Loading

Կանանց պայքարը ՀԵՏԱՀԱՅԱՑ ՆԱՄԱԿՆԵՐ

Հիշում եմ՝ արևոտ օր էր, նոր-նոր տաքացող գարնան օրերից մեկը: Մայրս մազերս էր հյուսում, իսկ մեր կողքին եղբայրս էր խաղում: Հյուսելու ընթացքում եղբորս ինչ-որ բան ասաց: Մորս ձայնը վերջին ձայնն էր, որ լսել եմ: Դրանից հետո լսող աշխարհը մի տեսակ փակվեց ինձ համար: Մանկությանս ձայնը միշտ բնության ձայնի հետ եմ ասոցացնում, չգիտեմ էլ ինչու:
Գրետա Ավագյանը ծնվել է առանց որևէ լսողական խնդրի, բայց 11 ամսականում մանկական լսողական նյարդի պարալիչ է հայտնաբերվել, որից հետո թեթևակի խնդիրներ են առաջացել: Նա հաճախ է զարմացնում անծանոթներին, երբ խոսում է բարձրաձայն, հետո սկսում ժեստերով շփվել։ Զարմանում են` իմանալով, որ խուլ է, բայց կարողանում է խոսել։

․․․Մինչև ութ տարեկան քիչ թե շատ լսում էի, հետո լսողական ապարատ ձեռք բերեցինք, որի հետ անընդհատ կռիվ էի տալիս, չէի հարմարվում: Շինուհայրում՝ որտեղ ծնվել եմ, անհոգ մանկություն եմ ունեցել: Ես չեմ հիշում, որ ընկերներիս հետ շփման որևէ խնդիր ունենայի: Իրենց հետ բանավոր էի շփվում, հիմա էլ եմ կարողանում խոսել, բայց քիմքային սխալներ եմ թույլ տալիս: Այսինքն, ես չեմ լսում, բայց խոսում եմ. մի բան էլ կա, եթե անգամ չխոսեի, մեկ է՝ համր չեմ:

Համր բառը պատնեշ է մեր ու ձեր՝ լսողների միջև: Ո՞վ ասաց, որ խուլ մարդը համր է, բա ժեստերը, մատնախոսությունը…

Մինչև 4-րդ դասարան դպրոց գնացի, հետո իմ կամքով հրաժարվեցի գնալ, որովհետև մանկավարժները չէին կարողանում պատշաճ ներկայացնել դասը, չգիտեին ոնց աշխատել խուլ մարդու հետ: Դա էլ պատճառ դարձավ, որ տեղափոխվեի Երևան: Ընդունվեցի լսողության խնդիրներ ունեցող երեխաների դպրոց ու սկսվեց մի նոր շրջան՝ էլի փորձություններով, բայց հետաքրքիր: Ես ճանապարհին հանդիպած քարերից չեմ խուսափում, աչք չեմ փակում, հաղթահարում եմ ամեն քարը, հղկում եմ, պայքարում եմ: Այդպես, պայքարելով եմ որոշել ընդունվել համալսարան՝ չնայելով ոչ մի խոչընդոտի: Ընտրեցի սուրդոմանկավարժությունը որպես բակալավրի մասնագիտություն, իսկ հիմա մագիստրատուրայում հոգեբանություն եմ ուսումնասիրում: Ուզում եմ մանկական կենտրոն ունենալ, որտեղ հնարավոր կլինի այս երկու մասնագիտությունների համատեղմամբ օգնել երեխաներին։

Գրետան բոլորի հետ բանավոր է խոսում: Տան անդամները ժեստերի լեզվին չեն տիրապետում: Մանկության տարիներին դաշնամուրը Գրետային ձայների աշխարհի հետ կապող օղակն էր, երբ ամբողջ ուժով հարվածում էին ստեղնաշարին, շատ աղոտ լսում էր ձայները։

Գիտե՞ք, փոքր ու մեծ քաղաքի տարբերություն կա: Թվում է՝ մեծ քաղաքում ավելի առաջադեմ ու կիրթ պետք է լինեին, շատ բան տեսած, բազմաշերտ: Ծիծաղելի է, բայց ես ավելի շատ խնդիրների եմ բախվել Երևանում, որտեղ մեզ՝ խուլերին, պատրաստ չեն ընդունել, քան իմ ծննդավայրում: Մեր գյուղում ես միակ խուլն էի, բայց որևէ մեկը չէր ծաղրում, չէր նեղացնում:

Երբ եկանք Երևան, ես 12 տարեկան էի ու այդ տարիքում ստիպված էի պայքարել իմ տեղը գտնելու համար: Այս մեծ քաղաքում մարդիկ խլում են խուլի անկյունը, կյանքը, աշխատանքը:

