Loading

Վրաստան-2017: Գլխավոր իրադարձությունները, որոնք մեզ փոխել են JAMnews, Թբիլիսի

1

Սկսել է գործել ԵՄ/Շենգենյան գոտու երկրներում Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմը:

Ի՞նչ է տեղի ունեցել: 2017թ-ի մարտի 28-ին ժամը 16:22-ին Թբիլիսիի միջազգային օդանավակայանից դեպի Լեհաստան է ուղևորվել ինքնաթիռ, որում գտնվում էին դեպի Եվրոպա առանց վիզայի թռչող առաջին ուղևորները:

Ինչո՞ւ է դա կարևոր: Մարտի 28-ից Վրաստանի քաղաքացիները կարող են Եվրոպա ազատ մեկնել՝ ճամփորդել, այցելել մշակութային միջոցառումներ, ծանոթանալ այլ երկրների մշակույթին: Եվրահանձնաժողովի տվյալներով՝ մարտից (վիզայի ազատականացման ռեժիմի ուժի մեջ մտնելուց հետո) մինչև 2017թ-ի նոյեմբերի 30-ը Շենգենյան գոտի առանց վիզայի այցելել է Վրաստանի 173 396 քաղաքացի:

Լուսանկարը՝ Դավիթ Մձինարիշվիլիի/REUTERS

2

Ցիանիդի մասին գործը

Ի՞նչ է տեղի ունեցել: Փետրվարին Թբիլիսիի օդանավակայանում ձերբակալվել էր ավագ երեց Գեորգի Մամալաձեն, որը մեղադրվում էր «բարձրաստիճան հոգևորականի» հանդեպ մահափորձի համար: Արդյունքում նա դատապարտվել է ուժեղ թույնով՝ նատրիումի ցիանիդով, Վրաց ուղղափառ եկեղեցու ղեկավար, պատրիարխ Իլյա Երկրորդի ազդեցիկ քարտուղար-ռեֆերենտ Շորենա Թեթրուաշվիլիին թունավորելու փորձի համար: Դատարանը հոգևորականին 9 տարվա ազատազրկման է դատապարտել, սակայն վերջինս չի ընդունում իր մեղքը և բողոքարկել է վճիռը:

Ինչո՞ւ է դա կարևոր: «Ցիանիդի մասին գործը» Վրաստանում «լյուստրացիայի գործընթաց» են անվանել, որը վեր է հանել ամենաազդեցիկ և փակ ինստիտուտի՝ եկեղեցու ներսում գոյություն ունեցող խնդիրները, ինչի արդյունքում սասանվել է նրա հեղինակությունը: Ամբողջ տարվա ընթացքում հոգևոր անձինք սկանդալային հայտարարություններ էին անում մամուլում և հեռուստատեսությամբ՝ միմյանց մեղադրելով մսխման, պատրիարքարանում ինտրիգներ հյուսելու և ազդեցության համար պայքարելու համար: «Ցիանիդի մասին գործն» արդիական է լինելու նաև 2018թ-ին:

Լուսանկարը՝ Դավիթ Մձինարիշվիլիի/REUTERS

3

Հրդեհների տարի

Ի՞նչ է տեղի ունեցել: 2017թ-ին Վրաստանում 13 037 հրդեհ է տեղի ունեցել, որոնց հետևանքով զոհվել է 69 մարդ, տուժել 176-ը: Այրվել է նվազագույնը 990 հա անտառ:

Ինչո՞ւ է դա կարևոր: 2017թ-ին ողջ սրությամբ հայտնի դարձավ, որ Վրաստանում համատարած խախտվում են հրդեհային անվտանգության նորմերն ինչպես բնակելի շենքերում, այնպես էլ չորսաստղանի հյուրանոցներում, ինչը բազմաթիվ մարդկային ողբերգությունների պատճառ է դարձել: Հաճախ դեպքի վայր ժամանած հրշեջ բրիգադները չեն ունեցել հակագազներ, աստիճաններ և այլ անհրաժեշտ պարագաներ: Օգոստոսին Բորժոմիի կիրճի անտառների հարյուրավոր հետկարներում բռնկված հրդեհը ցույց տվեց, որ երկիրը պատրաստ չէ արտակարգ իրավիճակներին. չկա բավականաչափ քանակությամբ տեխնիկա, հատկապես ավիացիայում, արձագանքն ուշացած էր: Եթե հաշվի առնենք, որ Վրաստանը բավականին խոցելի է հրդեհների տեսանկյունից (վերջին 10 տարվա ընթացքում Վրաստանում այրվել է ավելի քան 4 հազար հեկտար անտառ), չի բացառվում, որ խնդիրը կրկին ի հայտ գա 2018թ-ին:

Լուսանկարը՝ Դավիթ Տաբագարիի

Լուսանկարը՝ Դավիթ Տաբագարիի

4

Նոր Սահմանադրություն

Ի՞նչ է տեղի ունեցել: 2017թ-ին 21-րդ անգամ փոխվել է Վրաստանի Սահմանադրությունը: Այլ կարևոր լրամշակումներին զուգահեռ փոխվել է նախագահի ընտրության ընթացակարգը. պետության ղեկավարին այլևս չեն ընտրելու քաղաքացիները համընդհանուր ընտրությունների միջոցով: Միաժամանակ, առանց փոփոխությունների է մնացել ընտրական համակարգը, որն, ըստ փորձագետների, իշխող կուսակցությանն ու ընդդիմությանն անհավասար դրության մեջ է դնում:

Ինչո՞ւ է դա կարևոր: Ընդդիմությունն ու փորձագետների մեծ մասը կարծում է, որ նոր սահմանադրական փոփոխությունները «Վրացական երազանքին» թույլ կտան այսուհետ էլ իշխանության մնալ: Սահմանադրագետներն ասում են, որ փոփոխությունները միայն մեկ կուսակցության են առավելություններ տալիս և արտացոլում են միայն նրա հայացքները:

Լուսանկարը՝ Դավիթ Մձինարիշվիլիի/REUTERS

5

Մարիխուանայի ապաքրեականացումը

Ի՞նչ է տեղի ունեցել: Նոյեմբերի 30-ին Վրաստանի Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել մարիխուանա օգտագործողների դեմ քրեական գործեր հարուցելը և չեղարկե մինչև այդ պահը գոյություն ունեցող պրակտիկան, երբ մարիխուանայի կրկին օգտագործման համար քրեական պատիժ էր նախատեսվում:

Ինչո՞ւ է դա կարևոր: Վրաստանում նարկոքաղաքականությունը ամենախիստ և ռեպրեսիվներից մեկն է, արդեն երկար տարիներ հասարակական կազմակերպություններն ու ակտիվիստները պահանջում են փոխել այն: Եվրախորհրդի 2015թ-ի հաշվետվության համաձայն՝ Վրաստանի գրեթե յուրաքանչյուր երրորդ բանտարկյալ պատիժը կրում է թմրանյութերի հետ կապված հանցագործության համար:

Լուսանկարը՝ Լևան Միկաձեի

6

Աֆղան Մուխտարլիի գործը

Ի՞նչ է տեղի ունեցել: Ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլին, որը վերջին տարիներին Վրաստանում էր ապրում, քանի որ Ադրբեջանում նրան հետապնդում էին, անհետացել էր Թբիլիսիում մայիսի 29-ին: Ավելի ուշ նրան հայտնաբերել էին ադրբեջանական բանտում: Մուխտարլիի խոսքով՝ իրեն առևանգել են վրացական հատուկ ծառայությունների ներկայացուցիչները, գլխին պարկ հագցրել և փոխանցել ադրբեջանցի իրավապահներին:

Ինչո՞ւ է դա կարևոր: Մուխտարլիի գործը կարևոր նախադեպ էր դարձել և լուրջ վնաս հասցրել Վրաստանի՝ որպես տարածաշրջանում մարդու իրավունքների պաշտպանության գործում առաջատարի համբավին: Իրավիճակը վատթարացնում է այն փաստը, որ կատարվածից 7 ամիս անց վրացի իրավապահներն այդպես էլ չպատասխանեցին այն հարցին, թե ինչպես լրագրողն անհետացավ Թբիլիսիի կենտրոնից:

Լուսանկարը՝ Դավիթ Մձինարիշվիլիի/REUTERS

7

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրույթուններ

Ի՞նչ է տեղի ունեցել: Հոկտեմբերի 21-ին Վրաստանում կայացան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Մայրաքաղաքը նոր քաղաքապետ ընտրեց՝ «Վրացական երազանք» իշխող կուսակցության թեկնածու Կախա Կալաձեին:

Ինչո՞ւ է դա կարևոր: Այդ ընտրությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ Վրաստանը շարունակում է մնալ գերիշխող կուսակցությունների երկիր: Ընտրություններին ցուցադրվել է գործող իշխանությանն այլընտրանքի բացակայությունը և ի հայտ եկել թույլ քաղաքական ընդդիմության խնդիրը, որն այս փուլում իրական փոփոխությունների համար ռեսուրսներ չունի:

Լուսանկարը՝ Դավիթ Մձինարիշվիլիի/REUTERS

8

ԼԳԲՏ գույների թևկապը՝ վրացի ֆուտբոլիստ Գուրամ Կաշիայի թևին

Ի՞նչ է տեղի ունեցել: Հոլանդական «Վիտես» ֆուտբոլային ակումբի վրացի լեգիոներ Գուրամ Կաշիան դաշտ էր դուրս եկել ԼԳԲՏ դրոշի գույների թևկապով, որով աջակցություն և հանդուրժողականություն էր հայտնել սեռական փոքրամասնություններին:

