատակիցներին նախարարությունն առաջարկել է նաեւ դառնալ խնամատար ընտանիքներ՝ հաշվի առնելով դժվար իրավիճակներում հայտնված երեխաների հետ աշխատելու նրանց երկարամյա փորձը: Այդպիսի ընտանիքները պետության կողմից ամեն ամիս յուրաքանչյուր երեխայի համար վճարվելու են:

«Վորլդ Վիժն Հայաստան»-ի «Ընտանեկան միջավայր եւ ծառայություններ Հայաստանի երեխաների համար» ծրագրի ղեկավար Գայանե Մարտիրոսյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց կազմակերպությունը պետությանն աջակցում է, որպեսզի այդ երեխաների կարիքները պատշաճ գնահատվեն, անհատական զարգացման պլանները մշակվեն, որ երեխաները եւ նրանց ընտանիքները ստանան իրենց կարիքներին համապատասխան աջակցություն: Գնահատում են ոչ միայն երեխայի կարիքը, այլեւ՝ ընտանիքի պոտենցիալը:

«Տեսնում ենք, թե երեխայի խնամքով զբաղվող ընտանիքի անդամներն ի՞նչ կարող են անել, որից կստանան կայուն եկամուտ: Օրինակ՝ մայրը լավ կարուձեւ է անում, Վորլդ Վիժնը գնում է այդ պարագաները եւ ապրանքները, որոնք անհրաժեշտ են այդ կարուձեւը կազմակերպելու համար եւ տալիս ընտանիքին: Միաժամանակ կազմակերպում ենք նաեւ մասնագիտական վերապրոֆիլավորում, օգնում ենք շուկայում կողմնորոշվել, թե ինչպես այդ ապրանքն իրացնել»,-պատմում է Գայանե Մարտիրոսյանը՝ նշելով, որ ընտանիքին սովորեցնում են նաեւ բյուջետավորում, որպեսզի կարողանա ճիշտ պլանավորել իր մուտքերն ու ծախսերը: Մեր զրուցակիցն ասում է, որ ծնողավարման դասընթացներ նույնպես կազմակերպելու են. «Մենք նաեւ հնարավորություն ենք տալիս, որպեսզի երեխաները մասնակցեն տարբեր տեսակի խմբակների, կարողանան այցելել երկարօրյաներ, որտեղ դասապատրաստման հարցը կլուծվի: Այսինքն՝ ստանալ բոլոր այն ծառայությունները, որոնք նրանք կստանային՝ գտնվելով հաստատություններում»:

Լուծարման գործընթացում ներգրավված ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոնի» տնօրեն Միրա Անտոնյանը գտնում է, որ այս ծրագրով պետությունը «երեսառվում է զմրսված խնդիրներին» եւ փորձում դրանց լուծումներ տալ: «Հայաստանում 41 տոկոս մանկական աղքատություն ունենք, բայց ընդամենը 260 երեխա ունենք հաստատությունում, ուրեմն սա աղքատության խնդիր չէ, այլ՝ աղքատություն գումարած այլ հանգամանքներ: Ամբողջ քաղաքականության նպատակն այն է, որ ընատիքներին ուժեղացնեն, որպեսզի նրանք ի վիճակի լինեն ատամները կրճտացնելով, ռեսուրսները հավաքագրելով պահել իրենց երեխաներին, ինչպես նրանց հարեւաններն են անում, որոնք նույն ձեւով դժավարության մեջ են ապրում, բայց իրենց երեխաներին չեն տանում ո՜չ մանկատուն, ո՜չ գիշերօթիկ: Գալիս ենք օգնելու, որ նրանք իրենց արժանապատվությունը վերականգնեն: Նախկինում մենք ծնողին ասում էինք՝ կամ ոնց ուզում ես քո երեխային պահի, կամ կտանեմ հաստատություն՝ ամբողջ ծախսը կվերցնեմ ինձ վրա. հիմա այդ սեւ ու սպիտակ վիճակից երկիրը փոխվում է, գույներ է տալիս իր կողմից մատուցվող ծառայություններին: Վատ բան կա՞ սրա մեջ»,-ասում է տիկին Անտոնյանը: Նրա խոսքով, կարիքների բազմազանությունից պիտի լինի առաջարկների բազմազանություն, քանի որ նրանցից յուրաքանչյուրը տարբեր մոտեցման կարիք ունի. «Պետք չէ բոլորին տանել խնամքի հաստատություն մտցնել»:

2020 թվականի հունվարից արդեն կգործեն ցերեկային կենտրոնները՝ համագործակցելով հասարակական կազմակերպությունների հետ: Դրանք ծառայությունը կմատուցեն տեղում՝ համայնքներում: Այսպիսի ծառայությունները, ըստ փոխնախարարի, նույն ռեսուրսով հասանելի կլինեն շուրջ 3300 երեխայի՝ ներկայում շահառու 260 երեխայի փոխարեն: Բացի այդ, ընտանիքներին կտրամադրվեն աջակցության փաթեթները, որոնք ներառում են առաջին անհրաժեշտության սննդամթերք՝ ձու, պանիր, կարագ, ձեթ, բրինձ, միս եւ այլն, ինչպես նաեւ՝ 20 հազարական դրամ:

Նախագծի հեղինակ՝ Լուսինե Բուդաղյան/ լուսանկարիչ եւ օպերատոր՝ Լուիզա Սուքիասյան/Aravot.am/

NextPrevious