View Static Version
Loading

Սիրունը` Աղավնատնից. Արևից շուտ արթնացող կինը Աղավնատան ավագանու 9 անդամներից երեքը կին են

Աղավնատունը Արմավիրի մարզում է, Էջմիածնի գյուղերից: Սիրուն Սումբատյանը Աղավնատուն համայնքի ավագանու անդամ է: Արևից էլ շուտ արթանցող տիկին Սիրունին համագյուղացիներն արդեն երրորդ անգամ են իրենց վստահության քվեն տալիս, քանի որ գիտեն` անտարբեր մարդ չէ, գյուղացիների խնդիրներին հետամուտ է լինում: 12 տարի է այս «պաշտոնին» է, ասում է՝ ավագանու նիստերին անգամ գյուղի չամուսնացած տղաների թեման է բարձրացնում:

«Չեմ էլ նկատում, թե արևը երբ է ծագում, ես արևից շուտ եմ արթնանում, որ ամեն բան հասցնեմ, էներգիայով լեցուն եմ: Ինչպես ընտանիքի բարեկեցությունն է աշխատանքից կախված, այնպես էլ՝ համայնքի: Եթե չաշխատես, լավ չես ապրի: Նույնն էլ համայնքի պարագայում է. աշխատող գյուղապետ ու ավագանի ունեցար, քո համայնքն էլ ոտքի կկանգնի»,- ասում է Սիրուն Սումբատյանը:

Սիրուն Սումբատյանը թունաքիմիկատների խանութում է աշխատում: Աշխատանքը հնարավորություն է տալիս գյուղի անցուդարձից ավելի լավ տեղյակ լինել: Գյուղի դեմոգրաֆիկ խնդիրները նույնպես անհանգստացնում են տիկին Սիրունին. սրտի ցավով է ասում, որ գյուղից տղամարդկանց ու երիտասարդ տղաների արտագաղթ կա: Շատերը հետագայում նաև իրենց ընտանիքներին են տանում կամ՝ «խոպաններում» ամուսնանում: Խանութ մտնող չամուսնացած երիտասարդներին պարտադիր հարցուփորձ է անում՝ ինչո՞ւ չեն ամուսնանում և նրանց թվարկած խնդիրները ավագանու նիստերին բարձրացնում:

«Ինֆորմացիայի առատ աղբյուր եմ»,- կատակում է մեր զրուցակիցն ու ավելացնում, թե որքան կարևոր է տեղական ինքնակառավարման մարմիններում կանանց ներգրավվածությունը:

Նրա համոզմամբ, տարիներ ի վեր քաղաքականության մեջ առկա գենդերային անհավասարությունը մեր երկրի տնտեսությանը վնասներ է հասցրել: Գտնում է, որ կանայք տղամարդկանց հետ միասին պետք է մասնակցեն տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքին և որոշումների կայացմանը.

«Ո՞նց կլինի, ավագանու անդամը կին է, կամ Աղավնատան դպրոցը կին է ղեկավարում: Ասում էին՝ կարա՞ ղեկավարի, ես էլ ասում էի՝ խի՞ չի կարա, եթե նա կարող է իր տունը ղեկավարել, ուրեմն դպրոցն էլ կղեկավարի: Մեր դպրոցի տնօրները կին է: Էն թուղթն էլ, որ պետք է նետվի աղբամանը, հավաքում է՝ մտածելով, որ վառարանում կվառեն, ջերմություն կլինի: Նույնը քաղաքականության մեջ: Ընդհանրապես՝ կինը տնտեսող է, իմաստուն, շրջահայաց»:
«Կնոջ հոգատարությունը, ջերմությունը և ընտանիքում դերակատարությունը բերում է նրան, որ ընտանիքը շատ արագ ծաղկում է, նույնն էլ տեղի է ունենում, եթե կանանց հնարավորություն են տալիս մասնակցել սոցիալական, կրթական, առողջապահական ոլորտներում խնդիրների լուծմանը: Սա ցույց է տալիս համաշխարհային փորձը»:

Աղավնատան ավագանու 9 անդամներից երեքը կին են: Տիկին Սումբատյանը թվարկում է կին ավագանիների առաջարկությամբ գյուղում արված աշխատանքները: Ասում է՝ մանկապարտեզի հարցն են բարձրացրել, որն արդեն 2020 թվականին պատրաստ կլինի.

«Հիմքը լցրել էին, որ գյուղի համար սպորտդահլիճ կառուցեն, բայց ավագանին քննարկեց ու կին ավագանիներով հարց բարձրացրինք, որ նպատակահարմար է դրա փոխարեն մանկապարտեզ կառուցել: Ինչի՞ պիտի Աղավնատան երեխան գնա Արագած գյուղի մանկապարտեզ կամ Էջմիածին քաղաք: Որոշեցինք, որ մանկապարտեզի հարցն առաջնային է»:

Սիրուն Սումբատյանի խոսքով, համայնքի ղեկավարը՝ Գնել Մաթևոսյանը, «ո’չ ընդդիմադիր է, ո’չ էլ դիմադիր», աշխատող մարդ է: Ասում է՝ նրա, ընտրվելուց ի վեր հանայքում տեսանելի գործեր արվել են՝ Աղավնատան կենտրոնական ճանապարհի մայթերն են սալիկապատվել, ճանապարհի երկայնքը կանաչապատվել ու բարեկարգվել է, գյուղի եկեղեցին նորոգվել: Այդուհանդերձ, գյուղին հիմնականում «տիրություն» են անում Աղավնատնից տարիներ առաջ հեռացած բնակիչները: Աղավնատունն այսօր 5-6 բարեգործ ունի:

Մեկը գյուղի մանուկների համար եվրաչափանիշներով խաղահրապարակ, ֆուտբոլի ու բասկետբոլի դաշտ է հիմնել, մյուսը՝ Աղավնատան համար նոր եկեղեցի կառուցել, մեկ ուրիշն էլ, ինչպես Սիրուն Սումբատյանն է ասում, Աղավնատան «գերեզմանատունը Լուվրի թանգարանի պես է սարքել»: Բարեգործ էլ ունեն, որ ալյուր և առաջին անհրաժեշտության սննդամթերք է բաժանում:

Գյուղացիները գոհ են բարերարներից, ասում են` լավ է, որ գյուղին օգնողներ կան, բացի այդ, գյուղը գազիֆիկացված է, խմելու, ոռոգման ջրի խնդիր չունի, բայց Սիրուն Սումբատյանը գտնում է, որ համայնքի` ոտքի կանգնելու համար աշխատատեղեր են պետք: Այս հարցն ավագանու նիստերին էլ է բարձրացնում, երբ խոսք է գնում այս կամ այն ընտանիքին դրամական օգնություն տալու մասին:

«Խորհուրդ ենք տալիս գումարներն ավելի արդյուվաետ տեղերում ծախսել: Օգնություն են ուզում տալ, ասում եմ՝ դրա փոխարեն ներդրում արեք՝ գյուղի ճանապարհի մի հատվածը սարքեք կամ մեկ այլ խնդիր լուծեք: Այդ 30-50 հազար դրամը մարդը տանելու է մի հարվածով ծախսի՝ վերջանա, բայց ճանապարհը կմնա»:
Աղավնատան բնակիչների հիմնական զբաղմունքը հողագործությունն ու արտագնա աշխատանքն է: Տիկին Սիրունը կատակում է՝ «ոչ թե հողն են հանձնել գյուղացուն, այլ գյուղացուն`հողին»:

Նա Աղավնատան բարեգործներին էլ կոչ է անում համայնքում աշխատատեղեր բացել, որպեսզի գյուղացին հույսը չդնի միայն բերքի վրա. «Այսօր կարկուտը տարավ, վաղը՝ վաղ գարնան ցրտահարությունները տարան և, այսպես, շարունակ: Աղավնատունը երեք տարի անընդմեջ Արարատյան դաշտավայրի՝ կարկուտից տուժած գյուղերից մեկն է եղել»:

Գյուղի բնակիչ Սաթենիկ Բաբայանը նույնպես գտնում է, որ կանայք ավելի շատ պետք է ընդգրկված լինեն տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքներում, որպեսզի կանանց առնչվող հարցերը բարձրաձայնվեն:

Ասում է, երբ հարս է եկել Աղավնատուն, աշխատատեղ չի եղել, որ տանից դուրս գա, աշխատի և ստիպված հողագործությամբ է զբաղվել, բայց չի ուզում, որ իր երեխաներն ու հարսն էլ նույն ճակատագրին արժանանան.

«Երեք երեխա ունեմ, երեքն էլ կրթված են: Հարսս համալսարան է ավարտել, բայց այսօր տանը նստած է: Բայց, եթե աշխատատեղ լիներ, նա էլ կմասնակցեր համայնքը զարգացնելու գործին, ինչպես շատ այլ երիտասարդ կանայք, որոնք նույնպես դիպլոմներով տանը նստած են: Բայց կանայք մեր գյուղում չեն աշխատում, հողագործությամբ են զբաղվում»:

Սաթենիկ Բաբայանին մի հարց էլ է մտահոգում: Ասում է` ամբողջ կյանքում սեփական հողի վրա աշխատում են, բայց դա աշխատանք չի համարվում, ինչը հետագայում անդրադառնում է կենսաթոշակի հարցերի վրա և չաշխատողներին հավասար նվազագույն կենսաթոշակ են ստանում:

«Չէ՞որ մենք էլ ենք արտադրողներ, եթե գյուղացին չաշխատի, այդ միրգն ու բանաջարեղենը որտեղի՞ց կուտեն: Գոնե մի քիչ բարեկեցիկ թոշակ ստանանք»:

Աղավնատան դպրոցի ուսոցիչ Երեմ Նիկողոսյանը մեզ հետ զրույցում ասում է, որ Սիրուն Սումբատյանին երկար տարիներ է ճանաչում և անկախ նրանից` ավագանու կազմում է, թե ոչ, նրան` որպես գյուղացու հոգսով ապրող մարդ է ճանաչում: Ասում է, որ նոր գյուղապետն ու ավագանին նոր փոփոխություններ են բերել. Օրինակ՝ մաքրության հարցն են լուծել.

«Գյուղում աղբատար մեքենաներ են շրջում, թաղամասերից աղբը հավաքում, նախկինում նման բան չենք ունեցել: Համայնքում պարի, նկարչական խմբակներ են գործում»:
Գյուղի բնակիչներին այսօր անհանգստացնող հարցերից մեկը Էջմիածնին կապող անբարեկարգ ճանապարհն է, որը նորոգելու համար ֆինանսական լուրջ միջոցներ են անհրաժեշտ:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Created By
WomenNet am
Appreciate
NextPrevious

Report Abuse

If you feel that this video content violates the Adobe Terms of Use, you may report this content by filling out this quick form.

To report a copyright violation, please follow the DMCA section in the Terms of Use.