View Static Version
Loading

Ջեմմա Հարությունյան. Քարի պես ամուր կամքով` հանուն Ամասիայի Ջեմմա Հարությունյանը Ամասիա խոշորացված համայնքի ղեկավարն է:

Արմատներով Ղարսից, ծնունդով Ամասիայից, Հայաստանի հյուսիսում մեծացած ու կոփված, քարի պես ամուր կամքով: Ջեմմա Հարությունյանն է: Շիրակի մարզի Ամասիա խոշորացված համայնքի ղեկավարն այսպես է ներկայանում:

Ապրել և մնալ ծննդավայրում. Ամբողջ կյանքում սա սկզբունք է եղել տիկին Ջեմմայի համար: Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտում ուսումն ավարտելուց հետո շտապել է ծննդավայր, անցել աշխատանքի և ամուսնացել հարևանի տղայի հետ:

Ավանդական հայկական ընտանիքում հարսի աշխատանքին ամուսնուց բացի դեմ չեն եղել նաև սկեսուրն ու սկեսրայրը.

«Երբ ամուսնացա, արդեն աշխատում էի: Հենց Ամասիայում տարբեր պաշտոններ եմ զբաղեցրել` Ջրային տնտեսության ավագ ինժեներ, Շրջսովետի գործկոմի նախագահի տեղակալ, Կադաստրային մարմնի պատասխանատու: Բոլորն էլ գիտեին, որ ես պետք է աշխատեմ: Ընտանիքս հենարանս է, միշտ, ինչ դժվարություն ունեցել եմ, ամուսնուս կողմից աջակցությունը զգացել եմ: Դեռ չի եղել դեպք, որ ես խնդիրներ ունենամ, ու մնամ մենակ»,-ասում է տիկին Ջեմման:
Համայնքապետ դառնալու որոշումն առանց վարանելու է կայացրել, վստահ, որ հաղթելու է:
«Որոշեցի, որ պետք է թեկնածությունս անպայման դնեմ: Դե, մարդիկ ինձ ճանաչում էին, ես էլ Ամասիայի կազմի մեջ մտած այդ 9 գյուղերի բոլոր խնդիրներին, մարդկանց էի ծանոթ: Մտածեցի, որ կընտրեն ինձ: Արդեն տարբեր տեղերում իրար հետ գործ ունեցել էինք: Ու ինչպես որ պատկերացրել էի, այդպես էլ եղավ: Իմ ներքին ձայնն ինձ այս անգամ էլ չդավաճանեց»:

Ջեմմա Հարությունյանը սովորական համայնք չի ղեկավարում. Ամասիայի կազմում 9 գյուղ կա: Այդ բոլոր վարչական շրջանների տղամարդ ղեկավարներն ու ավագանու անդամները հաշվի են նստում կին-ղեկավարի հետ: Բայց չի կարելի ասել, թե ամեն ինչ հեշտությամբ է կարգավորվում:

Խոշորացված համայնքի խնդիրներն էլ են խոշոր լինում, և դրանց լուծման համար միշտ չէ, որ մեծ հնարավորություններ կան:

Բայց կենսական նշանակության հարցեր, արդեն իսկ, կարգավորվել են. Ամասիայի կազմում գտնվող 9 գյուղերն էլ ապահովվել են գիշերային լուսավորությամբ:

«Ինչ անում եմ, հաշվի եմ նստում բնակչության կարծիքի և առաջնային կարիքների հետ: Ես միանձնյա որոշումներ չեմ կայացնում: Մարդիկ պետք է ասեն, թե ինչն են այդ պահին համարում կարևոր, որ քննարկենք, հասկանանք, մեր հնարավորությունների սահմաններում լուծումներ գտնենք»:

«Շատ խնդիրներ կան գյուղերում: Հատկապես այս տարի գուղացին վատ վիճակում է, կարկուտը բերք չի թողել, նույնիսկ խոտ չեն կարողանում մարդիկ ամբարել, որ ձմռան ամիսներին անասուններն ուտեն: Թե այս հարցերն ինչպես ենք լուծելու, դեռ չգիտենք»,-մտահոգվում է համայնքապետը:

Դրանից բացի Ամասիայում դեռ տնակներում ապրող մարդիկ կան: Այս տարածաշրջանի եղանակային պայմանները հաշվի առնելով` դժվար չէ պատկարացնել, թե թիթեղյա տնակի մեջ մարդիկ ինչպիսի դժվարություններ են ունենում, որքան վառելիք են օգտագործում, որ հնարավոր լինի ցրտին դիմանալը:

Ամուր նյարդեր, հավասարակշռություն և գրարգետ աշխատակազմ: Համայնքապետը խոստովանում է՝ առանց այս ամենի անհնար կլիներ աշխատելը: «Շատ երիտասարդների ենք վերցնում աշխատանքի: Զբաղվածություն կունենան, կմնան տեղում, կաշխատեն, ընտանիք կպահեն»:

Համայնքապետարնն աշխատանքի միակ վայրը չէ Ամասիայում: Այստեղ բացված բրդի վերամշակման արտադրամասը կայուն աշխատանքով է ապահովելու 60-ից ավելի տեղաբնակի:

Համայնքապետի օրը լուսանում է սեփական ձեռքերով աճեցված բերք ու բարիքի մշակմամբ: Տան դիմաց փոքրիկ այգի ու ջերմոց կա: Մինչ համայնքապետարան շտապելը՝ նախ ընտանիքը: Հասունացած միրգ ու բանջարեղենը քաղում, թոռնիկներին ուրախացնում է:
Այս տարի կեռասը թռչուններից պաշտպանելու նորարարական լուծում է գտել: Համայնքապետի այգու ծառերին սովորական խտասկավառակներն անսովոր կիրառություն են ստացել:

Կյանքի իմաստը հողի ու բույսի մեջ է տեսնում: Իր համագյուղացիների նման Ջեմմա Հարությունյանն էլ և’ հող է մշակում, և’ անասուններ պահում: Պաշտոնը տիկնոջը չի հավասարեցրել տղամարդկանց: Վստահ է` դժվարությամբ հաղթահարվող այս ուղին չի ստվերել կանացիությունը:

Արմենուհի Մինասյան

Created By
WomenNet am
Appreciate
NextPrevious

Report Abuse

If you feel that this video content violates the Adobe Terms of Use, you may report this content by filling out this quick form.

To report a copyright violation, please follow the DMCA section in the Terms of Use.