View Static Version
Loading

Հասարակությունը կերտվում է կնոջ ձեռքով. Գայանե Քալանթարյան Վանաձորի ավագանու կազմում արդեն 20 տարի:

«Ես չեմ հոգնում աշխատանքից և հասարակական գործունեությունից, տարիների հետ ավելի եմ սիրում»,-այսպես է ինքն իր գործունեության մասին ասում Վանաձոր համայնքի ավագանու անդամ Գայանե Քալանթարյանը:

Մասնագիտությամբ բժիշկ Քալանթարյանը 1993 թ.-ին արդեն Վանաձորի Միջշրջանային դիսպանսերի տնօրենն էր:

27 տարի որպես տնօրեն աշխատելուց հետո, այս տարի անցել է այլ աշխատանքի. Կենսաթոշակային տարիքից հետո որոշել է թողնել պաշտոնը, բայց շարունակում է աշխատել՝ որպես մարզի գլխավոր հոգեբույժ:

Գայանե Քալանթարյանն արդեն 20 տարի Վանաձոր համայնքի ավագանու անդամ է: Վերընտրվել է 5 անգամ: Ակտիվորեն մասնակցում է գրեթե բոլոր միջոցառումներին, մշտապես կապի մեջ է իր ընտրողների հետ:

«Վանաձորի ավագանին շատ հետաքրքիր է, որքան էլ սկանդալային ձևավորվեց այս ավագանին, բայց մենք շատ համերաշխ ենք աշխատում և միասնական: Մեզ միավորում է քաղաքի հանդեպ, մեր գործի հանդեպ պատասխանատվությունը, մենք բոլորս ընտրվել ենք Վանաձորը ավելի լավը դարձնելու համար: Եվ, իհարկե, կա կանացի սոլիդարություն»,- ասում է նա:

Աշխատանքային գործունեությունը, ապա ղեկավար պաշտոնը նպաստել են Վանաձորի բազմաթիվ խնդիրներին ավելի մոտիկից առնչվելուն, իսկ ավագանու կազմում լինելը հետզհետե կարևոր է դարձել Գայանե Քալանթարյանի համար՝ որպես դրանց լուծման հնարավոր միջոց.

«Իմ մասնակցությունն եմ ներդրել քաղաքի առաջընթացի համար: Ավագանու ինստիտուտի կայացման ակունքներում եմ եղել կանգնած: Որպես կանոն, միշտ առաջադրվել եմ քաղաքի կենտրոնից, որտեղ լիդերի հատկություններով օժտված տղամարդիկ շատ կային: Ես կարողացել եմ բարձր հորիզոնականներ զբաղեցնել ոչ թե տղամարդկանց, այլ՝ թեկնածուների շարքում: Երկրորդ գումարման ավագանիում արդեն ընտրվեցի առաջատար դիրքերում: Ունենալով քաղաքի մտավորականության, ընտանիքիս, ընկերներիս աջակցությունը, մեծ լսարաններում հանդիպումներ ունենացա: Ես միայն կանանց համար ու նրանց հետ չեմ աշխատել, բայց երբ ընտրողներս տեսել են, որ ինձ, որպես կին, սատարում են ամուսինս, որդիներս, եղբայրներս, սատարել են նաև իրենք: Դրական վերաբերմունքը՝ որպես կին լիդերի, կին գործչի, տարածվել է առաջին հերթին իմ ընտանիքի կողմից: Եվ դա որոշակի ազդեցություն է ունեցել ընտրողների կարծիքի վրա»,- ասում է նա:
Գայանե Քալանթարյանը միշտ առաջադրվել է մեծամասնական ընտրակարգով, որպես անհատ: Նա համարում է, որ որևէ կուսակցության կազմում լինելը որոշակիորեն սահմանափակում է մարդուն. կուսակցական լինելով, պետք է հաշվի առնել նաև կուսակից ընկերների կարծիքը: Քալանթարյանը գտնում է, որ ավագանին չպետք է քաղաքականացված լինի.
«Սա ավելի շատ տնտեսական-հասարակական գործունեություն է, ոչ թե քաղաքական»,- ասում է նա:

