Երկու դպրոցահասակ երեխաների մայր, մասնագիտությամբ պատմաաշխարհագրագետ Հասմիկ Մազմանյանն աշխատում է Շիրակամուտի դպրոցում՝ որպես գրադարանավար: 2016 թ.-ից Լոռու մարզի Շիրակամուտ համայնքի ավագանու անդամ է:
«Բուն պատճառը, թե ինչո՞ւ կանայք ակտիվ չեն որոշումների կայացման գործընթացներում, ավելի խորքային է, քան այդքան տարածված «կարծրատիպեր» ասվածը: Կրթությունը, հատկապես՝ բարձրագույն, եթե նպատակային չէ, ոչինչ չի տալիս մարդուն: Այս դեպքում, իրավունքների ու դրանք գրագետ պաշտպանելու մասին խոսք լինել չի կարող: Մեր երկրում օրենքով ամեն ինչ տրված է կանանց, բայց օրենքը հաճախ չի գործում: Գործնականում «սև ու ծանր» աշխատանքը միշտ կնոջ ուսերին է մնում, որովհետև նրանք ներգրավված են հատկապես ցածր օղակներում, որտեղ ամենադժվար և ամենապատասխանատու աշխատանքն է միշտ: Կնոջը շատ հեշտ է ոգևորել և բերել քաղաքական դաշտ, բայց խելացի կինը երբեք չի մոռանում, որ այն, ինչ անում է, անում է նաև իր ընտանիքի համար: Այստեղ է նաև կնոջ հաջողության գաղտնիքը»,-ասում է Հասմիկ Մազմանյանը:
Հասմիկը ցավով է նշում, որ այսօր ավագանու ինստիտուտը դեռ կայացած չէ, մարդիկ, սովորաբար, չեն ուզում դեմ գնալ համայնքապետին: Ավագանու կազմում իր ամենահաջողված առաջարկներից համարում է աղբարկղերի տեղադրումը.
«Այս տարի էլ ուսումնասիրեցի ծախսերն ու հավաքագրումները և առաջարկեցի աղբի վարձավճարները 50 տոկոսով նվազեցնել: Ավագանին հավանություն տվեց իմ առաջարկին: Առաջիկայում էլ ուզում եմ գյուղում լուսավորության հարցը լուծել»,- ասում է նա:
«Իմ աղջիկը դեռևս դպրոցական է, բայց արդեն հասարակական ակտիվություն ունի, և ես ուրախ եմ դրա համար: Մեր համայնքի օրինակով կարող եմ ասել, որ բնակիչների շրջանում գիտակցություն է փոխվում, մարդիկ սկսել են ամեն ինչին ավելի առաջադիմական հայացքներով նայել»,- ասում է նա:
Քաղաքականության մեջ կանանց ներգրավվածության վերաբերյալ Հասմիկը հստակ դիրքորոշում ունի. Շեշտը պետք է դնել ոչ թե թվի, այլ կարողությունների վրա:
«Առանց այդ էլ, կանանց ներգրավվածությունը քիչ է, իսկ համայնքների խոշորացման գործընթացն առաջին հերթին խանգարում է կանանց: Եթե, օրինակ, քո համայնքում քեզ գիտեն, ճանաչում ու վստահում են, մյուս համայնքներում, լավագույն դեպքում գիտեն քո ամուսնուն, բայց դա շատ քիչ է, ի վերջո քո անձն ու գաղափարախոսությունը չի ներկայացված: Կանանց ակտիվացնելու և ներգրավելու գործընթացում մի փոքր սխալ շեշտադրում կա: Կարևոր չէ, որ կին լինի, կարևոր է, որ խելացի´, բանիմա´ց կին լինի: Եթե, ասենք, ավագանու կազմում լինի 7 չաշխատող կին ու մեկ, ուժեղ մտավոր կարողություններով գործունյա տղամարդ, առավելությունը նրանն է լինելու և հակառակը: Ուրեմն, պետք է կրթել հասարակությունը»:
Նարինե Մաթևոսյան