View Static Version
Loading

Սիմիդյանը քարտուղա՞ր է ընտրվել, թե՞ պատգամավոր Ինչո՞ւ է «Իմ քայլը» խմբակցության քարտուղարը հասցնում մենակ «կոճակ սեղմել»

Երբ Սիմիդյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞վ է պայմանավորված, որ իշխող մեծամասնական խմբակցության քարտուղարը պասիվ պատգամավոր է, ոչ հարց է տվել մինչ օրս, ոչ ելույթ ունեցել, ոչ էլ որեւէ նախագիծ ներկայացրել 1,5 տարվա ընթացքում՝ նա պատասխանեց. «Պայմանավորված է նրանով, որ խմբակցության քարտուղարի աշխատանքը նաեւ այլ ֆունկցիաներ ունի, որը շատ ժամանակ է ինձնից տանում եւ ելույթների կամ նախագծեր մշակելու ժամանակ չի մնումԼ»: Ճշտեցինք՝ այսինքն, դուք ձեր բուն պատգամավորական գործունեությունը թողած՝ քարտուղարի գո՞րծ եք անում՝ նա պատասխանեց. «Քարտուղարը նաեւ այլ պարտականություններ ունի, որոնցով պայմանավորված՝ ինձնից շատ ժամանակ է տանում այդ աշխատանքը եւ պատգամավորի այլ գործառույթների համար քիչ ժամանակ է մնում: Կարծում եմ, նորմալ բան եմ ասում»:

Սիմիդյանին հարցրեցինք՝ կարո՞ղ է այնպիսի գործ է անում, որը ստվերում է, չենք տեսնում՝ նա պատասխանեց, որ պատգամավորը պետք է իր պարտականությունները կատարի այնքան, որքան իր ժամանակը բավարարում է. «Քաղաքական թիմը պետք է գնահատի այդ պատգամավորի աշխատանքը իր համար կարեւոր է, թե՞ այդ պատգամավորը լավ չի կատարում իր պարտականությունը»:

Մեր զարմանքին, որ ախր քաղաքական թիմը չպետք է գնահատի, պետք է գնահատեն իր ընտրողները, քաղաքացիները, որոնք իրեն ձայն են տվել ու բերել են ԱԺ, աշխատավարձ են վճարում, իրենց համար պիտի՞ տեսանելի լինի, թե ինչ է անում Հակոբ Սիմիդյանը: Նա արձագանքեց. «Ես ասացի, թե ինչով է պայմանավորված իմ պատգամավորական այլ գործառույթների պասիվությունը: Հիմա դա նաեւ քաղաքացիները կգնահատեն՝ նորմա՞լ է, թե՞ նորմալ չի եւ հետո իրենց գնահատականը ես կտեսնեմ»:

Մենք նաեւ հետաքրքրվեցինք, թե կոնկրետ ի՞նչ է անում Սիմիդյանը, որ ժամանակ չի մնում բուն պատգամավորական գործունեությամբ զբաղվելու համար: Նա բացատրեց, որ կազմակերպչական աշխատանքներ է անում, մեծ խմբակցություն ունեն, խմբակցության նիստերն է կազմակերպում, օրակարգերը կազմում, դրանց արդյունքում ձեւավորված ծրագրերն իրականացնում եւ այլն: Մանրամասները՝ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Created By
Hripsime Jebejyan
Appreciate
NextPrevious

Anchor link copied.

Report Abuse

If you feel that the content of this page violates the Adobe Terms of Use, you may report this content by filling out this quick form.

To report a copyright violation, please follow the DMCA section in the Terms of Use.