Ապրիլի 29-ը Ասպինձայի շրջանի Դամալա գյուղի համար տոնական էր։ Գյուղացիները նշում էին նախնիների Էրզրումի գաղթից հետո վերաբնակեցման 190, ինքնապաշտպանության մարտերի 100 և գյուղի տոնի 10 ամյակները։
Տոնակատարությանը ներկա էր «ՋԱՀ» և «Դամալա» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ, հայաստանաբնակ դամալեցի բարերար Սոս Սահակյանը, ում նախաձեռնությամբ 10 տարի շարունակ նշվում է Դամալայի օրը։ Պաշտոնական հյուրերի շարքում էին Ասպինձայի քաղաքապետ Ռոստոմ Մագրաքվելիձեն, շրջանային ժողովի պատգամավոր Էմին Բալոյանը և այլ անձիք։
Միջոցառման ընթացքում անդրադարձ եղավ Դամալայի պատմության հերոսական էջերին, 1918 թվականի ինքնապաշտպանական մարտերից, ընթերցվեց Մկրտիչ Սարգսյանի արձակից հատվածներ։ Պարով, երգով ու երաժշտությամբ համեմվեց տոնակատարությունը։
Դամալան լեռների մեջ հարուստ բուսականությամբ, էթնիկ հայկական դիմագիծը պահպանող գյուղերից է։ Գյուղացիները հավատարիմ մնալով հին ավանդույթներին ստեղծում և արմատացնում են նորերը։