Հիմնական ճանապարհներից հեռու գտնվող П–աձև երեք շենքերը Բաքվի բազմաթիվ հանրակացարաններից են, որտեղ բնակվում են փախստականներն ու տեղահանված անձինք:
1990-ական թթ. սկզբում ղարաբաղյան հակամարտության սրման արդյունքում հարյուր հազարավոր մարդիկ փախան Բաքու և Ադրբեջանի այլ քաղաքներ: Նրանց համար նոր տներ են կառուցվում, սակայն բազմաթիվ «փախստականների հանրակացարանները» վկայում են այն մասին, որ գրեթե 30 տարի անց քաղաքը դեռ չի կարողացել ամբողջությամբ «կլանել» նրանց:
Բակում առաջին հերթին աչքի են ընկնում շենքերից անկանոն կախ ընկած խողովակներն ու լարերը, որ բնակիչները հապճեպ տեղադրել են առանց որևէ համակարգի: Ակնհայտ է, որ այս վայրը մարդկանց չի պատկանում, նրանք երբեք չէին պատրաստվում այն իրենց տունը դարձնել ու ժամանակի ընթացքում հետ չեն կանգնել այդ ցանկությունից:
Բոլորը բողոքում են, որ չեն կարող վերանորոգում կատարել` տեղափոխման ակնկալիքի պատճառով: Գուցե հենց վաղը հայտարարեն, որ իրենց նոր շենք են տեղափոխում: Ափսոս կլինի, եթե այդքան գումար ծախսեն վերանորոգման վրա:
Մենք այստեղ եկանք ցերեկը, երբ տղամարդիկ աշխատանքի էին: Իսկ կանայք, ինչպես հաճախ է լինում ադրբեջանական ընտանիքներում, զբաղված էին երեխաներով ու կենցաղով:
Ինչպես և նման հանրակացարանների բոլոր բնակիչները, նրանք դժգոհում էին կենցաղային անտանելի պայմաններից, բայց այդ բողոքները սովորական դարձած խոսքերի պես էին հնչում: Երևում է, որ այս կանայք արդեն համակերպվել են տանը գազի բացակայության, ամեն հարկում ընդամենը մեկ լողասենյակի առկայության, նեղ պայմանների հետ:
Միջանցքներում խոնավության ու տապակած կարտոֆիլի հոտ է գալիս: Զուգարանի (որից մի քանի ընտանիք է օգտվում) դռան վրա գրված տողերը նախապես անեծք են հղում դուռը բաց թողնող մարդու հասցեին:
Մյուխեսթե
«Երբ սկսվեց պատերազմը, ես ու հանգուցյալ ամուսինս Բաքվում էինք. եկել էինք բուժման: Հանկարծ մեզ հայտնեցին, որ ճանապարհները փակ են: Ամուսինս ասաց, որ հետ կգնա`հորն ու մորը գտնելու, ասաց`մինչև չգտնեմ, չեմ վերադառնա:»
Լացակումած, ես հինգ չորահաց պատրաստեցի նրա համար: Մի շաբաթ նրանից լուր չունեի, բայց նա կարողացավ գտնել հարազատներին ու նրանց այստեղ բերել:
Մանկության տարիներին եղբայրս թույլ չէր տալիս, որ երաժշտության դասերի գնամ: Ես դպրոցից փախչում էի, գնում երաժշտական խմբակ: Երբ իմացավ, սպառնաց, որ կգա ու տակնուվրա կանի այնտեղ ամեն ինչ:
Հիմա և' իմ դուստրը, և' մյուս աղջիկները երաժշտությամբ են զբաղվում. դպրոցում ուսուցիչներ կան, որ անվճար օգնում են մեզ: Շուտով ելույթ են ունենալու: Գուցե աղջկաս մոտ ամեն ինչ ստացվի»:
Գյուլլու
«Սկզբում փախանք Սաաթլը: Այնտեղ ավելի լավ էր, քան այստեղ: Պետությունը մեզ համար տուն կառուցեց, կողքի հողամասը ինքներս էին մշակում: Հետո եկավ ամուսնության ժամանակը, և ամուսինս հրաժարվեց Սաաթլը տեղափոխվել, քանի որ պատերազմից հետո ապրել էր Բաքվում և արդեն ընտելացել էր քաղաքին: Իսկ այստեղ ո'չ հանգիստ ունենք, ո'չ հարմարություններ, ոչինչ չկա:»
Այգյուն և Մանսուրա
«Մինչև ձեր գալը մենք քննարկում էինք, թե երբ են արդեն այս ավերակները քանդելու, մենք էլ վերջապես թողնենք-գնանք այստեղից, որ նորմալ մեծացնենք երեխաներին»: