COVID-19-ը ստիպեց Հայաստանի կրթական համակարգում կարճ ժամանակահատվածում կրթական գործընթացը գլխիվայր շուռ տալ: Մարտի 16-ից կառավարության որոշմամբ կրթական հաստատություններն անցան այսպես կոչված օնլայն հարթակ՝ հեռավար կրթության մոդելի, մինչդեռ պատրաստ չէին ո՛չ մանկավարժները, ո՛չ սովորողները: Ընդ որում, պատրաստ չէին ոչ տեխնիկապես, ոչ հմտություններով, ոչ կիրառած գործիքներով: Իսկ հեռավար կրթություն չի նշանակում իրական դասը տեղափոխել համացանց ու 45 րոպե անց եթերն անջատել:
Այս օրերին լայնորեն քննարկվում է ԿԳՄՍ նախարարության մշակած նոր կանոնակարգը, համավարակի այս պայմաններում դպրոցականների ու ուսուցիչների ուղեցույցը: Սոցցանցերում ու մամուլում դժգոհություններ կան, որ ավելի լավ է այնպես, ինչպես փակեցին ուսումնական տարին՝ հեռավար, այդպես էլ շարունակեն, քանի դեռ համավարակը չի նահանջել:
Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ դեռ դժվար է ամբողջական գնահատական տալ, թե ինչպես են մեր դպրոցականները «փակել» ուսումնական տարին, ինչ արդյունավետությամբ են եղել վերջին ամիսների դասերը, քանի աշակերտ է զրկված եղել դասերին մասնակցելու հնավարությունից՝ զուտ որեւէ տեխնիկական միջոց չունենալու պատճառով: Աննա Դավթյանը բարձր առաջադիմությամբ սովորում է Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի դպրոցում: Բազմանդամ ընտանիքում է ապրում, սոցիալապես վատ պայմաններում, տանը հեռախոս, համակարգիչ ու պլանշետ չեն ունեցել, որ կարողանա Zoom-ով դաս անել: Մինչեւ հեռախոսն էլ պետական օղակներով հատկացրել են, սովորեցրել են համակարգից օգտվել, կոդով առանց տեխնիկական խնդիրների միանալ, հազիվ հասցրել է տարեվերջին 1 շաբաթով միանալ դասընկերներին: Մարզերում Աննայի նման երեխաները բազմաթիվ են:
Արմավիրի մարզ, գյուղ Ծաղկունք.
«Որպես ծնող ասեմ՝ նախ, կապը կտրտվում էր, երեխաները ոչ մի բան նորմալ չեն լսում: Սովորող երեխայի համար շատ վատ էր: Իմ երեխան 4-րդ դասարան է, գերազանց է սովորում, կապից շատ դժգոհ եմ, բառերի կեսը չի լսվում, երեխան չի հասկանում ուսուցիչը ինչ բացատրեց, մենք ենք ամեն ինչ բացատրել: Դասը չէր հասկանում, բա՝ «մամա, ես ո՞նց անեմ»: Մենք ամբողջ օրը նստած դաս էինք անում, դաս էինք բացատրում իրեն, որ կարողանա նորմալ իմանա, գրավորներն էլ հետը». Ծաղկունք գյուղի բնակիչ Սուսաննա Սարգսյան
«Հեռավար կրթությամբ երեխեքը անգրագետ կմեծանան, երեխա կա, ասում է՝ հեռախոսս չի աշխատում, կապը լավ չի ու անջատում». Ծաղկունքի բնակիչ Մարգո Լեւոնյան
«Ուսուցչուհին ինքը իրա դասն անում էր: Կա, որ տեղ էինք գնում, դասերը չէինք անում». Ծաղկունքցի դպրոցականներ:
Ծաղկունք գյուղը դպրոց չունի, երեխաները գնում են կողքի գյուղի՝ Ծիածանի դպրոցը:
Ծիածանի դպրոցի 5-6 -րդ դասարանում սովորող Էրիկը, Արմանը եւ Յուրան հեռավար դասերից գոհ չեն. «Դպրոցում ավելի լավ էինք հասկանում, քան Zoom-ով դաս անելիս»:
Արմավիրի մարզի Ամբերդ գյուղի 7-րդ դասարանի աշակերտներից մեկը՝ Վրեժ Նազարյանը նույնպես խնդիրներ է ունեցել. «Viber-ով ենք դաս արել: Դժվար էր: Դպրոցում ավելի լավ էր: Վայբերով դասի ժամանակ ինտերնետը կախում էր, ուսուցչուհին դասը բացատրում էր, նորմալ չէր լսվում, ասում էինք՝ նորից ասեք: Նորմալ չի: Ավելի լավ է գնանք դպրոց, քան Վայբերով դաս անենք»:
Ամբերդցի երեխաները կատակում էին՝ երբ «օնլայն» դասի ժամանակ ինտերնետը թուլանում էր ու ուսուցչուհու պատկերը «կախված» մնում, ասում էինք՝ «զրո քաշեք, լավ չի լսվում»:
Արարատի մարզ, գյուղ Սայաթ-Նովա.
Սայաթ-Նովա գյուղի 7-րդ դասարանի աշակերտ Դավիթն ասում է. «Եղել է, որ պահի տակ չի միացել, կամ կոդը սխալ է եղել, կամ ինչ-որ մի բան, բայց ընդհանուր ամեն ինչ նորմալ է անցել»:
Արարատի մարզ, գյուղ Դաշտավան
Ամբերդ գյուղի Հայրապետ Նավասարդյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Զոհրաբ Մաղաքյան
«Ես ընդհանրապես կողմ եմ առկա ուսուցման, բայց իրավիճակի թելադրանքով ամեն բան պիտի օգտագործենք, որ երեխաներն ուսումից հետ չմնան՝ հեռավար կլինի, sms-ներով կլինի, թե ոնց կլինի, չգիտեմ, բայց երեխան պետք է ուսման մեջ լինի: Թե ինչ ճանապարհով ուսուցիչներն ու աշակերտները ներքին հարցերը կկարգավորեն, էական չի, բայց ուսման հարցը ամենակարեւորն է ու պիտի լուծվի: Ներկայումս մեր դպրոցը պատրաստ է ուումնական տարին սկսել՝ պարետի որոշման համապատասխան: Կփորձենք բոլոր կանոններն ապահովել»:
Վաղվանից ուսուցիչների եւ աշակերտների իրազեկման աշխատանքները կլինեն, հանձարարականները տրվել են դասղեկներին, մի խոսքով, պատրաստ ենք ամեն ինչ անենք, որպեոսզի երեխաներին բերենք դպրոց, ուսումը նորմալ հունի մեջ գցենք: Եթե նորից անցնենք օնլայն դասերի, սուտ կլինի, եթե ասե, որ բոլոր աշակերտներն ունեն տեխնիկա; Երեխաներ կան, որոնց մարզպետարանը պլանշետներ է տրամադրել: Այն երեխաները, որոնց ընտանիքում 4 երեխա են, խնդիր ունեն, պլանշետները տվեցինք, փորձեցինք հերթափոխով դաս անեն: Չգիտեմ, ամն բան անում են: Երեխաների ծնողների հետ խոսել ենք, որպեսզի smart հեռախոսներ երեխաներին տան, երեխեքը գոնե դաս անեն: Իրավիճակից ամեն կերպ փորձել ենք դուրս գալ:
Կրթական խնդիրներ՝ դպրոցից դուրս
Ծաղկունք գյուղի երեխաները ողջ ամռան ամիսներին փողոցներում են ու ծնողները մտահոգված են. գիրք չեն կարդում. «Գրադարան պիտի լինի, որ գիրք կարդան, որ գրադարան չկա, որտեղի՞ց կարդան: Գյուղը գրադարան ունի, բայց աշխատող չունի, փակ է, չի գործում: Գրքերն էլ ինչ գրքեր են»:
Երեխաներն ասում են՝ ամառային արձակուրդների համար դպրոցում ընթերցանության ցանկ էլ չեն տվել՝ իմանալով, որ գյուղում գրադարան չկա՝ չեն կարդալու:
Ամբերդ գյուղում երեխաները խումբ-խումբ հավաքված էին գյուղապետարանի շենքի մոտ: Ինչպես հետո հասկացանք՝ գյուղապետարանում WiFi կար, անվճար ինտերնետ էին որսացել: Գյուղապետ Մանվել Բաբայանն էլ կատակում էր. «Ձեր ծնողներից ով գույքահարկը չի տվել՝ իր WiFi-ն անջատելու եմ»:
Մարզերում հատկապես դպրոցականներն արտադպրոցական պարապմունքների, խմբակների հաճախելու հնարավորություն չունեն, գործող երգի, պարի, նկարչության խմբակներ էլ գրեթե չկան:
ԱԺ գիտության կրթության մշակույթի, սփյուռքի եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյան
«Ասել, որ կորոնավիրուսը միայն Հայաստանում է խնդիրներ առաջացրել, չեմ համարձակվի, սա մարտահրավեր է առհասարակ ամբողջ աշխարհում կրթական համակարգերի համար, մի տեղ՝ ավելի շատ, մի տեղ՝ ավելի քիչ: Դեռեւս չկանխատեսելով ամենեւին համավարակի գոյությունը եւ դրա տարածումը, այսօրինակ հետեւանքները, 2019-ին ԱԺ օրենքում փոփոխություններ արվեցին, որը հնարավորություն էր տալիս առավել արդյունավետ իրականացնել հեռավար ուսուցումը, բայց թիրախավորված էին հիմնականում հեռավոր մարզերը՝ սահմանմերձ, սահմանապահ: Նաեւ հնարավորություն էր տրվում առողջական խնդիրների հետեւանքով դպրոց չհաճախող երեխաներին նույնպես օգտվել այդ կրթական գործիքներից եւ գործիքակազմից: Արի ու տես, որ անհրաժեշտություն եղավ:
Ներհայաստանյան կրթական համակարգում հիմնական խնդիրները կապված են նրա հետ, թե ինչպես պետք է մենք ապահովենք երեխաների առողջապահական անվտանգությունը, արդյոք կարող ենք համապատասխան սահմանված հեռավորությունը դասասենյակներում ապահովել: Այս քննարկումների արդյունքում եկան նրան, որ այդուամենայնիվ համավարակի պայմաններում պիտի սկսենք ավելի շատ մտածել հեռավար կրթության գործիքների մասին: Դեռեւս մարտին ԱԺ-ում անցկացրեցինք օնլայն լսումներ, գույքագրեցինք հիմնական խնդիրները, նաեւ դրական կողմերը: Այս բարդ փուլում կայացվում են որոշումներ, որոնք ապագայի վրա ազդեցություն են ունենալու: Եթե չլիներ համավարակը, գուցե առանձին ոլորտներում մենք մեր կոմֆորտ տարածքից դուրս չէինք գա եւ այդ աճը, զարգացումը տեղի չէր ունենա: Մենք նաեւ փորձում ենք ուժեղացած դուրս գալ այս իրավիճակից: Գույքագրեցինք ահագին խնդիրներ, բայց դրանք երկարաժամկետ լուծման անհրաժեշտություն ունեն, որովհետեւ խոսքը միայն տեխնիկական սարքավորումների մասին չէ, դա նաեւ բովանդակություն է, գնահատման մեթոդիկա, մանկավարժների վերապատրաստում: Մի ամբողջ խնդիրների կոմպլեքս է ի հայտ եկել, որն, իհարկե, մեզ համար անակնկալ չէր: Եթե մենք ճիշտ հետեւություններ անենք ու ճիշտ քաղաքականություն վարենք, ապա ապագայի համար միանշանակ մենք շահած ենք դուրս գալու»:
Սեպտեմբերից ինչ ձեւով է իրականացվելու կրթությունը
«Այս պահին մենք, կառավարությունը հակված է նրան, որ երեխաները պիտի ֆիզիկապես այցելեն, բայց համապատասխան պայմանները պահպանեն, եթե կորոնավիրուսի արտառոց նոր ալիք չլինի, այժմ մենք դրան նախապատրաստվում ենք: Բայց սա ամենեւին մեզ չի շեղի մեր հիմնական օրակարգից: Օրինակ, ես գտնում եմ, որ հեռավար ուսուցումը, ոչ թե պարզապես դիստանցիոն ուսուցումը, կարող է լինել ոչ միայն համավարակի պայմաններում: Այն ժամանակակից, նորարար, ճիշտ ներդրման պարագայում վստահաբար կրթական համակարգում պետք է ունենա