Loading

Հայաստանի թավշյա հեղափոխության մասնիկները Նրանք հանրաճանաչ չէին. ուղղակի ինքնաբուխ առաջնորդել են ցույցերը

Հեղափոխությունը մարդիկ են, հեղափոխությունը յուրաքանչյուր մասնակցի սեփականությունն է

Երբ հայտնի դարձավ, որ Հայաստանի հանրապետությունում 1 տասնամյակ իշխող ՀՀԿ-ն մտադիր է կրկին երկրի ղեկավարի պաշտոնին առաջադրել Սերժ Սարգսյանին, ընդդիմադիր գործիչ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նախաձեռնեց քայլերթ ընդդեմ Սարգսյանի պաշտոնավարման 3-րդ ժամկետի: Փաշինյանը քայլերթը սկսեց մարտի 31-ին, հանրապետության 2-րդ խոշոր քաղաք Գյումրիից: Նա իր թիմի հետ քայլեց հանրապետության մի շարք քաղաքներով եւ գյուղերով:

14 օրյա քայլարշավից հետո Նիկոլ Փաշինյանը ապրիլի 13-ին մտավ մայրաքաղաք Երեւան, նրան միացան հազարավոր քաղաքացիներ: Այդ օրվանից քաղաքացիական անհնազանդությունն ավելի մեծ թափ առավ: Մարդիկ փակում էին փողոցներ, գործադուլ եւ դասադուլ անում, գիշերում փողոցներում:

14 օրերի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները քայլեցին շուրջ 200 կմ, մոտ 300 հազար քայլ՝ լինելով Սպիտակ, Վանաձոր, Դիլիջան, Սեւան, Հրազդան, Աբովյան քաղաքներում: Ապրիլի 13-ին ժամը 18։30-ին Ազատության հրապարակում մեկնարկեց երեւանյան առաջին հանրահավաքը։

Ապրիլի 17-ին Սերժ Սարգսյանն Ազգային ժողովում ընտրվեց վարչապետ. նա Հայաստանը պետք է ղեկավարեր 3-րդ ժամկետում, ինչի դեմ պայքարում էին բազմահազար քաղաքացիներ: Օրեցօր ավելի ու ավելի շատ քաղաքացիներ էին միանում անհնազանդության ցույցերին:

Ապրիլի 22-ին Փաշինյան-Սարգսյան բանակցությունը ձախողվեց: Հաջորդ օրը Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց: Մայիսի 8-ին Ազգային ժողովը վարչապետ ընտրեց Նիկոլ Փաշինյանին:

Այս պատմությունը երիտասարդների մասին է. նրանք հանրաճանաչ չեն, բայց դարձան թավշյա հեղափոխության դեմքերը: հեղափոխությունը ունեցավ նաեւ այլ խորհրդանիշՆեր:

ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԳՅՈՒՄՐԻՆ

«Ապրիլի 17-ին գործ-բան թողեցինք ու փողոց դուրս եկանք մեր հայրենիքի համար»

Գյումրիում բողոքի ցույցերի կազմակերպիչ 24 ամյա ռեփեր Ալբերտ Գեւորգյանն ասում է՝ հպարտ է, որ հեղափոխությունը մեկնարկել է իր հարազատ քաղաքից. «Սկզբում լուրջ չվերաբերվեցի: Մեկ-մեկ ֆեյսբուքով հետեւում էի՝ Նիկոլը քայլելով ուր հասավ…Ապրիլի 17-ին գործ-բան թողեցինք ու փողոց դուրս եկանք մեր հայրենիքի համար»:

Ալբերտ Գեւորգյանը՝ Գյումրիում՝ երթերի ժամանակ
Գյումրիի թատերական հրապարակը երիտասարդների հավաքվելու վայրն է: Ալբերտն ասում է՝ սկզբում ՀԱՎԱՔՆԵՐԸ կազմակերպված չէին . ընկերների հետ որոշեցին առաջնորդել բողոքի ցույցերը:
Գյումրին՝ հեղափոխության օրերին
«Ժամերով, օրերով հաց չէինք ուտե, բայց չէինք սովածանա: Մի հատ ջուր կխմեինք ու ֆսյո…գնաց…».հիշում է Ալբերտը:

