Loading

«Երևանը «սարայ ա», քանդե՛ք» Հեղինակ՝ Հռիփսիմե Ջեբեջյան

«Այո՛, ես հայտարարել եմ, որ Արամի 30-ը սարայ է, ցախաբուն ու պնդում եմ: Նրանք, ովքեր պաշտպանում են, դեմագոգ են»,- տարիներ առաջ ճարտարապետ Լևոն Իգիթյանի այս խոսքերը սառը ցնցուղ էին հասարակության համար: Հետո պարզվեց, նմանատիպ մի «սարայ» է եղել 19-րդ դարի վերջին կառուցված Ֆիրդուսի 80-ը, Աբովյան, Բուզանդ, Արամի փողոցների մի շարք պատմամշակութային շենքեր: Իսկ այսօր տառացիորեն ցախաբուն են դարձել նույնիսկ այն շենքերը, որոնք իբր թե պահել են, բայց իրականում թողել առաց ծածկ, առանց հենարան, առանց ամրակայման միջոցառումների, մատնել անուշադրության, շենքի ներսում անձրևաջրերից սնվող ու օր օրի մեծացող մոլախոտերի հույսին:

Արամի 9

Այս տանը 1917-19 թթ. ապրել է Հայաստանի առաջին հանրապետության վարչապետը՝ Արամ Մանուկյանը:

ՀՀ նոր կառավարությունը վստահեցնում է՝ չէ՛, Արամ Մանուկյանի տունը չի՛ քանդվելու: Բայց շենքի տանիքը քանդել են, ներսում ծառ ու ծաղիկ է աճում, անձրևաջրերն ու տեղումներն օր օրի ավելի ու ավելի են ավերում տան պատերը, խարխլում շենքի հիմքը:

Արամի 9

Արամի 9 հասցեի Արամ Մանուկյանի տան սեփականատեր Оld City ընկերությունը պարտավորվել էր վերականգնել շենքի արտաքին տեսքն ու այն դարձնել «Հին Երևանի» մաս: Թե ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել՝ այդ պարտավորությունն ի կատար ածելու և շենքը փրկելու համար, ինչո՞ւ է Արամ Մանուկյանի տունը հիմա անտարբերության մատնվել, ինչո՞ւ այն գոնե չի ապահովվել ծածկով՝ հաշվի առնելով, որ շենքի ներքին պատերը հում աղյուսից են, անձրևաջրերն ու խոնավությունը հեշտությամբ կարող են քայքայել ու վերջնականապես կործանել շենքը՝ մեր գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից արձագանքել են.

«Արամի 9 հասցեի Արամ Մանուկյանի տունն ընդգրկված է «Հին Երևան» ծրագրում, որի ամբողջական նախագիծը գտնվում է լրամշակման փուլում: Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի՝ հուշարձանի ամրակայման, նորոգման, վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքներ իրականացնելը հուշարձանի սեփականատիրոջ պարտավորությունն է: Հաշվի առնելով վերոգրյալը, նախարարությունը բազմիցս դիմել է սեփականատիրոջը վերոնշյալ պայմաններն ապահովելու պահանջով»:

2017-ին մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը հայտարարել էր, որ Արամի 9 հասցեի շենքը կպահպանվի ու կվերածվի թանգարանի: Այս պահին կա՞ նման ծրագիր, որ այն վերածվի թանգարանի, եթե ոչ, ապա ի՞նչ է լինելու շենքի հետագա ճակատագիրը՝ ԿԳՄՍ փոխնախարար Արայիկ Խզմալյանը պատասխանել է. «Հին Երևան» ծրագրի շրջանակներում Արամի 9 հասցեի շենքում նախատեսվում է տեղակայել նաև Արամ Մանուկյանին նվիրված թանգարան»:

Արամի 23

Այս հասցեում գտնվող հուշարձան շենքը, որը պատկանում է «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիային, վտանգված է:

Ասոցիացիան հուշարձան-շենքը տնօրինում է դեռևս 1995 թ.-ից, իսկ 2002 թ.-ից դրա սեփականատերն է: Արդեն 3-րդ տարին է՝ ասոցիացիան բոլոր հնարավոր տարբերակներով բարձրաձայնում է պատմամշակութային արժեք ներկայացնող շենքի փլուզման վտանգի մասին, ինչը հարակից Բուզանդի 26/1 հասցեում օրենսդրության և նորմատիվա-տեխնիկական պահանջների կոպիտ խախտումներով իրականացված շինարարության հետևանք է:

Արամի 23

Քոչինյան փողոցում ստորգետնյա երեք հարկ է կառուցվում՝ փորվել է մեծ փոսորակ, ինչի հետևանքով էլ վնասվել է հուշարձանը։ Դեռևս սեպտեմբերին շինարարական աշխատանքների ընթացքում մեծ հարված հասցվեց «Հայաստանի Փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի շենքին, այն դարձնելով վթարային: 2018 թ. նոյեմբերի 23-ին՝ խորհրդարանական ընտրությունների շեմին, Ն. Փաշինյանը տասնյակ լրագրողների և կառավարության աշխատակիցների մի խմբով անակնկալ մտավ տարածք, նայեց ու ասաց՝ կարելի՞ է սա վերականգնել: Իրեն ասացին՝ այո: Ասաց՝ վերականգնե՛ք»:

Շենքի սեփականատեր Տիգրան Հեքեքյանը վթարվելուց անմիջապես հետո սկսել է դիմել խնդրին առչնվող բոլոր կառույցներին՝ շենքը շտապ ամրակայելու և փլուզումից փրկելու խնդրանքով: Պատասխանատու կազմակերպությունները այնքան են ձգձգել կիսաքանդ շենքի ամրակայման աշխատանքների մեկնարկը, որ 2019 թ․ հունվարի 11-ին շենքի մի հատվածը հիմքով և հողային ապարներով փլուզվեց փորված փոսորակի մեջ: Մինչ օրս վնասը չի վերականգնվել: Նախագծային աշխատանքների համաձայն, երեք փուլով պետք է նախ շենքի խիստ անհրաժեշտ ամրակայումները լինեին, այսինքն՝ փոսորակից սկսած՝ հիմքերի և ամբողջ կառույցի խիստ անհրաժեշտ միջամտությունները, որի հետևանքով շենքն ուղղակի չէր շարունակի քանդվել, հետո արդեն շենքին պատճառված վնասները վերացվեին:

Պատասխանատու կազմակերպությունները այնքան են ձգձգել կիսաքանդ շենքի ամրակայման աշխատանքների մեկնարկը, որ 2019 թ․ հունվարի 11-ին շենքի մի հատվածը հիմքով և հողային ապարներով փլուզվեց փորված փոսորակի մեջ: Մինչ օրս վնասը չի վերականգնվել: Նախագծային աշխատանքների համաձայն, երեք փուլով պետք է նախ շենքի խիստ անհրաժեշտ ամրակայումները լինեին, այսինքն՝ փոսորակից սկսած՝ հիմքերի և ամբողջ կառույցի խիստ անհրաժեշտ միջամտությունները, որի հետևանքով շենքն ուղղակի չէր շարունակի քանդվել, հետո արդեն շենքին պատճառված վնասները վերացվեին:

Արամի 23-ն ու հարակից փոսը

Թե ո՞րն է պատճառը, որ տևական ժամանակ է՝ այդ հարցը չի լուծվել՝ ԿԳՄՍ փոխնախարար Արայիկ Խզմալյանը մեր գրավոր հարցմանն այսպես է պատասխանել.

«Արամի 23 հասցեի շենքի վերականգնման աշխատանքները տևական ժամանակ է նախարարության կողմից համաձայնություն ստացած նախագծով չեն իրականացվում տարածքի կառուցապատողի և շենքի սեփականատիրոջ միջև եղած տարաձայնությունների պատճառով: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը որևէ տարաձայնություն չունի տվյալ հարցի վերաբերյալ»:

Հայտնում ենք նաև, որ համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի դրույթների՝ հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում տեղական ինքնակառավարման մարմիններն են սահմանված կարգով կազմակերպում տեղական նշանակության հուշարձանների ամրակայման, նորոգման, վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքները: Հաշվի առնելով ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգերը՝ նախարարությունը համապատասխան ֆինանսական օժանդակություն ստանալու համար դիմել է նաև ՀՀ տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարություն՝ ժամանակավոր ամրակայման միջոցառումներ իրակականցնելու համար, սակայն, դեռևս պատասխան չի ստացվել:

ՀՀ ՏԿԵՆ պատասխանը՝ լրագրողի հարցմանը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն էլ ի պատասխան մեր գրավոր հարցմանն արձագանքել է․ «Ձեր հարցումը քննարկվել է ՀՀ ԿԳՄՍՆ-ի և Երևանի քաղաքապետարանի հետ: Վերջիններից ստացված կարծիքների հիման վրա ՀՀ ՏԿԵ նախարարությունը գտնում է, որ անհրաժեշտություն կա հանդիպում կազմակերպել և համատեղ քննարկել շենքի ամրակայման հարցը շահագրգիռ բոլոր կողմերի հետ»:

Նախարարությունից նաև մեզ են տրամադրել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի դիրքորոշումը Արամի 23-ի հարցով, կարճ ասած՝ փող չկա:

Երևանի քաղաքապետարանի դիրքորոշումը

Արամի 23-ը՝ հիմա

Հունվարի 14-ին Արամի 23-ի հարցով կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ժողով, որի ժամանակ որոշում է կայացվել շենքը շտապ վերականգնել. ՀՓԵ ասոցիացիան պետք է գտներ ճարտարապետներ, ֆինանսավորումը ապահովեր Ի-ԷՄ-ՍԻ ընկերությունը, իսկ գործառույթների կազմակերպման պատասխանատվությունը կրեր Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը: ՀՓԵ ասոցիացիան առաջին օրվանից ժամանակին կատարել է կառավարության կողմից արված առաջարկը, այն է՝ գտել է պատմական հուշարձանների վերականգնման մեծ փորձ ունեցող իտալացի ճարտարապետներ, որոնք մեկամսյա ժամկետում տվեցին հուշարձան շենքի պահպանման լավագույն լուծումն ու դրան համապատասխան նախագիծը: 3 տարվա ընթացքում իտալացի մասնագետների ներկայացրած նախագիծը, որը ստացել էր ԿԳՄՍ նախարարության համաձայնությունն ու աշխատանքները սկսելու թույլտվությունը, հնարավոր չեղավ կյանքի կոչել: Թե ինչո՞ւ ձգձգեցին՝ Էդուարդ Աղաջանյանը, որը ներկայում ՔՊ խմբակցության պատգամավոր է, մեզ հետ զրույցում այսպես ներկայացրեց.

«Շենքը քանդվելուց հետո պարոն Հեքեքյանի հետ մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ կառավարության ֆինանսավորմամբ, միգուցե համայնքապետարանը ևս ինչ-որ մասնակցություն պետք է ունենար, ամեն դեպքում, պետական կամ համայնքային ֆինանսավորմամբ պետք է վերակառուցվեր շենքի փլված մասը, որի արդունքում «Հին Երևան» պրոյեկտի ներդրումային ծրագիրը պետք է արդեն սկսեր բանակցությունները պարոն Հեքեքյանի հետ: Որքան հիշում եմ, պարոն Հեքեքյանին առաջարկվել էր հենց Արամի փողոցի վրա նորակառույց շենքում անգամներ ավելի մեծ տարածք՝ որպես ժամանակավոր գործունեության տարածք: Վստահաբար հիշում եմ, որ պարոն Հեքեքյանը հրաժարվել էր: Այդպես այդ հարցը մնաց: Վերակառուցման համար նախատեսված ծրագիրը, որը ներկայացվել էր պարոն Հեքեքյանի կողմից, անհամեմատ ավելի թանկ էր, Իտալիայից մասնագետներ էր ենթադրում և դա ևս անընդունելի էր այս դեպքում ներդրողների, ծրագիրն իրականացնողների համար»:

Արամի 23

Արամի 23 հուշարձան շենքի հետ կապված մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ ԿԳՄՍ նախարարությունից նշել են, որ տարաձայնություն կա շենքի սեփականատիրոջ և կառուցապատողի միջև:

Սակայն մեր ձեռքի տակ են սեփականատիրոջ՝ Տիգրան Հեքեքյանի մի շարք նամակները՝ ուղղված պատկան մարմիններին, այդ թվում՝ ԿԳՄՍ նախարարություն, որոնք վկայում են այլ բանի մասին: «Ամուր քնսթրաքշն» ՍՊԸ-ն մտադրված է եղել քանդել հուշարձան շենքի հարավ արևելյան պատը, սակայն անգամ այս դեպքում, ունենալով տարաձայնություն, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» ասոցիացիան պատասխանել է. «Միշտ սկզբունքորեն դեմ ենք եղել ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված նախագծից և շինթույլտվությունից շեղվելուն, սակայն եթե նախագծի հեղինակներն ու համապատասխան մասնագետները տան իրենց գրավոր համաձայնությունն առ այն, որ առանց կողային պատի դեմոնտաժման հնարավոր չի լինի ամրակայել ու վերականգնել շենքը, ՀՓԵ ասոցիացիան չի խոչընդոտի»:

Շենքն արդեն 4-րդ կարգի վթարային է, իսկ մասնագետների պնդմամբ հարավ արևելյան մասն արդեն 5-րդ կարգի վթարային, և հնարավոր է շուտով փլուզվի նաև դիմային հատվածը, ճաքերը զգալի մեծացել են: Ինչո՞ւ կառավարության որոշում չի ընդունվում՝ շենքի ամրակայման աշխատանքների համար գումար հատկացնելու և նախարարությունը չունի՞ պարտավորություն գործուն միջոցներ ձեռնարկելու՝ մեր պատմամշակութային արժեք ներկայացնող շենքը պահպանելու ուղղությամբ՝ ԿԳՄՍՆ-ից պատասխանեցին.

«Հարցի լուծումը տարբեր պատճառներով՝ այդ թվում կառուցապատողի և օգտագործողի միջև եղած հակասությունների պատճառով, լուծում չի ստացել: Ներկայում քննարկվում է Արամի 23 հուշարձան շենքի ժամանակավոր ամրակայման համար գումար նախատեսելու հարցը՝ մինչև տարածքի իրացման հետ կապված խնդիրների լուծումն ու «Հին Երևան» ծրագրով հուշարձանի ամբողջական վերականգնումը»:

«Այն, ինչ մոտ 3 տարի կատարվում է «Արամի 23» հուշարձանի և «Հայ փոքրիկ երգիչներ» կառույցի երգչախմբերի հետ առնվազն կարելի է որակել անտարբերություն պատմամշակութային արժեքների, սեփական երկրում արարող երեխաների, արտերկրում ազգային արվեստը լավագույնս ներկայացնող ստեղծագործական միավորման, և ընդհանրապես հայ մշակույթի հանդեպ»,- նշել է «Հայ փոքրիկ երգիչներ» ասոցիացիայի ղեկավար Տիգրան Հեքեքյանը: «Հայ փոքրիկ երգիչներ» ասոցիացիայի ղեկավար Տիգրան Հեքեքյանը հերքեց կառավարությանը.

«Արամի 23 հուշարձան շենքի թնջուկի վերջին փուլը մեկնարկել է 2019 թվականի աշնանը, երբ ԿԳՄՍ նախարարի առաջարկով վերականգնման գործընթացն իր վրա վերցրեց «Ամուր քնսթրաքշն» ՍՊԸ-ն 5 ամիս անց «Ամուր քնսթրաքշն» ՍՊԸ-ն հրաժարվեց շենքը վերականգնել ՝ իր իսկ կողմից քաղաքապետարան ներկայացրած և վերջինիս թույլտվությունը ստացած նոր նախագծով՝ մեզ համար անհասկանալի պատճառաբանությամբ (նամակ N1): Մենք նորից դիմեցինք ԿԳՄՍ նախարարին՝ խնդրանքով ցուցաբերել կոշտ դիրքորոշում և «Ամուր քնսթրաքշնս»-ից պահանջել շուտափույթ սկսել շինարարությունը ըստ հաստատված նախագծի և շինարարական թույլտվության (նամակ N2): Մեր նամակը այդպես էլ չարժանացավ պատասխանի և սայլը տեղից չշարժվեց: ՀՓԵ ասոցիացիան երբեք խնդիր չի առաջացրել, և տրամաբանական էլ չէր լինի, եթե առաջացներ խոչընդոտ իրեն պատկանող շենքի՝ օրենքի սահմաններում ըստ հաստատված նախագծի և քաղաքապետարանի կողմից տրված շինթույլտվությանը համապատասխան ամրակայելուն և վերականգնելուն: Հաստատված նախագծով Արամի 23 հուշարձան շենքի ամրակայման վերաբերյալ «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիան չի ունեցել որևէ տարաձայնություն ԿԳՄՍ նախարարության և Երևանի քաղաքապետարանի հետ: Միակ տարաձայնությունը եղել է «Ամուր քնսթրաքշն» ՍՊԸ-ի մտադրության շուրջ, այն է՝ քանդել հուշարձան շենքի հարավ արևելյան պատը: Հարցի լուծումը ձգձգելը համարում ենք խիստ անթույլատրելի և անհասկանալի»,- պնդում է Հեքեքյանը։

Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության նախկին պետ Արմեն Աբրոյանի գնահատմամբ՝ հետհեղափոխական շրջանի երկրորդ փուլում ղեկավարների ձեռագիրն է ամեն ինչ ցրել.

Արմեն Աբրոյան

«Երբ տարաձայնություն կա, նախարարությունը պետք է կարգավորի: Տարաձայնությունը ստեղծվում է որոշ շահերից, հիմա Արամի 23- ի հարցով քրեական գործ է հարուցված, մեղավորը կա, քանդողը կա, վնասողը կա, պատկերացրեք, երկու հոգի կռվել են, մեկը մյուսին վնասել է, ասում են՝ իրար մեջ տարաձայնություն կա՞, թողնում են իրար վրա։ Վնասը չի ուզում վերականգնի, ասում ենք՝ գնացեք կռվողներով իրար հետ հարցերը լուծե՞ք, բա պետությունը, այդ գերատեսչությունն ինչի՞ համար է: Օրենսդրության առումով էլ ուղղակի նախարարությունն իրավունք չունի հեռու մնալ այդ գործառույթներից: Երբ քանդվեց, նույն նախարարության հետ չհամաձայնեցված է դա եղել՝ քաղաքապետարանի թույլտվությամբ: Քաղաքապետարանը գրավոր թույլտվություն է տվել ապօրինի գործառույթի»,- ասում է Աբրոյանը։

«Հուշարձանի պահպանության համար տարածքային կառավարման նախարարությունը, որպես Երևանի նկատմամբ, այսպես ասած, մարզպետ, ևս գործառույթ ունի: Մենք առաջարկեցինք գոնե հրատապ ամրակայման դեպքում դիմել նրանց ու հարցը կարգավորել, ոչ թե թողնել, մինչև փլվի: Տարածքային կառավարման նախարարության միջոցով Արամի 23-ը պետք է ժամանակավոր ամրակայել: Նախ, միայն դիմելով չի, պիտի կառավարության որոշում ունենաս ու հիմնավորես անհրաժեշտությունը, նոր խնդրես, որ աջակցեն: Ես այստեղ ցանկության բացակայություն եմ զգում: Մի դեպքում ասում են՝ տարաձայնություն կա իրենց մեջ, մյուս դեպքում ասում՝ ես դիմել եմ, կներեք, ավելի լավ ցրելու ձև ես չգիտեմ»,- պնդում է Աբրոյանը։

Կա՞ կոռուպցիոն ռիսկ, թե՞ անփութություն, անտարբերություն և անգործություն է՝ Աբրոյանը պատասխանեց. «Ես չեմ կարող կոռուպցիայի գնահատական տալ, որովհետև փաստեր են պետք, բայց այն, որ ձեռնտու չի, կամ այն ձեռագիրը, որ չի ուզում գերատեսչությունը, դա նշանակում է՝ մյուս կողմին՝ քանդող կողմին է պաշտպանում և դա արդեն իսկ կոռուպցիա է: Ինձ դժվար է ասել՝ կոռուպցիա կա այդտեղ, բայց ես կարող եմ ենթադրել»:

Հանրապետության 46

Հանրապետության 46 շենքը կառուցվել է 19-րդ դարի երկրորդ կեսին: Շենքը ներկայացնում է պատմամշակութային արժեք, որի գոյությունը ներկայումս վտանգված է:

