View Static Version
Loading

Վահան Տերյանի հայրական տունը փլուզման եզրին Տերյանի հայրական տունը 137 տարվա կառույց է

Վահան Տերյանի հայրական տունը, որը թանգարանի է վերածվել 1957 թվականից, գտնվում է փլուզման եզրին, իսկ ցուցասրահն ամբողջությամբ ներկայացնում է կոմունիստական ժամանակաշրջանը: Տուն-թանգարանի տնօրենը բարձրաձայնում է՝ անհապաղ հիմնանորոգում է անհրաժեշտ:

Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում է Վահան Տերյանի թանգարանը: Հենց առաջին հայացքից աչք է ծագում թանգարանի անտեսված վիճակը՝ խոնավություն, փթած գերաններ, կախված առաստաղ, խունացած նկարներ…

Վահան Տերյանի տուն-թանգարանը, որտեղ ներկայացված է բանաստեղծը, այնքան ճնշող է, որ տպավորություն է ստեղծվում, որ այստեղ կոմունիստական ժամանակաշրջանից մինչ օրս ոչինչ չի փոխվել:
«Մեզ այժմ պահպանության ժամանակակից լուծումներ են պետք, անհրաժեշտ է հուսալի դարձնել, որ գոնե հաջորդ սերունդներն ունենան իրենց ուղեկցող այս արժեքը: Ժամանակակից լուծումներ են պետք նաև ցուցադրության առումով, իսկ մեր ցուցադրական հնարավորությունները մնացել են կոմունիստական ժամանակներից, որը այնքան էլ դրական լույսի ներքո չի ներկայացնում Տերյանին: Մեր հնարավորությունները սահմանափակ են», – մեզ հետ զրույցում նշեց թանգարանի տնօրեն Վաղարշակ Թանգամյանը:

Բանաստեղծին ներկայացնող ցուցասրահի ֆոնդը համալրման և նորովի ներկայացման կարիք ունի:

Ցուցասրահի անմիջական հարևանությամբ բանաստեղծի ապրած տունն է, որն ավելի վատթար վիճակում է, որոշ սենյակներ շուտափույթ նորոգման կարիք ունեն:

Տուն-թանգարանի տնօրենը նշում է. «Մեր անցյալը հարգելու, ոչ միայն հարգելու, այլև գալիքին միտվելու առումով Տերյանի հայրական տունը բացառիկ նշանակություն ունի: Սա անցյալի մի բեկոր է, որը այսօր մեր հետ է, և որը սերունդների համար էլ պետք է պահպանել, առաջին հերթին հոգևոր արժեք է»:

Տերյանի հայրական տունը 137 տարվա կառույց է: 1957 թվականից է գործող տուն-թանգարանը, որը մինչ օրս որևէ լուրջ վերանորոգման չի ենթարկվել: Եղել են մասնակի, հատվածային վերանորոգումներ, սակայն դրանք համակարգային բնույթ չեն կրել:

«Կոմպլեքս լուծում է պետք, մասնավորաբար, գերանները չեն փոխվել, ինչքան էլ դրանք դիմացկուն լինեն, այնուամենայնիվ ժամանակի քայքայիչ ազդեցությանը չեն դիմանա: Ըստ էության, մասնակի նորոգումները չեն լուծել խնդիրները: Միակ թերևս պահպանության խնդիրը լուծվեց 1984 թվականին, երբ կառուցվեց երկաթե ծածկը, չլիներ այդ ծածկը, հիմա այս տունն ընդհանրապես գոյություն չէր ունենա»,- ասում է Վաղարշակ Թանգամյանը:

Տերյանի հայրական տունը հարթակտուր, հողաշեն կառույց է, որտեղ քիչ թե շատ նկարագրում է բանաստեղծի մանկության տարիները, այն միջավայրը, որը հիմք է հանդիսացել նրա ստեղծագործական ուղու:
Վահան Տերյանի տուն թանգարանն իրավաբանական անձի կարգավիճակ է ստացել 2012 թվականին: Թանգարանը 5 աշխատող ունի՝ տնօրեն, գիտաշխատող, որը միաժամանակ ֆոնդապահ է, հաշվապահ և մեմորիալ բաժնի վարիչ, հավաքարար: Այս կառույցն իր գոյությունը պահպանում է տեղական բյուջեի հաշվին: Տարեկան բյուջեն կազմում է 14 000 լարի:

«Սա գոյաքարշության հնարավորություն է, որպեսզի փոքրիշատե շտկենք ֆինանսական վիճակը, այստեղ որևէ բան անել հնարավոր չէ», – ասում է Վաղարշակ Թանգամյանը:

Թանգարանի մուտքն այցելուների համար վճարովի է: Երեխաների համար տոմսն արժե 1 լարի, իսկ մեծահասակների համար 2 լարի: Տնօրենը նշում է, տարեկան մոտավոր 8-10 000 այցելու են ունենում, որոնց գերակշիռ մասը թանգարան է այցելում Տերյանական օրերին, որի ժամանակ մուտքն ազատ է:
Թանգարանի համալիրի մեջ է մտնում Սուրբ Կարապետ եկեղեցին, որ 1852 թվականին կառուցել է Տերյանի պապը՝ տեր Գրիգորը։

Տնօրենը բարձրաձայնում է նաև թանգարանի մասնագետ աշխատակիցների խնդրի մասին:

«Հաշտվել եմ այն մտքի հետ, որ կադրերը թափած չեն և լավ մասնագետ գտնելը այդքան էլ հեշտ գործ չէ, նույնիսկ բուն հայության կենտրոնում մի կարծեք, թե այնտեղ ավելի բարձրակարգ մասնագետ գտնելը հեշտ է: Այս գավառական պայմաններում բավական լուրջ գիտաշխատող ունենք, որից բավական գոհ եմ», – նշում է Թանգամյանը:

Նինոծմինդայի քաղաքապետարանից հայտնում են, 2019 թվականի բյուջեում Վահան Տերյանի տուն-թանգարանի նորոգման համար գումար նախատեսված չէ: Սակայն թանգարանի խնդիները մշտապես գտնվում է քաղաքապետարանի հոգածության ներքո:

«Մենք մշտապես հետաքրքրվում ենք թանգարանի վիճակով, բայց ես գիտեմ, որ քաղաքապետարանում նման ծախսեր նախատեսված չկա: Բայց, եթե տանիքը փթել է, ուրեմն մի բան պետք է արվի, բայց խոսքը հիմնովին նորոգման մասին է, դրա համար պետք է ամբողջ տանիքը բացվի, ամրացվի: Մի խոսքով, հիմնանորոգման պարտավությունն իրենց վրա վերցրին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Շիրակ Թորոսյանը, «ՋԱՀ» հիմնադրամը և գյուղի բարեգործները: Տերյանական օրվա տոնակատարության ժամանակ իրենք նման հայտարարությամբ հանդես եկան: Այստեղ միայն շենքի փլուզման խնդիրը չէ, նաև էքսպոզիցիան պետք է փոխել, ծավալուն աշխատանք է անհրաժեշտ իրականցնել: Մոտավոր կես միլիոն լարի կպահանջվի այս ամենի համար»,- ասաց Նինոծմինդայի քաղաքապետարանի Մշակույթի, սպորտի և կրթության հարցերով ծառայության պետ Ժորա Սնխչյանը:

Created By
Aghunik Ayvazyan
Appreciate
NextPrevious

Report Abuse

If you feel that this video content violates the Adobe Terms of Use, you may report this content by filling out this quick form.

To report a copyright violation, please follow the DMCA section in the Terms of Use.