«Երբ ինձ ուզում էին ոստիկանական մեքենա նստեցնել, աղջիկներից մի քանիսը ձեւացրին, թե ուշաթափվում են, մի քանիսը նույնիսկ ոստիկանական մեքենայի անիվների տակ պառկեցին, որպեսզի ուշադրությունը շեղեն կամ թույլ չտան՝ ինձ տանեն, բայց մեկ է՝ տարան»,-Ալբերտը հիմա հումորով է հիշում հեղափոխության օրերին իր ձերբակալությունը: Ժպտալով պատմում է՝ հեղափոխությունից հետո գտել է այդ աղջիկներից մեկին, շնորհակալություն հայտնել, հիշում է՝ անունն Արեւիկ էր: Ասում է՝ հեղափոխության օրերին ֆեյսբուքում ընկերության նոր 1500 հայտ է ստացել , որից 1000-ը աղջիկներ են:

Ապրիլի 23-ի առավոտյան իր «Քայլ արա» երգն արդեն ձայնագրել էր, պետք է երգեր հրապարակում: Նրա ելույթը համընկել է Սերժ Սարգսյանի հրաժարականի լուրի հետ. «Հրապարակում էինք, ու ես երբեք այդքան երջանիկ դեմքեր չէի տեսել: Գյումրեցիներս երկրաշարժ (1988 թ. մոտ 25 հազար զոհեր) տեսած ժողովուրդ ենք, հոգսաշատ, տխուր են մարդկանց դեմքերը: Հեղափոխության հաղթանակի օրը մարդիկ ցնծում էին»:

Ալբերտին նախկինում ոչ բոլորն էին ճանաչում, որոշները գիտեին՝ երաժիշտ-տղա է: Հիմա նա «թավշյա հեղափոխության» հերոսներից մեկն է: Ասում է՝ հեղափոխությունից հետո փողոցում նրան տեսնելիս մարդիկ ասում են՝ «Աբոն է, էն տղան»:

Ալբերտը Երեւանում տոնում է հաղթանակը

Գյումրիում ցույցերի ու անհնազանդության գործողությունների կազմակերպիչներից մեկն էլ դասախոս Ղարիբ Հարությունյանն է: Ասում է՝ «Սկզբում չէինք հավատում, որ մի բան կփոխվի, բայց միեւնույն է, դուրս եկանք պայքարի»:

Ղարիբ Հարությունյան
«Երբ Փաշինյանը Երեւանում սկսեց ավտոբուսների առաջ պառկել, ոգեւորվեցինք: Ընկերս ասաց՝ մի բան մենք չանե՞նք: Երեխաներիս մանկապարտեզ տանելուց հետո 2 ավտոմեքենայով մարզպետարանի մոտ կանգնեցինք ու փակեցինք ճանապարհը: 10 րոպե հետո մարդիկ միացան մեզ, ամբողջ փողոցը փակվեց».պատմում է Ղարիբը

Ղարիբն ասում է՝ այդ օրը ինքն իր ընկերների հետ փողոց փակելով Գյումրիում ՝սկիզբ դրեցին հեղափոխության: Հետո շատ փողոցներ փակվեցին, ու օր օրի ավելի շատ մարդիկ էին միանում անհնազանդության ցույցերին:

«Զանգեր էինք ստանում, կոչեր էին անում՝ զգույշ լինենք, մեզ համար վատ կլինի, ահազանգեր էին հնչում հնարավոր ձերբակալության մասին, ինչը եւ պատահեց».ասում է Ղարիբը:
«Ոստիկանապետը, քաղաքապետը եկան, հետո՝ մարզպետը: Բայց մենք որոշել էինք՝ չենք նահանջելու: Անհավատալի է՝ փողոց դուրս եկան ուսանողները, ու շարժումը թափ առավ»:
Ղարիբը շարժման օրերին 2 անգամ ձերբակալվել է՝ մի անգամ Գյումրիում, մի անգամ էլ՝ Երեւանում: Ազատ արձակելուց հետո կրկին միացել է շարժմանն ու այն ղեկավարել Գյումրիում:

«Չնայած Գյումրիում ու Շիրակի մարզում աղքատության (46%) եւ գործազրկության ամենաբարձր ցուցանիշներն են, ու մարդիկ միշտ դժգոհում են, պահանջում իրավիճակ փոխել, բայց հեղափոխության օրերին հիմնական պայքարողները սոցիալական խնդիրներ չունեցող մարդիկ էին, նրանք պայքարում էին հանուն արդարության»,- ասում է Ղարիբը:

Ինչո՞ւ Փաշինյանը սկսեց Գյումրիից, այլ ոչ իր հայրենի Իջեւանից.Ղարիբն ասում է՝ «Նիկոլն այլընտրանք չուներ, հաղթանակի միակ գրավականը Գյումրիից սկսելն էր, գյումրեցիք միշտ ըմբոստ են եղել»:

ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՎԱՆԱՁՈՐԸ

Վանաձորցի երիտասարդներն այնքան էին ոգեշնչվել հեղափոխությամբ, որ չկարողացան միայն «կողքից նայող», «թամաշա անող» մնալ: 24 ամյա վանաձորցի հեղափոխական Վահե Խաչիկյանն ասում է՝ թեեւ շատ երիտասարդ է, բայց արդեն հասցրել է մինչ հեղափոխությունն էլ անարդարությունների դեմ պայքարել. 3 տարի առաջ Երեւանում մասնակցել է «Էլեկտրիկ Երեւան» բողոքի ցույցերին, ու օրերով գիշերել փողոցում:

Վանաձորում Վահեն բողոքի ոչ մի ցույց բաց չի թողել: Ընկերներով հաճախ երթեր էին կազմակերպում: Հիշում է՝ «Երբ սկզբում շատ քիչ մարդկանցով քայլում էինք, քայլում, որոշ ժամանակ հետո շրջվում, տեսնում էինք մեր թիկունքում հոծ բազմություն է, ծայրը չէր երեւում, ու մենք հպարտ էինք, ոգեւորվում էինք, որ շատ ջահել ենք ու ցույց ենք առաջնորդում, »

Վահեն ասում է՝ երբ Փաշինյանը պիտի քայլերթով Վանաձոր գնար, առավոտից մարդիկ էին հավաքվում հրապարակում, եւ այնքան բազմամարդ էր, որ որոշեցին նախապես ամրագրել իրենց տեղը:
«Կավիճով շրջանակներ գծեցինք ու գրեցինք՝ Վահեի տեղը, լրագրողների տեղը, քանի որ ՀՀԿ-ականները մեզ հետեւում էին, նաեւ ՀՀԿ-ականների համար էինք շրջանակով տեղ պահել…ու գրել՝ ՀՀԿ-ի տեղը»:
Վահեն ու Լիլիթը Վանաձորի Հայք հրապարակում նշում են իրենց եւ ընկերների կանգնելու տեղերը
Անհնազանդ երիտասարդների տեղն են ամրագրել
Երբ ֆեյսբուքում շրջանակներով ֆլեշմոբի նկարը Վահեն ու ընկերները հրապարակեցին, շատ արագ արձագանքներ եղան: «Բոլորը գրում էին՝ մեզ համար էլ տեղ պահեք: Այդ լուսանկարը 1000-ից ավելի հավանումներ ստացավ ու նույնքան էլ կիսումներ».ասում է Վահեն:
Անահիտը Հայք հրապարակում մոր եւ ընկերների տեղն է շրջագծել
«Բեմի վրա էլ կլոր շրջան գծեցինք ու գրեցինք ՝ Նիկոլ Փաշինյանի տեղը: Անձրեւ եկավ, Նիկոլը չտեսավ, թե ինչ ենք արել, բայց կանգնեց ճիշտ այն տեղում, որտեղ շրջան էինք գծել իր համար»:

ԹԱՎՇՅԱ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԹԱՎՇՅԱ ՁԱՅՆԸ՝ Մարիա Կարապետյան. Երեւան

Մարիան «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ է. ասում է՝ եթե շատերի համար հեղափոխությունը սկսվել է դեռ 1988 թվականից, երբ Հայաստանը Սովետական միությունից անկախացավ, իր համար այն սկսվել է այս տարվա մարտի 1-ին: Այդ օրը ընկերներով վերադառնում էին 2008 թվականի Մարտի 1-ին քաղաքացիական անհնազանդության զոհերի հիշատակին նվիրված երթից:

«Որոշեցինք՝ ինչ-որ բան պետք է փոխել երկրում: Ստեղծվեց նախաձեռնությունը»՝ «Փոխելու ենք»: Մարտի 24-ին երթով գնացինք ՀՀԿ գրասենյակ՝ ցույցի: Այդ օրը մեր խումբն ակամա վերանվանվեց՝ «Մերժի՛ր Սերժին»:
Մարիան որոշել էր ընդամենը օգտվել մետրոյից. բայց երբ տեսել է վագոնների դռների արանքում պառկած երիտասարդներին, ինքն էլ միացել է նրանց:
«Կար համոզմունք, որ այն, ինչ ես անում եմ՝ ճիշտ է»:
«Ողջույն, ըմբոստ, ազատ, խաղաղ, բայց անհնազանդ քաղաքացիներ».այսպես էր Մարիա Կարապետյանն ամեն անգամ հարթակից դիմում Հայաստանի գլխավոր հրապարակում հավաքված մարդկանց:
«Ապրիլի 17-ին, երբ Սերժ Սարգսյանին ԱԺ-ն ընտրեց որպես վարչապետ, այդ օրը որոշվեց՝ հեղափոխություն ենք անելու»
Ամեն անգամ Մարիան դիմում էր մարդկանց՝ «Ինքնակազմակերպվեք, վաղվանից մենք գալիս ենք հեղափոխության՝ ինչպես աշխատանքի»:
«Սկզբում դժվարություն կար: Մարդիկ մտածում էին, թե այս ամենը մարելու է, եւ մենք ընդամենը հետաձգում ենք նրանց աշխատանքի հասնելու պրոցեսը: Բայց աստիճանաբար, հեղափոխության մեթոդաբանության նկատմամբ ո՛չ ռեժիմը, ո՛չ էլ ոստիկանությունն այլեւս իմունիտետ չուներ»:
«Երբ այդ զանգվածի մեջ կային եւ կանայք, եւ տարբեր տարիքի մարդիկ, ու երբ այդ մարդկանց ձեռքերը վեր է բարձրացնում՝ զինաթափում է ոստիկանությանն ու ուժայիններին».ասում է Մարիան:
«Մարտ-ապրիլին հասարակությունը ինքնակրթվում էր, թե ինչ է քաղաքացիական անհնազանդությունը, հասկացան, թե այն ստեղծագործելու որքան հնարավորություն է տալիս»:

Թավշյա հեղափոխությունն առանձնահատուկ էր նաեւ այն պատճառով, որ շատ կանայք կային, երիտասարդ աղջիկները բողոքի ցույցերի էին անում, մայրերն իրենց երեխաների հետ մանկասայլակներով էին փողոց փակում. Նախկինում Հայաստանում նման բան չէր եղել:

«Աղջիկներն ու կանայք համարձակ ու քաջ են, հեղափոխության ընթացքում դա ավելի տեսանելի եղավ».ասում է Մարիան:
«Կանայք հաճախ ղեկավարում էին մարդկանց խմբերը, ոմանք երաշխավորում էին երթերի, ցույցերի խաղաղ բնույթը».ասում է Մարիան:
«ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՂՋԻԿՆԵՐԸ ՀԱՃԱԽ ՄՈՏԵՆՈՒՄ ԷԻՆ ԻՆՁ ՈՒ ԱՍՈՒՄ, ՈՐ ԵՍ ԻՐԵՆՑ ՈԳԵՒՈՐՈՒՄ ԵՄ, ԵՍ ԷԼ ԴՐԱՆԻՑ ԷԻ ՈԳԵՒՈՐՎՈՒՄ»:

Հետո նրան մարդիկ հիշում էին իր թավշյա ձայնից, ազդեցիկ ելույթներից:

«ՄԱՅԻՍԻ 8-ԻՆ, ԵՐԲ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԸՆՏՐՎԵՑ ՎԱՐՉԱՊԵՏ, ՄԵՆՔ ԸՆԿԵՐՆԵՐՈՎ ԳՆԱՑԻՆՔ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ: ՄԻՇՏ ԻՄ ԵԼՈՒՅԹՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՄՈՒԹ ԷՐ ԼԻՆՈՒՄ, ԵՒ ՀԱՃԱԽ ՄԱՐԴԿԱՆՑ ԴԵՄՔԵՐԸ ՉԷԻՆ ԵՐԵՒՈւՄ: ԵՐԲ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ ԽՈՍՈՒՄ ԷԻ, ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՄՈՏԵՑԱՎ ԻՆՁ ԵՒ ԱՍԱՑ՝ ԴՈՒՔ ԱՅՆ ԱՂՋԻԿՆ ԵՔ, ՈՐ ՀԱՐԹԱԿՈՒՄ ԵԼՈՒՅԹ ԷԻՔ ՈՒՆԵՆՈՒՄ, ՁԵՐ ՁԱՅՆԻՑ ՃԱՆԱՉԵՑԻ: ԳՐԿԵՑ ԻՆՁ ՈՒ ԱՐՏԱՍՎԵՑ»:

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐԸ

Հեղափոխության օրերին եւ դրանից հետո Փաշինյանի «հեղափոխական» գլխարկն ու ուսապարկը, բարձրախոսն ու շարժմանը ուղեկցող թմբուկը, վուվուզելաները, Հայաստանի դրոշն ու քաղաքացիները խորհրդանշում էին Հայաստանի թավշյա հեղափոխությունը:

Ամեն ինչ սկսվեց Փաշինյանի քայլով եւ «Քայլ արա՛» կոչով
Ֆրանսիայի հրապարակի Ռոդենի արձանի մոտից սկսվեցին հանրահավաքները. Ռոդենի արձանն ու հրապարակը դարձան հեղափոխության խորհրդանիշեր:
Ֆրանսիայի հրապարակում մարդիկ գիշերում էին, փայտի վառարան էին տեղադրել
Ֆրանսիայի հրապարակում մարդիկ գիշերելու համար վրաններ էին տեղադրել
Քաղաքային նստարաններով մարդիկ փողոցներ էին փակում
Սովետական հին մեքենան եւս փողոց էր փակել՝ «Սերժիկ հեռացիր» գրառմամբ
Բջջային հեռախոսներն եւս խորհրդանշում են հեղափոխությունը. այն հնարավորություն էր ազատ արտահայտվելու եւ մարդկանց փողոց հրավիրելու

Փաշինյանի անբաժան «ընկերը»՝ ուսապարկը

Նիկոլ Փաշինյանի ձերբակալման օրվանից տարածվեցին «Դուխով» եւ «Նիկոլը ես եմ» գրառմամբ գլխարկները

Փաշինյանի թիմին առաջին օրվանից փողոցում հանդիպած պատահական շունը՝ «Չալոն» մինչեւ վերջ քայլեց նրանց հետ

Հեղափոխության օրերին կանայք իրենց երեխաների հետ՝ մանկասայլակներով փակում էին փողոցները

Հայաստանի գլխավոր հրապարակը՝ հեղափոխության օրերին

Նախագծի հեղինակներ՝ Նելլի Բաբայան, Գոհար Հակոբյան

Թարգմանիչ՝ Ամի Չիչակյան

Մոնտաժ՝ Ռուբեն Արեւշատյան

Պրոդյուսեր՝ Մելանյա Բարսեղյան

Օգտագործվել են նաեւ Photolure-ի եւ SputnikArmenia-ի լուսանկարները, կադրեր՝ Factor.am-ից եւ TSAYG TV-ից

Նախագիծը՝ OPEN Media Hub-ի օժանդակությամբ՝ Եվրամիության ֆինանսավորմամբ

Report Abuse

If you feel that this video content violates the Adobe Terms of Use, you may report this content by filling out this quick form.

To report a copyright violation, please follow the DMCA section in the Terms of Use.