Ախալքալաքցիները հաճախ են քաղաքի փողոցներում հանդիպում, միշտ դասական հագնված, փողկապով ու կոստյումով 82 ամյա երաժիշտ Սեդրակ Չոբանյանին։
Երկար տարիներ երաժշտություն է դասավանդել Ախալքալաքի 4-րդ դպրոցում։ Աշխատել է նաև երաժշտական դպրոցում։ Մանկավարժական գործունեությունը դադարեցրել է, ոչ թե տարիքի կամ ունակ չլինելու պատճառով, այլ որ փոխվել է սերունդն ու մտածողությունը։ Սեդրակ Չոբանյանը չի հանդուրժում չափից ավելի ազատությունը, նրա կարծիքով ուսուցիչը պետք է հարկ եղած դեպքում նկատողություն տա աշակերտին, իսկ աշակերտը պարտավոր է համապատասխան էթիկա ցուցաբերել և հարգանք դասի և դասվարի վերաբերյալ։ Դասից առանց թույլտվության դուրս գալը կամ դասի ժամանակ սնվելը խիստ վիրավորական է նրա համար։
Սեդրակ Չոբանյանը ծնվել է Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղում, սակայն փոքր տարիքից կենցաղային ծանր պայմանները ստիպել են բնակություն հաստատել քաղաք Ախալքալաքում։ Երաժիշտը կյանքում շատ դժվարություններ է հաղթահարել, սակայն երբ հարցնում ենք ամենածանր շրջանից, մանկությունն է հիշում։ Դժվար կենցաղը և ընտանիքի հոգսը չեն սահմանափակել նրա մանկության երազանքները։ Վաղ տարիքից միշտ հետաքրքրվել է երաժշտությամբ ու գեղանկարչությամբ։ Ախալքալաքում այն ժամանակ ոչ գեղարվեստի դպրոց է եղել, ոչ էլ երաժշտական։ Սեդրակ Չոբանյանն ինքնուրույն սկսել է զբաղվել թե նկարչությամբ, թե երաժշտությամբ։ Սակայն հետագայում մասնագիտացել է որպես երաժիշտ։ Նվագել է տարբեր գործիքներ՝ իսկ ամենաազնվական սերը ջութակի հանդեպ է։
Վարպետին խնդրեցինք նվագել, սակայն հրաժարվեց, որովհետև միշտ չէ, որ նպաստավոր է նվագելու համար։