View Static Version
Loading

ՊԱՏԵՐԱԶՄԻ «ՎԱՐՉԱԿԱՆ ԳԻԾԸ» ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԳՈՏԻ

Ուղեւորության ժամանակ դեպի Վրաստանի հնագույն մայրաքաղաք` Մցխեթա, մինչեւ Գորի հասնելը, աջ կողմում կարող եք տեսնել մի փոքրիկ քաղաք՝ թաղված կանաչի մեջ, նույնանման տներով ու կարմիր տանիքներով: Քաղաքը կազմավորվել է 2008 թվականին՝ պատերազմից հետո, այստեղ ապրում են Հարավային Օսիայի փախստականները:

Փախստականների քաղաք Ծերովանին 10 տարեկան է

Գորին գտնվում է Ցխինվալից 30 կմ հեռավորության վրա՝ դեպի հարավ ։

Հակամարտության սկզբում, 2008 թվականին, Գորին վրացական բանակի գլխավոր հենակետերից էր եւ այն ռմբակոծվել է մի քանի անգամ: Օգոստոսի 9-ին, ռուսական ավիացիայի կողմից վրացական ռազմական օբյեկտների ռմբակոծման ժամանակ, վրացական կողմի տվյալներով՝ զոհվել է 60 խաղաղ քաղաքացի, ավիրվել են բնակելի շենքերը: Հնգօրյա պատերազմը վրացական կողմից խլել է 373 մարդու կյանք, որոնցից 188-ը` խաղաղ բնակիչներ: Տասնյակ հազարավոր մարդիկ ստիպողաբար դարձան տեղահանված:

Գորի, 2008 թվական, Օգոստոսյան պատերազմ

Լուսանկարներ «Ազատություն» ռադիոկայանից

Հենց Գորիում է գտնվում EUMM- ի (Վրաստանում Եվրամիության դիտորդական անզեն քաղաքացիական առաքելություն) դաշտային գրասենյակներից մեկը: Ընդհամենը 3 գրասենյակ կա: Գլխավոր գրասենյակը գտնվում է Թբիլիսիում, իսկ երկրորդ դաշտային գրասենյակը` Զուգդիդիում: Առաքելությունը տեղակայվել է 2008 թ.-ի սեպտեմբերին, երբ ԵՄ-ի միջնորդությամբ ստորագրվեց վեց կետանոց համաձայնագիրը, որը վերջակետ դրեց Օգոստոսյան պատերազմին: Առաքելության տեղակայումից ի վեր, ԵՄ տարբեր երկրներից մոտ 200 դիտորդներն օր ու գիշեր վերահսկում են, մասնավորապես, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ վարչական գծի հարակից տարածքները:

EUMM-ի մանդատը գործում է ողջ Վրաստանի տարածքում: Այնուամենայնիվ, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի դե ֆակտո իշխանությունները դեռեւս մերժում են EUMM-ին՝ իրենց վերահսկողության ներքո գտնվող տարածքների վրա հասանելիությունը
EUMM- ի դիտորդները պատրաստվում են շրջանցման:

Նախնական հրահանգը ստանալուց հետո, EUMM-ի դիտորդների ուղեկցությամբ, մենք ուղղվեցինք Հարավային Օսիայի հետ վարչական գծի ուղղությամբ: Ճանապարհը տեւեց մոտ 40 րոպե:

Անցնելով մի քանի գյուղ, մենք կանգնեցինք: Վրացական կողմից ոչինչ չի ակնարկում, որ մենք մտել ենք «հակամարտության տարածք»: Ձախ կողմում երևացին բարձրահարկ շենքերի կարմիր կտուրները, սովորական մի քաղաք: Իսկ առջևում բետոնե պատնեշն է: Ինչպես պարզվեց, դա Ցխինվալն է, այնքան մոտ և միաժամանակ անհասանելի:

Առջեւի բետոնե պատը վարչական «բաժանարար» գիծն էր, որին մոտենալ մեզ չէր կարելի: Այդ պատերի հետեւում են օսական եւ ռուսական դիրքերը: Քամին ծածանում է «չճանաչված երկրի» դրոշը, իսկ դրա ետեւում այն կանաչ ճաղն է, որը Վրաստանի համար դարձել է օկուպացման խորհրդանիշը:

Բետոնե պատի ետեւում գտնվում է Էրգնեթի գյուղը, որտեղ երկար տարիներ գործել է Կովկասի երկու խոշորագույն շուկաներից մեկը

Այստեղ՝ Էրգնեթիում եղել է հաղորդակցություն վրացիների եւ օսերի միջեւ 1999-2004 թվականները: 2004 թվականի գարնան սկզբին Էրգնեթիի շուկան, որը եկամուտ է ապահովել Հարավային Օսիայի եւ Վրաստանի հարակից շրջաններում, օսական եւ վրացական բնակչության զգալի մասի համար՝ վերացվեց:

Էրգնեթիի անվան հետ կապված են նաեւ օսական եւ վրացական կողմերի միջեւ հանդիպումները, որոնք անցկացվում են վրանում՝ մի գավաթ սուրճի շուրջ: Հենց այդժամ են լուծվում հրատապ, եւ միեւնույն ժամանակ ամենագլխավոր խնդիրները: Այսպիսի 89 հանդիպումներ կայացան, սակայն Էրգնեթիում նախատեսված հանդիպումը, որը պիտի կայանար այս տարվա սեպտեմբերին՝ տեղի չունեցավ: Պատճառ դարձան Հարավային Օսիայում սպանված Արչիլ Տատունաշվիլիի եւ Դավիթ Բաշարուլիի գործերը:

EUMM-ի մամուլի եւ հասարակայնության հետ կապերի բաժնի մամլո խոսնակ Դես Դոիլը

EUMM-ի մամլո խոսնակ Դես Դոիլը պատմում է, որ հենց այստեղ են հավաքվում հակամարտության բոլոր կողմերը՝ վրացիները, ռուսները եւ օսերը, եւ խոսում են միմյանց հետ: Փորձում են լուծել փոքր, տեղական, բայց կարևոր հարցեր, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, ոռոգումը ... Դես Դոիլը կարևորում է, որ այս հանդիպումներին հակամարտության կողմերը խոսում են: Հենց այստեղ է, որ Վրաստանին են փոխանցվում վարչական սահմանագծի մոտ ձերբակալված Վրաստանի քաղաքացիները: 10 ամսվա ընթացքում EUMM-ի թեժ գծով գրանցվել է 8000 զանգ տեղացիներից, որոնք կորցրել են հարազատներին կամ անասուններին: Հենց EUMM-ն է հանդիսանում հակամարտության կողմերի միջեւ միջնորդը:

Ոստիկանության պահակակետը Դիցի գյուղում
Դեպի Դիցի

Դիցին այն գյուղերից մեկն է, որը գտնվում է վարչական գծի վրա: Այստեղ ոչինչ չկա ինչից մենք կկռահենք, որ հենց այս տեղով է անցնում վարչական գիծը, որի այն կողմում տեղակայված է 19 ռուսական ռազմակայան: Հենց այստեղ են շատ հաճախ անհետանում ընտանի կենդանիները, որոնց հնարավոր չէ բացատրել, հակամարտություն եւ վարչական գիծ բառերի իմաստը: Տեղացիներն ասում են, որ եթե չհատես սահմանագիծը, այստեղ հնարավոր է ապրել: Ինչպես ամեն տեղ, այստեղ էլ նույնը:

«Եթե նրանց ոչինչ չանես, պետք չէ նրանցից վախենալ: Եթե չմոտենանք սահմանագծին, ապա մենք ապրում ենք մեր սովորական կյանքով : Մարդիկ ապրում են հողագործության հաշվին: Գնում ենք Թուրքիա: Կով պահելու համար չկան արոտավայրեր: Երիտասարդների մեծ մասը հեռացել է գյուղից: Երիտասարդները ոչնչով չեն կարող զբաղվել, եթե նրանք մնան գյուղում», - ասում է տեղի բնակիչը:

Դիցիի խնդիրներից մեկը ջուրն է, որը հոսում է առավոտյան` օրը մեկ անգամ:

«Բերքը վատն է, պատերազմից հետո ջուրը քչացել է: Աղբյուրը, որը ապահովում էր ջրով, գտնվում է սահմանագծից այն կողմ: Պատերազմի ժամանակ պայթեցրել էին, որպեսզի ջուրը չգար մեր գյուղ », - պատմում են տեղի բնակիչները:

Նոր ջրմուղը, որը լիարժեք չի կարող ապահովել ջրով
Դիտորդը Չեխիաից ցույց է տալիս վարչական գիծը եւ ռուսական ռազմակայանները
Գծի միայն մի փոքր մասն է ցանկապատված, մնացածը բաց է, եւ հաճախ մարդիկ, ովքեր հավաքում են ջոնջոլի (հայտնի ավանդական սննդի մեջ օգտագործվող բույս), անցնում են գիծը եւ անհետանում

82-ամյա Մզիա տատիկն իր տանը ապրում է միայնակ, որը գտնվում է վարչական գծի վրա:

Նա իր տունը վերակառուցել է 2008 թ. պատերազմից հետո
«Պատերազմը քայքայեց իմ երիտասարդությունը, հետո էլ իմ ծերությունը», - ասում է նա:

Դիցիում ոչ-ոք չէր սպասում պատերազմի: Այն սկսեց հանկարծակի, գիշերը, կրակոցներով:

«Երբ պատերազմը սկսվեց, ես այստեղ էի: Սեպտեմբերի 19-ին նրանք այրեցին իմ տունը: Ամեն ինչ հանգիստ էր, ոչնչի չէինք սպասում: Առավոտյան ժամը 4-ին պատերազմը սկսվեց: Երբ ռմբակոծում էին, գնացինք Գորի, բայց հետո վերադարձանք ետ տուն: Երբ վերադարձա, իմ տունն ամբողջովին այրվել էր: Ես մինչ մահս կմնամ իմ տանը: Ռուսներ կային, բայց իմ տունը այրեցին Դմենիսի օսերը: Իմ տնից բացի, այրվում էին եւս 4-ը: Նախքան այդ, բոլոր արժեքավոր իրերը դուրս էին բերվել: Հիմա հանգիստ քնում եմ, պարեկային ոստիկանությունը միշտ այստեղ է՝ տանս կողքին: Մի քանի օր առաջ այնտեղից անցան ուղղաթիռներ, սակայն ես նույնիսկ դուրս չեկա, ես վախի զգացում չունեմ, այն ամենից հետո ինչ ես տեսա, այլևս ոչնչից չեմ վախենում: Չեմ վախենում, այդ իսկ պատճառով չեմ հեռանա իմ տնից», - պատմում է Մզիա Բիձինաշվիլին :

Դիցիի բնակիչների համար, պաշտպան են հանդիսանում պարեկային ոստիկանությունը եւ EUMM-ի դիտորդները:

Այս երկու օրերին, Ժնեւում կանցկացվեն Ժնեւի հանդիպումները, որտեղ կքննարկվեն «Միջադեպերի կանխարգելումը եւ այդ միջադեպերի վրա արձագանքման վերականգնումը»: Հույս կա, որ հակամարտության միջազգային քննարկումները՝ հակամարտության գոտում գոնե փոքր-ինչ կփոխեն այդ բարդ փոխհարաբերությունները դեպի դրական ուղղություն:

NextPrevious

Report Abuse

If you feel that this video content violates the Adobe Terms of Use, you may report this content by filling out this quick form.

To report a Copyright Violation, please follow Section 17 in the Terms of Use.