View Static Version
Loading

ԿԵՏ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ

Եթե երբևէ հայտնվեք Հրազդանում և առիթ ունենաք տեղացիներին հարցնելու, թե ինչպես ընդամենը երկու բառով կբնութագրեն իրենց ծննդավայրը, չզարմանաք, եթե լսեք մեկ համընդհանուր պատասխան՝ «Ախտա՝ դրախտ ա»:

«Աղդեն» առաջացել է «աղ» հայերեն արմատից և պարսկերեն «դեն» վերջածանցից: Աղի տեղափոխումը Կողբից մինչև Գավառ պատճառ դարձավ, որ այդ տարածքը գրագրություններում հիշատակվի աղի տեղափոխման և այդտեղ պահեստավորելու հետ առնչվող գործառույթներում: Ռուսների կողմից կատարված գույքագրումների ընթացքում արդեն օգտագործվել է «Ախտեն» անվանումը, քանի որ ռուսերենում բացակայում է «ղ» հնչյունը: Մինչև այժմ էլ օգտագործվում է «Ախտեն» ձևը, դե իսկ բնակիչներն էլ ՝ ախտեցիներ, առավել հայտնի՝ «քոռ ախտեցիներ»: Կարծես թե ամեն ինչ հասկանալի է, մնում է միայն պարզենք, թե ինչու է Ախտան դրախտ, իսկ ախտեցիները՝ քոռ:

Լուսանկարները՝ «Hrazdan city/Հրազդան» ֆեյսբուքյան էջից

Քաղաքն ունի մշակութային հաստատություններ , պատմամշակութային արժեքավոր հուշարձաններ, ակումբագրադարանային հիմնարկներ, պատմագիտական թանգարան, պատկերասրահ: Այս ամենի մասին կարելի է փնտրել և գտնել համացանցում, Հրազդանի մասին պատմող գրքերում, բրոշյուրներում, սակայն մեր նպատակն է բացահայտել Հրազդանը նորովի, տեսանելի դարձնել «անտեսանելին», լինել վայրերում, որոնք չեն զիջում այլ հայտնի վայրերի, ուր միշտ շտապում են զբոսաշրջիկները, ընդգծել դրանց հետաքրքրությունն ու կարևորությունը: Այս ամենի հետ մեկտեղ բացահայտել քաղաքին բնորոշ առանձնահատկությունները, բնակչության կոլորիտի ընդհանրությունները: Իսկ վերջում, իհարկե, չենք կարող անտարբեր անցնել քաղաքի ավանադական խոհանոցի կողքով և ամբողջական չդարձնել քաղաքի պատկերը՝ իրեն բնորոշ «համ ու հոտով»:

1959 թվականի հուլիսի 1-ի հրամանագրով Ախտա քաղաքատիպ ավանը վերանվանվեց Հրազդան՝ դասվելով հանրապետության շրջանային ենթակայության քաղաքների շարքը: Հրազդանը, լինելով յոթ առանձին գյուղ-թաղամասերից բաղկացած բնակավայր, ձեռք բերեց քաղաքի կարգավիճակ, աստիճանաբար կերպարանափոխվեց, դրանով իսկ Հրազդանի առջև բացվեցին քաղաքաշինական զարգացման նոր հեռանկարներ՝ այն դարձնելով հանրապետության խոշոր արդյունաբերական քաղաք: Այսօր Հրազդանը հանրապետության արդյունաբերական եւ էներգետիկայի գլխավոր կենտրոններից է: Այստեղ են գտնվում Հրազդանի ՋԷԿ-ը, ցեմենտի, պլաստմասե իրերի, մեքենանասարքավորումների գործարանները:

Կառուցվում են շուրջկոպի գրասենյակը և հանրախանութը
Աթարբեկյան ՀԷԿ-ի բացման միտինգը

Լուսանկարները՝ Հրազդանի երկրագիտական թանգարանից

Այժմ մեր ձեռքն առնենք ՀՀ քարտեզը և գտնենք Հայաստանի կենտրոնը:

