79 տարեկան Լևոն պապը պատմում է, որ երաժշտության հանդեպ սերը հորից է ժառանգել։ 12 տարեկան էր, երբ երաժիշտ հայրը որդուն նվիրեց ջութակը և ասաց, որ այն իտալական և շատ հին է։ Մոտ 7 տասնամյակ առաջվա հին ջութակը մինչև այսօր Լևոն պապը պահպանում և նվագում է։
Հայ ազգային նվագարաններում լարային գործիքները տարածված են, սակայն թվում է թե ջութակով ազգային երաժշտություն չի հնչի։ Լևոն Հակոբյանը մեծացել և դաստիարակվել է աշուղական երաժշտության հնչյուններով և իր ունեցած երաժշտական գործիքով՝ ջութակով, նվագում է աշուղական երաժշտություն և ջութակն էլ կիրառում այնպես, ինչպես տեսել է՝ քամանչայի նման։
Լևոն պապը, ինչպես ինքն է ժառանգել երաժշտությունը հորից, այնպես էլ իր երեխաներն ու թոռներն են ժառանգել իրենից։ Նրանց ընտանիքը գյուղում հայտնի է որպես երաժշտական ընտանիք։ Երբ բացում ենք նրանց տան դուռը, 4-5 երեխա միաժամանակ դուրս են գալիս, վառվռուն աչքերով ու չարաճճի ժպիտով։ Նրանք հաճույքով են ունկնդրում պապի երաժշտությունը, նույնիսկ ձայնակցում են երգով։ Թոռներն հպարտանում են պապով և հաճույքով են ընդունում, որ ապագայում պապի գործի շարունակողներն են լինելու։
Չնայած հոգով և արմատներով ամուր կապված է եղել գյուղին, սակայն կենսական պայմանները Լևոն Հակոբյանին ստիպել են երիտասարդ տարիներին տևական ժամանակով լքել հայրենի գյուղն ու մեկնել արտագնա աշխատանքի Ռուսաստանի դաշնություն: Պատմում է, որ այնտեղ էլ է նվագել ու երգել «Ես առանց երաժշտության, ոնց որ ձուկն առանց ջրի, պետք է երգեմ ու նվագեմ, երբ չկարողանամ երաժշտություն հնչեցնել, ուրեմն ես չկամ»,- ասում է Լևոն պապը:
Լևոն պապը, բացի նվագելուց նաև երգում է։ Նրա տիրացու պապը աշուղ Ջիվանու հետ մտերիմներ են եղել և Ջիվանու շատ երգեր նա սիրով է կատարում։ Նա նույնիսկ այնպիսի երգեր գիտի, որոնք քիչ են հայտնի հասարակությանը։ Տեսանյութում ներկայացնում ենք Ջիվանու «Գնա դեպ երկիր Ջավախք» երգը Լևոն Հակոբյանի կատարմամբ։
Լևոն Հակոբյանն իրեն երջանիկ մարդ է համարում, չի դժգոհում առողջությունից և հույս ունի, որ նախնիների նման երկարակյաց է լինելու, իսկ մենք պայմանավորվեցինք 10 տարի անց հանդիպել հաջորդ նկարահանման համար։