View Static Version
Loading

Ի՞նչ է վերապրել Վրաստանը 2020 թվականին ՀԱՄԱՎԱՐԱԿ, ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՔԱՐՏԵԶԱԳԻՐՆԵՐԻ ԳՈՐԾ

2020 թ-ն աշխարհում միաձայն անվանում են վերջին տասնամյակի ամենածանր տարի։ Այդպիսին էր այն նաև Վրաստանի համար։

Բիզնեսն, ուսումն ու կյանքն ընդհանուր առմամբ Վրաստանում մեծապես արգելակված էին 2020 թ-ին կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Երկու ամիս արտակարգ դրություն էր գործում, չորս ամիս՝ պարետային ժամ։ Դպրոցներն ու մանկապարտեզները տարվա ընթացքում բաց են եղել ընդամենը երկու ամիս։ 2020 թ-ի ընթացքում վարակը սպանել է ավելի քան 2 500 մարդ երկրում և ավելի քան 33 հազար մարդու գործազուրկ դարձրել։

Համավարակը տարվա գլխավոր իրադարձությունն էր, որը ստվերեց մնացած ամեն ինչն ու ազդեց բոլորի վրա։

Կայանած քաղաքային տրանսպորտ Թբիլիսիում։ Ավտոբուսների պարկ։ REUTERS.

Սակայն 2020 թ-ը Վրաստանի համար քաղաքական առումով հարուստ էր։ Մի քանի իրադարձություն և միտում, որոնք այսուհետ միշտ կապված են լինելու 2020թ-ի հետ․

1.Հոկտեմբերի 31․ խորհրդարանական ընտրություններ

Ինչո՞ւ էին այդ ընտրութուններն առանձնահատուկ

◄ Ընտրություններն առաջին անգամ նոր՝ գրեթե համամասնական համակարգով են անցկացվել։ Իշխող թիմը լսեց ընդդիմության և քաղաքացիական հանրության ակտիվիստների ցանկությունները զանգվածային ցույցերից և միջազգային հանրության միջամտությունից հետո։ Սահմանադրությունում փոփոխություններ արվեցին, որոնց համաձայն՝ 120 պատգամավոր այսուհետ ընտրվում է համամասնական (կուսակցական) համակարգով և միայն 30-ը՝ միամանդատ մեծամասնական ընտրատարածքներից։

◄ «Վրացական երազանք» կուսակցությունը, որն արդեն երկիրը ղեկավարում է ութ տարի շարունակ, արդյունքում երրորդ անգամ ստանձնեց պաշտոնավարումը։ Վրաստանում նման բան առաջին անգամ տեղի ունեցավ։

◄ Ընդդիմությունը վրացական քաղաքականության համար աննախադեպ միասնականություն դրսևորեց․ նա չընդունեց ընտրությունների արդյունքներն ու դրանք կեղծված անվանեց։ Խորհրդարանում մանդատներ ստացած բոլոր ընդդիմադիր կուսակցությունները հրաժարվեցին դրանցից։

◄ Որպես հետևանք՝ Վրաստանն իր համար ևս մեկ պատմական ռեկորդ սահմանեց․ պատմության մեջ առաջին անգամ այստեղ միակուսակցական խորհրդարան է գործում։ Նիստերին մասնակցում են միայն իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորները։

◄ Արդյունքում՝ պատգամավորների թիվն էլ է ռեկորդային ցածր․ 150 տեղանոց խորհրդարանում աշխատում է ընդամենը 90 պատգամավոր։

_______________________________________________________________

2. Քարտեզագիրների՝ «խղճի գերիների» գործը

Խորհրդարանական ընտրություններից երեք շաբաթ առաջ՝ հոկտեմբերի 7-ին, Վրաստանի դատախազությունը քրեական գործ հարուցեց, որը կապված է Դավիթ Գարեջի վանական համալիրի շուրջ վրաց-ադրբեջանական տարածքային վեճի հետ։ Այս գործով ձերբակալվել է երկու մարդ՝ առաջատար գիտնականներ Իվերի Մելաշվիլին և Նատալյա Իլյիչովան։

Քննությունը պնդում է, որ նրանք նախագահ Սաակաշվիլիի պաշտոնավարման տարիներին աշխատել են սահմանագծման-սահմանազատման վրաց-ադրբեջանական պետական հանձնաժողովում և կարևոր քարտեզ են թաքցրել, որի հետևանքով Վրաստանին պատկանող մինչև 3 500 հեկտար հող է հանձնվել ադրբեջանական կողմին։

Ինչո՞ւ է սա կարևոր

Անկախ փորձագետները կարծում են, որ Մելաշվիլի-Իլյիչովա գործում ապցույցներ չկան։ Ընդդիմությունը հայտարարում է, որ գործը քաղաքական բնույթ է կրում։ Սահմանազատման գործընթացն իրականացվել է այն փուլում, երբ երկրի ղեկավարը Միխեիլ Սաակաշվիլին է եղել։ Ընդդիմությունը կարծում է, որ հենց իրեն և «Միասնական ազգային շարժում» կուսակցությանը վարկաբեկելու համար է ընթացք տրվել «քարտեզագիրների գործին»։ Այն կարող էր նաև օգտագործվել ընտրողների հայրենասիրական տրամադրությունների վրա ազդելու նպատակով, կարծում են շատ փորձագետներ։

«Ողջ համատեքստն ակնհայտորեն խոսում է այ մասին, որ Իվերի Մելաշվիլին և Նատալյա Իլյիչովան խղճի գերի են», - ասված է Վրաստանում գործող հիմնական հասարակական կազմակերպությունների համատեղ հայտարարությունում։

3. Աննախադեպ կողոպուտ․ հանցագործն անհետացավ՝ տանելով կես միլիոն դոլար

Հոկտեմբերի 21-ին զինյալը ներխուժեց Վրաստանի արևմուտքի Զուգդիդի քաղաքի կենտրոնում գտնվող Վրաստանի բանկի շենք և պատանդ վերցրեց 43 մարդու։ Ողջ պատմությունը տևեց 8 ժամ։ Հանցագործը պահանջեց կես միլիոն դոլար, չզինված բանակցողներ և անվտանգության երաշխիքներ։

Արդյունքում՝ նա ստացավ այդ գումարն ու թաքնվեց։ Հարձակվածն, ինչպես պարզվեց, նախկին զինծառայող Բադրի Էսեբուան է։ Ոստիկաությունը դեռևս փնտրում է նրան։ Նրա դեմ «ահաբեկչություն» հոդվածով գործ է հարուցվել։

Ինչո՞ւ է սա կարևոր

Պատանդներին ազատելն առանց զոհերի ավարտվեց։ Այդ պատճառով էլ կառավարությունն այս գործողությունը հաջողություն է համարում։ Իսկ քննադատներն ասում են, որ գործողությունը ձախողվել է և կարող է այլ մարդկանց խթանել նման հանցագործություն կատարել։

4. Գիորգի Շաքարաշվիլիի գործը

2020 թ-ի հունիսին երկիրը ցնցեց 19-ամյա ֆուտբոլիստի սպանության մասին լուրը։ Ընկերուհու ծննդյան տոնակատարությանը մեկնած Գիորգի Շաքարաշվիլիի մարմինը փրկարարները գտան Արագվի գետում հունիսի 23-ին քառօրյա որոնումներից հետո։ Ողբերգությանը նախորդել էր երկու խումբ երիտասարդների միջև վեճն ու կռիվը։

Ինչո՞ւ է սա կարևոր

Այս պատմությունը համակարգային խնդիրներ բացահայտեց Վրաստանի իրավապահ համակարգում բոլոր փուլերում․ ոստիկանությունը ժամանակին չի սկսել անհետ կորածների որոնումը՝ չնայած երիտասարդների միջև բախման մասին տեղեկության առկայությանը; ճնշում է գործադրվել անչափահաս վկաների վրա և այլն։ Սակայն, բացի այդ, Շաքարաշվիլիի գործը ցույց տվեց, որ վրացի երիտասարդության շրջանում գերակշռում է քրեական, այսպես կոչված «գողական մտածողությունը»։ Ծննդյան տոնակատարությանը կռվի ժամանակ դեռահասներն օգնության են կանչել ոչ թե ոստիկանությանն, այլ ծանոթ քրեական հեղինակությունների։

5. Ֆուտբոլի Վրաստանի հավաքականը չկարողացավ հաղթել Եվրոպայի առաջնության եզրափակչում

«Մեր ֆուտբոլը երբեք այսքան մոտ չէր եղել եվրոպական հաջողությանը 1981 թ-ի մայիսի 13-ից ի վեր», - գրում էին վրացի մարզագետները 2020 թ-ի Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչի խաղից հետո, որի արդյունքում Վրաստանի հավաքականը հաղթեց Բելառուսի հավաքականին 1: 0 հաշվով։

Սակայն Վրաստանն այս պատմական հնարավորությունից չօգտվեց։ հավաքականը եզրափակչում տանուլ տվեց Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին՝ 0: 1։

Մասնագետներն ասում են, որ այսպիսի շանս դեռ երկար չի լինի։