Հրազդանի համայնքապետարանի Կրթության, մշակույթի, սպորտի բաժնի գլխավոր մասնագետ Արմեն Այվազյան

Արի՛ ու տե՛ս, որ զբոսաշրջիկները հայտնի հանգստավայրեր հասնելու համար պարզապես շրջանցում են Հայաստանի թաքնված կենտրոնը: Ամենահետաքրքիրն այն է, որ այն, ինչ նրանք փնտրում են ավելի հեռվում, կարող են գտնել հենց այստեղ՝ դրԱխտում:

Հարց է առաջանում. եթե Հրազդանը «դրԱխտ ա», ապա որտե՞ղ է Եդեմական այգին: Դե ի՛նչ, բարի գալուստ Շառլ Ազնավուրի անվան զբոսայգի: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ Աղասի Խանջյանը Ծաղկաձոր գնալու ճանապարհին Հրազդանի տարածքում նկատել է մի թեքալանջ և ասել է. «Այստեղ պետք է հիմնել եղևնիների պուրակ»: Ահա թե ինչպես հրադազդանյան «Եդեմական այգում» իմաստության ծառին փոխարինելու եկավ հավերժության խորհրդանիշ համարվող եղևնին :

Զավեն Հարությունյան «Հրազդան-Ախտա», «Տունդարձի քարվաններ» գրքերի հեղինակ

Հրազդանցիները շատ ջերմորեն են վերաբերվել այգու ստեղծման գաղափարին և համատեղ ջանքերով կյանքի են կոչել այն, ինչն այսօր նրանց համար տարվա բոլոր եղանակներին դարձել է հանգստի և խաղաղության լավագույն անկյունը:

Օրինակ, երբ ձմեռային սպորտաձևերի սիրահարները ձմռանը շտապում են Ծաղկաձոր, ճանապարհին չեն էլ նկատում , թե ինչպես են շրջանցում եղևնիներով և ձյունով ծածկված անտառը: Պարզվում է՝ ձմեռային ակտիվ հանգիստը կարելի է կազմակերպել նաև այստեղ:

Փաստորեն գտնելու համար պարզապես տեսնել , նկատել ու չշրջանցել է պետք: Ճիշտ ժամանակն է տեղի բնակիչներին ուղղելու համայն հրազդանյան հարցը, այն է ՝ «Ինչու՞ են ախտեցիները քոռ»: Այս հարցի պատասխանն այստեղ մի շատ կարևոր հատկանիշ ունի. այն միշտ տարբեր է , բայց միշտ ճիշտ: Կարևոր է արձանագրել՝ կա միայն մեկ ճիշտ պատմություն, և յուրաքանչյուր հրազդանցու խորին համոզմամբ դա հենց այն է, ինչ գիտի ինքը:

Ի դեպ, Հրազդանի հին բնակիչներն այստեղ են եկել Սասունից, Մուշից, Կարսից: Իսկ արդեն Խորհրդային շրջանում` արդյունաբերության զարգացման տարիներին, Հրազդան բնակություն հաստատելու և աշխատելու են եկել մարդիկ Հայաստանի տարբեր քաղաքներից եւ մերձակա գյուղերից, Արցախից, Ջավախքից, ինչպես նաև Բաքվից ու Կիրովաբադից:

Հրազդանի համայնքապետարանի Կրթության, մշակույթի, սպորտի բաժնի գլխավոր մասնագետ Արմեն Այվազյան

1963թ.-ի հունվարի 12-ի հրամանգրով վերացվեցին Հրազդանի շրջանի Աթարբեկյանի և Ջրառատի գյուղական խորհուրդները և դրանք մտան Հրազդան քաղաքի կազմի մեջ: Քաղաքի շրջագծի մեջ ներառվեցին նաև Ախպարա, Մաքրավան, Ներքին Ախտա, Կոճոռ և Կաքավաձոր գյուղերը: Շրջանների միջև ներքին մշակութային բախումները համեմել են բնակիչների մշակութային կոլորիտը նոր գույներով, հումորային պատմություններով, ասացվածքներով, առասպելներով:

