Loading

Պայքարելով ընտանեկան բռնության դեմ Հայաստան և Վրաստան. Զուգահեռներ

Թիկունքիս ցավ զգացի, շրջվեցի, տեսնեմ՝ Վլադիկն էր՝ կացինը ձեռքին

2016 թվականի հունիսի 8-ին կեսգիշերն անց Վլադիկ Մարտիրոսյանը կացնահարեց իր նախկին կնոջը՝ Թագուհի Մանսուրյանին եւ նրա ծնողներին: Իր բնակարանի շքամուտքում Թագուհին կացնի բազմաթիվ հարվածներից ստացած ծանր վնասվածքներով տեղափոխվեց հիվանդանոց: Նախկին ամուսնուց դստերը պաշտպանելու ժամանակ Վլադիկ Մարտիրոսյանի կացնի հարվածներից մահացավ Թագուհու մայրը՝ Կարինե Մանսուրյանը, հայրը նույնպես կացնից վնասվածքներ էր ստացել ու տեղափոխվել հիվանդանոց:

Վլադիկը թաքնվել էր մուտքի դռան հետեւում: Կացնով հարվածեց մեջքիս, գլխիս, որովայնիս, ականջիս, պարանոցիս, խնձորակս էր կոտրվել: Բարձր բղավեցի, մայրս դուրս եկավ, մեր մեջտեղն ընկավ, պայքարում էր, ուզում էր ինձ փրկել: Չեմ տեսել մորս ոնց սպանեց: Ուշաթափվել էի, ոչինչ չեմ հիշում: Հետո հիվանդանոցում հորս տեսա սայլակի վրա, արյան մեջ:

Չգիտեմ... երբ տղաս մեծանա ու սկսի հարցեր տալ՝ ի՞նչ եմ պատասխանելու հոր մասին

«Սպիներն անցնո՞ւմ են: Երեւի միայն վիրահատության միջոցով, այն էլ մաշկի վրայինը»

«Ասում էր, իբր գալիս է երեխային տեսնելու, բայց երբ գալիս էր, չէր էլ ուզում տեսնել երեխային, ինձ վրա էր հարձակվում, գոռգոռում, ինձ վիրավորում, հարվածում, ասում՝ անբարոյական ես: Մենք ամուսնալուծված էինք, ես կապերս նրա հետ խզել էի: Բայց նա միշտ սպառնում էր ինձ, մի անգամ էլ սպառնաց, թե՝ բոմբ եմ գցելու , վառեմ էս ընտանիքը, չեմ նայելու, որ էրեխեն ներսն ա լինելու:Ասել է՝ չեմ թողնելու երեխու 2 տարեկանը լրանա, սպանելու եմ քեզ, էրեխուն էլ թող տանեն մանկատուն»,-պատմում է Թագուհի Մանսուրյանը:

Վլադիկ Մարտիրոսյանը կալանավորված է․ դատական գործընթացն արդեն մեկ տարուց ավելի է չի հանգուցալուծվում։

Թագուհի Մանսուրյանը դատարանում
Եթե ոստիկանները պատշաճ աշխատեին, դեպքը տեղի չէր ունենա․ ոստիկանները արհամարհական եւ իմիջայլոց էին վերաբերում իմ ահազանգերին, երբ զանգում ու տեղեկացնում էի, որ Վլադիկը սպառնում է:
Հասմիկ Խաչատրյանը՝ մոր եւ դստեր հետ. նա ԵՄ-ից խիզախության մրցանակ է ստացել

Հասմիկ Խաչատրյանը կգերադասեր խիզախության մրցանակը չստանար, փոխարենը՝ ապրեր խաղաղ, ու առանց բռնության: Ամուսնության 9 տարիների ընթացքում Հասմիկի նախկին ամուսինը՝ Սարգիս Հակոբյանը պարբերաբար դաժանաբար ծեծել է ու խոշտանգել:

Ինձ ծեծում ու ստորացնում էր. ավելի ուժեղ ցավեցնելու համար փոքրիկ տղայիս ստիպում էր թքեր վրաս