Այս շենքը Երևանի 33-րդ թաղամասի՝ Ֆիրդուսի կազմում է, որն էլ 2007-ից իրացման գոտի է։ Հեղափոխությունից հետո որոշվեց, որ 19-րդ դարի շինությունները պետք է աչքի լույսի պես պահեն, բայց պարզվում է պահել ասելը այլ կերպ պետք է հասկանալ: Ըստ նախնական ծրագրի, Հանրապետության 46 շենքը ռեստորանի էր վերածվելու, այն դարձնելու էին բազմաֆունկցիոնալ շենք: Հանրապետության 46 հասցեի շենքի հետ կապված վերակառուցող Արման Մկրտչյանը hայտնել էր, որ «շենքը պահպանման ենթակա չէ, 6 մետրն է պատմամշակութային, մնացածը կավային հատվածն է»: ԿԳՄՍ նախարարությանը գրավոր հարցում ուղղեցինք՝ այս պատմամշակութային շենքը քանդվելո՞ւ է, պահպանվելու է միայն արտաքին տե՞սքը, թե՞ առհասարակ արգելվելու է շենքի որևէ հատված քանդել: Նախարարության պատասխանից պարզ է դառնում, որ շենքը քանդում են, բայց խոստանում են շենքի պատերը քանդել, հետո հավաքել.

«Հանրապետության 46 հասցեի շենքը ենթակա է վերականգնման ամբողջությամբ, որի ամրակայման ու վերականգնման էսքզիային առաջարկն արդեն իսկ համաձայնեցվել է նախարարության հետ: Հաշվի առնելով շենքի տեխնիկական վիճակի մասին հետազննության եզրակացությունը, վերականգնման մեթոդիկան ենթադրում է պատերի կազմաքանդում՝ ապա դրանց պիտանելի հատվածների օգտագործմամբ շենքի վերականգնում նախաստեղծ հատակագծային և ծավալային լուծումներով»:

Հանրապետության 46

«Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտե» նախաձեռնության անդամ Սեդա Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կենտրոնի կառուցապատման ծրագրերով մոտ 30 հուշարձան շենք քանդվել է ու չի վերակառուցվել: Ըստ նրա՝ պատմամշակութային հուշարձան շենքերը ծայրահեղ դեպքում տեղափոխում են, եթե առկա է իրականում հանրային գերակա շահ՝ պետության համար հույժ կարևոր ենթակառուցվածք՝ օդանավակայան, գնացքի գիծ, միջպետական ճանապարհ պետք է կառուցվի։

«Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտե» նախաձեռնության անդամ Սեդա Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կենտրոնի կառուցապատման ծրագրերով մոտ 30 հուշարձան շենք քանդվել է ու չի վերակառուցվել:

Ըստ նրա՝ պատմամշակութային հուշարձան շենքերը ծայրահեղ դեպքում տեղափոխում են, եթե առկա է իրականում հանրային գերակա շահ՝ պետության համար հույժ կարևոր ենթակառուցվածք՝ օդանավակայան, գնացքի գիծ, միջպետական ճանապարհ պետք է կառուցվի։

«Բայց երբ պատմական շինության փոխարեն հերթական օբյեկտն է կառուցվում՝ ուղղահայաց ինչ-որ որ շինություն՝ առանց որևէ ճարտարապետական արժեքի ու ծառայում է որև մեկի կոմերցիոն շահերին, այս պարագայում որևէ գերակա շահի մասին խոսք գնալ չի կարող: Ու քաղաքն այսպես վերջին 30 տարիների ընթացքում զրկվել է հուշարձան շենքերից: 19-րդ դարի այս շենքի նման շենքերը վերանում են, քաղաքը զրկում են իր պատմաշակութային մի շերտից: Թե դա դիտավորյալ է արվում, համակարգային ծրագիր է, թե ոչ՝ չեմ կարող մեկնաբանել, բայց տեսնում ենք, որ այդ նախագծերը հիմնականում նույն մարդկանց կողմից են հեղինակվել: Նարեկ Սարգսյանը եղել է քաղաքի գլխավոր ճարտարապետը, քաղաքաշինության նախարար, բայց այս նոր կառուցապատման ծրագիրը ևս հեղինակվել է այդ մարդու կողմից»:

Կցակառույցը, որը հետո է կառուցվել, իսկապես չի համարվում հուշարձան, բայց այստեղ կցակառույցի հարցը էական չէ: Սեդա Գրիգորյանն ասաց. «Շենքը վթարային վիճակում է, լքված է եղել տարիներ շարունակ: Բնակիչներ եղել են, միայն վերջերս են դուրս եկել, բայց միայն մի հատվածում են ապրել, մնացած մասը երկար տարիներ լքված է եղել: Դա մի մասն է քաղաքականության, որը 30 տարի ի վեր իրականացվել է. ակնհայտ լավ վիճակում գտնվող հուշարձանը, լավ պահպանված շենքը այնքան պահել լքված վիճակում, սեփականաշնորհել, թողնել եղանակային պայմանների վնասի և ազդեցությանը, հետո ասել՝ վայ, արդեն վթարային է, պետք է քանդել։ Շենքը իհարկե վթարային է, բայց պահպանման ենթակա է ու մասնագիտական մոտեցում է պետք՝ ապահովագրելու շենքի հետագա վնասները»:

«Նախ, քաղաքային հուշարձանները, քաղաքային մշակութային շերտը հանդիսանում է քաղաքացիների սեփականությունը: Քաղաքացուն զրկում ենք իր հիշողությունից, իր պատմությունից, իր սեփականությունից: Մինչև կոմերցիոն գնահատումը, պետք է գնահատենք՝ ինչքանով է շենքը մաս կազմում կենսամիջավայրի, դրա պատմության և յուրաքանչյուր քաղաքացի պետք է հասկանա, որ կրողն է նաև այդ պատասխանատվության՝ պահպանելու իր ստացած ժառանգությունը: Իրականում ժառանգությունը նույնպես շահույթ կարող է բերել, բայց քանդման, վերացման քաղաքականությունը խորքային նստած է մեր մտածողության մեջ: Սա ցավալի և կործանարար է: Նման հուշարձանները կյանքի պոտենցիալ ներուժ ունեն ու շատ ավելի բարձր արժեք են, քան դրա փոխարեն կառուցվելիք որևէ նոր բան»,- ասաց Սեդա Գրիգորյանը:

«Դա ենթադրում է այլ մեթոդով ամրակայում: Կազմաքանդումն արդեն դառնում է քանդում, որն օրենքով արգելված է։ Այսինքն, եթե քանդելու լինեինք, նույն Արամի 23-ն էլ կքանդեինք, բայց երբ ասում ենք՝ հուշարձանը չի կարելի քանդել, այդպես էլ պետք է ընդունել: Ամբողջ քաղաքակիրթ աշխարհում նույնիսկ կիսախարխուլ պատն ամրացնում են այլ նյութերով, նոր սյուներ, կապերով, ձգաններով, կամ ներարկումներով ամրացում եթե թույլ է տալիս, չի կարելի ուղղակի քանդել: Իսկ ինչ վերաբերում է գլխավոր ճակատին, որը հնարավոր է համարակալումով քանդել, դա էլ չի կարելի ընդհանրապես անել, որովհետև այնտեղ ամրացման բազմաթիվ այլ մեթոդներ կան: Իմ տեղեկությամբ, նախարարությունում քննարկվել է հուշարձանի մասնակի ապամոնտաժման հարցը՝ փոփոխություններով և այլն ու համաձայնություն է եղել: Ես կարող եմ սխալվել, բայց անթույլատրելի է նման համաձայնությունը: Աֆրիկյաններում, որ այդ խնդիրը չկար, մենք հավաքե՞լ ենք Աֆրիկյանների տունը: Չենք հավաքել հանրապետական նշանակության հուշարձանը»,- զայրանում է յուրաքանչյուր հուշարձանների համար երկար պայքար մղած Աբրոյանը։

Հանրապետության 46 շենքը

«Ցույց տվեք մինչ օրս որևէ քանդած հուշարձան, որ վերականգնվել է: Այդ ձեռագիրը նույն կերպ շարունակվում է, ավելի խորամանկությամբ ու այլ մեթոդներով՝ գործակալությունը լուծարելով և այլն: Երկրում բիզնես շահերն են խոսում, դեռևս 2 տարի առաջ անհամաձայնությունը տվել ենք: Ավելի վաղ եղել են դեպքեր, երբ համարակալել են ու քարերը կորցրել, «Հին Երևան» ծրագրով նախատեսված ավելի քան 30 պատմամշակութային արժեք ունեցող շենքեր, շինություներ, հուշարձաններ, ապամոնտաժվել են: Դատախազությունում է գործը, բայց մինչ օրս ոչինչ չի փոխվել»:

Կոնդի սուրբ Հովհաննես եկեղեցի

Կոնդի սուրբ Հովհաննես եկեղեցու բակը, իր պատմական միջավայրը ևս հուշարձան է, որը երեքհարկանի կառուցապատման ռեժիմի սահմանափակում ունի, բայց հիմա 44 մետրանոց շենք են կողքը կառուցվում: Ինչպե՞ս է դա թույլ տրվել:
Սուրբ Հովհաննես եկեղեցին ու կիսակառույց շենքը

Փոխնախարար Խզմալյանն այս հարցին ի պատասպան ասել է. «Տարբեր տարիներին տարբեր նախագծեր իրականացնելիս ոչ միշտ են հաշվի առնվել լիազոր մարմնի առաջադրած պայմանները: Կոնդի սուրբ Հովհաննես եկեղեցու հարակից տարածքում շենքերի կառուցման թույլտվությունը տրամադրել է Երևանի քաղաքապետարանը»:

Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության նախկին պետ Արմեն Աբրոյանի խոսքով՝ «միայն եկեղեցին չէ հուշարձան, այլ իր հրապարակը, իր բակը, իր պատմական միջավայրը: Հիմա 44 մետրանոց շենք են կողքը կառուցել: Ես չեմ թույլատրել, բայց գործակալության վերակազմակերպելուց հետո, գործակալությունը հանելուց հետո եկեղեցու անմիջապես կողքին բարձրանում է այդ շենքը և վնասում այդ հուշարձանը: Պատկերացրեք՝ ասեն եկեղեցու գմբեթն է արժեքավոր, պատերից արևմտյանն է արժեքավոր, ինչ է հարավային ու արևելքը քանդե՞նք: Չի կարելի այս մոտեցումը»:

Ուշագրավ է, որ մայրաքաղաքի այն շենքերը, որոնք իբր թե որոշում է կայացվել պահել, հիմնականում պահպանվել է միայն ճակատային մասը , հետնամասը ընդհանրապես չկա: Օրինակ, Արամի 9-ը: Աբրոյանի դիտարկմամբ՝ դա իբր մասնագետների միջանկյալ լուծումն է եղել տարիներ շարունակ. «Պատվիրատուին ծառայություն մատուցելով՝ փորձել են մի բան «կարգավորել», բայց վնասել են: Իրականում նման երևույթը անթույլատրելի է: Մենք մինչև անգամ միջազգային կոնվենցիա ունենք «Ճարտարապետության մասին», 2008-ին ենք ստորագրել, հուշարձանի մասերը չի կարելի քանդել, ոչ թե միայն հուշարձանը, այլև՝ մասերը: Հուշարձանը չի կարելի դիտարկել՝ որպես ճակատ, դա պրոֆեսիոնալ անգրագիտություն է: Դա հանրության մեջ սփռել են պատվիրատուները, իշխանությունը, տարիներ շարունակ պայքարել ենք դրա դեմ: Իբր թե հուշարձանի ա՛յս մասն է հուշարձան: Չի՛լինում այդպես; Հուշարձանը ոչ միայն իր չափերի ու իր մասերի հետ է հուշարձան, այլ նաև՝ իր միջավայրով է հուշարձան»:

«Պատմական միջավայրը նույն հուշարձանի գործառույթ ունի: Անթույլատրելի է նաև ասել, թե արժեքավոր է ինքը եղել, որովհետև ճակատն է արժեքավոր: Դա անգրագիտության աղբյուրն է: Մեր փորձագիտական հանձնաժողովը երբևէ այդպես չի նայել: Հին շենքեր կան, որոնք վեականգնվում են դարերի, տարիների ընթացքում ու անշնորհք բետոնի միջամտություն է լինում: Դա ամբողջության մեջ է հուշարձան: Որևէ այլ միջամտություն պատմության փոփոխություն է»,- պնդում է Աբրոյանը:

ՀՀ կառավարություն. Հարցեր և պատասխաններ

Երևանում քանի՞ շենք է 2018-ից մինչև 2021 թվականը ձեռք բերել պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ ու քանիսն են հանվել այդ ցանկից: Ո՞ր շենքերն են դրանք:
  • «Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակից հուշարձաններ չեն հանվել: Միաժամանակ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի որոշմամբ 2018-ից մինչև 2021 թվականը պատմամշակութային արժեք ներկայացնող թվով 20 օբյեկտ ընդգրկվել է նորահայտ հուշարձանների ցուցակում»:

2018 թվականին՝

  • Խորհրդային մոդեռնիզմի ժամանակաշրջանի կառույցներին՝ («Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենք, «Այրարատ» կ/թ-ի շենք, «Մոսկվա» կ/թ-ի ամառային դահլիճ, «Հրազդան» մարզադաշտ, Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» և «Երիտասարդական» կայարաններ, «Գաֆեսճյան» ժամանակակից արվեստի կենտրոնի համալիր՝ Կասկադ:
  • Երևան քաղաքի Սայաթ-Նովա և Նալբանդյան փողոցների խաչմերուկին հարող տարածքում տեղադրված կոթողին (հեղինակ՝ Ռ. Իսրայելյան):
  • Երևան քաղաքի Վ. Տերյան փողոցի 42/1 հասցեում գտնվող Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի շենքին (հեղինակներ՝ Լ. Ղալումյան և Ռ. Ալավերդյան):

2019 թվականին՝

  • Երևան քաղաքի Կոմիտասի փողոցի 53 հասցեում գտնվող շուկայի (Արաբկիրի) շենք:
  • Երևան քաղաքի Բուզանդի փողոցի 38 հասցեում գտնվող շենք:
  • Երևան քաղաքի Կոնդ թաղամասում գտնվող Ռուսթավելի փողոցի թիվ 17, 19-23, 31, 55, 57, Կոնդի փողոց թիվ 253 հասցեների բնակելի տներին և Ռուսթավելի 25 հասցեի բնակելի տան պարսպին (դարպասով):
  • Երևանի ճոպանուղու ստորին կայարանի շենքին:
  • Երևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 4 և Արամի փողոցի թիվ 30 (4-րդ և 22-րդ բն.) հասցեում գտնվող բնակելի տներին:
  • Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի 2 ա հասցեում գտնվող «Հակոբ Կոջոյանի կրթահամալիր» ՊՈԱԿ-ի շենք:
  • Երևան քաղաքի Եզնիկ Կողբացու 53 հասցեում գտնվող շենք:
  • Երևան քաղաքի Թումանյան 25 հասցեում գտնվող շենք:
  • Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում հաշվառված «Զորանոցային համալիր Երևանի բերդի» պատմամշակութային հուշարձանի տարածքում գտնվող, պատմամշակութային արժեք ներկայացնող 18 շինություն:

2020 թվականին՝

  • Որմնանկար «Հայաստան», 1973 թ., ՀՀ գրողների միության շենքում:
  • Ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչու¬թյան շենք, 1950-ական թթ., Ամիրյան փող. 23:
  • Բնակելի տուն, Ֆիրդուսի 80: 16. Երևան քաղաքի Արգիշտի փողոցի 7 հասցեում գտնվող բնակելի տուն:

2021 թվականին՝

  • Երևանի ֆիզիկայի ինստիտուտի գիտավան, 1944 թ. ֆիզիկայի ինստիտուտի (Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա հիմնադրամ) բանավանում գտնվող շինություններ:
  • Բնակելի տուն, 1897 թ., Լեոյի փող. 76:
  • Երևան քաղաքի Աբովյան-Պուշկին փողոցներով և Սախարովի հրապարակով պարփակված հատվածի 4 (4/1 և 4/2), 8-10 բնակելի տների և փողոցի կառուցապատման հատվածին (XIX-XX դդ.)
  • Երևան քաղաքի «Դալմայի այգի» հուշարձանախմբի և ենթահուշարձանների տարածքների՝ 1. Հնձան N 6, 19 դ., Դալմայի այգում (նորահայտ) 2. Հնձան N 7, 19 դ., Դալմայի այգում (նորահայտ) 3. Հնձան N 8, 19 դ., Դալմայի այգում (նորահայտ) 4. Հնձան N 9, 19 դ., Դալմայի այգում (նորահայտ)
2018-ի հեղափոխությունից հետո Երևանի հուշարձան շենքեր քանդելու որոշումներից քանի՞սն են չեղարկվել, քանի՞ շենք է այսպես ասած «փրկվել» փլատակ դառնալուց ու ո՞ր շենքերն են դրանք:
  • «2018 թվականի հեղափոխությունից հետո Երևան քաղաքում ոչ մի հուշարձան չի քանդվել և նախկինում ցուցակներից հանված որոշ հուշարձաններ կրկին արժևորվել են՝ ստանալով նորահայտ հուշարձանի կարգավիճակ` ինչով կանխվել է դրանց քանդումը: Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակից հուշարձաններ չեն հանվել»:
Երևանում քանի՞ հուշարձան-շենք է այսօր ապամոնտաժման, քանդման վտանգի տակ:
  • «Նախարարությունը տեղափոխման ենթակա հուշարձաններից մի քանիսի որոշումը չեղարկելու վերաբերյալ գրությամբ դիմել է ՀՀ կառավարություն, իսկ մնացած հուշարձանների տեղափոխումը հնարավոր է միայն համաձայն սահմանված կարգի հուշարձանի վերականգնմանը (վերստեղծմանը) հատկացված նպատակահարմար տարածքի, նախագծային առաջադրանքի ու նախագծանախահաշվային լիարժեք փաստաթղթերի առկայության դեպքում` հաշվի առնելով գիտամեթոդական խորհրդի դրական կարծիքը: Ինչ վերաբերում է հուշարձանների հնարավոր քանդմանը, ապա այն արգելվում է օրենքով»:
Վերջին 3 տարիներին ի՞նչ հեղափոխական քայլեր են արվել՝ Երևանի հին պատմական շենքերը պահելու, ամրակայելու ուղղությամբ:
  • «Վերջին տարիներին Երևանի հին պատմական շենքերը պահելու, ամրակայելու մոտեցումն է վերանայվել, դրանց հետ կապված հարցերը սահմնված կարգով լիազոր մարմնի մասնագիտական եզրակացություն ստանալու օրենքով սահմանված դրույթների պահպանմամբ, ինչը կանխում է նաև հուշարձանների միայն ճակատային մասերի պահպանման արատավոր պրակտիկայի շարունակումը և բերել է դրանց հատակագծային և ծավալատարածական ամբողջականության պահպանման անհրաժեշտության գիտակցմանը»:

Արմեն Աբրոյանն ասաց, որ կարգավիճակ են ստացել հարյուրավոր հուշարձաներ, բայց քաղաքական ղեկավարները, կառավարությունը չեն ճանաչում այդ հուշարձանները՝ սկսած Ռոսիա կ/թ-ից. «Մոտ 700 հուշարձան սպասում է պետական ցուցակներոմ ներառվելու, բայց ո՛չ նախկին կառավարությունը, ո՛չ ներկայիս կառավարությունը, ո՛չ նախկինի նախկինը չեն ճանաչել դրանք: Ինչո՞ւ մինչև հիմա դրանք ներառված չեն պետական ցուցակում՝ խաչքարեր, ամրոցներ, ինչ ասես ունենք: Ես ինքս փորձագիտական հանձնաժողովի ղեկավար եմ եղել մոտ 7 տարի, այդ տարիների ընթացքում մի քանի հարյուր մշակութային արժեք ունեցող օբյեկտներ հուշարձանի կարգավիճակ են ստացել, բայց ինչո՞ւ ներառված չեն մինչ այսօր պետական ցուցակում: երբ որ պետական ցուցակներում են ներառում, խնդրի լուծումն ակնհայտ է»:

Կառավարությունից արդարանում են. «Նորահայտ հուշարձանների պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկման հարցը ընթացքի մեջ է և կապված է իրավական դաշտում առկա իրավահարաբերությունների կարգավորման հետ»:

Նկատենք, որ երբ սեփականության իրավունքի խնդիրը բախվում է պատմամշակութային հուշարձանը պահպանելու խնդրին, չեն կարող այլևս պաշտպանել սեփականատիրոջ շահը: Օրենքով սեփականության իրավունքը պաշտպանված է ու ստացվում է, ավելի բարձր է, քան հուշարձանի կարգավիճակ ստացած շենքը պահելու իրավունքը: Սակայն, իրականում վտանգն իրականության մեջ է, ոչ թե օրենքի:

«Հանուն ժողովրդավարության Եվրոպական» հիմնադրամ / «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ / Հոդված 3 ակումբ