Վանաձորի ավագանու Կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահն է: Քալանթարյանի ղեկավարած հանձնաժողովն ամենաակտիվն է, քանի որ դրանում հավաքված են մարդիկ, ովքեր, իրոք, անհանգստացած են առկա խնդիրներով:

Խոսելով հայ իրականության մեջ կնոջ դերի մասին՝ տիկին Քալանթարյանը նշում է, որ միշտ մեծ և կարևոր է եղել հայ կինը: Եթե նույնիսկ ոչ առերևույթ, միևնույնն է, հասարակությունը կերտվում է կնոջ ձեռքով, ձևավորվում է ընտանիքներում՝ մայրերի դաստիարակությամբ.
«Կանանց և տղամարդկանց հետաքրքրությունները, ուշադրության թիրախները տարբերվում են, և շատ կարևոր է, որ կանայք լինեն բոլոր գործընթացներում: Որքան էլ հետաքրքիր է, կանանց վրա ճնշումներ ավելի քիչ են լինում, և գիտե՞ք ինչու. առաջին հերթին, որովհետև նրանք չկան մեծ բիզնեսներում, կանայք ավելի սկզբունքային են, ավելի անկախ են «այո» կամ «ոչ» ասելիս»:

«Կանանց ներգրավվածությունը պետք է մեծանա,-ասում է Գայանե Քալանթարյանը,-Միայնակ պայքարելը դժվար է, իսկ եթե մենակ չես, ավելի հեշտ է ինչ-որ հարցում հաջողության հասնելը, հարցը լսելի դարձնելը: Այս առումով կարևորում եմ կանանց թիվը ցանկացած ոլորտում, առավել ևս՝ ավագանու կազմում: Բայց պետք է ընդգրկված լինեն բանիմաց, սկզբունքային, ճանապարհ անցած, լուրջ և կշռադատող կանայք: Կցանկանայի նոր մարդկանց տեսնել, նոր դեմքեր, երիտասարդներ՝ կրեատիվ մտածողությամբ: Մենք այդպիսիք ունենք, բայց, միգուցե, նրանց ակտիվացնելու համար պետք է, օրինակ, դպրոցներում աշխատանք տարվի, տարբեր միջոցառումներ և դասընթացներ կազմակերպվեն: Լիդերության դասընթացներ կան, բայց այստեղ էլ լայն պոտենցիալ, մտավոր կարողություններ ունեցող ոչ բոլոր կանայք և աղջիկները հնարավորություն ունեն ներգրավվելու»:

Որպես տնօրեն՝ 27 տարիների պաշտոնավարումը և 20 տարիների ավագանու ծառայությունը Գայանե Քալանթարյանը հաջողությամբ համատեղում է ընտանիքի կնոջ, 2 զավակների մոր և 5 թոռների տատի դերի հետ.
«Ընտանիքս միշտ եղել է կենտրոնում, գուցե ինչ-որ ժամանակահատվածում ինչ-որ բան մի փոքր տուժել է... Առանց դրա հնարավոր չէ: Բայց ես պերֆեկցիոնիստ եմ և ինչ անում եմ, պետք է լավ անեմ: Ընտանիքդ է քեզ սատարում, ընտանիքդ է ուժ տալիս, ուրեմն ամեն ինչի հաջողության կենտրոնում ինչ-որ չափով նաև ընտանեկան երջանկությունը, հաջողությունն ու խաղաղությունն է: Կինը պետք է առաջնային համարի նաև անձնական երջանկությունը: Կնոջ անձնական երջանկությունը պետք է հավասարազոր լինի իր զբաղեցրած դիրքին հասարակության մեջ, քանի որ ընտանեկան աջակցությունը կնոջ հաջողության գործում շատ կարևոր է»,- ասում է նա:

ՆԱՐԻՆԵ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Created By
WomenNet am
Appreciate
NextPrevious