Վերհիշելով հերթական դաժան ծեծը՝ Հասմիկը պատմում է. «Մի անգամ, որ տեսավ երեխայի մարմնին քերծվածք կա, այնպես ծեծեց... անասունի պես: Ուժասպառ էի եղել, մտածում էի՝ վերջին օրն է, չեմ ապրի։ Ոտքերով, ձեռքերով խփում էր, էնքան էր խփել, որ ձեռքերը հոգնել էին: Աթոռով էնքան ուժեղ խփեց, որ աթոռը կոտրվեց, հետո աթոռի ոտքով սկսեց հարվածել: Գլուխս բացվել էր, դեմքս արյան մեջ էր, սենյակի պատերն էլ՝ արյունով շաղաղված: Մի պահ ուշաթափվել էի, ուշքի եկա էլի նրա հարվածներից: Խփում, ու ասում էր՝ հել, գնա լվացվի: Մազերիցս քաշելով տարավ մինչեւ դռան մոտ: Խնդրեցի թողնի: Հետո մի կերպ, պատերից բռնվելով, չոքեչոք իջել եմ առաջին հարկ ու հենց բաղնիքում ընկել: Եկավ ու ինձ մտցրեց սառը ջրի ջրի տակ: Այդ գիշերը մղձավանջի մեջ էի: Ուշքի եմ եկել, երբ աղջիկս թեւիցս քաշում էր, ու մամա կանչում»:

«Մի անգամ փորձեց ծխախոտն աչքերիս մեջ հանգցնել, ձեռքերով պաշտպանվեցի, ձեռքերս այրվեցին»

Ու մի օր համբերության բաժակը լցվել էր, կրկին դաժան ծեծից հետո: Այդ օրը Սարգիս Հակոբյանն այնպիսի դաժանությամբ էր ծեծել Հասմիկին, որ նա որոշեց փախչել տանից, անգամ չմտածելով անչափահաս երեխաների մասին.«Նախորդ ծեծից վերքերս դեռ թարմ էին, նորից խմած եկավ, թե՝ խի՞ ես զանգել քրոջս տղուն, որը 12 տարեկան էր։ էլի դաժանաբար ծեծեց: Վերջ: Ես փախա, հողաթափերով վազում էի։ Գնացի գյուղապետարանի մոտի գետի եղեգների մեջ թաքնվեցի։ Թրջվել էի: Նա մեքենայով գնում-գալիս էր, անընդհատ զանգում էր ինձ: Հեռախոսնն անջատեցի: Կողքիս շները հաչում էին, սարսափել էի, որ հանկարծ հաչոցի վրա դա չգա՝ ինձ գտնի: Շներին ասում էի՝ խնդրում եմ ինձ մի մատնեք: Եթե նա ինձ գտներ՝ կսպաներ: Գիշերվա 2-ն էր, չգիտեի ուր գնալ: Ուզում էի գնալ մի խուլ գյուղում անհետ կորածի պես ապրել: Հետո թաքնվեցի բարեկամներիս տանը: Հետո ինձ վերքերով տարան հիվանդանոց: Իմացա, որ հղի եմ, աբորտ արեցի: Ես չէի ուզում դրանից 3-րդ երեխան ունենալ»:

2013 թվականի հունիսի 20-ին Հասմիկը հաղորդում է տվել Գավառի ոստիկանություն. ասում է՝ վախենալով, որովհետեւ վստահ էր՝ ոստիկանությունը չի օգնի, նախկին ամուսինը միշտ նրանց հետ լեզու էր գտնում. «Հետո ոստիկանը ինձ զանգեց, ասաց՝ ի՞նչ է եղել, մարդ ու կնիկ կռվել եք, հելել հասել ես Երեւան»:
Դատական երկար պայքարից հետո Հասմիկին հաջողվեց իր երկու երեխաներին նախկին ամուսնուց վերցնել: Հիմա իր փոքրիկ բիզնեսն ունի, համեղագույն գաթա է թխում ու իրացնում փոքրիկ խանութներում:
«Ես առաջվանը չեմ: Երբ ինձ հիշում եմ այն տարիներին, մտածում եմ՝ «իմ հիմար ժամանակները»: Հիմա մխիթարվելով ասում եմ՝ եթե այդպես չաներ՝ ես չէի փոխվի, իմ կյանքում այս առաջընթացն, անկախությունն ու ազատությունը չէի ունենա»:
«Հիմա դրախտում եմ ապրում՝ երեխաներիս ու ծնողներիս հետ եմ: Չնայած, երբեմն վախ կա, երազ եմ տեսնում, որ սպանում է ինձ»
Այժմ Հասմիկն աշխատում է կանանց աջակցման կենտրոնի ապահով տանը, բռնության ենթարկված կանանց է օգնում: Ասում է՝ երեխաների հետ միշտ քննարկում է հոր վարքագիծը. «Երեխաներս սովորել են՝ բռնությունը լավ չէ, սերը բռնություն չէ»:

2014 թվականին Գավառի ընդհանուր իրավասության դատարանը Հասմիկ Խաչատրյանին բռնության ենթարկելու համար Սարգիս Հակոբյանին դատապարտեց ընդամենը 1.5 տարվա ազատազրկման: Կարճ ժամանակ անց նա համաներումով ազատ արձակվեց: Դրանից հետո Սարգիս Հակոբյանը նորից ամուսնացավ, ու նորից, 2-րդ կնոջ նկատմամբ էլ բռնություն գործադրեց: Նա հիմա ձերբակալված է ծնողներին ծեծելու համար:

Կանանց աջակցման կենտրոնի ծրագրերի ղեկավար Հասմիկ Գեւորգյանն ասում է՝ բռնության ենթարկված կանայք միշտ մտածում են՝ կամ ինքնասպանություն կամ վրեժ լուծել: Կանայք միշտ ստորադասվում են, տղամարդիկ ավելի շատ իրավունքեր ունեն: Նոր օրենքում ընտանիքում բռնությունը չի դիտարկվում որպես ծանրացուցիչ հանգամանք:
2013-2017 թվականներին Հայաստանում գրանցվել է ընտանեկան բռնության 3756 դեպք, 2018-ի 6 ամիսներին՝ 358 դեպք

2017 թվականի դեկտեմբերի 13-ին Հայաստանի խորհրդարանն ընդունեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքը: Հասմիկ Գեւորգյանը նկատում է՝ «Նոր օրենքում ընտանիքում բռնությունը որպես ծանրացուցիչ հանգամանք չի դիտարկվում»:

2013-2017 թվականներին Հայաստանում գրանցվել է ընտանիքում կնոջ սպանության 30 դեպք: 2018-ի հինգ ամիսներին՝ 2 դեպք
Ընտանիքում բռնության դեմ օրենքը Վրաստանում գործում է մոտ 10 տարի, սակայն վերջին 5 տարիներին 89 կին է սպանվել ընտանեկան բռնության դեպքերի արդյունքում:
Թամարն ամուսնու հետ ապրել է 9 տարի, հենց հարսանիքից հետո ընտանիքում սկսվել են խնդիրներն ու տարաձայնությունները: Նա ամուսնության ընթացքում տարիներ շարունակ ենթարկվել է ֆիզիկական եւ հոգեբանական բռնության:
Հերթական վեճից հետո Թամարը հեռացավ ամուսնուց: Սակայն դրանով ամեն ինչ չավարտվեց: Նախկին ամուսինը որոշեց վրեժխնդիր լինել` որպես թիրախ ընտրելով երեխաներին:

Թամարը պատմում է՝ լինելով նախկին հատուկ ջոկատային, տարբեր ժամանակաշրջաններում աշխատելով տարբեր պետական հաստատություններում, նախկին ամուսինը հայտարարում էր, թե՝ կինն է իրեն բռնության ենթարկել. «Ապա զանգահարեց դատախազություն, ստեց, իբրեւ թե ինքն է զոհը: Նրա հայցի հիման վրա դատախազությունը գործ հարուցեց իմ դեմ՝ մեղադրելով ինձ սուտ մատնության համար»: Այս տարի հունիսին դատարանը Թամարի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեց 1000 լարիի չափով գրավը: Թամարի շահերը պաշտպանում է Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան: Այս կազմակերպությունը գտնում է, որ ընտանեկան բռնության զոհին հետապնդելը սուտ մատնության մեղադրանքով, վտանգավոր միտում է դարձել:

Այժմ Թամարը պետք է միաժամանակ երկու ճակատամարտում հաղթի` վերադարձնել երեխաներին (այդ գործն էլ է գտնվում դատարանում) եւ ապացուցել իր անմեղությունը` սուտ մատնության հոդվածով գործը կքննվի օգոստոսին:

Սրանք Վրաստանի ճգնաժամային կենտրոնում հայտնված ընտանիքում բռնությանն ականատես երեխաների նկարած պատկերներն են