Ինչո՞ւ է դա կարևոր:Վրացի ֆուտբոլիստի արարքը վրացական հասարակության պահպանողական մասի վրդովումքն էր առաջացրել: Կաշիային մեղադրում էին վրացական ավանդույթները դավաճանելու համար և պահանջում հեռացնել նրան ազգային հավաքականից: Սակայն կարևոր էր այն, որ Կաշիան ավեի շատ կողմնակիցներ ուներ, քան դեմ արտահայտվողներ: Վրացի ֆուտբոլիստին հեռուստատեսությամբ և սոցցանցերում պաշտպանում էին նույնիսկ նրանք, ովքեր մինչ այդ ԼԳԲՏ համայնքի հանդեպ առանձնապես հանդուրժողականությամբ աչքի չէին ընկնում: Վրաստանում, որտեղ դեռևս ուժեղ են հոմոֆոբ տրամադրությունները, Գուրամ Կաշիան առաջին վրացի մարզիկը դարձավ, որը բացահայտ աջակցություն հայտնեց հասարակության ամենախոցելի խմբերից մեկին: Նրան համերաշխություն հայտնեցին նաև այլ հայտնի մարզիկներ:

Լուսանկարը՝  Getty images

9

ԱՄՆ-ն համաձայնեց Վրաստանին «Ջավելին» հակատանկային հրթիռային համալիր մատակարարել

Ի՞նչ է տեղի ունեցել: ԱՄՆ-ն պատրաստակամություն էր հայտնել Վրաստանին 410 հրթիռ և 72 արձակման կայանք, «Ջավելին», ինչպես նաև ուսումնական համալիրներ և դրանց համար արկեր մատակարարել:

Ինչո՞ւ է դա կարևոր: Բացի այն, որ երրորդ սերնդի հակատանկային համալիրները զգալի կուժեղացնեն զինված ուժերն ու կբարձրացնեն Վրաստանի պաշտպանունակությունն, այդ որոշումը կարևոր էր նաև քաղաքական առումով. Վրաստանը տարիներ շարունակ փորձել է ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ի երկրներից պաշտպանական զենք ստանալ, սակայն մինչ այս միշտ մերժում է ստացել: «Ջավելինների» վերաբերյալ գործարքը նմանատիպ պայմանագրերից առաջինն է լինելու:

Լուսանկարը՝ Նիկոլասը Ուրուշաձեն

10

Դեռահասների սպասնությունները

Ի՞նչ է տեղի ունեցել: Տարվա վերջում Վրաստանում մի քանի սարսափելի իրադարձություն տեղի ունեցավ: Թբիլիսիի կենտրոնում 51-րդ հանրակրթական դպրոցի մերձակայքում խմբակային կռվի ժամանակ դեռահասները բարձր դասարանի երկու աշակերտի էին սպանել: Հասակակցի ձեռքով դպրոցական էր մահացել նաև Սամտրեդիա քաղաքում: Թբիլիսիի կենտրոնում կռվի ժամանակ սրտի վիրավորում էր ստացել 15-ամյա դեռահաս:

Ինչո՞ւ է դա կարևոր: Դպրոցականների միջև արյունալի վեճերը կրթության համակարգում, հասարակությունում և արդարադատության համակարգում համակարգային խնդիրներ ի հայտ բերեցին: Փորձագետներն ասում են, որ կրթության նախարարությունն անպայման պետք է դպրոցներում բռնության չեզոքացման միասնական քաղաքականություն մշակի: Հակառակ դեպքում այդ խնդիրն էլ ավելի կսրանա 2018թ-ին:

Լուսանկարը՝ Լեւան Միկելաձեն

11

Հակաահաբեկչական հատուկ գործողությունները

Ի՞նչ է տեղի ունեցել: Նոյեմբերի 22-ին վրացի հատուկջոկատայինները գրեթե մեկ օր Թբիլիսիի խիտ բնակեցված թաղամասում գրոհ էին կազմակերպել բնակարաններից մեկի վրա: Հատուկ գործողության արդյունքում սպանվեց միջազգային ահաբեկիչ, ԻԼԻՊ-ի դաշտային հրամանատարներից մեկը՝ Ահմեդ Չատաևը: Մի քանի շաբաթ անց այդ գործողությունը շարունակություն էր ստացել Պանկիսիի կիրճում, որտեղ նույնպես հակաահաբեկչական գործողություն էր անցկացվել:

Ինչո՞ւ է դա կարևոր: Այդ երկու գործողությունները Վրաստանին նոր իրողությունների առջև են կանգնեցրել. եթե մինչ այդ ահաբեկչության դեմ պատերազմն ընթանում էր ինչ-որ հեռու տեղ՝ Փարիզում, Լոնդոնում կամ Վաշինգտոնում, այսօր դա տեղի է ունենում արդեն այստեղ: Այն բանից հետո, երբ Սիրիայում գրեթե ոչնչացվել է Իսլամական պետությունը, դրա զինյալները սկսել են ապաստան փնտրել այլ երկրներում, և, պարզվել է, որ Վրաստանը բացառություն չէ:

Լուսանկարը՝ Դավիթ Մձինարիշվիլիի/REUTERS

Created By
JAMnews, Թբիլիսի
Appreciate

Report Abuse

If you feel that this video content violates the Adobe Terms of Use, you may report this content by filling out this quick form.

To report a Copyright Violation, please follow Section 17 in the Terms of Use.