1 օր՝ <<Փոուզիթիվ>> հ/կ-ի շների կացարանում
Ինչպես ասել էի, մեզ ամեն օր խնամում են <<Փոուզիթիվ>>-ի կամավորները։ Առանց նրանց՝ այստեղ գտնվող ամեն շան կյանք ու ճակատագիր մի մե՜ծ հարցականի տակ կլիներ։ Կամավորները մեզ ամեն օր խնամում են, հոգ տանում մեր տարածքի մաքրության մասին, եւ դե իհարկե, հետեւում, որ մեր փորիկները կուշտ լինեն ) Իսկ հիմա ծանոթացնեմ ընկերներիցս մի քանիսի հետ։ Դե, հասկանում եք, որ մենք շատ ենք։ Բոլորի հետ ծանոթանալու համար համեցեք մեր կացարան։
Այս աղջնակն էլ Զուզուն է՝ համարձակ, բայց սիրալիր գամփռ։
Տերերը նրան դուր էին նետել, որովհետեւ Զուզուն թաթիկի խնդիր ունի։
Երբ <<Փոուզիթիվ>>-ի կամավորները նրան գտան, Զուզուն նաեւ մաշկային խնդիրներ ուներ։ Սկզբում նա շատ ագրեսիվ էր մարդկանց հանդեպ։ Դե, երեւի հասկացաք, թե ինչու։
Բայց նա բուժվեց։ Միայն երբեմն թաթիկն է ցավում, բայց նա մյուս շների պես սպասում է իր տիրոջը։
Մեր խոշորակազմ աղջիկներից է՝ ալաբայ։
Ավանի բակերից մեկում նրան գտել են շատ հյուծված վիճակում, շարժվել գրեթե չէր կարողանում։ Նա էլ է սպասում իր պատասխանատու տիրոջը։
Նախորդը, կրկին ստիպված եմ ասել, որ դուրս է նետել նրան։ Ահա այսպիսի դեպքերը բացառված չեն, քանի դեռ համապատասխան օրենք չկա(մնում էր ես՝ Պաբլոս, օրենքների մեջ էլ խորանամ ու պը՜րծ․․․)։
Սոֆին է․ Հերացի փողոցում նրան հարվածել էր մեքենան։ Սարսափով եմ պատմում՝ Սոֆին այդ ժամանակ հղի էր․․․ձագուկները կյանք չտեսան․․․
Ի դեպ, երբ կամավորներն օգնության են հասել Սոֆիին, նա վզկապով է եղել, սակայն տերն այդպես էլ չգտնվեց․․․(տեր ջան, եթե սա կարդացիր ու ճանաչեցիր շանդ, խնդրում եմ՝ արի՜ նրա հետեւից, նա այնքա՜ն շատ է կարոտել քեզ)։
Նկարահանմանն օժանդակելու համար հատուկ շնորհակալություն <<Փոուզիթիվ>>-ի համահիմնադիրներից Աննա Ամիրաղովային