«Հեշտ չէ 26 տարեկանում ընտրվել գյուղական համայնքի ղեկավար`այն էլ ստանալ բնակչության 99,9 %-ի վստահությունը: Շատ մեծ պատասխանատվություն է, որի կշիռը, եթե անկեղծանամ, հիմա ավելի շատ եմ հասկանում, քան 4 տարի առաջ` 2016 թվականին, երբ առաջադրվում էի»,- իր գործունեության մասին խոսելիս` ասում է Կապան խոշորացված համայնքի Շիկահող բնակավայրի վարչական ղեկավար Նարե Ղազարյանը:
Ամեն ինչ սկսվեց 2012 թվականից: Ավագանու կազմում ընդգրկվելով` երիտասարդ, եռանդուն կինը գյուղի խնդիրներին առավել մեծ ուշադրություն սկսեց դարձնել:
Սկզբնական շրջանում Շիկահող համայնքի միակ թեկնածուն չէր: Նրա հետ ընտրություններում առաջադրվել էր նաև մեկ այլ թեկնածու, ով, սակայն, հետագայում հանեց թեկնածությունը: Ընտրությանը մասնակցած քաղաքացիներից միայն մեկ հոգի էր դեմ քվեարկել Նարեին:
«Ես իրեն էլ եմ հասկանում, հավանաբար, մտածում էր, որ մի բան այն չլինի, կգնան իրեն կդժգոհեն` ասելով՝ «աղջիկդ չի կարողանում աշխատել», բայց, կարծում եմ, ժամանակի ընթացքում ինքն էլ համոզվեց, որ կարող եմ: Իսկապես, չեմ փոշմանել: Ինձ ընտրել է իմ համագյուղացին, նրանց չեմ կարող հիասթափեցնել: 2016 թվականից մինչև այսօր Շիկահողում բավականին աշխատանքներ ենք կատարել, սակայն դա էլ քիչ է: Էլի պետք է աշխատենք, զարգացնեք մեր համայնքը: Եթե ես զգամ, որ արդեն չեմ կարողանում մարդկանց սպասելիքները արդադարցնել, ինքնակամ կհրաժարվեմ պաշտոնից»,-ասում է նա:
«Անանցանելի փոսերը վերացել են, խորհրդային տարիներից այս կողմ այդ ճանապարհներին տեխնիկա չէր աշխատել, ու գյուղացիները առաջնահերթությունը տալիս էին այդ խնդրի լուծմանը: Հետո գյուղի կենցաղի տունը կոսմետիկ նորոգեցինք, գյուղապետարանի շենքում սանհանգույց կառուցեցինք»,- պատմում է Նարեն:
Շիկահողը Սյունիքի հնագույն բնակավայրերից է: Հարուստ բուսական ու կենդանական աշխարհ ունի: Բնության պահպանությունը նաև համայնքի ուսերին է: Պահպանվող տարածք համարվելով՝ մի քանի տարի է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը՝ Գերմանիայի կառավարության հետ համատեղ և KFW բանկի ֆինանսավորմամբ «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի շրջանակում Շիկահողում մի քանի նախաձեռնություններ են իրականացնում:
«Որպեսզի գյուղացին հնարավորինս կրճատի վառելափայտի օգտագործման ծավալը, առաջարկեցինք, որ հին, փայտե պատուհանները փոխարինվեն եվրոպատուհաններով: Արդյունքում` 2017-ի հունիս-հուլիս ամիսներին հիմնական տնտեսություններն ունեցան նոր պատուհաններ: Դրա շնորհիվ որոշ մարդիկ սկսեցին նորոգել իրենց տները, ոգևորվածություն առաջացավ: 2018 թվականին, կրկին նույն ծրագրի շրջանակում, արևային ջրատաքացուցիչներ տրամադրվեցին հիմանական տնտեսություններին: 2019 թվականին հաջողվեց ավարտել ծրագիրը և բնակիչներն արդեն ունեն մշտական տաք ջուր: Գյուղի՝ 1958 թվականին կառուցված ջրատարը նորոգման խիստ անհրաժեշտություն ուներ, համայնքի ղեկավարի օժանդակությամբ՝ անցած տարեվերջին գյուղացիների մասնակցությամբ մաքրեցինք, վերանորոգեցինք նաև ջրատարը: Որոշ աշխատանքներ կիսատ են մնացել՝ եղանակային պայմանների պատճառով, դրանք կվերսկսվեն գանանը»,- պատմում է Նարեն:
Նարեի հաջողության բանաձևն ինքնավստահություն է: Ասում է` տարբեր կարծիքներ է լսել իր պաշտոնավարման մասին, սակայն շարժվել ու շարժվում է այնպես, ինչպես ճիշտ է համարում: Կուլ չի գնում ո՛չ չարախոսներին, ո՛չ իրեն գովեգողներին:
Նարեն այս տարի սկսել է զբաղվել ձկնաբուծությամբ: Իհարկե, հայրիկի օգնությունը այս հարցում անգնահատելի է, բայց համոզված է՝ բիզնեսում ևս կհաջողի: Հաճախ է գալիս ձնկաբուծարան, իսկ այստեղ ոչ միայն ձկներն են, այլև սիրելի շները: Նրանք Նարեի հավատարիմ ընկերներն են:
Բնակավայրի երիտասարդ վարչական ղեկավարն ընդգծում է` Շիկահողը ծերացող համարել չի կարելի: Երիտասարդ ընտանիքներ կան, մանկապարտեզահասակ 7 երեխա, բայց գյուղում մանկապարտեզ չկա: Մտածում են այդ հարցը լուծելու մասին:
Համայնքի զարգացման մյուս ներուժը բնատուր գեղեցկությունն է: Զբոսաշրջության համար նպաստավոր նախադրյալներ կան: Այս ուղղությամբ գաղափարները Նարեն դեռևս մտքում է պահում, բայց շուտով դրանք թղթին կհանձնի ու կմտածի այս ուղղությամբ քայլեր ձեռնարկելու մասին.
«Քանի որ արկածային տուրիզմը մեծ պահաջարկ ունի, մտածում եմ՝ կա՛մ պետք է ճոպանուղի կառուցենք, կա՛մ զիփլայն: Բարձրաձայնեք այս գաղափարները, գուցե մեր ձայնը լսվի և օգնողներ ի հայտ գան: Ունենք անտառապատ ուղիղ տարածքներ, այն ամենըմ ինչ կարող է աշխատել ու հետաքրքրել զբոսաշրջիկին»,- ասում է նա:
152 հեկտար վարելահողեր համայնքում անմշակ են: Այս տարի ընդամենը 10 հեկտարն է ցանվել` պատճառը անհրաժեշտ տեխնիկայի բացակայությունն է:
Անձնական կյանքի թեման ևս չշրջանցեցիք: Երիտասարդ վարչական ղեկավարը ընտրյալ չունի: Ասում է` ապագայում ով էլ լինի իր կողակիցը,պետք է ընդունի իրեն այնպիսին, ինչպես կա:
ՆԵԼԼԻ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