իր տեղը, իհարկե, հաշվի առնելով նաեւ երեխաների սոցիալականացման կարեւոր բաղադրիչը՝ պիտի կարողանանք ներդնել: Աշխարհում շատ երկրներում մինչ նախակորոնավիրուսային ժամանակաշրջանում, օրինակ, երեխաները կարող էին հեռավար ուսուցման շնորհիվ ստանալ գիտելիքներ ու կրթություն, օրինակ, այգում նստած: Այն կարծրացած մեթոդը, որ ուսուցիչը պետք է խիստ հայացքով փակ տարածքում նստի, վերանում է: Նաեւ ուսուցիչը կարողանում է այսպես առավել հեշտությամբ կառավարել դասարանը, որովհետեւ բոլորն անմիջապես միաժամանակ իր աչքի առաջ են:
Նաեւ երեխաների վարքագծի ուսումնասիրություն ենք իրականացրել, սա ինչ-որ առումով բացասական վարք ունեցող աշակերտներին ավելի զգոն է պահում: Մտածում են՝ մշտական վերահսկողության տակ են ու առավել զուսպ են, չեն խանգարում դասապրոցեսը: Դժվարություններ էլ իհարկե ունենք: Այս փուլը շատ կարեւոր է Հայաստանի ընդհանուր կրթության համակարգի համար»:
Ինչ տեխնիկական խնդիրներ ունենք
«Ունենք զգալի խնդիրներ: Ես կարող եմ ասել, որ մի քանի տասնյակ հազարի մասին է խոսքը գնում: Դա մեզ համար շատ կարեւոր, լուրջ մարտահրավեր է: Այս ընթացքում առանձին բարերարներ են եղել, որոնք լրջագույն նվիրատվություններ են կատարել հատկապես մարզային դպրոցներին: Մենք պիտի հասնենք նրան, իսկ դա պիտի լինի ոչ հեռավոր ապագայում, մենք տեխնիկայի խնդիր ընդհանրապես չքննարկենք, որովհետեւ ի վերջո դրսում 21-րդ դարն է: Մենք պետք է մեր ռեսուրսը եւ ներուժը ի վերջո կենտրոնացնենք բովանդակության վրա: Այդ պայմաններում ամբողջությամբ փոխվում է կրթության պրոցեսը, գնահատման մեխանիզմները: Ամբողջ աշխարհում մարդիկ մտածում են, որ արհեստական բանականությունը պետք է լրջագույն տեղ զբաղեցնի հանրակրթությունում, ինչու ոչ, ուսուցիչը պետք է ունենա արհեստական բանականությամբ օժտված ռոբոտ օգնականներ, որոնք ճիշտ գնահատում կիրականացնեն աշակերտների անձնային աճի, տան գնահատական, թե աշակերտը ինչ ճանապարհով է գնում, որտեղ են իր թույլ կողմերը: Ընդ որում, կա կարծիք, որ գնահատումը պետք է արվի ոչ թե տարվա մեջ 1-2 անգամ, այլ՝ ամենօրյա, որպեսզի նաեւ ցույց տա թույլ կողմերը եւ աշակերտին վերադարձնի այն նույն տեղ, որ բացը կլրացնի ու կշարժվի առաջ: Սրանք անխուսափելի են մեր համար, եթե ուզում ենք ունենալ մրցունակ կրթական համակարգ: Այդ պարագայում տեխնիկական խնդիրները ամբողջությամբ լուծած կլինենք»:
Տեխնիկական միջոցների և ինտերնետ հասանելիության խնդիրներ ունեցող սովորողների թիվը կազմում է 3645
«ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում 2020 թ. մուտքագրվել է շուրջ 500 բողոք՝ հեռահաղորդակցության միջոց կամ ինտերնետ չունենալու պատճառով, այս տարվա մարտի 16-ից hանրապետությունում իրականացվող հեռավար ուսուցմանը չմասնակցելու վերաբերյալ: Մարզերից պարբերաբար ստացվող տեղեկատվության, Կրթության տեսչական մարմնի ուսումնասիրության և IRI կազմակերպության իրականացված հետազոտական արդյունքների հիման վրա ձևավորված նախնական տվյալները փաստում են, որ 2019-2020 ուսումնական տարվա ավարտին, տեխնիկական սարքերի և ինտերնետ հասանելիության բացակայության պատճառով հեռավար ուսուցմանը չեն մասնակցել սովորողների ընդհանուր թվի 15-20 %-ը». Ժաննա Անդրեասյան, ԿԳՄՍ նախարարի տեղակալ
Նախարարությունից «Առավոտի» հարցմանն ի պատասխան հայտնում են. «Հայաստանում գործող բոլոր խոշոր, միջին և փոքր ՏՏ ընկերությունների համագործակցությամբ, նախարարությունը ստեղծել է պահեստային կետ, որտեղ տեխնիկական միջոցներ են հավաքագրվել և ուղարկվել ՀՀ մարզեր և Երևանի քաղաքապետարան՝ ըստ անհրաժեշտության քաղաքացիներին տրամադրելու համար: Իրականացված միջոցառումների շրջանակում հավաքագրվել և դպրոցներին է տրամադրվել շուրջ 3500 տեխնիկական միջոց: Քաղաքացիներին տրամադրված տեխնիկական միջոցները, ուսումնական տարվա ավարտից հետո, վերադարձվել են դպրոցներին (բացառությամբ բջջային հեռախոսների)՝ անհրաժեշտության դեպքում դարձյալ տրամադրելու նպատակով: Այս պահի դրությամբ, տեխնիկական միջոցների և ինտերնետ հասանելիության խնդիրներ ունեցող սովորողների թիվը, ըստ Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում լրացված տվյալների, կազմում է 3645: Նման խնդիրներ ունեցող սովորողների ամբողջական ցանկը: ճշգրտելու նպատակով դպրոցները շարունակում են համապատասխան տվյալների մուտքագրման աշխատանքները։ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ՝ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը հեռավար կրթությունից դուրս մնացած աշակերտների համար օգոստոսի 3-20-ը կազմակերպել է խորհրդատվություններ և դասեր։ Այս գործընթացն իրականացնելու նպատակով՝ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններին նախապես տրվել էր հանձնարարական՝ Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում հեռավար դասերից դուրս մնացած երեխաների տվյալները մուտքագրելու, ինչպես նաև դասերին չմասնակցելու պատճառները նշելու վերաբերյալ։ Նախարարության և մարզպետարանների աջակցությամբ լուծում է տրվել հեռավար դասերին չմասնակցած աշակերտների ինտերնետ հասանելիության և տեխնիկական սարքավորումների ապահովման խնդրին՝ օգտագործելով ԿԳՄՍՆ նախաձեռնության շրջանակում ապրիլ-հունիս ամիսներին հավաքագրված տեխնիկական սարքավորումները»:
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյան
Հայաստանի տեխնիկական ենթակառուցվածքները դեռեւս պատրաստ չեն: Իսկապես, վերջին շրջանում նաեւ նկատվում են հոսանքի հաճախակի անջատումներ, տեխնիկական խնդիրներ, ինտերնետի վատ որակ: Բացի այդ, պետք է նկատի ունենալ այն հանգամանքը, որ գյուղերում շատ մարդկանց ինտերնետը սահմանափակ է, վճարում են ինչ-որ ժամաքանակի համար, որը, բնականաբար, դասերի համար կամ ավելի տեւական գործունեության համար հաճախ բավարար չի լինում եւ մարդկանց համար լրացուցիչ ֆինանսական ծախսեր է ենթադրում:
Սարքերի հետ կապված խնդիրներ ունեն ոչ միայն աշակերտները, այլ նաեւ ուսուցիչները: Նույնիսկ շատ ուսուցիչներ աշխատում են հեռախոսով, իսկ հեռախոսով աշխատելը, բնականաբար, շատ հարցերում սահմանափակում է, ասենք, պրեզենտացիաներ ցույց տալը, ինչ-որ ֆունկցիաներ ցույց տալը: Հեռախոսով դա հնարավոր չէ անել: Սա նույնպես խնդիր է: Ցավոք, ունենք ուսուցիչներ, որոնք չունեն համակարգիչ, կամ այնքան հին համակարգիչ է, որ դրանով նորմալ բան ցույց տալ չի լինի: Եթե ամեն դպրոցից 1-2 ուսուցիչ խնդիր ունենա, դա նշանակում է, որ ամբողջ դպրոցը տուժում է: Ուսուցիչների թիվը փոքր է, բայց իրենց՝ սարքեր չունենալն ավելի մեծ թվով մարդկանց է վնասում:
Ընդհանուր առմամբ թվային գրագիտության մակարդակը Հայաստանում ցածր է, ընդհանուր համակարգը պատրաստ չէ հեռավար ուսուցման նաեւ այսօր: Ես այս ամիսների ընթացքում մի միտում տեսա, որ ԿՏԱԿ-ը, կրթական ծրագրերի կենտրոնը եւ այլն իրականացնում են վերապատրաստումներ, բայց իմ տպավորությունն այն է, որ այդ բոլոր վերապատրաստումներին համարյա թե նույն մարդիկ են մասնակցում: Եվ հիմամենք ուննք այսպիսի մի խնդիր, որ ուսուցիչների այն ակտիվ մասը, որոնք սիրում են սովորել, հետաքրքրվում ենեւ այլն, իրենք այս ընթացքում մասնակցեցին 5-6 վերապատրաստման, բայց ուսուցիչների մի զգալի հատված ընդհանրապես դուրս մնաց: Ես շատ կուզենայի, որ ինչ-որ իմաստով նաեւ պարտադրանք լիներ եւ ինչ-որ իմաստով նաեւ լինեին տարբեր մակարդակի վերապատրաստումներ: Օրինակ, հիմա ուսուցիչներին սովորեցնում են Noodle ծրագիրը, բայց մենք ունենք ուսուցիչներ, որ դեռ պատրաստ չեն դրա համար, նրանք դեռ պետք է ավելի հասարակ ֆունկցիաներ սովորեն, որովհետեւ հաճախ վերապատրաստողն ուսուցչին ասում է՝ բացեք այս էջը, ուսուցիչն ասում է՝ չի բացվում, չի ստացվում: Զգացվում է, որ ինքը չունի հմտություններ լինքերի վրա սեղմելու, կամ տեխնիկան է թույլ: Մենք հիմա ունենք իրավիճակ, ես կասեի 4-5 հազար ուսուցիչ, այս ժամանակը շատ արդյունավետ օգտագործեց եւ ահագին բան սովորեց: Բայց շատ ավելի մեծ մասն իրականում առանձնապես բան չարեց, ու եթե մենք հիմա նորից անցնենք հեռավարի, իրենք հաստատ շարունակելու են «մեսինջերով» դասավանդել, «Viber»-ով, կամ Skype-ով, որովհետեւ ցավոք, մենք չհասանք բոլոր ուսուցիչներին: Հայտարարում ենք, ասում ենք՝ ովքեր ուզում են՝ դիմեք, նույն մարդիկ անընդհատ դիմում են: Պետք է սկսել սկզբից, սովորեցնել մեյլ բացել, ֆայլ բացել: Կարող են ասել՝ մի անգամ սովորեցրել ենք, բայց բոլորս էլ գիտենք, որ եթե չի կիրառում, մարդը մոռանում է, նորից պետք է սովորեցնենք ու լավ կլիներ, որ պարտադրանքով լիներ: Ասենք, Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանի բոլոր ուսուցիչները, ովքեր ունեն թվային գրագիտության ցածր մակարդակ, պետք է մասնակցեն:
Արդեն մի քանի շաբաթ է՝ հայտարարել են, որ դպրոցները բացվում են, բայց ոչ մի կերպ չպետք է հանգստանալ, որովհետեւ բոլորս էլ գիտենք, որ կա շատ մեծ ռիսկ, որ աշնանը կամ ձմռանը հնարավոր է նորից անցում կատարվի հեռավար ուսուցման: Եթե էլի նույն մակարդակով ուսուցումն արվի, այս անգամ հիասթափությունը շատ ավելի խորը կլինի ե՛ւ ծնողների մոտ, ե՛ւ երեխաների: Մեր կրթության ամենամեծ պրոբլեմներից մեկը նաեւ այն է, որ երեխաները սովոր են, որ պիտի իրենց գլխին կանգնես: Պիտի մեկը վերահսկի: Ու եթե տանը չկա այդ վերահսկող ծնողը, կամ անտարբեր է, արդեն ուսուցիչը չի կարողանում տեսնի՝ ինչ է անում երեխան: Մանավանդ, եթե 30 հոգի են, շատ դժվար է:
Լավ կլիներ նաեւ հիբրիդային ուսուցման ձեւերով սովորեցնեին, դա պետք է գալու, այսինքն՝ ինչ-որ բաներ դասարանում անել, ինչ-որ բաներ՝ հեռավար, տեսադասով նկարել եւ այլն: Երեխաների մի մասը 3 օր է գնալու դպրոց, մնացած օրերի համար իրենց բավականաչափ ռեսուրսներ եւ ուղղորդում է պետք: Շատ լավ է, որ նախարարությունը փորձում է հեռավար անել այն երեխաների համար, որոնք չեն ցանկանում դպրոց գնալ, կամ ինչ-որ հարգելի պատճառ ունեն չգնալու: Հիմա շատ լավ հնարավորություն է, որ դա այնքան բարձր մակարդակի հասնի, որ Հայաստանը բոլոր առարկաների գծով ունենա հեռավար դասերի շտեմարան, որը հետագայում էլ կարող է օգտագործվեր:
Ինչ վերաբերում է երեխաների՝ ամառային արձակուրդներին զբաղվածությանը, տեսեք մեզ մոտ ինչ տեղի ունեցավ ուսումնական տարին բավականին հակասական ավարտվեց, որովհետեւ նախարարությունը երբ երեխաների թվանշանները չհաշվեց, արդեն կարելի է ասել ապրիլի վերջից համակարգը լրիվ փլուզվեց: Որոշ դասարաններում երեխաների 70-80 տոկոսը դասի չէր մասնակցում, ասում էր՝ դե մեկ է, թվանշան չկա, քննություն չկա, էլ ինչների՞ս է պետք: Լավ կլիներ, որ այդտեղ որոշակի շրջաբերականներ տրվեին ուսուցիչներին: Իհարկե, այս ամենին խանգարեց կորոնավիրուսի թվերը, մայիսից այնքան բարձրացան, որ արդեն նախարարությունը վախեցավ որոշակի ծրագրեր բացել: Բայց, կարծում եմ, հեռուստատեսությամբ, ինտերնետով կարելի էր ամառային դպրոց անել: Մենք շատ վատ ենք օգտագործում դպրոցների բաց տարածքները: Բազմաթիվ դպրոցներ, հատկապես գյուղերում, ունեն հսկայական այգիներ, կանաչ տարածքներ, բացօթյա հարմարություններ, կարելի էր այդ տարածքներում կարճատեւ ծրագրեր անել: Հիմա էլ ամեն դպրոց կարող էր 1-2 բացօթյա դասարան ունենար: Պատկերացրեք, ինչքան հաճելի է այս եղանակին, հովին դրսում դաս անելը, նաեւ ապահով է, ռիսկերը կտրուկ նվազում են: Գրատախտակ էլ կարող են փակցնել բացօթյա դասարանում, դա մեծ ռեսուրս չի պահանջում»:
Նոր օրենսդրական փաթեթ՝ ուսուցիչների համար
ԱԺ-ում ուսուցիչների հետ կապված օրենսդրական փաթեթ են պատրաստում, ուզում են ներկայացնել գործադիրին: Մխիթար Հայրապետյանն այս առնչությամբ ասաց. «Այս փուլում ուզում ենք քննարկել ուսուցիչների սերնդափոխությանը միտված լուծումները, այսպես ասենք՝ մանկավարժի սերտիֆիկատի տրամադրման նոր լուծումներ ենք ուզում առաջարկել: Պիտի հասկանանք, թե որոնք են այս պահին իրատեսական եւ ընդունելի պետական քաղաքականության համատեքստում եւ շարժվենք առաջ: Հույս ունենք, որ մասնավոր սեկտորից նաեւ կկարողանանք ներգրավել ուժեղ մասնագիտական ներուժ եւ համատեղ աշխատել այդ փոփոխությունների վրա: Սահմանափակումներ են գործում, նաեւ օրենսդրական ու օրենսդրական բարեփոխումներով պիտի փորձենք ինչ-որ առումով ճկուն գործիքակազմ ներդնել կրթական համակարգում ուսուցիչների համար: Մարտ-ապրիլ ամիսներին եղել է, որ հատկապես տարիքով ավագ մեր մանկավարժները որոշակի խնդիրներ ունեցել են: Պիտի այս ընթացքում անշուշտ վերազինենք իրենց հմտությունները, որպեսզի հարկ եղած դեպքում արդեն նմանատիպ խնդիրների առաջ իրենք չկանգնեն: Սա ոչ միայն մանկավարժներին է վերաբերում, նաեւ ծնողները ուղղակիորեն դարձել են կրթական պրոցեսի մասնակից: Սա ինչ-որ իմաստով դրական է, բայց ծնողների տեսակետից լրջագույն խնդիրներ է առաջացնում՝ պետք է աշխատանքի գնան, զբաղվածություն ունեն, տանը ասենք 3-4 դպրոցական երեխաներ կան, սրանք օբյկտիվ խնդիրներ են: Փորձում ենք մի կողմից տեխնիկական առումով որպես պետություն աջակցել, մյուս կողմից առավել կարեւոր է բովանդակությունը, բովանդակային վերազինումը թե՛ աշակերտների, թե՛ մանկավարժների, թե՛ ծնողների: Ինչ-որ առումով կորոնավիրուսը հավաքել է բոլոր շահառուներին դպրոցական համայնքի շուրջ, որը բավական գովելի է, կարեւոր է, որ հատկապես ցածր տարիքում նաեւ ծնողները մասնակցեն կրթական պրոցեսին»:
Հեղինակ՝ Հռիփսիմե Ջեբեջյան
Նյութը պատրաստվել է «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ի մեդիա ծրագրի շրջանակներում «Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստանի» ֆինանսական աջակցությամբ: