Ինչո՞ւ տղաները բալետով չեն զբաղվում: Որովհետև նրանց հայրերը վստահ են, որ դա կանանց համար է, տղամարդիկ այնտեղ անելու բան չունեն, ասում է Վրաստանի բալետի պետական թատերախմբի գեղարվեստական ղեկավար Նինո Անանիաշվիլին:
Տղամարդիկ քիչ են, սակայն շատ են ուժեղ կանայք
Կար ժամանակ, երբ բալետը Վրաստանում տղամարդու պար էր համարվում՝ 30-ականներին, երբ հանրահայտ խորհրդային արտիստ և կուլտային պարուսույց Վախթանգ Չաբուկիանին գլխավորեց Թբիլիսիի պարարվեստի ուսումնարանը:
«Այն ժամանակ դա իսկական իրադարձություն էր. բոլոր ծնողները երազում էին, որպեսզի իրենց տղաները բալետի արտիստ դառնան», - ասում է Նինո Անանիաշվիլին:
Այժմ տղամարդկանց պակասը հաճախ են ստիպված լինում արտասահմանյան արտիստներով լրացնել. թատերախմբում նրանք քիչ չեն, և ոմանք գալիս են այն երկրներից, որտեղ բալետում տղամարդկանց առկայությունը հեղինակավոր է համարվում:
«Օրինակ՝ Կուբան, Իսպանիան. այդ երկրներում այն հաստատ «կանացի» չի համարվում, իսկ ծնողները տղաներին այդ կրթությունը ոչ միշտ են տալիս արվեստի հանդեպ ունեցած սիրո, այլ պրագմատիկ նկատառումներով. չափահաս դառնալով՝ նրանք արդեն մասնագիտություն են ունենում»:
«Բալետը դժոխային աշխատանք է, միգուցե այդ պատճառով են կանայք ավելի շատ: Կանայք տղամարդկանցից ուժեղ են: Համենայնդեպս, հոգեբանորեն»:
Վրաստանի պետական բալետի մենակատարներ Նուցա Չեկուրաշվիլիի և Յոնեն Տականոյի փորձը ուսուցիչներ Անատոլի Կուչերյուկի և Իրինա Ջանդիերիի ղեկավարության տակ
Վրաստանի պետական բալետի մենակատարներ Նուցա Չեկուրաշվիլիի և Յոնեն Տականոյի փորձը ուսուցիչներ Անատոլի Կուչերյուկի և Իրինա Ջանդիերիի ղեկավարության տակ
Թե ինչպես հայտնի պրիմա պարուհին փրկեց թատրոնը
Նինո Անանիաշվիլին Վրաստան վերադարձավ աշխարհի լավագույն բեմերում ունեցած հաջող բալետային կարիերայի մի քանի տասնամյակներից հետո. նա Մարիինյան, Մեծ թատրոնի, Դանիայի թագավորական բալետի, Լոնդոնի թագավորական բալետի մենակատար է եղել, ելույթ է ունեցել Հռոմի օպերայի պարախմբում, Գյոթեբորգի, Մոնտե Կարլոյի բալետներում, Նորվեգիայի, Ֆինլանդիայի, Պորտուգալիայի և այլ երկրների բալետի ազգային թատրոններում:
«2004թ-ին ինձ Սաակաշվիլին կանչեց, և ես վերադարձա: Այդ որոշումն ընդունելը հեշտ չէր, ամբողջությամբ պետք է վերակառուցեի կյանքս: Սկզբում ծանր էր, ոչ ձեռք կար, ոչ փող: Արտիստներից շատերը մեկնել էին Թբիլիսիից, իսկ ովքեր մնացել էին, նրանց ես իսկական հերոսներ եմ համարում. նրանք ոչ միայն մնացել են, նրանք զբաղվել են թատրոնի անշահախնդիր փրկությամբ»:
«Վրաստանում այն ժամանակ (90-ականների վերջին-2000-ականների սկզբին) շատերը չգիտեին էլ, որ Թբիլիսիում օպերայի և բալետի թատրոն կա: Երիտասարդներն, օրինակ, անկեղծ զարմանում էին, երբ իմանում էին այդ մասին: Իհարկե, պատերազմի, սովի և խավարի տասնամյակից հետո»:
«Թատրոնում այն ժամանակ այսպես էր: Տանիքը մաշվել էր, և երբ դրսում անձրև էր գալիս, բեմում նույնպես անձրև էր: Ջեռուցումը միացնում էին միայն ներկայացումների ժամանակ, և դրանից առանձնապես ոչինչ չէր փոխվում, սարսափելի ցուրտ էր: Բեմ էին բարձրանում միայն այն արտիստները, որոնք իրենց կարող էին պուանտներ թույլ տալ: Դա շքեղություն էր»:
«[Իշխանություններն] ինձ բյուջե տրամադրեցին, ես հավաքեցի արտիստներին և ասացի. պետք է շատ աշխատել, չխնայելով մեզ, այլապես ոչինչ չի ստացվի: Հարկ լինի գիշերել թատրոնում, կգիշերենք»
«Վերածնունդը պետք է ոչ կոմպրոմիսային լիներ. պետք էր կամ պահպանել Մարիինյան և Մեծ թատրոնի նշաձողը, կամ համաձայնել գավառական ֆիլհարմոնիայի մակարդակի հետ. ես ընտրեցի առաջինը»:
«Ինձ շատ օգնեցին ընկերներս, կապերս: Դա աննախադեպ բան էր, կարելի է ասել, որ ողջ բալետային աշխարհը համախմբվել էր Թբիլիսիի թատրոնի շուրջ»:
«Հիմա նույնիսկ հավատս չի գալիս, որ առաջին երեք տարվա ընթացքում 27 ներկայացում դրեցինք: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչպես էինք աշխատում»:
«Այն գումարով, որը ծախսեցինք այդ 27 ներկայացման վրա, այսօրվա գներով հազիվ թե հնարավոր լինի 5-ը գլուխ բերել»:
«Մի կարծեք, թե բողոքում եմ, մեզ գումար է տրամադրում բյուջեն, մասնավոր հովանավորները նույնպես քիչ-քիչ ֆինանսավորում են: Մենք նրանց շատ շնորհակալ ենք: Սակայն բարեգործության մշակույթը Վրաստանում դեռևս զարգացած չէ»:
«Արդեն 13-րդ սեզոնն եմ Թբիլիսիում աշխատում: Երկար տարիներ արտասահմանում եմ անցկացրել, սակայն միշտ կարոտել եմ տունս»:
«Իմ պրոֆեսիոնալ կենսագրությունում բեկումնային փորձություն էր թերևս Մոսկվա տեղափոխվելը: Ես դեռ երեխա էի, դժվար էր ծնողներից հեռու ապրելը: Ինձ դա հաջողվեց շնորհիվ տատիս, որն ամեն ինչ թողեց և ինձ հետ մեկնեց Մոսկվա: Ի դեպ, ամբողջ կյանքում ինձ շատ է օգնել, թեև բալտեի պարուհի չէր»:
«Իհարկե, շատ տխուր է, երբ բալետի պարուհու կարիերան ինչ-որ պատճառով չի ստացվում: Սակայն բալետը սիրելու համար պարտադիր չէ պարել այն: Նա կարող է թատրոնին պետք գալ մեկ այլ դերում: Ես դրանում վստահ եմ»:
Տեքստն ու լուսանկարները՝ Դիանա Պետրիաշվիլիի, «Ռուսալեզու մեդիացանց», հատուկ JAMnews-ի համար