72 ամյա նկարիչ Համլետ Արոյանը ծնվել և ստեղծագործում է Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում։ Դեռ մանկությունից որոշել է մերձենալ գույների աշխարհի հետ, մինչև հիմա նրան գրավողը գույնն է։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվում է Լվովի Դեկորատիվ կիրառարական արվեստի ինստիտուտ և մասնագիտական բարձրագույն կրթություն ստանալուց հետո վերադառնում է հայրենի գյուղ, ամուսնանում և մինչև այսօր գյուղի դպրոցում աշխատում է որպես կերպարվեստի և նկարչության ուսուցիչ։
1977 թվականին ճանաչվել է ժողովրդական վարպետ, 1988-ին ԽՍՀՄ, իսկ 1999-ին Հայաստանի նկարիչների միության անդամ։ Ունեցել է բազմաթիվ ցուցահանդեսներ Վրաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Հայաստանի տարբեր քաղաքներում։ Գործունեության ուղու մասին խոսելով, փաստում է, որ եթե մեծ քաղաքում ապրեր ավելի լայն հնարավորություններ կունենար։ Նկարիչը չի բողոքում գյուղական առօրյայում ստեղծագործելուց։ Ներշնչանքը հայրենի բնօրանն է՝ տասնյակից ավելի գեղանկարներում պատկերել է Ախալցիխեի ձորը, սեփական գյուղի բնապատկերը ևս գերիշխում է նրա ստեղծագործություններում։ Նա խոստովանում է, որ անկախ իր կամքից ամենահաճախ օգտագործվող գույնը կապույտն է՝ անսահմանության և հավերժի խորհրդանիշը։
Կացության ծանր պայմանները, ոչ միշտ են թույլ տվել նկարչին մտքերը խառնել ներկերի մեջ ու կտավներ վրձնել։ Ընտանիքի հոգսը թեթևացնելու համար որոշել է մեկնել Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի։ Պատմում է, որ շինարարության ժամանակ ղեկավարներից մեկը մոտեցել և հարցրել է, թե ինչո՞ւ է ինքը մորուսով, տղաները կատակով պատասխանել են, որ նկարչի կերպարն է ընդգծում։ Ավելի ուշ կազմակերպության տնօրինությունից նկատում են «բանվորի» տաղանդը քանի որ Արոյանը բացի ֆիզիկական աշխատանքից, գիշերները չէր քնում և նեղլիկ սենյակում նկարում էր։ Նրան թույլ են տալիս, որ ֆիզիկական աշխատանք չանի, իրեն կվճարեն նկարելու համար և անհրաժեշտ ներկեր և այլ պարագաներ ևս կբերեն։
Նկարիչ, մանկավարժ, ընտանիքի հայր, պապ կամ պարզապես գյուղացի Արոյանը արմատներին հավատարիմ ապրում է հայրենի գյուղում։ Խոսելով ճակատագրի մասին մատնանշում է կտավներից մեկը, որտեղ լեռներում խորացող ճանապարհով գնում է մեկը, իսկ հարցին, թե այդ ո՞ւր, Համլետ, նա ճանապարհի խորքերն է մատնանշում։ Հույս ունի իրենից հետո զավակներն ու աշակերտները տեր կկանգնեն իր գունավոր ժառանգությանը և իրեն էլ կհիշեն որպես մարդկությանը գոնե որոշ չափով պիտանի մեկին։ Իսկ այսօր գույներից բացի գյուղական կենցաղն է լցնում նրա առօրյան, երջանկանում է զավակների ու թոռների ձեռքբերումներով։