Այսպես երեխաներն արտահայտում են իրենց հույզերը

Հոգեբան Նինա Գոգոխիան ասում է՝ ընտանեկան բռնության միջավայրում մեծացած երեխան անխուսափելիորեն հոգեկան տրավմաներ է ստանում:

48-ամյա Նատան (անունը փոխված է) ասում է՝ խնդիրներ են առաջացել առաջին երեխայի ծնվելուց հետո, երբ այլեւս ողջ ուշադրությունը չէր կարողանում կենտրոնացնել ամուսնու վրա:

Նատան պատմում է, որ ամուսնացել է սիրելով, երբ արդեն 30-ն անց էր. ամուսինը երկար է սիրահետել, ինքն էլ խելակորույս սիրահարվել էր: Բայց երեխայի ծնվելուց հետո ամուսինը սկսել էր ավելի հաճախ խմել ու կռիվներ սարքել, ծեծել կնոջը: Ամուսնության 10 տարիների ընթացքում Նատան մի քանի անգամ տանից հեռացել է` ծեծի եւ բռնության հերթական բռնկումների արդյունքում, բայց կրկին վերադարձել է, քանի որ չէր ուզում նեղություն տալ հարազատներին, ապրելու այլ տեղ էլ չուներ: Համատեղ կյանքի ընթացքում նրանք երկու երեխա են ունեցել, եւս երկուսին կորցրել է` դաժան ծեծի պատճառով:

«Մի անգամ այնքան էր ծեծել, որ ուղեղի ցնցում ստացա, հղի էի, երեխային կորցրեցի»,-պատմում է Նատան:
Հետո սկսեց հաբեր (թմրադեղ) օգտագործել ու իրեն կորցնում էր, իսկ մենք օրերով հոսանք ու գազ չէինք ունենում, երեխաները սոված էին մնում: Էլի փորձեցի թողնել նրան, գնացի քրոջս տուն, եկավ հետեւիցս, սպառնաց, ստիպված վերադարձա: Նորից այնքան ծեծեց, որ անկողնուց չէի կարողանում վեր կենալ: Խնդրեցի դեղերս բերի, զայրացավ, ասաց՝ հեսա կսպանեմ քեզ:
Այժմ ամուսինը Նատային չի անհանգստացնում:

Հիմա Նատան ապրում է քրոջ տանը: Մտադիր է աշխատանք գտնել, հետո նաեւ սեփական չորս պատը կունենա ու այլեւս ոչ մեկից կախված չի լինի:

Հոգեբան Նինա Գոգոխիան

Հոգեբան Նինա Գոգոխիան աշխատում է «Թրաֆիքինգի զոհերի պաշտպանության եւ օժանդակության պետական հիմնադրամում»՝ Ճգնաժամային կենտրոնում: Նա այստեղ աշխատում է բռնության զոհ դարձած կանանց եւ նրանց երեխաների հետ: Նինան վստահ է` բռնությանը, մշտական կոնֆլիկտներին համակերպվել` անունը դնելով «ընտանիքի համար է, երեխաների համար է», անընդունելի է, որովհետեւ նման միջավայրում մեծացած երեխան անխուսափելիորեն հոգեկան տրավմաներ է ստանում:

Այժմ բռնությունից «ազատված» կանայք, թեեւ ինքնուրույն են ու պայքարում են իրենց իրավունքների համար, սակայն նշում են՝ օրենսդրությունը լիարժեք չի պաշտպանում կանանց, իրենք խոցելի են, հասարակությունը տղամարդկանց «առավելություններ է» տալիս:
Թագուհին հիմա մատնահարդար է աշխատում, ինքնուրույն է: Նրա պես մյուս կանայք էլ՝ Հասմիկը, Նատան եւ Թամարը համարձակվել են չհանդուրժել բռնությունը. կարեւոր քայլն արել են, ապագայի մեծ ծրագրեր են կազմում:

Նախագծի հեղինակներ՝ Մելանյա Բարսեղյան, Նելլի Բաբայան, Aravot.am, Հայաստան: ՆԻնո Նարիմանիշվիլի, SKnews, Վրաստան:

Report Abuse

If you feel that this video content violates the Adobe Terms of Use, you may report this content by filling out this quick form.

To report a copyright violation, please follow the DMCA section in the Terms of Use.