Հենց այդպիսի պատմություններից մեկն էլ կապված է Հրազդանի կապուտաչյա գեղեցկուհու՝ «Ծովինարի» հետ:

Այս լիճն անհնար է չնկատել , քանի որ այն տեսանելի է դառնում հենց քաղաք մտնելուն պես: «Ծովինար» արհեստական ջրամբարը հիմնադրվել է 1950-ականներին: Հրազդան և Մարմարիկ գետերը միախառնվում են հենց այս ջրամբարում:

Լճի կենտրոնում վեր է խոյանում մի մետաղաձույլ արձան , որը հաղթանակ և խաղաղություն է խորհրդանշում: Ժամանակի ընթացքում տեղի բնակիչները տարբեր կերպ են մեկնաբանել այն՝ Ծովինար աստվածուհուց մինչև ախպարացիների հարս: Բանն այն է, որ Ծովինարը գտնվում է Ախպարա գյուղի մոտակայքում. հենց սա էլ պատճառ է դարձել հերթական անգամ մի նոր պատմություն հյուսելու: Արդյունքում՝ մինչ այսօր շատերն այս արձանի մասին պատմելիս ծիծաղելով մեջբերում են. «Ծովինարը ախպարացիների հարսն է»:

Իսկ իրականում արձանի անունն է` «Կեցցե կապույտ ու ջինջ երկինքը», և այն նվիրված է 1941-1945թթ.-ի Հայրենական մեծ պատերազմում հայ ժողովրդի տարած հաղթանակի 40-ամյակին:

Հրազդանցիները սիրում են ջրամբարի մոտակայքում անցկացնել իրենց ամառային հանգիստը : Տեղացիների սիրելի զբաղմունքներից է լճում ձուկ որսալը: Դե ի՛նչ, այսուհետ նախքան Հայաստանի կապուտաչյա գեղեցկուհու մոտ շտապելը արժե ճանապարհին հյուր գնալ նաև Հրազդանի կապուտաչյա գեղեցկուհուն և թույլ չտալ, որ վերջինս իրեն պակաս կարևոր զգա:

Ձկնորսությունից կամ դահուկավազքից հետո հաստատ էներգիան վերկանգնելու մեծ ցանկություն կառաջանա: Այստեղ էլ մեզ օգնության է գալիս այն լավագույնը, որը կպատմի Հրազդանի «համ ու հոտի» մասին դետալային ճշգրտությամբ: Ախտայի ավանդական խոհանոցի ճաշացանկում կարելի է գտնել սիբեխով և ցորենով սպաս, հաճարով տոլմա, կճուճի մեջ պատրաստած թոնրի հարիսա և թոնրի կլոր գաթա: Սակայն մինչ օրս ճաշացանկը գլխավորում է շորվա ճաշը:

Հետաքրքիրն այն է, որ այտեղ շորվան մեռելահացի պարտադիր բաղադրիչներից մեկն է : Մի՛ անհանգստացեք, այն համտեսելու համար մեռելահացի մասնակցելը պարտադիր պայման չէ, պարզապես կարելի է խնդրել տեղի բնակիչներից մեկին պատրաստել Հրազդանի ավանդական ուտեստը և վայելել այն գյուղական միջավայրում: Օրինակ, մեզ հյուրընկալել է Հրազդանի Ջրառատ գյուղի բնակիչ Ա. Խ.-ն: Հենց նա էլ մեզ մասնակից կդարձնի ճաշի պատրաստաման ընթացքին:

Իսկ վերջում՝ նախքան տուն վերադառնալը, վստահ լինենք, որ ոչինչ չենք մոռացել վերցնել մեզ հետ: Կանգնենք Հրազդանի ձորի եզրին, որտեղից երևում է քաղաքի գրեթե ողջ պատկերը ու վերցնենք մեզ հետ ամենակարևորը՝ մի կտոր մեր փոքրիկ երկրից , որ ազատորեն տեղավորվում է մեր սրտերում:

NextPrevious