Վլադիկավկազի միակ վրացական եկեղեցին բավականին հին է: Սկզբում դա սուրբ Նինոյի տուն-եկեղեցին էր, որը բացել էին 1898թ-ին «Վրացերեն լեզվի քաղաքային տարրական դպրոցին» կից:
1933թ-ին այստեղ կնքել են Վրաց եկեղեցու պատրիարք Իլյա Երկրորդին:
Եկեղեցին և դպրոցը կիսում էին շինությունը մինչև 1938թ-ը: Այդ տարի եկեղեցին փակեցին: Իսկ վրացական դպրոցը շարունակում է իր աշխատանքը մինչև այսօր:
Մինչև այն պահը, երբ սուրբ Նինոյի եկեղեցին կրկին տարածք ստացավ, 73 տարի անցավ: 2011թ-ին եկեղեցուն տեղ տրամադրեցին քաղաքի պատմական հատվածում տեղակայված կառույցում:
Եկեղեցին ժամերգության համար բացվում է շաբաթը մեկ՝ շաբաթ օրերին: Ծխականները քիչ են, և տաճարի վանահայր երեց Գեորգի Բոլոտաևը ժամերգությունը ռուսերենով է անցկացնում:
Այն կրկին բացվեց 2011թ-ին, երբ շինությունը փոխանցվեց Վլադիկավկազի թեմին: Առանց վերանորոգման ավելի քան 100 տարի անց եկեղեցին տխուր վիճակում հայտնվեց:
Ինչպես JAMnews-ին պատմեց ծխական խորհրդի անդամներից մեկը, որը չցանկացավ նշել իր անունը, Իլյա Երկրորդն այն ժամանակ Վլադիկավկազ ուղարկեց վրացի մասնագետների, որոնք մշակեցին վերականգնման նախագիծ: Վլադիկավկազ եկավ նաև հայտնի վրացի ճարտարապետ Զուրաբ Ծերեթելին և խոստացավ օգնել տաճարի նկարազարդման հարցում: Սակայն վերակառուցմանը բանն այդպես էլ չհասավ:
Դատարկ աղյուսե պատեր՝ առանց ծեփամածիկի, նրբատախտակե խորան, առաստաղից կախված լամպեր… շատ բան է արվել ծխականների ձեռքով:
Ինչպես նշեց ծխական խորհրդի նույն անդամը, գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ պատմական շենքի վերանորոգումն անհնար է առանց հուշարձանների պահպանման կոմիտեի հետ համաձայնեցման: Բացի այդ, տեղական թեմն, ըստ նրա, նշում է, որ ֆինանսավորման խնդիրներ կան:
Եկեղեցու մուտքի մոտ եռալեզու հուշատախտակ կա: Դրա վրա գրված է. «Այստեղ հաճախ են հանդիպել վրաց և օս ժողովուրդների ներկայացուցիչներ Միխայիլ Կիպիանին և Կոստա Խետագուրովը: Նրանց փոխհարաբերությունները երկու ժողովուրդների բարեկամության խորհրդանիշն են»:
Credits:
Թամարա Ագկացևա, JAMnews