Հայաստանը բարդ երկիր է խուլի համար, ոչ մի մատչելի միջավայր, հարմարություն չկա: Մարդիկ կարծես բացառել են մեզ ու չեն էլ մտածում՝ իսկ մենք ինչպե՞ս ենք խանութ գնում, հիվանդանոց, թատրոն, կինո: Լսողները նույնիսկ չեն էլ պատկերացնում, որ այլ երկրներում այս ամենը հնարավոր է դարձել ամենահասարակ ու պարզ գործիքների կիրառման միջոցով: Ես կուզեի, որ մեզ ձայն տային, պետական պաշտոնյաների հետ զրուցելու հնարավորություն, մարդկանց հետ քննարկելու առիթներ: Կարևորից ու անկարևորից խոսելով՝ այնքա՜ն բան կարող ենք փոխել:

Երբևէ մտածե՞լ եք, թե օրինակ, խուլ հղի կինը ինչպե՞ս է շփվում բժիշկների հետ, երբ չկա սուրդոթարգմանիչ ոչ կոնսուլտացիայի ժամանակ, ոչ ծննդաբերության: Միայն մի կողմի մասին չեմ խոսում, չէ՛, խուլերն իրենք էլ պիտի ամեն ինչ անեն կրթվելու, զարգանալու համար ու այդ ամենը պետք է սկսվի ընտանիքից, հետո արդեն զուգորդվի դպրոցի ու պետության հետ աշխատանքով, հասանելի կրթության տրամադրմամբ:

Ինստագրամի իր էջում անունը xul-axchik է, որովհետև «այդպիսի անվան չեմ հանդիպել դեռ՝ յուրօրինակ է: Լսողական ապարատի հետ երբեք հաշտ չեմ եղել»։

Դրանով ամեն ինչ ասված է՝ մարդ եմ, որը խուլ է, նպատակներով, երազանքներով, ապրումներով լի: Սա լավ հարթակ է լսողներին բացահայտելու, մեզ ավելի լավ ճանաչելու ու ինքդ քո մասին պատմելու համար: Տարբեր պատմություններով եմ կիսվում մարդկանց հետ, ոտանավորներ եմ գրում, զավեշտալի դեպքերի եմ անդրադառնում, խորհում եմ:

Խուլին սիրահարվելը ընտրության ու համարձակության հարց է: Ծիծաղելի է, որ այս հարցը, որ վաղուց շատ զարգացած երկրներում չի էլ քննարկվում, մեր երկրում շարունակում է ակտուալ լինել: Մի դեպք եմ հիշում, երբ լսող տղան խուլ աղջկա էր սիրահարվել, բայց մայրը դեմ էր եղել իրենց միությանն ու տղան ամուսնացել էր լսողի հետ: Երկուսն էլ լսող էին, բայց խուլ բալիկ էին ունեցել, այնպես որ, իսկապես ընտրության հարց է:

Գիտե՞ք, անձայն լինելն ամենամեծ դժվարությունն է:

Միշտ չէ, որ կողքիդ թարգմանիչ կա, որ կարողանա լիարժեք ներկայացնել այն, ինչ չեն հասկանում: Դե հա, ես կարող եմ գրավոր ներկայացնել ասելիքս, բայց այստեղ էլ մի ուրիշ խնդիր կա՝ մարդիկ մի տեսակ կորցրել են համբերելու, իրար աջակցելու, սպասելու կարողությունը, բոլորը շտապում են: Շտապում են ապրել՝ անտեսելով ներկան, որի մեջ են փոքր ու սիրուն վայելքները, կյանքի վառ գույները։

Եթե ասեն ամենամեծ դժվարությունը որպես խուլ մարդ ո՞րն է, կասեմ՝ հասարակության կողմից չընդունված, չընկալված լինելը:

Մի անգամ, հիշում եմ, գնացել էի աշխատանքի հարցազրույցի, երբ ինձ ասացին՝ կներեք, մենք խուլ աշխատողի չենք ընդունում, դուք լալ եք, ո՞նց ձեզ ընդունենք: Ախր, երբ պիտի մարդիկ սովորեն համր ու լալ բառերը բացառել, հանել իրենց բառապաշարից: Խուլ լինելը խարան չէ, մենք էլ բոլորի պես, այս պետության քաղաքացին ենք:

Ես կյանքից չեմ նեղացել, որ լսողությունս խլեց, այլ շնորհակալ եմ։

Հեղինակ՝ Կուշանե Չոբանյան

Լուսանկարները՝ Վաղինակ Ղազարյանի

Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային երևանյան գրասենյակ / «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ / «Հոդված 3» ակումբ